Հայաստանի Հանրապետությունում կա՞ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Ամբողջ երկիրը խոսում է Սյունիքի‚ Գեղարքունիքի‚ Վայոց ձորի‚ Տավուշի մարզերում ադրբեջանա-թուրքական ուժերի սպառնալիքների մասին։ Ադրբեջանցիները չգիտես ինչ պատճառաբանություններով, տարածքներ են պահանջում տարբեր մարզերից‚ Հայաստանի վայ-կառավարությունն ու տարածքային կառավարման նախարարությունը քար լռություն են պահպանում։ Ի դեպ‚ հիշեցնենք‚ որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հիմնական գործառույթը ոչ թե ասֆալտ փռելն է‚ այլ հենց տարածքային կառավարումը։
Համայնքների ղեկավարներն ահազանգում են վտանգի‚ թուրք-ադրբեջանական սպառնալիքների մասին‚ բնակիչներն իրենց ուժերով դուրս են եկել ինքնապաշտպանության‚ իսկ նախարարությունը լուռ է։ Գոնե մի հայտարարություն արեք‚ հերքեք կամ հաստատեք տարածվող լուրերը‚ լռելս ո՞րն է։ Ախր դուք այդ մարդկանց հարկերից ամեն ամիս պարգևավճար եք ստացել։ Մարդիկ դեմ-հանդիման թշնամուն կանգնած են‚ դուք‚ որպես պետություն‚ գոնե տեղեկատվություն ապահովելու պարտավորությու՞ն էլ չունեք ձեր քաղաքացիների նկատմամբ։ Երկրում պետություն կա՞ ընդհանրապես‚ պետական համակարգերը գործո՞ւմ են։
Այս թեմայով‚ թերևս‚ միայն երկրում գործող միակ ինստիտուտի ղեկավարը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով‚ որ գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող:
«Անհասկանալի է, օրինակ, գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյոք պարզե՞լ ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու դիտարկումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները: Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է:
Սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն:
Այս հարցը պետք է լինի մեր երկրի բացառիկ գերակայությունների թվում, բոլորի առաջնահերթ ուշադրության կենտրոնում»‚- ասված է մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ հայտարարության մեջ:
Բայց այս հայտարարությանն արձագանքելու համար մեր երկրում կա՞ն մասնագիտական մոտեցում‚ պետական մտածելակերպ‚ քաղաքական կամք‚ մտավոր ունակություն ունեցող մարդիկ ու կառույցներ‚ որ հայտարարության մեջ նշվածը կյանքի կոչեն։ Իհարկե ո՛չ։ Ինքնահոսի մատնված այս իրավիճակում մնում է հիշատակել դասականին. «Спасение утопающих-дело рук самих утопающих»:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ