Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալու օրը (չորեքշաբթի)` ժամը վեցին, նախագահական է կանչել Գագիկ Ծառուկյանին` խոսելու «գազեթից-բանից», անցնող-դարձողից:
Խոսակցության ողջ հմայքն այն է, որ նյուանսները «չեն հրապարակվում», չնայած մեր ունեցած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մեկ միլիմետր իսկ չի նահանջել իր առաջարկներից (հինգ նախարարական, երեք մարզպետական պորտֆելներ, համաձայնության կառավարություն, եթե ԲՀԿ-ն վախենում է «կոալիցիա» բառից, 13 թվի ամրագրում` «գործող նախագահի» մասով)։
Գագիկ Ծառուկյանը զրույցից հետո նախագահականից ուղիղ գնացել է Առինջ` իր այգի, տուն էլ չի մտել (գիտենք` ինքը, նաև ոմանք և «այլք» սիրում են ծառ ու ծաղիկ, «բռնել թիթեռնիկ». ԱԺ-ում էլ էին ծառերի ներկայությամբ «կոնսպիրատիվ» զրույցներ վարում, զի ծառերն ականջներ չունեն, նրանց հետևից «ականջներ չեն երևում»)։
Մի խոսքով, ինչպես «եղել» է վերջին երկու տարում, ԲՀԿ-ում շունչները պահած փորձում են գուշակել` կմտնե՞ն իրենք կոալիցիա, թե՞ չեն մտնի:
Հանգստացնենք ԲՀԿ-ականներին: Կմտնեք: Կոալիցիա: Մի քիչ էլ կծեքծեքեք, մի քիչ էլ կասեք` էդ վարչապետին, էդ Տիգրանին էն ո՜նց ենք «նեպրիյազնում», էն ո՜նց. ուզում ենք էդ Ռուսաստանի հետ համերաշխ հանել նրան։
Մեր տեղեկություններով` արդեն «դարդ» էլ են արել. երեքշաբթի օրը` հետկեսօրին, Հմայակ Հովհաննիսյանը գրել է ինքնաբացարկի դիմումը (իզուր է նա պնդում, թե չի գրել, հաստատ գրել է ու սպասում է` կմտնեն-չեն մտնի, ինչ կլինի իր «սապոգավոր» ճակատագիրը): Օսկանյանը դեռ չի գրել, Վահե Հովհաննիսյանի մասին էլ ոմանք ասում են` գրել է, «մույսը» թե` ոչ. երեկ պարզվեց, որ նա էլ է գրել (ինչն էլ նշանակում է, որ ԲՀԿ-ն միանշանակորեն մտնում է կոալիցիա. չի բացառվում, որ մինչև նյութը տպագրվի, Օսկանյանն էլ ինքնաբացարկվի):
Մեզ որ հարցնեիք, կասեինք` մի ինքնաբացարկեք այդ «սպիտակ կարապներին», նրանց հետ հետաքրքիր կլիներ պառլամենտում:
Գոնե` մեզ համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ