Միջազգային հանրությունը պետք է մեծացնի ճնշումն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմամբ։ Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն։ «Վերջին ամիսներին Իրանի մոտ առանցքային հարցերի շուրջ առաջընթաց չի գրանցվել»,- ասել է նախարարը։ Նա ընդգծել է նաև, որ սանկցիաների խստացումը չի հակասի Թեհրանի հետ երկխոսության շարունակմանը։
Նշենք, որ այսօր գերմանական Spiegel շաբաթաթերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, այսօր նշել է, որ Իսլամական հեղափոխության պահակազորի իրանական հրամանատարությունը մտադիր է Պարսից ծոցում դիվերսիա իրականացնել՝ միտումնավոր վթարի ենթարկելով նավթի հսկայական տանկերը։ Այդպիսով Արևմուտքի ուշադրությունը կկենտրոնանա ոչ թե պատժամիջոցների խստացման, այլ Պարսից ծոցի ջրերի մաքրման վրա: