«Հայոց ցեղասպանության 108-րդ տարելից» արտահայտությունը ճիշտ չէ
26.04.2023 | 09:29
108 տարի առաջ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության ընդամենը մի փուլն է եղել՝ Հայոց Մեծ Եղեռնը (1914-1916 թթ.)։
Հայոց ցեղասպանությունը բազմափուլ, համակարգված գործընթաց է, որի նպատակն է հայ ժողովրդի հայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից վերացնել հայ ժողովրդի ներկայությունը։
Հայոց ցեղասպանության սկիզբը պայմանականորեն կարելի է համարել 1894-96 թթ. տեղի ունեցած աբդուլ-համիդյան կոտորածները։
Հայոց ցեղասպանության առավել նշանակալից փուլերն են.
- աբդուլ-համիդյան վերոնշյալ կոտորածներն ու տեղահանությունները,
- 1909 թ. կիլիկիահայության կոտորածները
- 1914-1916 թթ. Հայոց Մեծ Եղեռնը,
- 1918 թ. երիտթուրքերի կազմակերպած կոտորածներն Արևելյան Հայաստանում և Այսրկովկասում (այդ թվում Բաքվի ջարդերը 1918 թ. սեպտեմբերին),
- 1920-23 թթ. քեմալականների կազմակերպած ջարդերն ու տեղահանությունները Կիլիկիայում, ՀՀ-ում և Այսրկովկասում,
- Նախիջևանի կազմակերպված հայաթափումը խորհրդային տարիներին,
- պատմական Գարդմանի, Հյուսիսային Արցախի կազմակերպված հայաթափումը խորհրդային տարիներին,
- ԼՂԻՄ ժողովրդագրական իրավիճակի թյուրքանպաստ փոփոխությունը խորհրդային տարիներին (1923 թ. ավելի, քան 95 տոկոս հայեր, 1988թ. 75 տոկոս հայեր),
- Հյուսիսային Արցախի հայաթափումը 1988-91 թթ. (այդ թվում՝ Կոլցո օպերացիայի միջոցով), ԱդրԽՍՀ-ի տարբեր բնակավայրերում հայության ջարդերն ու բռնի տեղահանումները,
- Արցախի տարբեր բնակավայրերում (Մարաղա և այլն) հայ բնակչության ջարդերն ու բռնի տեղահանությունները արցախյան 1-ին պատերազմի ժամանակ,
- 2005 թ. Հին Ջուղայի գերեզմանոցի հազարավոր խաչքարերի սպանդը,
- 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ գործադրված անմարդկային բռնությունները, Շուշիի, Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի և այլ շրջանների հայաթափումը,
- Արցախի հայաթափմանն ուղղված ներկայիս քաղաքականությունը։
Վերոնշյալ բոլոր փուլերում ցեղասպանման հարցում գլխավոր մեղավորը մենք ենք։ Երբ բռունցքվել ենք ու խփել թշնամուն, նա փախել է, առժամանակ դադարեցրել իր ցեղասպան քաղաքականության ակտիվ փուլը։ Հիմա մենք լուռ հետևում ենք մեր ինքնաոչնչացմանը, քանի որ անձնական պատասխանատվություն չենք զգում կատարվողի հարցում։ Մենք գերադասում ենք էսօրվա աշխատավարձը, պաշտոնը վաղվա գոյություն ունենալու կամ թափառական չդառնալու հեռանկարից։ Մենք մեղավոր ենք համարել ու շարունակում ենք համարել ռուսին, բրիտանացուն, Ֆրանսիացուն...
Բայց մենք էդպիսին չենք, ժողովուրդ ջան։ Հենց սկսենք կոլեկտիվ մտածել ու զգալ, մենք սարեր շուռ կտանք։ Հենց դադարենք անհատի դիրքերից մտածելն ու զգալը, ծնկի կբերենք թշնամուն։ Մենք իրավունք չունենք ճակատագրի ողորմածությունը հայցելու։ Աստված մեզ տվել է խելք, ուժ, ոգի։ Ամեն ինչ ուղեղում նաստրոյկայի հարց է։ Ամեն ինչ որոշում կայացնելու մեջ է։
Մենուա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Մեկնաբանություններ