Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կորեական «Core Cross» ընկերության նախագահ Խուան Ջին Սուին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Սուին տեղեկացրել է, որ իր ղեկավարած ընկերությունն զբաղվում է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների արտադրությամբ, ունի հաջող փորձ աշխարհի տարբեր երկրներում և շահագրգռված է նաև մեր երկրում գործունեություն ծավալել:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, և Հայաստանը հետաքրքրված է ոլորտում առաջատար ընկերությունների հետ համագործակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, մասնավորապես, ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու հեռանկարները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ընկերության կողմից բիզնես-ծրագրի մշակումը և հանձնարարել Էկոնոմիկայի նախարարին մանրամասն տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ: