Գեղեցիկ ու անկրկնելի է ներկայացրել ՂԱՐԱԲԱՂԸ Աղասի Այվազյանը:
Կարճ տարածքում` մեծ ընդհանրացումներ ու պատկերավոր հզոր գեղարվեստական մտածողություն:
ՈՒժ ու կորով սիրելի արցախցիներիս:
ՂԱՐԱԲԱՂ
- Ի՞նչ է Ղարաբաղը,- անընդհատ հարցնում էի նրան:
Նա կամ բեղի ծայրն էր շարժում՝ ասես չէր կարողանում նրա ծանրությունը բարձրացնել, որպեսզի բերանը բացի, կամ արհամարհում էր իմ խորհրդազգացական հարցը:
Քայլում էինք գյուղամիջով, հողից ամեն ինչ ագահակամք առած ծառերի տակով, և ամպերը կարուսելի նման պտտվում էին գլխներիս վրա:
- Ի՞նչ է Ղարաբաղը,- հարցրի նրան:
Նա չթողեց, որ իր հայացքի մեջ մուտք գործի նույնիսկ մի պտղունց սիրալիրություն՝ չխախտելու համար հոնքերի խոժոռ, առնական գծագիրը:
Լույսը ճեղքում էր առարկաները՝ տների մի պատից ներս խուժելով, դիմակա պատից դուրս էր գալիս:
- Ի՞նչ է, վերջապես, Ղարաբաղը...,-- նորեն հարցրի ես:
Նա շրջեց իր ծանր ուսերը այնպես, որ գլուխը չկորցնի իր պատկառելի դիրքը և ասաց.
- Հլա մի ոտքդ խփիր գետնին...
Ես զարմացած նայեցի նրան, բայց, այնուամենայնիվ, կամարար, ոտքս դոփեցի գետնին: Իմ թույլ հարվածից ցնցվեցին գյուղի բոլոր ծառերի գագաթները, շարժվեցին ճյուղերն ու սաղարթը, և մի պահ հետո փողոցներով հորդառատ հոսեցին միրգ ու պտուղ, ու ես մինչև կոկորդս թաղվեցի նրանց մեջ:
- Է՛ս ա Ղարաբաղը,-ասաց նա ու գլուխը մեծ արժանապատվությամբ նորից վերադարձրեց իր նախկին վիճակին:
Իսկ վերևում կարուսելի նման պտտվում էին ամպերը...
- ՈՒզո՞ւմ ես իմանալ ինչ է Ղարաբաղը,-ասացի փոքրիկ աղջնակին զվարթ համոզվածությամբ և սեթևեթ հպարտությամբ:- Ոտքդ խփիր գետնին:
Արցախցի աղջնակը տոտիկով հարվածեց գետնին, և մի պահ հետո նա մինչև կոկորդը թաղվեց ռումբերի և արկերի տակ:
Իսկ երկնքում կարուսելի նման ամպերն էին պտտվում...
Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ
Մարգարիտ ԴԵՐԱՆՑԻ ՖԲ էջից