Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԵԾ ՍԽԱԼՆԵՐ, ԲԱՅՑ ԵՎ ՈՒՆԵՆՔ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԵԾ ՍԽԱԼՆԵՐ, ԲԱՅՑ ԵՎ ՈՒՆԵՆՔ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»
06.11.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ» ԿԱՐԵԼԻ Է ԱՆՎԱՆԵԼ ՀՈԳԵՎԻՃԱԿ»
-Տիգրա՛ն, Դուք հայտարարել եք, թե մեզ համար ներկա վիճակը «սարդարապատային» է, ու սրանով էլ, անշուշտ, պատճառաբանված է «Սարդարապատ» շարժման ծնունդը: Ովքե՞ր և ի՞նչ ծրագիր պիտի իրագործեն այս շարժման շրջանակներում:
-«Սարդարապատը» կարելի է անվանել ոչ թե շարժում, այլ հոգեվիճակ, բայց, բնականաբար, հոգեվիճակ ձևավորելու հայտը միամիտ է հնչում, և մենք կանգ առանք շարժում գաղափարի վրա: «Սարդարապատ» է կոչվում նաև կոմիտեն, որն սկզբում բաղկացած էր երեք անձից՝ ես էի, Ժիրայր Սէֆիլյանը, Վարդան Խաչատրյանը: Հիմա այն ընդլայնվում է, բայց դեռևս կազմավորման փուլում է, ու ես պատրաստ չեմ բոլոր անունները թվարկելու: Միայն կասեմ, որ մենք ծրագրում ենք ընդգրկել ողջ հայությանը՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ սփյուռքի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ջավախքի: Դա մեր պատասխանն է Հայկական հարցին: Ես կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, Հայկական հարցի հերթական չարաշահումն է:
-Նկատի ունեք ցյուրիխյան ստորագրություննե՞րը:
-Ո՛չ միայն: Որովհետև մենք ռազմավարական սխալ ենք կատարում, երբ թույլ ենք տալիս մեր թշնամիներին` մասնատել Հայկական հարցը, ներկայացնել այն իբրև առանձին վերցրած ցեղասպանության հարց, արցախյան հարց, սահմաններ ճանաչել-չճանաչելու հարց: Իրականում միջազգային քաղաքականության մեջ գոյություն ունի մեկ հարց, որ կոչվում է Հայկական հարց, և այն ձևավորվել է առնվազն 19-րդ դարի կեսերին՝ Բեռլինյան կոնգրեսի ժամանակ, թեև ավելի վաղ շրջանում էլ կարելի է գտնել դրա հետքերը: Մեր թշնամիների համար շատ հարմար է տրոհել հարցը և առանձին-առանձին «լուծել»՝ իրենց նախընտրած եղանակով:
-Այսինքն՝ տապալե՞լ: Դա՞ եք ակնարկում:
-Այո՛, իհարկե: Ի վերջո, ոչ թե հարցի լուծումն է տապալվում, այլ հայ ժողովրդի՝ ինքնուրույն, ազատ և անկախ երկիր ստեղծելու երազանքը: Այն, ինչ հիմա մեզանում ստեղծված է, ո՛չ ինքնուրույն է, ո՛չ ազատ, ո՛չ անկախ:
«ՄԵՆՔ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆՔ ՎԵՐՍՏԵՂԾԵԼՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
-Եվ ինչպիսի՞ դերակատարություն պիտի ունենա հայ ժողովուրդը, հավաքական հայ ազգն այս պարագայում:
-Ես մեր զրույցը չեմ դիտում որպես քաղաքական վերլուծություն կամ մտավոր վարժանք ու չեմ պատրաստվում քաղաքական բաղադրատոմսեր տալ, մանավանդ որ Դուք այդպիսի խնդիր իմ առջև չեք դրել: Կարծում եմ` ոմանք կհամաձայնեն, ոմանք էլ հեգնանքով կընդունեն, եթե ասեմ, որ մենք հավակնում ենք վերստեղծելու, վերակառուցելու բարոյական Հայաստանը, վերականգնելու այն մթնոլորտը, որն առկա էր 88 թվականին: Ազատության, ազգային և մարդկային համերաշխության մթնոլորտը, որ մենք շնչում էինք: Ով շնչել է այդ օդը, երբեք չի մոռանա: Մեզ դժվար է խաբել, ասելով, թե ժողովրդավարությունը կամ ազատությունն այստեղից մինչև այնտեղ է, այս սահմանից մինչև այն սահմանն է: Մենք գիտենք, թե իրականում դա ինչ է, որովհետև 88-ին մեզ հաջողվեց ազգովին անցնել այդ բովով, որը հին հունական ողբերգության էր նման: Դա անգամ ավարտվեց հին հունական ողբերգության կանոնով՝ կատարսիսով: Մենք միաժամանակ ապրեցինք և՛ ողբերգությունը, և՛ ուրախությունը, և՛ ազատագրումը (նկատի ունեմ՝ ներքին ազատագրումը): Մենք ազատագրվեցինք մեր ներքին ստրուկից: Ո՛չ հիմնովին, ո՛չ երկար ժամանակով, բայց մեր սերնդի մարդիկ ապրեցին այդ հոգեվիճակը: Միասին վերապրեցինք ցեղասպանությունը (որ տվյալ դեպքում կատարվեց Ադրբեջանի մի քանի քաղաքներում), միասին ստեղծեցինք այն մթնոլորտը, որին այսօր ձգտում ենք հասնել՝ համերաշխության, բծախնդիր բարոյականության, ներքին ազատության մթնոլորտը: Այն մթնոլորտը, երբ գողերը ներկայացուցիչներ էին ուղարկում բազմահազարանոց միտինգներին և հավաստիացնում, որ ոչ մի բնակարան չի կողոպտվի Երևանում, ժողովուրդը կարող է հանգիստ անցկացնել հանրահավաքը: Մենք հասել էինք այնպիսի մակարդակի, որին, կասկածում եմ, թե երբևէ հասած լինի քաղաքակիրթ կոչվող սակավաթիվ ազգերից որևէ մեկը: Երբևիցե նրանք ունեցե՞լ են հասարակական գիտակցության, ազգային ինքնամաքրման այդպիսի մակարդակ: Շատերը հիմա այդ մասին ամաչում են խոսել, գերադասում են ձևացնել, թե նման բան չի եղել, թե դա ցնորք էր, կոլեկտիվ հիպնոսի արտահայտություն: Եկեք չլինենք այդքան դաժան ինքներս մեր նկատմամբ: Մենք ունենք մեծ սխալներ, բայց և ունենք մեծ հաղթանակներ: Մեր առաջին հաղթանակներից մեկն այդ մթնոլորտն էր: Եթե դա չլիներ, չէր լինի Արցախի հաղթանակը: Այնպես որ, մենք հասկանում ենք այս մթնոլորտի վերստեղծման խիստ անհրաժեշտությունը, թեև հասկանում ենք նաև, թե որքան դժվար է դա:
-Դժվա՞ր է, թե՞ անհնարին:
-Անհնարին ոչինչ չկա: Կան դժվար բաներ, շատ դժվար բաներ, բայց ո՛չ անհնարին: Ադամանդն ընդամենն ածուխ է: Ցանկացած քիմիկոս գիտի, որ ածուխը շատ թեժ կրակի մեջ և մեծ ճնշման տակ դառնում է ալմաստ: Հայերս դարեր ի վեր գտնվում ենք շատ թեժ կրակի մեջ և մեծ ճնշման տակ: Նպատակ չկա, իհարկե, ավելի թեժացնելու իրավիճակը: Առանց այն էլ շատ թեժ է, հողն այրվում է մեր ոտքերի տակ, բայց, ցավոք, մեծամասնությունը դա չի նկատում: Պատճառը պարզ է, և այդ մասին մենք գրել ենք մեր արձանագրության մեջ. եթե դարեր շարունակ հայերը կարողանում են միավորվել արտաքին թշնամու, արտաքին սպառնալիքի դեմ, ապա հիմա թշնամին ներսում է, պետք է միահամուռ դուրս գալ նրա դեմ: Այստեղ ոչ թե կոնկրետ անուններ պետք է տալ, սրա կամ նրա մեջ փնտրել թշնամուն, այլ հասկանալ, որ թշնամին մեր մեջ է, թշնամին մեր ստրկությունն է, մեր կոմֆորմիզմը, հաշտվելու (երբեմն՝ անգամ ամենից անընդունելի բաների հետ) սովորությունը, բարոյական չափանիշների այն անկումը, որի ականատեսը և մասնակիցները մենք եղանք վերջին երկու տասնամյակի ընթացքում:
-Այսինքն, ներքին թշնամուն մեր մեջ աճեցրինք հատկապես այն շրջանում, երբ մեզ վիճակված էր ունենալ անկախ պետականությո՞ւն: Այս հանգամանքը պարարտ հո՞ղ ստեղծեց հոգեպես ապականվելու համար:
-Իհարկե` ո՛չ: Ցանկացած մարդու մեջ կան ապականվելու հիմքերը, բայց երբ մարդն ինքն իրեն ազատ, անկախ է հայտարարում, այդ երևույթները դառնում են անտանելի, դրանց հետ հաշտվելը՝ անկարելի: Մենք առաջին անգամ՝ տասնամյակների ստրկությունից հետո, մեր երկիրը հռչակեցինք ազատ և անկախ: Եվ մեր ձեռքով էլ զրկեցինք նրան ազատությունից (նկատի ունեմ նախ և առաջ քաղաքացիական ազատությունը) և անկախությունից (նախ և առաջ նկատի ունեմ տնտեսական անկախությունը): Մենք չապահովեցինք մարդու իրավունքները, ազատությունները, պաշտպանվածությունը, հատկապես՝ սոցիալական պաշտպանվածությունը: Մենք չերաշխավորեցինք այն տարրական իրավունքը, որ հայը պիտի կարողանա ապրել իր վաստակած աշխատավարձով ու պահել իր ընտանիքը, այլ ոչ թե լքի ընտանիքը և ուրիշ երկրներում գոմեր կամ ապարանքներ կառուցի օտարների համար: Այս գործընթացը հատկապես խայտառակ չափերի հասավ հենց վերջին երկու տասնամյակի ընթացքում: Եվ դրա պատճառները շատ ակնհայտ ու միաժամանակ շատ բարդ են: Դա, նախ, բացատրվում է գաղափարախոսության բացակայությամբ: Մեր առաջին նախագահը հայտարարեց, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Սրա հետ ես երբեք չեմ կարողացել և չեմ կարողանա համաձայնել: Կարծում եմ, որ դա ողբերգական սխալ էր: Պատճառներից մյուսը սովետական երկրում եղած սոցիալական երաշխիքները կորցնելուց հետո մեր քաղաքացիներին տնտեսական ազատությունից զրկելն էր: Մեր երկիրը սեփականաշնորհեցին մի քանի ընտանիքներ, նրանց ձեռքն անցավ մենաշնորհը, և անտեսանելի ու անգութ հրեշը փակեց բոլոր աղբյուրները, կտրեց բոլոր աղբյուրների ջուրը: Դա կատարվեց բառիս բուն իմաստով: Մենք վաճառեցինք մեր ջուրը, էներգիան, կապը, ընդերքը: Ծիծաղելի է: ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ ոչ միայն իշխանությունն է պատկանում ժողովրդին (մի բան, որ այսօր հնչում է որպես զավեշտ), այլև ընդերքը: Իրականում ճիշտ հակառակն է:
«ՄԵՆՔ ՎԱՏՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ»
-Ամենադիկտատորական երկրներն էլ բառերով իրենց ազատ ու անկախ են հռչակում: Խորհրդային Հայաստանի օրհներգն սկսվում էր «Սովետական ազատ աշխարհ Հայաստան» տողով: Անցավ 70 տարի, բարձրաձայնեցինք, որ «սովետական ազատ աշխարհ Հայաստանը» եղել է խորհրդային կայսրության ստրուկն ու կամազուրկ հպատակը: Հիմա է՞լ մենք մեծ մոլորության մեջ ենք մեր ազատության ու անկախության առումով, թե՞ իսկապես ունենք ազատ ու անկախ պետություն:
-Չունենք: Եվ դա խոստովանելու համար պետք չէ, որ անցնի 70 տարի: Մենք այդ ժամանակը չունենք: Դա սպառնում է ոչ թե մեզ, այլ մեր երեխաներին: Մենք վատնում ենք մեր երեխաների, մեր ապագայի ժամանակը: Այն ռումբը, որ աշխատում է ժամացույցի մեխանիզմով, արդեն տկտկում է, և դրա արտաքին արտահայտությունը եղավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: ՈՒ ամենասարսափելին դա չէ: Դա արդյունք է, ու դեռևս՝ ոչ վերջնական, այլ միջանկյալ արդյունք: Դա զարթուցիչի դեր կատարեց ոմանց համար: Հասարակության ամենազգայուն մասը պարտավոր է ահազանգել և արթնացնել ողջ ազգը: Մտավորականությունը, արվեստագետները ծառայում են ժողովրդին՝ որպես նյարդային զգայարաններ: Մենք պարտավոր ենք այդ դերը կատարել: Եթե դա էլ չանենք, ուրեմն կոպեկ էլ չարժենք:
«ՎԱՃԱՌԱԿԱՆԻՆ ԴՐԵՑԻՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԼԽԻՆ, ՓՈԽԱՆԱԿ ՀԻՇԵՑՆԵԻՆՔ, ՈՐ ՆԱ ՍՏԱՄՈՔՍԻ ՏԵՂՈՒՄ ՊԻՏԻ ԼԻՆԻ»
-Արցախյան պատերազմից հետո սերնդափոխությունը կատարվել է հօգո՞ւտ, թե՞ ի վնաս մեր ազգային ինքնության որակների:
-Ժիրայր Սէֆիլյանը դեռ երիտասարդ է, բայց հասցրել է լինել արցախյան պատերազմի հերոս: Մենք երբեմն ամաչում ենք ասել լավ խոսքեր, բայց այն, ինչ հայ ազգի համար պատերազմի տարիներին խորհրդանշում էր Մոնթե Մելքոնյանը (ում, ցավոք, մենք չպահպանեցինք), այսօր իր մեջ մարմնավորում է Ժիրայր Սէֆիլյանը: Դրանք մեր ազգի լավագույն, ասպետական հատկանիշներն են: Ես մի առիթով ասել եմ, որ օտարները մեզ հաճախ նկարագրում են որպես Սանչո Պանսա ժողովուրդ: Եվ վրացիներն իրենց հայտնի ֆիլմերում հաճախ օգտագործում են այդ բանը՝ ի ցույց դնելով ասպետանման վրացուն և Սանչո Պանսա հային:
-Վախթանգ Կիկաբիձեի և Մհեր Մկրտչյանի կերպարներո՞վ:
-Այո՛: Եվ մենք հրճվանքով համաձայնում ենք այդ դերի հետ: Բայց փաստն այն է, որ պատմությունն իրականում ճիշտ հակառակն է ապացուցում: Վրաստանը՝ որպես երկիր, պահպանեցին և պաշտպանեցին հայ իշխանները, հայ ասպետները՝ Օրբելյանները, Զաքարյանները, Բագրատունիները, Պռոշյանները: Աստված նրանց հետ. վրացիներն անում են այն, ինչ համարում են անհրաժեշտ իրենց շահերի համար: Իսկ մենք վաճառականին դրեցինք ազգային մարմնի գլխին, փոխանակ հիշեցնեինք, որ նա ստամոքսի տեղում պիտի լինի: Դա մեր ողբերգությունն է, մեր սխալն է: Եվ, այդուամենայնիվ, փորձելով պատասխանել սերնդափոխության հետ կապված Ձեր հարցին, ասեմ, որ ես էլ դեռ չեմ պատրաստվում թոշակի անցնել, առավել ևս, որ ոչ մի տեղ չեմ աշխատում արդեն հինգ տարի: Ինձ համարում եմ հենց այս սերնդի ներկայացուցիչ, որովհետև ամենակարևոր տարեթիվն իմ կյանքում եղել է 88-ը, որից և մեր սերնդի համար սկսվել է նոր դարաշրջանը: Եվ մենք պաշտպանում ենք այդ դարաշրջանի արժեքներն ու արժանապատվությունը:
-Եվ վերջին հարցը. ի՞նչ ստեղծագործական պլաններ ունի հինգ տարի ոչ մի տեղ չաշխատող ռեժիսորը:
-Ես ինձ անվանում եմ անկոչ ռեժիսոր, որը ոչ մի տեղ չի աշխատում: Բայց երբեք այդքան շատ չեմ աշխատել, որքան այս անգործության տարիներին: Ինձ յուրահատուկ ազատություն է տրվել: Նախ և առաջ ես ազատ եմ քսակից, շուկայի պարտադրանքներից: Օրեր առաջ հրավիրվեցի Հայաստանի ճարտարապետների միություն, և միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ինձ հանձնեց վերջերս Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ճարտարապետների միությունների համագումարի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե դիպլոմը»՝ «Երևանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմիս համար: Ի միջի այլոց, ինձ չէին էլ տեղեկացրել, որ ֆիլմն ուղարկում են ցուցադրության: Սովորաբար ինքս եմ այդ բանն անում, թեև վաղուց արդեն չեմ անում: ՈՒ ես իրարամերժ զգացումներ ապրեցի, որովհետև և՛ ուրախալի էր մրցանակի արժանանալը, և՛ մեջս դառնություն կար: Բանն այն է, որ ես ֆիլմը նկարել եմ երկուսուկես տարի առաջ, և այն Հայաստանում չի ցուցադրվել, ինչպես չի ցուցադրվել 2005 թվականին աշխարհի լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչված «Արամ Խաչատրյանի դարը»: Այս մրցանակն էլ հանձնվել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, և իմ անունն անգամ չի հնչել: Հայ հանդիսատեսի համար նույնքան անհայտ է մյուս ֆիլմս՝ «Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչը», որը հաջողությամբ ցուցադրվել է Լեհաստանում: Դուք պլաններից եք հարցնում, իսկ ես անընդհատ հետ եմ գնում, արդեն եղածից եմ խոսում: Փնթփնթում եմ, որ իմ ֆիլմերը չեն ցուցադրում: Դա չէ խնդիրը: Հազարավոր ֆիլմեր չեն ցուցադրում, որովհետև հետաքրքիր չեն, վատն են: Բայց ես ֆիլմեր եմ նկարել Արամ Խաչատրյանի, Արմին Վեգների, Ալեքսանդր Թամանյանի մասին, անուններ, որոնք, թվում է, հայերիս համար պետք է լինեն արժեքային համակարգի չափանիշ: Ինչո՞ւ չեն ցուցադրում, ինչո՞ւ են անտեսում այդ մարդկանց, միայն այն պատճառով, որ ե՞ս եմ հեղինակը: Այստեղ չցուցադրվող իմ ֆիլմերն արժանանում են միջազգային բարձր մրցանակների Եվրոպայում, Ամերիկայում, Ճապոնիայում: Սա կողոպուտ է: Ճիշտ այնպես, ինչպես կողոպտեցին մեր տնտեսությունը, կողոպտում են նաև մշակույթը, որովհետև դատարկ ոչինչ չի մնում: Երբ մի տեղից դատարկվում է ինչ-որ բան, տեղը լցվում է մեկ այլ բանով: Բոլորը տեսնում են, թե ինչով: Իրականում դա դիվերսիա է, ժողովրդին, հատկապես երիտասարդությանը փչացնելու, ստրկացնելու, զոմբիացնելու լավագույն միջոց, որը կիրառվում է ամեն օր, բոլոր ալիքներով:
-Եթե «Հ1» հեռուստաընկերության «Երկու աստղ» նախագծում ժյուրիի անդամը ճառագող ժպիտով գովաբանում է մասնակցի «գեղեցիկ պորտապարը», դժվար է Ձեզ հետ չհամաձայնել:
-ՈՒ այդ ամենի վրա հսկայական գումարներ են ներդրվում, միլիոնավոր դոլարներ: Դա աբսուրդ է: Բայց, այնուամենայնիվ, խոսեմ պլաններիս մասին: Վաղուց արդեն սկսել եմ «Տիգրանակերտ» ֆիլմի նկարահանումները, դրանք հիմա շարունակվում են: Աշխատում եմ հնագետ Համլետ Պետրոսյանի հետ, ով պեղեց և գտավ Տիգրանակերտը Լեռնային Ղարաբաղում: Թերևս, այսքանը:
Հարցազրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1431

Մեկնաբանություններ