Շքեղաշուք և բավականին թանկարժեք ամերիկյան այս ջիփն ու ճապոնական «Նիսսանը» փոխնիփոխ սպասարկում են կամ սեփականությունն են Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի երգահան ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ:
Թող ունենա, ձե՛զ ինչ, կասի ընթերցողը, հարյուրավոր թանկարժեք մեքենատերեր կան, որ Գրիգորյանի եղունգն անգամ չարժեն: Լիովին ու անվերապահորեն համաձայն եմ: Բայց ուշադիր նայելիս աչքի են զարնում մեքենաների պետհամարանիշերը: Այդպիսիք Հայաստանում կրում են հայկական բանակի գեներալներն ու պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաները: Ես բարձր եմ գնահատում և խոնարհվում եմ Արթուր Գրիգորյանի մասնագիտական տաղանդի, կարողությունների, աշխատասիրության ու վաստակի առջև, հաճույքով ունկնդրում նրա երաժշտական մշակումներն ու ղեկավարած թատրոնի երգիչների կատարումները: Սակայն, ինչպես ռուս հայտնի երգիծաբանն էր ասում, «Ալեքսանդր Մակեդոնացին հերոս է, բայց ինչո՞ւ աթոռները ջարդել»: Ի՞նչն է հանրաճանաչ երգահանին օրինազանցության մղում: Մի՞թե իրեն հարգող որևէ ավտոտեսուչ կհանդգնի նրան նեղացնել: Չէ, պարզապես մեզանում չգրված օրենք է դարձել ինչ-որ կերպ կարգուկանոնին դեմ գնալը, առանձնանալը ուրիշներից: Մեզ հայտնի չէ` այս համարանիշերը պաշտպանության նախարարությո՞ւնն է նվիրել Ա. Գրիգորյանին, թե՞ դրանք ինչ-որ մեկը պատրաստել ու մեկ օր ջիփի, մի ուրիշ օր «ՆԻՍՍԱՆ»-ի վրա ամրացնում` հավանաբար շփոթության մեջ գցելու օտար աչքը: Բարեբախտաբար, կամ, ի հեճուկս օրինազանցների, դեռ կան ամենատես աչքեր, որոնք արձանագրում են փաստը: Արթուր Գրիգորյանը, անշուշտ, արժանի է, այսպես կոչված, «Գոլդ» համարանիշերի, կամ որոշակի գերատեսչություններին տրվող ու 01-ով ավարտվող համարների, բայց միայն օրենքով սահմանված կարգով: Այո, նա էլ իր գործի գեներալն է, բայց ոչ հայոց բանակի... Այսպիսի, մեղմ ասած, «չարաճճիությունների» համար օրենքը համապատասխան պատիժներ է սահմանում:
Նշենք, որ Երգի պետական թատրոնում աշխատակիցների միջին աշխատավարձը 52 հազար դրամ է, Արթուր Գրիգորյանինը` 132 հազար։
Վերջում չմոռանամ ասել, որ ես ո՛չ Գագիկ Շամշյանն եմ, ո՛չ ավտոտեսուչ, կամ արվեստի միջոցով հացը վաստակող մեկը, որ նախանձում է Արթուր Գրիգորյանին, ո՛չ էլ, առավել ևս, պատվեր կատարող: Նույնիսկ որևէ կուսակցության չեմ անդամակցում: Սովորական օրինապահ հայ մարդ եմ, որն ունի աչք ու դիտողականություն և չի ընդունում որևէ մեկի, թեկուզ հանրահայտ ու տաղանդավոր անձի, օրենքներին դեմ գնալն ու իրեն առանձնահատուկ համարելը:
Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ