Վերջին մեկ-երկու ամսվա միջազգային և տարածաշրջանային փոփոխությունները Հայաստանի շուրջ նոր զարգացումների կարող են հանգեցնել:
Առաջին. հաղթանակ տանելով ընտրություններում՝ Էրդողանը սկսել է հեռանալ Պուտինից: Ըստ եկող տեղեկությունների՝ նրա կազմած նոր կառավարության մեջ մեծամասնություն են կազմում արևմտամետները: Պատահական չէր նաև արևմտամետ պարտված թեկնածուի սուս ու փուս հեռանալը:
Երկրորդ. շուրջ երկու տարի շվեդների առջև փակելով ՆԱՏՕ-ի մուտքը՝ Էրդողանը վերջապես տվեց իր համաձայնությունը, այն էլ՝ Ղուրանի երկրորդ այրումից հետո:
Երրորդ. հանդիպեց Զելենսկու հետ, ողջագուրվեց և հայտարարեց, որ Ղրիմը ուկրաինական է:
Չորրորդ. թուրքական կողմը կրկին հայտարարեց Ուկրաինայում Բայրաքթարների գործարանի արագ կառուցման իր պարտավորությունների կատարման մասին:
Հինգերորդ. կրեմլյան շրջանակներին մոտ կանգնած գործիչներ և փորձագետներ բաց տեքստով սկսել են հիշել վերջին երկու հարյուր տարվա ռուս-թուրքական պատերազմները՝ կրկին խաբվածի բարդույթով և Բայրաքթարների գործարանը հրթիռակոծելու կոչերով:
Վեցերորդ. Վիլնյուսում Էրդողանը շատ լուրջ դեմքով հույս հայտնեց, որ ռուսները 2025թ. կկատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները և կմաքրվեն Ղարաբաղից:
Յոթերորդ. Հակարիի կամրջի այս մի ծայրի ադրբեջանական դրոշը ռուս խաղաղապահները հեռացրին:
ՈՒթերորդ. Անկարայում և Մոսկվայում սկսել են խոսել ռուսական S-400 հրթիռների մասին, որոնք գնվել էին արևմտյան լիդերերի պահանջներին հակառակ: Բացառված չէ, որ հարաբերությունների սրացման հետևանքով դրանք տրվեն ամերիկյան մասնագետներին՝ ապամոնտաժելու և գաղտնիքները բացահայտելու համար:
Իններորդ. Բրյուսելից և Վաշինգտոնից ինտենսիվ ուղերձներ են հղվում Էրդողանին պատժամիջոցներին միանալու և ռուսներից պոկվելու Մասին, դրա փոխարեն, ամենայն հավանականությամբ, խոստանում են կլորիկ գումարներ երկաշարժի հետևանքները վերացնելու համար:
Այսպիսով, ռուս թուրքական հարաբերությունների վերելքների ու վայրէջքների հերթական փուլն է, պետք է հնարավորինս օգտվել և մտածել գլխով, այլևս չտրվել ժողովրդավարական էմոցիաներին: Հիշենք, որ անդունդը մոտ է, եթե չկարողանանք խուսափել պատերազմից:
Գարիկ Քեռյան