Չգիտեմ, վա՞տ է, թե՞ լավ, բայց մենք շարունակում ենք դաստիարակել Եվրոպային։ Մենք դրանով ենք զբաղված, արդեն հարյուր քսանհինգ տարուց ավելի (ներկայումս արդեն՝ ավելի քան 230 տարի. հավելումը՝ թարգմանչի)։ Ոչ ոք մեզ որպես դաստիարակի չէր հրավիրել, ինքներս էինք մեզ նրանց վզին փաթաթել։ Չէ՞ որ մենք անգլոսաքս ենք։
Անցած ձմռանը, երբ հավաքույթի էի «Աշխարհի հեռավոր ծայրերը» անվանմամբ մի ակումբում, նախագահողը, ով մի պաշտոնաթող բարձրաստիճան սպա էր, շատ խրոխտ ձայնով ու մեծ ոգևորությամբ բարձրաձայնեց. «Մենք անգլոսա՛քս ենք։ Իսկ երբ անգլոսաքսին որևէ բան է պետք, նա գնու՛մ է ու վերցնո՛ւմ»։
Նախագահողի հայտարարությունը որոտալից ծափերի արժանացավ։
Եթե փոխարկեինք այս առաջադեմ հռչակակոչը (ու նաև դրանում արտահայտված զգացողությունները) սովորական մարդկային լեզվի, ապա այն կհնչեր հետևյալ կերպ․ «Մենք՝ անգլիացիներս ու ամերիկացիներս, գողեր ենք, ավարաներ ու ծովահեններ, ինչով և շատ հպարտ ենք»։
Ներկա գտնվող բոլոր անգլիացիներից ու ամերիկացիներից չգտնվեց գեթ մեկը, ում կհերիքեր քաղաքացիական համարձակություն՝ ոտքի կանգնելու և ասելու, թե ինքն ամաչում է, որ անգլոսաքս է, թե ինքն ամոթ է զգում այս քաղաքակիրթ հասարակության համար, քանի որ այն հանդուրժում է իր շարքերում անգլոսաքսերին, մարդկային ցեղի այդ խարանին։
ՈՒշադրության արժանի տեսարան էր այդ մանկականորեն անմիջական, անկեղծ ու ինքնամոռաց հրճվանքն առ սպայական համազգեստով մարգարեի գարշահոտ խրատաբանությունը (сентенция): Ինքնակամ դիմակազերծման հոտ էր գալիս դրանից․ արդյո՞ք դիպվածի պատահական համադրմամբ դուրս չէին հորդել մեր ազգային հոգու գաղտնի նկրտումները։ Հավաքույթին ներկայացված էին մեր հասարակության առավել ազդեցիկ խմբերը, նրանք, ում ձեռքում են մեր ազգային քաղաքակրթությունը շարժման մեջ դնող ու դրան կյանք տվող լծակները․ փաստաբաններ, դրամատերեր, առևտրականներ, գործարանատերեր, լրագրողներ, քաղաքական գործիչներ, բանակի ու նավատորմի սպաներ։ Նրանք բոլորն այստեղ էին։ Սա Միացյալ Նահանգներն էին՝ հավաքույթի հրավիրված ու իրենց ազգի անունից նվիրական բարոյական վարքականոնի մասին լիիրավորեն արտահայտվող։
Այս հրճվանքը, պատահականորեն դուրս պրծած զգացմունքի արտահայտություն չէր, որի մասին հետո ամոթով է հիշվում։ Ո՛չ։ Բավական էր հետագա հռետորներից ոմանք, զգալով լսարանի անհաղորդությունը, իրենց արտասանած տափակությունները համեմեին անգլոսաքսերի մասին մեծագույն տեսությամբ ու բուռն ծափահարությունների նոր ալիքի արժանանային։ Ինչ արած, այսպիսին է մարդկային ցեղը։ Նա իր պահոցում ունի բարոյականության երկու վարքականոն՝ պաշտոնականը, որն ի ցույց է դնում, և իրականը, որի մասին նա լռում է։
Մեր նշանաբանը՝ «Հավատում ենք աստծուն»... Երբ տեսնում եմ
աստվածապաշտական այս գրառումը, դոլարի (60 ցենտ արժողությամբ) թղթադրամի վրա, ինձ միշտ պատկերանում է, թե այն թփրտում ու թնկթնկում է կրոնակաան էքստազի մեջ։ Սա մեր պաշտոնական նշանաբանն է։ Իրականը, ինչպես տեսանք, բոլորովին այլ է. «Երբ անգլոսաքսին որևէ բան է պետք, նա գնու՛մ է ու վերցնո՛ւմ»․ Մեր պաշտոնական բարոյականությունն իր հուզիչ արտահայտումն է գտել մեծագույն ու միևնույն ժամանակ մարդասիրական և բարեգութ կոչի մեջ․ «Ex pluribus unum» (Բազումներից՝ մեկը. լատ․), որից պետք է հետևեր, թե մենք բոլորս՝ ամերիկացիները, մեծ ընտանիք ենք՝ եղբայրական սիրով միավորված։ Իսկ մեր իրական բարոյականությունն արտահայտվում է մեկ այլ անմահ ասույթում․ «Հե՜յ, դու՛, հապա արագ շարժվի՛ր» (ստրուկներին ուղղված կոչ. հավելումը՝ թարգմանչի)։
Մեր կայսերականությունը մենք ժառանգել են միապետական Եվրոպայից, ինչպես նաև մեր տարօրինակ պատկերացումները հայրենասիրության մասին. ու՞ր էր, թե որևէ առողջ դատող մարդ ընդհանրապես կարողանար փոքրիշատե հասկանալի բացատրել, թե ի՞նչ նկատի ունենք «հայրենասիրություն» ասելով։
ՈՒրեմն, արդար է, եթե, ի պատասխան այս և այլ խրատների, մենք նույնպես պարտավոր ենք ինչ-որ բան սովորեցնել Եվրոպային։
Հարյուր ու ավելի տարի առաջ (ներկայումս արդեն՝ ավելի քան 230 տարի. հավելումը՝ թարգմանչի) մենք եվրոպացիներին ազատության առաջին դասերն էինք տալիս, ինչով էլ ոչ նվազ չափով սատարեցինք ֆրանսիական հեղափոխության հաջողությանը. նրա «բարերար» արդյունքներում մեր մասնաբաժինն էլ կա։ Ավելի ուշ մենք Եվրոպային այլ դասեր էլ տվեցինք։ Առանց մեզ եվրոպացիք երբեք էլ չէին իմանա, թե ինչ է թերթի թղթակիցը․ առանց մեզ եվրոպական երկրները չէին ճաշակի ուժից վեր հարկերի ամբողջ «քաղցրությունը». առանց մեզ եվրոպական սննդարդյունաբերական տրեստը երբեք չէր տիրապետի մարդկանց՝ իրենց իսկ փողի դիմաց, թույնով սնելու արվեստին․ առանց մեզ եվրոպական ապահովագրական ընկերությունները չէին սովորի այդչափ արագ հարստանալ՝ ի հաշիվ անպաշտպան որբերի ու այրիների. առանց մեզ դեղին մամուլի թափանցումը Եվրոպա, հնարավոր է, այդքան արագ վրա չհասներ։
Անդուլորեն, համառորեն ու անհողդող մենք ամերիականացնում ենք Եվրոպան և հուսով ենք ժամանակի ընթացքում այդ գործն ավարտին հասցնել։
7 սեպտեմբերի, 1906թ.
Թարգմանությունը՝ Հիքսոս Արթուրի