Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Հայաստանում փողն ուրիշի մոտ է, գործն ուրիշն է անում»

«Հայաստանում փողն ուրիշի մոտ է, գործն ուրիշն է անում»
29.05.2009 | 00:00

«ԻՄ ԹՈՌԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԵՐԱԺԻՇՏ ԴԱՌՆԱԼՈՒՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԻՆՁ ՆՄԱՆ ԱՊՐԵԼ»
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԻ մանկությունն անցել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Նրա հայրը՝ Դավիթ Երզնկյանը, թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժորն էր, մայրը՝ Ցողիկ Ջանիբեկյանը (հայ բեմի երախտավոր Գուրգեն Ջանիբեկյանի դուստրը)` նույն թատրոնի դերասանուհի: Սակայն արվեստագետների ընտանիքից սերող երիտասարդի մուտքը պրոֆեսիոնալ արվեստի աշխարհ եղել է բավական երկար դեգերումներից հետո:
-Պարոն Երզնկյան, մի առիթով ասացիք, որ ջազը, ի տարբերություն ռոքի, համարում եք պրոֆեսիոնալ ժանր: Ո՞րն է տարբերությունը:
-Տարբերությունն այն է, որ ռոք երաժշտությունը շատ ավելի պարզունակ է: Երաժշտության իմաստը մարդկանց զգայարանների վրա ազդելն է: Իսկ դա արվում է հազար ու մի ձևով: Պրոֆեսիոնալները երկար ժամանակ սովորելուց հետո կարողանում են բոլորովին այլ կերպ վերահսկել իրենց: Ինչքան շատ գիտես, այնքան հասկանում ես, որ ոչինչ չգիտես: Եվ որքան մարդը բարձր է՝ որպես պրոֆեսիոնալ, այնքան ավելի պատասխանատու է իր յուրաքանչյուր նոտայի համար: Իսկ ռոքը հուզական երաժշտություն է: Իհարկե, բոլորին հայտնի է «Բիթլզի» օրինակը, որը, փաստորեն, ռոք է: Բայց նրանք ուղղակի հրաշամանուկներ էին, որ սկսեցին ռոքի ոճում գրել իրենց երգերն ու հասան այնպիսի հաջողության, որին շատ պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ կնախանձեին: Բացի այդ, նրանք ավելի ուշ շտկել-կատարելագործել են իրենց երաժշտական տվյալները. խոսքս հիմնականում Ջոն Լենոնի և Փոլ Մաքարտնիի մասին է: Ռոքը պարզ երաժշտություն է, և շատ մարդիկ կարող են դրան տիրապետել:
-Այդ պատճառով էլ ավելի ժողովրդայի՞ն է:
-Այո՛: Ես ինքս ռոքով եմ սկսել, բայց ոչ այն պատճառով, որ պրոֆեսիոնալ չէի: Յոթնամյա երաժշտական կրթություն էի ստացել դաշնամուրային բաժնում, ապա սովորել ու ավարտել էի պոլիտեխնիկ ինստիտուտը: Իհարկե, պոլիտեխնիկը մի ամբողջ էպոպեա էր, բայց ես այդ տարիներին ավելի շատ երաժշտությամբ էի զբաղվում, քան թե իմ դասերով: Այդ պատճառով էլ ուսումս ձգվեց ինը տարի:
-Դուք մշակութային արմատներ ունեք, ինչպե՞ս էր պատահել, որ հայտնվել էիք պոլիտեխնիկում:
-Ամեն մարդ յուրովի է իրեն դրսևորում: Մեզ մոտ կարծես թե ցեղական է՝ մենք ուշ ենք բացվում: Օրինակ՝ պապս տարիքի հետ ավելի ու ավելի լավ էր խաղում: Բայց լինում են դերասաններ, որոնք կյանքի վերջին շրջանում նահանջ են ապրում: Ես էլ եմ ցեղական այդ հատկանիշը կրում: Մի կերպ ավարտեցի յոթնամյակը: Թեև դաշնամուրիս դասատուն վատ անձնավորություն չէր, բայց մեր մեջ այն փոխըմբռնումը չկար, որ նա կարողանար ինձ կապել դաշնամուրի, երաժշտության հետ: Յոթնամյակից հետո մտածեցի, որ այլևս երաժշտությամբ չեմ զբաղվելու: Բայց դպրոցում (Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցն եմ ավարտել) մենք ստեղծել էինք նվագախումբ: Հետո էլ պոլիտեխնիկում ստեղծեցինք «Երազողներ» խումբը, «Բիթլզ» էինք երգում, հայկական երգերի մշակումներ անում: Այդ խմբում էին նաև Զավեն Սարգսյանը՝ Փարաջանովի թանգարանի տնօրենը, Հրայր Կոտոյանը, որ հետո դարձավ ժուռնալիստ: Դրան զուգահեռ ես սկսեցի զբաղվել ջազով: Դեռ պոլիտեխնիկում սովորելու տարիներին Մելիք Մավիսակալյանն ինձ հրավիրեց որպես բաս կիթառիստ աշխատելու այն նվագախմբում, որն այժմ ղեկավարում եմ: Դրանից էլ սկսվեց ամեն ինչ: Գնացի բանակ, վերադարձա ու որոշեցի ընդունվել կոնսերվատորիա՝ կոմպոզիցիայի բաժին: Փաստորեն ընդունվեցի՝ առանց երաժշտական միջնակարգ կրթության ու միանգամից՝ երկրորդ կուրս՝ Էդգար Հովհաննիսյանի դասարան: Կոնսերվատորիայում ուսանելու չորս տարիների ընթացքում յուրացրել եմ հնարավոր առավելագույնը, որ կարելի էր յուրացնել սովորելով: Որովհետև գիտեի, թե ինչի համար եմ եկել կոնսերվատորիա: Ընտանիք ունեի՝ երեխա, կին: Աշխատում էի ռադիոյում, սովորում ստացիոնար բաժնում, երեկոյան էլ փող աշխատում՝ ռեստորանում նվագելով: Չգիտեմ, թե ինչպես էի այդ ամենը հասցնում, բայց չորս տարում լիովին կենտրոնացա, հասա ու գերազանցեցի շատերին: Ավարտելուց մեկ տարի հետո՝ 1984-ին, ընդունվեցի կոմպոզիտորների միություն: Դա շատ բարձր ցուցանիշ էր: Սովետական տարիներին բոլորն էլ ինչ-որ աշխատանք ունեին, ոչ ոք քաղցած չէր: 16-17 տարեկանում միշտ չէ, որ պատկերացնում ես, թե ինչ ես ուզում դառնալ: Եթե մարդը չգիտեր՝ ուր գնալ, ուրեմն գնում էր պոլիտեխնիկ: Այդ տարիներին շատ մոդայիկ էր ընդունվել կիբեռնետիկայի բաժին, որը նոր էր բացվել: Դե՛, ես էլ ընդունվեցի: Դա, իհարկե, իր դրական դերը խաղաց: Հիմա տեխնիկայի, էլեկտրոնիկայի դար է, և ես տիրապետում եմ այդ ամենին: Դա ինձ օգնում է իմ աշխատանքում:
-Ընտանիքում երաժիշտ հետևորդներ ունեք: Կպատմե՞ք նրանց մասին:
-Միակ աղջիկս՝ Զառան, ջազային երգչուհի է: Ավարտել է մեր կոնսերվատորիան, մասնագիտությամբ երաժշտագետ է: Ապրում է Ամերիկայում, երգում է ամերիկացիների հետ: Ափսոսում եմ, որ չի ուզում վերադառնալ Հայաստան, բայց, անկեղծ ասած, նա այստեղ այնքան էլ անելու բան չունի: Զառայի որդին՝ Դավիթը, իններորդ դասարանից հետո տեղափոխվել է Երևան, հիմա սովորում է կոնսերվատորիայում՝ ջազի բաժնում: Մեր կոնսերվատորիան այնքան բարձրակարգ բուհ է, որ ես շատ հանգիստ կարող եմ այն գերադասել ամերիկյան հաստատություններից և վստահաբար ասել, որ թոռնիկս այստեղ կսովորի այն ամենը, ինչ պետք է իրեն: Իհարկե, գուցե և երաժիշտ չդառնա, որովհետև տեսնում է, թե ինչ դժվար եմ ապրում ես:
-Իսկ արվեստի մեր մյուս բուհերը՝ գեղարվեստի ակադեմիան, կինոյի և թատրոնի ինստիտուտը, նույնքա՞ն բարձր եք գնահատում, ինչպես կոնսերվատորիան: Ձեզ գոհացնո՞ւմ է դրանց պատրաստած կադրերի որակը:
-Չէի ասի, որ խորապես տեղյակ եմ նրանց ուսումնական գործընթացներից: Բայց ես ուշադրությունս կենտրոնացնում եմ այն հանգամանքի վրա, թե մենք արդյոք ունե՞նք լավ դասախոսներ այդ բուհերում: Եթե իմ թոռը խուսափում է երաժիշտ դառնալուց, որովհետև չի ուզում ինձ նման ապրել, էլ ի՞նչ ասեմ: Մենք մեր փոքրիկ հանրապետության համար պատրաստում ենք երաժիշտներ, նկարիչներ, դերասաններ: Եթե նկարիչները դեռ լեզվական, ազգային սահմանափակման խնդիրներ չունեն, կարող են իրենց նկարչությունն անել ու ապրուստ վաստակել թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում, ապա նույնը չի կարելի ասել երաժիշտների, առավել ևս՝ դերասանների մասին: Հատկապես դերասանի գործը դժվար է: Նրա ճակատագիրը կախված է ռեժիսորից, որը շատ սուբյեկտիվ հանգամանքներ է ենթադրում: Ռեժիսորը կարող է չսիրել դերասանին ու չտալ դերեր, ուղղակի փչացնել նրա կյանքը: Ինքս դերասանների ընտանիքում եմ մեծացել, շատ լավ գիտեմ թատրոնի խոհանոցը: Ես կարծում եմ, որ դերասանների վիճակը մեզ մոտ իսկապես ծանր է: Թատրոններն այնքան շատ չեն, հանդիսատեսն էլ վատ է հաճախում: Թեև պիտի նկատեմ, որ վերջին շրջանում դրական փոքր տեղաշարժեր, այնուամենայնիվ, կան: Այսօր շատ դժվար վիճակում են գտնվում այն դերասանները, ովքեր կոմիկ չեն, սերիալներում ու գովազդներում չեն նկարվում: ՈՒրիշ կյանք պարզապես չկա նրանց համար: Իսկ դերասանի համար ընդամենը մեկ սերիալում նկարվելը կարող է ամբողջ ճակատագիրը փչացնելու պատճառ դառնալ, որովհետև նրան սկսում են տեսնել միայն այդ կերպարում ու այլևս ուրիշ դերում չեն նկարում: Էլ չեմ խոսում այդ սերիալների մակարդակի մասին, որն առանձին քննարկման թեմա է: Տխուր իրողությունները քիչ չեն նաև կոնսերվատորիայում: Օրինակ՝ կոմպոզիցիայի բաժին տարեցտարի ավելի քիչ մարդիկ են դիմում: Վեց տեղից չորսը, կարծեմ, անվճար է, և այս տարի ընդամենը երեք հոգի էր դիմել: Սա այն սերունդն է, որոնց ծնողները չեն ցանկացել իրենց երեխային մղել դեպի կոմպոզիցիան: Ինչո՞ւ մղեն, մարդը կոմպոզիտոր դառնա՝ ի՞նչ աշխատի, ինչպե՞ս ապրի: Բանն այն է, որ այսօր պրոֆեսիոնալ կոմպոզիտորի պահանջարկը չկա, անպայման չէ, որ երգ գրողը կոմպոզիտոր լինի: Այն երգը, որն իր դրամատիզմով, խորությամբ հասնում է մարդկային հոգու ամենանուրբ ծալքերին, մեզանում պահանջարկ չունի: Պահանջարկ ունեցող երգերն առավել մատչելի, դյուրամարս, հիթային, պոպսային երգերն են, որոնք կարող են գրել նաև ոչ կոմպոզիտորները: Բայց այդ պրոցեսն ինքնին ինձ չի անհանգստացնում: Դրանք ժանրեր են, որ ժամանակի ընթացքում հետ կմղվեն, ու ամեն ինչ կգա իր տեղը, որովհետև մեր ազգը տաղանդավոր է: Ինձ անհանգստացնում է այն, որ մեզանում պրոֆեսիոնալ կոմպոզիտորական արվեստը մնացել է ուշադրությունից դուրս ու չի խրախուսվում: Այն, որ այսօր մեզ մոտ արվեստի բուհերի շատ շրջանավարտներ չգիտեն՝ ուր գնան աշխատելու, իրոք, մտահոգիչ է: Այնպես որ, պետք է լրջորեն մտածել՝ մեզ հարկավո՞ր են այդքան շատ դերասան, երաժիշտ, նկարիչ: Պիտի հաշվարկներ անեն, դաշտն ուսումնասիրեն: Բայց մեկ ուրիշ խնդիր էլ կա. նաև դասախոսներն են շատ. ինչպե՞ս պիտի լուծվի նրանց դասաժամերի հարցը: Փակ շրջան է ստացվում: Շատ խորացանք: Եվ այս ամենից կրկին ու կրկին եզրակացնում եմ, որ արվեստի բուհերը Հայաստանում պետք է գործեն բացառապես պետական դոտացիայի հաշվին:
-Մանկության տարիներին ձևավորված Ձեր կապը թատերական աշխարհի հետ ի՞նչ դրսևորումներ ունի այսօր:
-Կապը կա, կան նաև թատրոնի համար մտահոգվելու պատճառներ: Մենք այսօր փաստացի չունենք պոպուլյար երաժշտական թատրոն: Ես շատ հարգում եմ Երվանդ Ղազանչյանին՝ որպես մարդու և ռեժիսորի, բայց ինքը նպատակ չի դրել Պարոնյանի թատրոնը պահել որպես երաժշտական թատրոն: Բազմաթիվ տաղանդավոր վոկալիստ ուսանողներ կան կոնսերվատորիայում և թատերական ինստիտուտում, բայց փաստն այն է, որ կոնկրետ երաժշտական կոմեդիայի թատրոնի համար կադրեր չեն պատրաստվում: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ թատրոնին կից ստուդիա ստեղծել, այդ շնորհալի երեխաներին հավաքել ու նրանցից կադրեր պատրաստել հենց Պարոնյանի թատրոնի համար: Այդ թատրոնում պետք է բեմադրվեն և՛ օպերետներ, և՛ դասական մյուզիքլներ, և՛ ժամանակակից հայ կոմպոզիտորների մյուզիքլներ: Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կայացած «Մորգանի խնամին» ներկայացման ռեժիսորն Ալեքսանդր Գրիգորյանն է, կոմպոզիտորը՝ Մարտին Վարդազարյանը, երաժշտությունը ձայնագրել է մեր նվագախումբը, իսկ երգերը կատարում են (ի դեպ, կենդանի հնչողությամբ) հենց թատրոնի դերասանները: Դա, փաստորեն, մյուզիքլ է՝ տասնութ երաժշտական համարով: Մարդիկ երգում են, պարում: Նյութը մատուցվում է ոչ թե որպես զուտ հայկական, այլ համամարդկային երևույթ՝ ավելի ժամանակակից լուծումներով: Ես նայում էի ու մտածում, որ մարդիկ չունեն ո՛չ համապատասխան պայմաններ, ո՛չ երաժշտական թատրոնի ուղղվածություն, բայց կարողացել են այդպիսի ներկայացում անել, իրենց խաղացանկը հարստացնել նոր ժանրի բեմադրությամբ: Այնինչ, մենք ունենք թատրոն, որի կոչումն ու պարտքն է բեմադրել տարեկան չորս-հինգ երաժշտական ներկայացում, բայց, ցավոք, այդ բանը չի արվում:
-Մեր թատերական աշխարհում Ձեզ միայն երաժշտական կոմեդիայի թատրո՞նն է մտահոգվելու առիթ տալիս այսօր:
-Օպերայում մի քիչ ավելի բարդ իրավիճակ է: Այնտեղ ուժեր կան: Կա լավ նվագախումբ, կան դիրիժորներ, բայց լուծված չէ կազմակերպչի խնդիրը: Գեղամ Գրիգորյանից հետո փաստացի տիրոջ ձեռք չկա թատրոնում: Կամո Հովհաննիսյանին ես շատ հարգում եմ, իմ ընկերն է, բայց նա դիրեկտոր է: Իսկ թատրոնին գեղարվեստական ղեկավար է պետք: Կատարյալ պայմաններ, իհարկե, մենք դեռ չենք կարող ակնկալել: Այդպիսիք գործում են արտասահմանում: Այնտեղ կա թատրոն, որն ունի պրոդյուսեր: Պրոդյուսերի ձեռքին է փողը, և նա գիտի, որ եթե վատ ներկայացում անի, կկորցնի իր փողը: ՈՒստի և շահագրգռված է հրավիրել լավագույն ռեժիսորին, լավագույն բալետմեյստերին ու բեմադրել լավ ներկայացում: Իսկ Հայաստանում փողն ուրիշի մոտ է, գործն ուրիշն է անում, և մեխանիզմը չի պտտվում, մեքենան չի աշխատում: Ինչպե՞ս կարող է ներկայացման պրոդյուսերը լինել մի մարդ, որն ուրիշի փողն է ծախսում: ՈՒրիշի փողը չես ափսոսում: Հետևաբար, մեզ մոտ հարկավոր է ստեղծել պրոդյուսերական ինստիտուտ: Բազմաթիվ արտասահմանցիների հետ եմ հանդիպել, եկել-մասնակցել են մեր նվագախմբի փորձերին ու ասել. «Դուք նստած եք ոսկու վրա, բայց չեք կարողանում ձեր ոսկին վաճառել»: Կարծում եմ, որ մեր հանրապետությունը միայն կշահեր, եթե մենք ստեղծեինք իսկական, ոչ թե ձևական պրոդյուսերական կենտրոններ, և մարդիկ իրենց փողը վստահաբար ներդնեին ու հավատային, որ ոչ թե կորցնելու, այլ շահելու են: Սրանք, իհարկե, մեկ օրում լուծելի հարցեր չեն: Ես տեսնում եմ, որ մշակույթի նախարարը, ինչպես և Հ1 հեռուստաընկերության և ռադիոյի ղեկավարներն ինչ-որ քայլեր փորձում են անել այդ ուղղությամբ: Բայց այս հարցում նաև պետության աջակցությունը պիտի լինի, այլապես մեծ արդյունքների հասնելն անհնար է: Չմոռանանք նաև, որ շուկան թելադրում է իր պահանջները:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3162

Մեկնաբանություններ