Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ո՛չ երանի էն առաջինին, ում օրոք կմահանա Շիրազը և կբարձրանա Ղարաբաղի հարցը»

«Ո՛չ երանի էն առաջինին, ում օրոք կմահանա Շիրազը և կբարձրանա Ղարաբաղի հարցը»
16.04.2023 | 23:59
(սկիզբը`այստեղ)
«ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉԱՄՐԱԳՐՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴՐԱՆՑՈՎ ԿԵՐԱԿՐԵԼԸ»
-Մերօրյա ղեկավարներին տրվելիք Ձեր գնահատականը:
- Նախկին, նորօրյա կամ մերօրյա չկա: Ճշմարտությունը մեկն է` ղեկավարը չպետք է խաբի ժողովրդին:
-Իսկ եթե ժողովուրդն ինքն է ուզում, որ իրեն խաբե՞ն:
-Չկա՛ նման բան: Հայ ժողովուրդը ծանր պատմություն է ունեցել: Միամիտ է, վստահող, դյուրահավատ: Պատմության ընթացքում նրան հաճախ են խաբել ու հիասթափեցրել: Ինչից ձեռնպահ պետք է մնան սեփական կառավարողները:
-Դուք երբևէ չե՞ք խախտել Ձեր իսկ սահմանած այդ օրենքը:
-Ես պարզճակատ կարող եմ ասել` երբե՛ք չեմ ստել, չե՛մ խաբել ժողովրդին: Երբե՛ք չեմ խոստացել անիրականանալի բաներ:
Հարցրու՛ ինչու՞:
-Ինչու՞:
- Որովհետև ամենավտանգավորը ոչ ռեալ, իրագործման ոչ ենթակա նպատակն է: Արկածախնդրություն է հնարավորություններով չամրագրված նպատակներ առաջադրելն ու ժողովրդին դրանցով կերակրելը: Ինչը, ի վերջո, հակազդեցության օրենքով հարվածելու է նույն ղեկավարի ճակատին:
-Տեսնու՞մ եք մեր ապագան:
-Իմ տեսնել-չտեսնելը նշանակություն չունի: Եթե հայ ժողովուրդն ուզում է ապագա ունենալ, ապա Հայաստանը պետք է դարձնի տեխնիկապես ու գիտականորեն զարգացած երկիր: Պետք է առաջ անցնի հարևաններից: Պետք է հզորանա բոլոր առումներով:
Աշխարհում, բոլոր ժամանակներում, մի՛շտ էլ հաշվի են նստել հստակ արտահայտված ուժի հետ:
-Ռազմակա՞ն առումով:
-Ո՛չ միայն: Իմ ասած հզորությունը կամ ուժը իր մեջ ներառում է և՛ զարգացած արդյունաբերությունը, և՛ գյուղատնտեսությունը, և՛ ժամանակակից տեխնոլոգիաներն ու գիտական միտքը, և՛ մշակույթը, և, իհարկե ռազմական ոլորտը:
-Ասել է` բոլորը մեկում:
-Կոչեք ոնց ուզում եք:
-Բայց արդյոք մենք ունե՞նք նման հնարավորություններ:
-ՈՒզում ես ասել` փոքր երկիր ենք:
-Թեկուզ և:
-Համամիտ եմ: Այնքան փոքր, որ ո՛չ մեկին էլ չենք կարող զարմացնել հայկական արտադրանքի ծավալներով:
-Եվ ո՛չ էլ «Ջերմուկով» ու ծիրանով, ինչպես համոզում էին ժամանակին:
-Իմ ակնարկած «կերակրի» լավագույն օրինակը վկայակոչեցիր: «Ջերմուկին» ու ծիրանին զուգահեռ մենք կարող ենք ու պարտավոր ենք աշխարհում գրավել մեր կարևոր, հաստատուն տեղը գիտական միտք, բարձր որակ ու միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրանք թողարկելով: Մենք ունենք այդ պոտենցիալը:
«А СУДЬИ КТО»!
-Ինչպե՞ս եք վերաբերվում այսօրվա Ձեր քննադատներին: «Հայաստանի կոմունիստ» թերթը, օրինակ, Ձեզ մեղադրում է դավաճանության մեջ:
-…և ու՛մ եմ դավաճանել:
-Լենինյան գաղափարներին:
-Պատասխանեմ Չացկու մենախոսության հայտնի արտահայտությամբ` «А судьи кто»!
Ես երբեք, ո՛չ մեկին չեմ դավաճանել: Չարությունից դրդված էլ որևէ մեկին վատություն չեմ արել: Բնույթով ներողամիտ մարդ եմ:
Հաճախ եմ կրկնում, ու հիմա էլ կկրկնեմ, Դոստոևսկու այն միտքը, թե` ավելի լավ է ներողամտության մեջ սխալվես, քան հանիրավի պատժի:
Թո՛ղ քննադատեն: Թո՛ղ դատափետեն: Իրենց գործն է:
Ես երջանիկ մարդ եմ, հատկապես այսօր:
- Ի՞նչ նկատի ունեք:
-Թեկուզ և այն, որ բոյով-բուսաթով տղաներ ունեմ, հիանալի ընտանիք: Նաև այն, որ այսօր խաղաղ ու հանգիստ հոգով եմ ապրում: Երբևէ ո՛չ մի պարագայում երկրիս ու ժողովրդիս դեմ որևէ քայլ չեմ արել:
-Ձեր բառերը ստիպում են ենթադրել, որ նախկինում այնքան էլ երջանիկ չեք եղել:
-Եթե նկատի ունենանք այն փաստը, որ 42 տարեկանում դարձա Կենտկոմի առաջին քարտուղար, ուրեմն, այո:
Պատկերացնու՞մ եք, թե տղամարդու համար դա ինչ տարիք է: Տղամարդը սկսում է ապրել հենց էդ տարիքում: Իսկ ե՞ս…
Անձնականիս` ընտանիքիս համար էնքան քիչ ժամանակ էր մնում: Դժվար է նաև, երբ ամեն քայլդ ՊԱԿ-ի հսկողության տակ է:
Այն տարիներին այսքան երկար ու այսպես ազատ կարո՞ղ էի զրուցել ժուռնալիստի հետ:
Մոսկվան արդեն կզանգեր ու հաշիվ կպահանջեր` ինչի՞ մասին ես խոսել քաղաքային թերթի աշխատակցուհու հետ:
Խստագույն հսկողության տակ էին մեր ամեն քայլն ու վայրկյանը:
-Պաշտոնավարած տարիներին կա՞ր հանգամանք, որից ամենաշատն էիք զգուշանում:
-Կանխազգացու՞մ էր, թե զուգադիպություն, չգիտեմ, բայց միշտ ասել եմ` ո՛չ երանի էն առաջինին, ում օրոք կմահանա Շիրազը և կբարձրանա Ղարաբաղի հարցը… վա՜յ նրան: Պատահականությամբ, թե նախախնամության կամոք, ճակատագրական այդ երկու դիպվածներն էլ իմ օրոք եղան:
«ՂԱՐԱԲԱՂԸ ՋԵԲՍ ՉԷ, ՈՐ ՀԱՆԵՄ, ՏԱՄ ՁԵԶ»
-Այսօր շատերին է մտահոգում նույն հարցը` ինչու՞ Դեմիրճյանը չգլխավորեց Ղարաբաղի ազատագրության համար սկսված շարժումը:
- Աշխատանքային գործունեությանս ընթացքում միշտ կարևորել եմ ժողովրդի դերը: Մի՛շտ հենվել եմ նրա վրա: Ինձ համար միշտ որոշիչը եղել է այն համոզմուքը, որ ժողովուրդը հասկանում է ինձ, ընդունում է, վստահում: Այդ գիտակցությունն ինձ ուժ էր տալիս, գործելու հաստատակամություն: Ներշնչում էր վստահություն կատարածս քայլերի ու ապագայի նկատմամբ:
88-ին, սակայն, ժողովուրդը չհասկացավ ինձ: Ինչ-որ պահի մեր միջև անջրպետ գծվեց: Թվում էր` անհաղթահարելի անջրպետ: Հասկացա, որ քաղաքականության մեջ իմ միսիան ավարտված է: Ես հեռացա:
-Թերևս, չեք ժխտի, որ 88-ին կոմկուսի վերնախավը, Ձեր իսկ գլխավորությամբ, այնուամենայնիվ, չկանգնեց շարժման, ասել է` ժողովրդի կողքին: ՈՒ այն պարագայում, երբ Ղարաբաղում արդեն կրակոցներ էին հնչում, անգամ զոհեր ունեինք:
Իսկ նշված անջրպետն անհաղթահարելի դարձավ Ձեր` «Ղարաբաղը ջեբս չէ, որ հանեմ, տամ ձեզ» թևավոր դարձած արտահայտությունից հետո:
- Հետին թվով դատելը շա՜տ հեշտ է: Հա՛, Ազատության հրապարակը բացահայտ վրդովմունքով ընդունեց իմ արտահայտությունը: Բայց ես այլ կերպ չէի կարող: Ես չէի կարող անտեսել հնարավոր ողբերգական այն հետևանքները, որոնք կհաջորդեին իմ հակառակ դիրքորոշմանն ու կդառնային ճակատագրական բոլորիս համար:
Մի հարց է, երբ անկառավարելի են դառնում «ներքևները», այլ հարց, երբ այդ անկառավարելիությունն ուղղորդվում է վերևից: Այդպիսի քայլով ակամա կստիպեի ԽՄԿԿ Կենտկոմին շարժման մեջ դնել պետական մամլող հզոր մեքենան, ինչն անկանխատեսելի արդյունքների կհանգեցներ: Հանուն «աթոռի» ես չէի կարող նման քայլի գնալ: Երբե՛ք: Ես հեռացա:
Իշխանությունն ինձ համար երբե՛ք նպատակ չի եղել: Այն միշտ եղել է միջոց:
-Մինչդեռ ասում են` նպատակն արդարացնում է միջոցները:
-Ճիշտ է` ասում են: Բայց այդպես արտահայտվողներն արդյոք գիտակցու՞մ են, որ տվյալ ժողովրդի մե՜ծ ողբերգությունն է, երբ կառավարական լծակների մոտ հայտնվում են նրանք, որոնց համար իշխանությունը միայն ու միայն նպատակ է, և ո՛չ միջոց:
Ես չեմ ընդունում «նպատակն արդարացնում է միջոցները» արտահայտությունը: Դա ողորմելիներին հատուկ կարգախոս է:
-Բայց չէ՞ որ Շևարդնաձեն ու Ալիևը չվախեցան հնարավոր հետևանքներից ու, ինչպես ասում են` նպատակը միջոց դարձրած, գլխավորեցին իրենց երկրներում սկսված շարժումները:
-Հա՜… բայց չմոռանանք, որ նրանք այդ քայլին դիմեցին այն պահին միայն, երբ իրենց երկրներում արդեն անկախություն էր հռչակված: Այս երկու վիճակները պետք է զատել միմյանցից:
-Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ղարաբաղցիների նկատմամբ:
-Ես միշտ էլ ասել եմ, որ նրանք տեղում պետք է մնան, որպեսզի չնոսրանա տեղի հայ զանգվածը, չամայանան պապական մեր հողերը:
-88-ից հետո դադարեցրիք Ձեր քաղաքական գործունեությունը, մինչդեռ նախկիններից շատերն այսօր որոշակի աթոռներ են զբաղեցնում:
-Քաղաքականության ասպարեզում իմ միսիան ավարտված է: Վերադարձ քաղաքականություն չի լինի, բացառվում է:
-Բայց զրույցի սկզբում Դուք էիք ասում, թե`կյանք է, «ինչ շրջադարձեր ասես, որ չեն լինում»:
-Իմ պարագայում անհնար է:
-Իսկ եթե ժողովուրդը, որն առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ է հիշում Ձեզ, պահանջի՞ այդ վերադարձը:
-Գնա մեռի, արի սիրե՞մ… Ինչու՞ պահանջել, երբ ձեր ուզած ջահելին եք բերել` բոյով, խելքը տեղը, լեզուների էլ գիտակ: Ժողովուրդը հենց նրան էլ թող առաջադրի իր պահանջները: Մեր տնտեսությունը ես չէ, որ այս վիճակին հասցրի: Ես չէ, որ երկիրը հոգևոր անապատի վերածեցի:
Ինձնից ի՞նչ ունեն պահանջելու:
-Ալիևն ու Շևարդնաձեն, սակայն, այդպես չմտածեցին ու մինչ օրս իրենց ձեռքում են պահում կառավարական լծակները:
-Նրանց ու իմ ճանապարհները միշտ էլ տարբեր են եղել: Նրանք, որ այնպես «հավատարիմ էին կոմունիզմի գործին, անմնացորդ նվիրվել էին կոմունիստական կուսակցությանը», ընդունակ էին ամեն ինչի:
-Ինչու՞ միայն նրանք, բոլորն էլ, որ մեր պատկերացմամբ «ապրում ու պայքարում էին հանուն խորհրդային ժողովրդի լուսավոր ու խաղաղ ապագայի» այդպիսին էին: Ընտանիքի շրջանակներում, մտերմական հավաքներում մենք անեկդոտներ էինք պատմում Բրեժնևի զառամախտի, Պոդգոռնու գռեհկության, Սուսլովի սկլերոզի, Չուրբանովի հարբեցողության և մյուսների արատների մասին, մանրամասնորեն քննարկում էինք նրանց բոլորի արածները, սակայն չէինք նկատում, որ մենք ապրում ենք նրանց կռած կաղապարով, իսկ նրանք` իրենց սեփական կյանքով:
-Կարողանում ես խոսեցնել ինձ ու մոռացված հուշեր արթնացնել:
Անդրոպովի թաղումից հետո ԽՄԿԿ Կենտկոմի նոր գլխավոր քարտուղար պիտի ընտրեին` Չեռնենկոյին: Կարծես, դիակ լիներ, բերանում շունչ չկար: Հավաքվածներն էլ էնտուզիազմով էին համակվել: Խայտառակ տեսարան էր:
Մի կերպ զսպում էի ինձ, որ աննախադեպ որևէ քայլ չկատարեմ:
Երբ առաջադրվեց նրա թեկնածությունը բոլորը ձեռք բարձրացրին: Ե՛ս էլ… Ի՜նչ կարող էի անել: Կամ ի՜նչ կտար իմ դեմ լինելը:
Մտածում էի, որ ես փոքր հանրապետության ղեկավար եմ, պարտավոր եմ մտածել իմ երկրի ու ժողովրդի մասին, ենթարկվել մեծամասնությանն ու իմ ազգին հարվածի տակ չդնել:
Վա՜յ նրան, ով հանկարծ «սայթաքեր»… Ինչևէ, Չեռնենկոն ընտրվեց:
Այդ ներկայացումից հետո մի տեսակ նվաստացած ու ամոթահար մտա հյուրանոցի իմ համարը: Հայելու մեջ նայեցի դեմքիս ու ինձ համար էլ անսպասելի զայրույթով սկսեցի թքել արտացոլանքիս…
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Կարեն Սերոբիչի աշխատասենյակում կախված ժամացույցի սլաքները ցույց էին տալիս 18.00-ն: Նա մատնացույց արեց ժամացույցն ու անսպասելի շրջադարձ կատարեց.
-Լա՜վ բան է ազատությունը: Զրուցիր ում հետ ուզում ես, ինչից ուզում ես: Ոչ ոք չի կարող պարտադրել, թե հաշվետվություն ներկայացրու, երեք ժամ ի՞նչ էիր խոսում:
Էնքա՜ն հուշեր ունեմ, որ դեռևս պետք է գրառեմ, տպագրության պատրաստեմ:
Միայն թե մի պրոֆեսիոնալ լրագրող է պետք, որ այսպես նստի, ժամերով խոսեցնի, ձայնագրի ու մշակի տեքստը:
Մեր զրույցն ավարտված էր: Վեր կացա: Իր ծառայողական մեքենայով նա ինձ հասցրեց տուն և հաջողություններ մաղթեց, հավելելով.
-Եթե մեր զրույցից առանց իմ գիտության որևէ բան հրապարակես, կարծիքս կփոխեմ ժուռնալիստների դասկարգի մասին: Իսկ գրառումներդ մաքրիր ու պահիր, հետո շատ պետք կգան:
Զրույցը`
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ
Դիտվել է՝ 40917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ