«Լինսի» հիմնադրամի ծրագրերի շրջանակներում մի քանի տարի առաջ իրականացված «Բնակարանաշինություն» ծրագիրը մինչև օրս դժգոհություն չի առաջացրել ոչ միայն մասնագետների, այլև տվյալ շենքերի բնակիչների մոտ։ Թերևս առաջին ծրագրի բարեհաջող իրականացումը, կարելի է ասել, առիթ դարձավ, որ «Լինսի» հիմնադրամը ֆինանսավորի նաև «Դպրոցաշինություն» ծրագիրը, որի ավարտին հաշված ամիսներ են մնացել: Հիշեցնենք, որ «Լինսի» հիմնադրամի կողմից հատկացված 20 մլն ԱՄՆ դոլարի շրջանակներում «Դպրոցաշինություն» ծրագրով իրականացվում են հանրապետության հինգ մարզերի և Երևան քաղաքի հինգ դպրոցների ուժեղացում-վերակառուցման և նոր մասնաշենքերի կառուցման աշխատանքները։
Մեզ համար կարևոր էր ճշտել՝ շինարարությունը որակո՞վ է իրականացվում, և ո՞ր փուլում է գտնվում ծրագիրը: Այս և ծրագրի հետ կապված այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Բնակարանաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավար ՀՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
-Նախագծային աշխատանքների իրականացման փուլում մանրամասն ուսումնասիրվեցին ծրագրում ընդգրկված դպրոցները, որոնք լուրջ խնդիրներ ունեին սեյսմիկ պաշտպանվածության առումով: Բոլոր դպրոցների շենքերի նախագծերի կոնստրուկտիվ մասերի հաշվարկները կատարվեցին հայտնի համակարգչային «Լիրա» ծրագրի միջոցով` օգտագործելով պատասխանատվության 1.3 գործակիցը, ինչը սեյսմիկ պաշտպանության լուրջ ցուցանիշ է: Նշեմ, որ ուժեղացվող շենքերի սեյսմիկ չափորոշիչները հասցվել են նորակառույց շինարարության սեյսմիկ պահանջներին:
Ծրագրի շրջանակներում քանդվեցին ավելի քան 3000 քմ մակերեսով անթույլատրելի լուծումներ ունեցող շինություններ, ուժեղացվում-վերակառուցվում են շուրջ 30 հազար քմ մակերեսով շենք-շինություններ, և կատարվում է ավելի քան 16 հազար քմ նորակառույց շինարարություն: Սեյսմիկ պայմաններին բավարարելու հետ մեկտեղ դպրոցների հատակագծային լուծումները համապատասխանեցվեցին 12-ամյա կրթության չափանիշերին: Նոր պայմաններում, երբ կողք-կողքի պետք է սովորեն 6-ամյա մանուկները և 18-ամյա երիտասարդները, մեր կողմից կարևորվեց հոսքերի տարանջատման հնարավորինս հստակ իրագործումը: Ընդլայնվեցին հանգստի գոտիները, որոնք հնարավորություն կտան աշակերտներին առավել կազմակերպված անցկացնել դասամիջոցները: Դպրոցներում հաշմանդամ երեխաների համար ստեղծվեցին հնարավորինս հարմարեցված մուտքեր, սանհանգույցներ, դասասենյակներ: Ձևավորվեցին ընդարձակ նախամուտք և բուֆետ-ճաշարաններ, հանդերձարաններ, բուժկետ, գրադարան, լաբորատոր կաբինետներ: Հատուկ ուշադրության առարկա են համակարգչային և ռազմագիտության կաբինետները, որոշ դպրոցներում արդեն կան հրաձգարաններ, իսկ, օրինակ, Երևանի թիվ 168 դպրոցի հրաձգարանն ունի 50 մ երկարություն և իր տեսակի մեջ միակն է ողջ հանրապետության դպրոցներում: Նախկինում հարմարեցված հանդիսությունների և մարզադահլիճները համապատասխանեցվեցին պահանջվող նորմերին, կառուցվեցին լրացուցիչ մարզադահլիճներ, ի դեպ, վերջիններին կից հանդերձարաններն ունեն սանհանգույցներ՝ տաք ջրամատակարարման ցնցուղարաններով:
Ծրագիրը մոտենում է ավարտին, և արդեն շահագործման են հանձնվել երեք դպրոց, Գյումրիի թիվ 30 դպրոցի մարզական և հանդիսությունների դահլիճների մասնաշենքը, Վանաձորի թիվ 10 դպրոցի մարզական և հանդիսությունների դահլիճների մասնաշենքերը, իսկ Աշտարակ քաղաքի թիվ 1 դպրոցի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը կայացավ հանրապետության նախագահ Ս.Սարգսյանի մասնակցությամբ: Նախագահը բարձր գնահատականի արժանացրեց կատարված աշխատանքը և արժանավոր սերունդ ունենալու հարցում կարևորեց կրթօջախների բարեկարգ մակարդակի ապահովումը:
Մինչև հունիսի ավարտը շահագործման համար պատրաստ կլինեն ևս հինգ դպրոցներ:
-Իսկ ինչպե՞ս են իրականացվում դպրոցների ներքին հարդարման աշխատանքները, արդյո՞ք այս դեպքում ևս նոր մոտեցումներ եք կիրառել:
-Ներքին հարդարման աշխատանքներն իրականացնելու ընթացքում լուջ ուշադրություն ենք դարձրել ժամանակակից շինանյութերի օգտագործմանը՝ հնարավորինս գեղեցիկ և բարենորոգ դպրոցներ ունենալու նպատակով, միաժամանակ կարևորելով սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումը: Բարձրորակ ներկանյութերը, փայտյա դռները, մետաղապլաստե պատուհանները` շերտավարագույրերով և ժամանակակից տեխնիկական միջոցների լայն կիրառումը դպրոցներին բոլորովին այլ տեսք են տվել, որի մասին երազել անգամ դժվար էր: Քանի որ որոշ դպրոցների տարածքների չափը հասնում է մինչև 2.5 հեկտարի, մենք, ըստ դպրոցի հնարավորության, կառուցել ենք սպորտային, հանդիսությունների և հանգստի գոտիներ, վազքուղի: Տարածքներն ամբողջովին պարսպապատվել են, անցկացվել է արտաքին լուսավորություն, որոշ դպրոցներում՝ ոռոգման ցանց:
Հիշեցնեմ նաև, որ շենքերում տեղադրվել են անվտանգության, հակահրդեհային, զանգ-ժամացույցի միասնական համակարգեր, ռադիոհանգույց, ինչպես նաև տաք օդի ներածման համակարգեր, կառուցվել են կաթսայատներ, որոնք կապահովեն դպրոցների անխափան աշխատանքները տարվա բոլոր եղանակներին:
-Նորացված շենքերում դպրոցական գույքը նույնպես թարմացվելու է ծրագրի շրջանակներում, դրանք տեղակա՞ն արտադրության են, թե՞ ներմուծված են, և ի՞նչ տիպի գույք է ձեռքբերվում:
-Այո, ծրագրի շրջանակներում դպրոցները կունենան անհրաժեշտ ուսումնական գույք` աշակերտական և ուսուցչական աթոռ, սեղան, պահարան, գրատախտակ` իր լուսատուով, ֆիզիկայի և քիմիայի լաբորատոր կաբինետներում` ֆունկցիոնալ նշանակության սեղաններ, կահավորվում են նաև սպորտային, հանդիսությունների դահլիճները, բուֆետ-ճաշարանը և հանդերձարանները, գրադարանը, բուժկետը: Հատուկ ուզում եմ նշել, որ աշակերտական գույքը, մասնավորապես աթոռները և սեղանները, ունեն տարիքային բաշխվածություն և համապատասխանում են էրգոնոմիկայի պահանջներին: Գույքի մի մասը ներկրվում է արտասահմանից, մյուս հատվածը տեղական արտադրության է:
-Այս ամենն իրականացնելու համար, կարծում եմ, շատ լուրջ ծախսեր են պահանջվել: Կարելի՞ է «Դպրոցաշինությունը» համարել թանկ ծրագիր: Եթե գաղտնիք չէ, որքա՞ն գումար է արդեն ծախսվել:
-Այս պահին ծախսվել է գումարի մոտ 90 տոկոսը: Ի դեպ, գումարների ծախսը խիստ վերահսկողության է ենթարկվում: Շինարարական աշխատանքների համար ծախսված գումարները միայն առաջին հայացքից կարող են խոշոր թվալ, փաստացի ունենք չորսից ութ հազար քմ մակերեսով կառույցներ, որոնց զուտ շինարարության վրա ծախսված գումարը 1 քմ համար կազմում է միջինը մոտ 115 հազար դրամ: Կարծում եմ ավելի շուտ ծրագիրը «թանկ» է իր բարոյահոգեբանական արժեքով, քան` ֆինանսական:
-Ի՞նչն եք համարում ծրագրի հաջողության գաղտնիքը:
-Այն նվիրվածությունը, որով մենք իրականացնում ենք մեր աշխատանքը: Դա ուղղակի շարունակությունն է նույն վերաբերմունքի, ինչը ցուցաբերում է մեծ բարերար Քըրք Քըրքորյանը` իր անձնական գումարների միջոցով անհատույց հոգալով իր ժողովրդի կարիքները:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ