«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

Որքանով են մեր արմատական ընդդիմության գործողությունները և հռչակած նպատակները բխում իրականությունից

Որքանով են մեր արմատական ընդդիմության գործողությունները և հռչակած նպատակները  բխում իրականությունից
12.08.2008 | 00:00

ԻՐԵՆՑ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ 1988-Ի ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԴԱՇՏՈՒՄ
Ժամանակին ամերիկյան հոգեբան Աբրահամ Մասլոուն նշել է, որ ինքնակտուալացման պահանջը մարդու օրգանիզմում ներդրված ցանկությունն է, երբ մարդն անգամ բնազդորեն ձգտում է իր անձնական նպատակների ու շահերի բավարարմանը։ Այդպես է և քաղաքականության մեջ, ընդ որում, այս ասպարեզում հաջողության հասնելու հավակնություններ դրսևորող մարդիկ, սովորաբար, ուրիշներից առանձնանում են շատ բարձր ինքնագնահատականով։ Այդ նորմը, ինչպես նաև հավակնոտությունը, թերևս, պարտադիր պայման են քաղաքական գործչի համար և շատ դեպքերում պայմանավորում են նրա հաջողության կեսը։ Բայց, մյուս կողմից, եթե այդ հատկանիշը գերազանցում է թույլատրված սահմանը, քաղաքական գործիչը կորցնում է իրականության զգացողությունը և վտանգավոր դառնում ոչ միայն հասարակության, այլև ինքն իր համար։
Հենց այս համատեքստում էլ փորձենք գնահատել, թե որքանով են մեր արմատական ընդդիմության գործողությունները և հռչակած նպատակները բխում իրականությունից, և արդյո՞ք մեր ընդդիմադիրների որոշ հատվածը չի հայտնվել վիրտուալ աշխարհում։ Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հռչակեց սահմանադրական կարգի վերականգնման գործընթաց՝ որպես դրա առաջին նախապայման մատնանշելով արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե Վրաստանի ներկա իրադարձությունների խորապատկերի վրա այդ ձևակերպումն ինչպիսի բացասական զգացողություններ կարող է առաջացնել ընտրողների շրջանում։ Բայց ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության մեջ այդպիսի փոփոխությունները, նույնիսկ կառավարման համակարգի վրա տոտալ ներգործության պայմաններում, կարող են արդյունավետ լինել միայն «ժողովրդական ալիքի» կամ «հեղափոխական իրավիճակի» վերստեղծման դեպքում։ Մինչդեռ Ռուսաստանը Վրաստանում վերջին գործընթացները նախաձեռնելով՝ բացահայտորեն հասկացնում է ամբողջ աշխարհին և, առաջին հերթին, տարածաշրջանային պետություններին, որ ինքն է Կովկասում «գլխավոր օպերատորը», և ռուսական արտաքին քաղաքականության մեջ Վլադիմիր Պուտինը շարունակում է հանդես գալ որպես առանցքային դեմք։ Ըստ այդմ, առանց Մոսկվայի կամ` ավելի շուտ Կրեմլի իրական տիրոջ համաձայնության ոչ մի իշխանափոխություն էլ արտահերթ ընտրությունների ձևով լինել չի կարող։ Որքան էլ Մոսկվայում որոշակի դժգոհություն լինի Սերժ Սարգսյանի «արևմտյան խաղերից», բոլոր դեպքերում ռուսները գործելու են «Հին ընկերը նորից լավն է» սկզբունքով։ Հաշվի առնելով Ռուսաստանի ներկա վարչապետի և Հայաստանի նախագահի անձնական հարաբերությունները, այս իրողությունն աքսիոմատիկ է, եթե նաև նկատի ունենանք, որ Տեր-Պետրոսյանն ու իր թիմը, դատելով բոլոր նախորդ զարգացումներից, ողջ ցանկությամբ հանդերձ, այդպես էլ չկարողացան Մոսկվային համոզել իրենց լոյալության մեջ։
Մյուս կողմից` Արևմուտքն այսօր հայկական ընդդիմության ցավերով տառապելու համար ազատ գլուխ չունի։ Առանց բարդագույն իրավիճակի հասած ռուս-վրացական հանգույցը քանդելու, արևմտյան հանրությունն ուղղակի չի ցանկանա Հայաստանում խցկվել ամեն տեսակի գունավոր հեղափոխության սցենարների իրականացման մեջ։ Այսպիսով, ակնհայտ է, որ ընդդիմությունն արտաքին ուժերից ո՛չ այնքան ցանկալի «դաբրոն» կստանա, ո՛չ էլ այնպիսի ֆինանսական աջակցություն, որը հնարավորություն տար ինչ-որ լուրջ գործընթաց հրահրել։ Ըստ այդմ, պետք է հենվի սեփական կարողությունների և արդեն մշակված տեխնոլոգիական սցենարների վրա։ Իսկ այդ համատեքստում ակնհայտ է դարձել, որ Հյուսիսային պողոտայում «խրամատավորված» քաղաքական ստատիստների գործունեությունն ամենևին բավարար չէ ոչ միայն իրավիճակի փոփոխության համար, այլև չի կարող արտահերթ ընտրությունների անցկացման լուրջ փաստարկ հանդիսանալ։ Իսկ հասարակության հիասթափված ու մեկուսացված լայն զանգվածներին հրապարակ հնարավոր է վերադարձնել միայն լուրջ ռեսուրսային պաշարների դեպքում, որոնք ակնհայտորեն չկան, և որոնց ստեղծման ուղղությամբ ընդդիմությունը սկզբունքորեն չի էլ աշխատում։
Այսպես, բոլորովին անհասկանալի է, թե ինչու, լինելով մանիպուլյացիաների վարպետ, Տեր-Պետրոսյանն ու իր հռչակած կոնգրեսը որևէ ձևով չեն փորձում օգտագործել Արտաշատի թիվ 22 մեծամասնական ընտրատարածքի պատգամավորական ընտրությունները։ Ավելին, կոնգրեսն առայսօր չի որոշակիացրել ընդդիմության ներկայացուցչին այդ ընտրատարածքում ընդդեմ Հովիկ Աբրահամյանի սատարելու հարցը։ Տեսանելի չէ նաև ընդդիմության կողմից լայն ճակատի ձևավորումը ՏԻՄ աշնանային ընտրություններին մասնակցելու համար։ Մանուկ Գասպարյանի որդու մասնակցությունը Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ իբրև թաղապետի թեկնածուի, ավելի շուտ ինքնուրույն նախաձեռնություն է, որն ընդդիմությունը եթե պաշտպանում էլ է, ապա՝ հարկադրաբար։ Մինչդեռ կասկածից դուրս է, որ ներկայիս իրավիճակի պահպանման դեպքում, երբ Եվրոպայից Հայաստանի նկատմամբ իրականացվող վերահսկողությունն առանձնապես օբյեկտիվ չէ, նախագահական ընտրություններից հետո մնացած հասարակական գիտակցության իներցիոն դրսևորումներն ամենևին բավարար չեն դրական հասարակական փոփոխությունների համար։ Մինչդեռ իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներն էլ այսօր անհրաժեշտ դինամիկա չունեն, և այդ համատեքստում ընդդիմության մասնակցությունը բոլոր մակարդակի ընտրություններում կարող էր ոչ միայն կուռ պահել նրա մնացած շարքերը, այլև մեծացնել շարժման ազդեցությունը՝ անկախ նրանից, թե այդ ընտրություններում քանի ընդդիմադիր թեկնածու կհաղթեր կամ չէր հաղթի։ Բոլոր այն արդարացումները, թե ՏԻՄ ընտրություններին մասնակցելն իմաստ չունի, որովհետև դրանք անցնելու են նախկին ձևով և սխեմայով, սոսկ ձևական պնդումներ են։ Ակնհայտ է, որ տեղական ընտրություններում ակտիվ չմասնակցելով և իր համար ՏԻՄ մարմիններում հենարաններ չստեղծելով՝ ընդդիմությունը երբևէ չի կարող հույս ունենալ համապետական ընտրություններին իրական հաղթանակ տանելու առումով։ Այս թեմայի շուրջ շարունակական և անպտուղ բանավեճը հավի և ձվի պատմության նման մի բան է, որովհետև առանց տեղերում անհրաժեշտ ակտիվության ընդդիմադիր կոնգրեսի կառույցները երբեք չեն կարող դառնալ իշխանության լծակներին համարժեք հակազդեցության միջոց և դեռ երկար կմնան սաղմնային վիճակում։
Ակնհայտ ճշմարտությունների այսքան մանրամասնումը նպատակահարմար է թերևս այն առումով, որ հայկական ընդդիմության մի զգալի մասը, համենայն դեպս, մազոխիստական հաճույքով նորից պատրաստվում է կրկնել նախորդ տարիների սխալները և առանց թիկունքն ապահովելու հույս ունի նախաձեռնել հակաիշխանական ինչ-որ գործողություններ։ Ընդդիմության այդ հատվածի մի մասը դա անում է կլինիկական աստիճանի հասնող ինքնահավանության և իրավիճակի վերաբերյալ սթափ պատկերացումների բացակայության պատճառով, մեկ այլ մասը՝ արտաքին և ներքին տարբեր ներազդեցությունների հետևանքով։ Բայց անկասկած է, որ ամենամեծ զանգվածն են կազմում նրանք, ովքեր շարունակում են իրենց տեսնել 1988-ի Համազգային շարժման վիրտուալ դաշտում։ Ընդ որում, իրենց այդ դաշտում են շարունակում տեսնել ոչ միայն շարքային ընդդիմադիրները, այլև առաջնորդ «վետերաններից» շատերը։ Այս մոտեցումը, ի դեպ, շատ բնորոշ է նաև Տեր-Պետրոսյանին ու իր շրջապատին, որն առաջնորդի՝ սեփական անձի նկատմամբ ունեցած թուլությունները լավ իմանալով, օգտագործում է նրա բնավորության այդ գիծը՝ ժամանակին իշխանության, իսկ այսօր ընդդիմադիր արևի տակ մշտապես տեղ ունենալու համար։ Ի դեպ, հենց այս հանգամանքով են բացատրվում ընդդիմության առաջնորդի ոչ միայն այսօրվա, այլև տասնամյա վաղեմության սխալները, երբ նա իշխանության գլուխ էր՝ գրեթե անսահմանափակ լիազորություններով։
Վերոնշյալ իրողությունների ցուցանիշ կարելի է համարել նաև այն, որ ընդդիմադիր կոնգրեսի հիմնական կարգախոս դարձավ հենց սահմանադրական կարգի վերականգնման, ազատ, ժողովրդավարական, իրավական պետության կառուցման և քաղաքացիական հասարակության ձևավորման մշտնջենական դրույթը։ Այն դեպքում, երբ այն չի կարող դառնալ ժողովրդին համախմբող գործոն, քանզի Հայաստանի քաղաքացիների մեծ մասը տվյալ համատեքստում ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է ուզում ընդդիմությունը։ Մինչդեռ իշխանության քայլերը և հռչակած կարգախոսները գնալով ավելի կոնկրետ բնույթ են ստանում և ոչ միայն հասկանալի, այլև ավելի կարևոր են հասարակ քաղաքացու համար, քան ընդդիմության գաղափարախոսական զեղումները, որոնք առայժմ միայն առաջնորդների դերն ընդգծելու մասնավոր նպատակներ են հետապնդում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3566

Մեկնաբանություններ