ԵՄ-ն երեկ ծանուցել է Հայաստանին՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն` համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի և ԵՄ-ի երկկողմ հարաբերությունները և կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում, ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։ ՀԸԳՀ համընդգրկուն փաստաթուղթ է, որը կուռ իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ արդարադատություն, անվտանգություն, տնտեսություն, գյուղատնտեսություն և ենթակառուցվածքներ, շրջակա միջավայր և կլիմա, կրթություն և գիտություն, մշակույթ, առողջապահություն և այլն։
«Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելի արդյունքներ կբերի մեր քաղաքացիներին՝ լայնածավալ բարեփոխումների միջոցով խթանելով ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ամրապնդումը և ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կունենա մեր քաղաքացիների բարեկեցության և կենսակերպի վրա։
ՀԸԳՀ-ն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա», - շեշտում է ԱԳՆ-ն: