Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՀՈԳՈՒ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑԸ

ՀՈԳՈՒ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑԸ
02.07.2010 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Երազներին հավատացողները բոլորովին անփորձ են, իսկ չհավատացողներն իրապես իմաստուն են։ Վստահիր միայն այն երազներին, որոնք քեզ զգուշացնում են գալիք տանջանքների ու դատաստանի (Աստծո, իհարկե) մասին, իսկ եթե դրանք քեզ հուսահատության են մղում, ապա այդ երազները չար ոգիներից են։
Օրինակ, Օգոստինոս Երանելու մայրը՝ Մոնիկան, անբացատրելի զգացողությամբ, որն անհնար է խոսքով բացատրել, կարողանում էր տարբերել Աստծո հայտնությունը սեփական երազական անուրջներից։ Նա այդպիսի երազներից մեկի միջոցով հասկացավ, որ դեռևս անհավատ, հեթանոսության մեջ թաթախված որդին, ի վերջո, պետք է ճշմարիտ Աստծուն դառնա։ ՈՒ տարիներ անց իսկապես այդպես էլ եղավ։
Քանի որ կարդացինք, որ սուրբ հայրերը գալիք վշտերի ու տառապանքների մասին երազային զգուշացումները դրական են համարում, քանի որ դրանք մեր միտքն ու սիրտն ուղղում են մեղքերի զղջման և խոստովանությամբ ապաշխարության, այժմ կարծում եմ, որ հոգեշահ է գրել արդեն ծերերի շարքը մտած այս հոդվածագրի տեսած մի երազի մասին, որը, կարծում եմ, ամենքիս է վերաբերում։ Անշուշտ, այն չհամարելով վերջնական մի հայտնություն, այլ, ինչպես նոր ասացինք` զգուշացում ապաշխարության համար։
Այս երազը տեսա 2005-ի ամռանը: Մի սովորական օր էր, երբ երեկոյան աղոթքից հետո պառկեցի քնելու: Չգիտեմ, ինչքան էր անցել, բայց գիշերվա մի պահ արթնացա ահասարսուռ տեսիլք-երազից: Ասում եմ տեսիլք, որովհետև այն շատ էր տարբերվում սովորական երազից, որ առավոտյան լույսի հետ հաճախ մոռացվում-գնում է: Իսկ այս մեկից հետո, դեռ աչքերս չբացած, բայց արդեն գիտակցության եկած, հասկացա, որ հենց նոր Արարիչ Տերն ինձ ցույց տվեց գալիք դեպքերը: Այնտեղ տեսածս մարդկանց գիտեմ և ճանաչում եմ, որոնք ապրում են ներկայումս, ինչը հուշում էր, որ այդ դեպքերը մոտ ժամանակներին են վերաբերում:
...Երազիս օրը լուսավորված էր ոչ սովորական, դեղնագորշ ու տհաճ լույսով: Երկրի վրա բնակվող ազգերը ահաբեկված միմյանց լուր էին տալիս, որ աշխարհում մի տարօրինակ, մինչ այսօր մարդկությանն անհայտ տեսակի կրակ է տարածվում Երուսաղեմից, ավելի ճիշտ՝ Սիոն լեռից (Հին Երուսաղեմի բարձունքն է, որտեղ մինչև 70 թ. կանգնած է եղել Սողոմոնի կառուցած Աստծո տաճարը):
Եվ խուճապահար մարդիկ այս ու այն կողմ էին վազում և վերահաս կրակից պատսպարվելու թաքստոց փնտրում, թեև իրենք էլ գիտեին, որ դա անիմաստ է, քանի որ այդ կրակը թափանցում է ամենուր: Եվ լուր եկավ, որ կրակը մոտեցել է Հայաստանի սահմաններին, առաջինը կրակի զորությանը դիմակայելու համար դուրս եկավ մեր քահանաներից մեկը (որին շատերս ենք ճանաչում)՝ ձեռքին ինչ-որ բան: Եվ երբ մոտեցավ կրակին, հասկացավ, որ սա այլ տեսակի կրակ է, որի դեմ մեր իմացած նյութական կամ հոգևոր զորություններն անուժ են: Եվ նա վախեցած՝ կրակի մեջ ձգեց ձեռքի եղածն ու փախավ այդտեղից: Դրանից հետո կրակի դեմ ելավ ինձ ծանոթ մի նկարիչ: Նա էլ, տեսնելով մոտեցող կրակը, հետ-հետ գնաց ու սարսափահար փախավ, գոռալով, որ փրկեն իր նկարները ու կախեն ծառերից (այսինքն, նա վախից չէր հասկանում, թե ինչ է խոսում):
Այնուհետև տեսա, որ Երևանի կենտրոնում եմ. ամենուր տագնապ ու սարսափ էր տիրում: Իմ տեսած քահանան մի սպիտակ մեքենա նստեց, որը, գլխավոր պողոտայից ձախ թեքվելով, ուզում էր մի բանուկ փողոց մտնել: Հանկարծ նրա դեմ ելավ Երուսաղեմի մեր վանքի միաբաններից մեկն ու զարմացած ասաց քահանային. «Էս ո՞ւր ես գնում, ա՜յ տեր հայր, չե՞ս տեսնում, որ արդեն վերջն է եկել»: Եվ մեքենան նորից պողոտա ելավ, որ ուղիղ գնա: Ես, չգիտեմ ինչու, բացեցի հետևի ձախ դռնակն ու նստեցի քահանայի կողքին, և մեքենան առաջ շարժվեց: Ոչինչ չէինք խոսում, այլ միայն նայում էինք պատուհանից դուրս. շատ մարդիկ գալիքի սարսափից սրտաճաք՝ ընկած էին մայթերին: Ես գլուխս շրջեցի վարորդի կողմը, որը, ի տարբերություն բոլորիս, զարմանալիորեն խաղաղ էր ու վստահաբար վարում էր մեքենան:
Առաջինը, որ ինձ զարմացրեց, նրա պարուսինե կոշիկներն էին: (Եթե ընթերցողը երիտասարդ չէ, կհիշի, որ 60-ական թվերին տղամարդիկ երեսը պարուսինի (բրեզենտի) կտորից, իսկ ներբանները՝ կաուչուկից ոտնամաններ էին հագնում, որոնց ժողովուրդը «ռագոժի կոշիկ» էր անվանում): Սպիտակ վերնաշապիկը ևս այն ժամանակվա էր՝ «նեյլոնե», իսկ կապածը շատ բանեցնելուց փայլող կաշվե հասարակ գոտի էր: Մի խոսքով, այդ վարորդը հագել էր շատ պարզ ու հասարակ հագուստ, և մաքուր ու կոկիկ: Այնուհետև ես հայտնվեցի մի սենյակում, որտեղ բազմաթիվ քրիստոնյա հավատավոր մարդիկ էին հավաքվել իրենց կանանց ու երեխաների հետ: Սենյակում ոչինչ չկար, բացի մի փայտե դատարկ պահարանից, որի երկու փեղկերը բաց էին: Ներկաներից ամեն մեկն իր իմացած աղոթքն էր անում, բայց և խիստ տագնապահար էին գալիքի ահից: Մայրս էլ, պահարանի կողքին կանգնած, վախից լայն բացված աչքերով, թխսկան հավի նման ուզում էր ինչ-որ բանով օգնել հավաքվածներին, բայց ոչ մի ճար չէր գտնում: Մի պահ հանկարծ սսկվեցին, որովհետև անտեսանելի Մեկի կողմից հասկանալի հրահանգ եղավ. «Ամենքդ փառաբանե՛ք և օրհնե՛ք Բարձրյալ Աստծուն»: ՈՒ ձեռքերը վեր բարձրացնելով, միաբերան սկսեցին բարձրաձայն օրհնել ու փառաբանել Աստծուն:
Եվ ինչքան աղոթում էին, այնքան վախը տեղի էր տալիս՝ վերածվելով անբացատրելի ուրախության: Այդ պահին նորից նույն Մեկի կողմից հրահանգվեց, որ մայրերն իրենց երեխաների բերանները դնեն նրանց մկրտության խաչերը: Նրանք էլ, երեխաների վզից հանելով խաչերը, դրեցին նրանց բերանները, ինչպես որ մի ժամանակ ծծակ էին տալիս: Խաչերը հրաշքով փոխակերպվել էին ինչ-որ անուշահամ բանի, որովհետև երեխաներն ուտում և ուրախությունից թռչկոտում էին ծնողների շուրջը, որոնք, տեսնելով այդ հրաշքը, ավելի ջերմեռանդորեն սկսեցին փառաբանել Աստծուն: Նորից աչքս ընկավ պահարանի կողքին կանգնած մորս վրա (ինչը, կարծում եմ, բոլոր մայրերի հավաքական կերպարի՝ Մարիամ Աստվածածնի խորհուրդն էր ներկայացնում), որի դեմքին արդեն մեր փրկության համար ապահովություն ու վստահություն էր դրոշմվել...
Այստեղ էլ երազս ընդհատվեց: Տեսածիս հոգևոր ահագնությունն այնքան զգալի էր, որ չէի համարձակվում աչքերս բացել, այլ միայն հստակորեն գիտակցում էի, որ այս խորհրդավոր երազ-տեսիլքը անդրաշխարհային էր ու գալիք իրադարձություններին էր վերաբերում: Եվ երբ սկսեցի մանրամասն վերհիշել երազս, նույն Անտեսը ներսումս մեկնաբանում էր այն. «Կրակը, որ տեսար, Աստծո Արդարության ու Վրեժխնդրության է, որ գալու է աշխարհի վրա՝ մարդկության մեղքի չափը լցվելու պատճառով»: Իսկ երբ մտածեցի վարորդի մասին, ապա բացատրվեց, որ դա քրիստոնյայի հավատքն է: Եթե այն պարզ է ու անկեղծ, ապա մարդուն խաղաղության ու վստահության մեջ կպահի նույնիսկ այդ Կրակի օրը: Իսկ փայտե բաց պահարանը Քրիստոսի Եկեղեցու խորհուրդն է, որի դռները դեռևս բաց են ամեն հոգու փրկության համար պատրաստված սուրբ Հաղորդության Հացով (հնում եկեղեցիներում սուրբ Նշխարը պահում էին փայտյա փոքրիկ պահարաններում):
Երազիս նախօրեին մի քանի հոգով պայմանավորվել էինք մի բարեպաշտ քրոջ այցելել: Դեռ դռնից ներս չմտած՝ նա առանց բարևելու ասաց. «Աստված այսօր ինձ հասկացրեց, որ Դանիելի մարգարեության 3-րդ գլուխը կարդանք»: Բացեցինք նշված տեղը։ Խոսքը վերաբերում էր Բաբելոնի արքայի հրամանին, երբ Միսակ, Սեդրակ, Աբեդնագով հրեա երեք երիտասարդներին, ոսկե կուռքին չերկրպագելու համար, կապել ու թեժացրած հնոցի կրակն էին գցել: Վառվող հնոցում, կրակի միջից նրանք օրհնում և գովում էին Տեր Աստծուն՝ ասելով.
«Օրհնյալ ես, Տե՛ր, մեր հայրերի Աստված, հավիտյանս
գովյալ և փառավորյալ է Քո անունը, որովհետև Դու
արդար ես այն ամենի մեջ, որ բերեցիր մեզ վրա, Քո
գործերը ճշմարիտ են, Քո ճանապարհները՝ ուղիղ, և
Քո դատաստանները՝ արդար... Քո դեմ ապստամբելով՝
մեղք գործեցինք ու անօրենություն արեցինք.
առավել մեղք գործեցինք նրանով, որ պատվիրաններդ
չլսեցինք: Չպահեցինք Քո պատվիրանները և այնպես
չարեցինք, ինչպես պատվիրեցիր մեզ, որպեսզի լավ լիներ
մեզ համար. այն ամենը, ինչ բերեցիր մեզ վրա, և
այն ամենը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդա՛ր
դատաստանով արեցիր....»:
Այս զղջման ու ապաշխարության աղոթքներն ու օրհնություններն այնքան զորավոր էին, որ Տերը Իր երեք ծառաներին կրակից հանում է անվնաս. նույնիսկ խանձահոտ չէր գալիս նրանց հանդերձներից:
Այս հանդիպումից հետո, երեկոյան, երբ սովորաբար հոգևոր գրականություն եմ կարդում, ձեռքս վերցրի Վասուլա Ռիդեն անունով վերջին օրերի պատգամաբերներից մեկի «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ» գիրքը:
Բացվեցին հետևյալ տողերը. «Արարա՛ծ: Ինչքա՜ն եմ խղճում ձեզ...: Եկե՛ք, եկե՛ք, վերադարձեք Ինձ մոտ՝ ձեր Հոր մոտ: Ես ձեզ սիրո՛վ կընդունեմ, «անառակ որդու հոր» սիրուց հազար անգամ գերազանցող սիրով: Վերադարձե՛ք Ինձ մոտ մինչ Իմ համբերության Բաժակը եզրերից թափվելը: Վերադարձե՛ք, քանի դեռ Իմ Արդարության Կրակը չի փչել ձեզ վրա՝ առաջացնելով բազում այրվածքներ: Դուք կուզենաք շնչել, բայց փոխարենը խորշակ կուլ կտաք՝ վերածվելով կենդանի ջահերի: Արարա՛ծ, հասկացե՛ք, թե ինչքան մոտ է և ինչքան ահավոր է այդ ժամը: Քանզի այսօր դուք տեսնում եք, որ ծառերը դեռ ծաղկում են, բայց վաղը ոչինչ չի մնա: Ձեզ կծածկեն սատանայի ծուխը և մահաբեր խավարը: Օ՜, հասկացե՛ք, որ այդ արհավիրքներն ու դժբախտությունները գալիս են ձեզ վրա ձեր իսկ չար գործերի և Իմ դեմ ապստամբելու պատճառով: Ապաշխարեք հիմա՛, քանի դեռ ժամանակ կա:
Դարձի եկեք հիմա՛. և Ես պատրաստ եմ ներելու ձեզ» (3 հուլիսի 1988):
Եթե ուշադրություն դարձրիք տարեթվին, ապա հիմա այդ Օրը է՛լ ավելի մոտ է, քան կարծում ենք: Դրանից հետո Աստվածաշնչից դուրս գրեցի Աստծո Կրակի մասին մարգարեություններից մի քանիսը, որոնք մեկ անգամ ևս հաստատեցին տեսածս երազի ճշմարտացիությունը: Ինչում դուք էլ կհամոզվեք, երբ ինքներդ կարդաք.
«Աստված երկայնամիտ է, ու Նրա զորությունը մեծ է, բայց մեղավորին ամենևին անպարտ չի թողնում...:
Լեռները Նրանից դողում են, և երկիրը Նրա առաջ
խախտվում է...: Նրա ցասումի առաջ ո՞վ կարող է
կանգնել: Նրա սրտմտությունը կրակի պես պիտի
թափվի» (Նավում 1.3-6)։
«Ահա պիտի գա Տիրոջ Օրը` հնոցի նման վառված, և պիտի այրի բոլոր անօրենություն գործողներին: Եղեգի նման պիտի վառվեն նրանք այն Օրը, որը պիտի գա,- ասում է ԱՄԵՆԱԿԱԼ ՏԵՐԸ,- և նրանցից ոչ մի արմատ և ոչ մի ճյուղ չի մնալու:
Բայց ձեզ՝ Իմ անունից երկյուղ կրողներիդ համար արդարության Արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի Նրա շողերի մեջ, և դուք պիտի ելնեք ու խայտաք, ինչպես կապից արձակված հորթեր: Պիտի տրորեք անօրեններին, ու նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ Ես եմ պատրաստելու,- ասում է ԱՄԵՆԱԿԱԼ ՏԵՐԸ:- Այն օրը, երբ Իմ սեփական գանձը հավաքեմ, նրանց պիտի խնայեմ, ինչպես մի մարդ խնայում է իր որդուն, որն իրեն ծառայություն է անում: Եվ պիտի դառնաք ու տեսնեք արդարի և ամբարշտի, Աստծուն ծառայություն անողի և Նրան ծառայություն չանողի տարբերությունը» (Մաղաքիա 4.1-3, 3.17,18)։
«Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր: Տերը չի ուշացնի Իր խոստումը, ինչպես ոմանք են կարծում, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն: Սակայն Տիրոջ Օրը գիշերվա գողի պես պիտի գա. այն ժամանակ երկինքը սաստիկ շառաչյունով պիտի անցնի, ու տարերքը, հրով կիզված, պիտի հալվի, և երկիրը ու նրա մեջ եղած ամեն բան պիտի կրակով այրվեն» (Բ Պետրոս 3. 8-10)։
«Տեր Հիսուսը կհայտնվի երկնքից Իր հրեշտակների զորքով՝ կրակի վրեժ լուծելու համար նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին» (Բ Թես. 1.7-8)։
Ինչպես համոզվեցինք, հիմա Աստծո ողորմության վերջին ժամանակներն են, և ամեն հոգու հնարավորություն է տրված դարձի գալու և Հիսուս Քրիստոսի անունով՝ ապաշխարությամբ ու սուրբ Հաղորդությամբ փրկվելու: Փրկության տապանը այժմ Քրիստոսի եկեղեցին է, որի գլուխն Ինքը՝ Տեր Հիսուսն է, իսկ եկեղեցու ամեն մի «քարը» մկրտության ավազանով վերստին ծնված անձն է, ով սուրբ երկյուղով, պատվիրանները պահելով ու բարի գործերի մեջ հարատևելով, իր խաչը վերցրած՝ Հիսուսին է հետևում: ՈՒ ոչ թե նրանք պիտի փրկվեն, ովքեր «Տե՜ր Աստված, Տե՜ր Աստված» են կանչում, բայց իրենց ապրած կյանքով չեն տարբերվում Աստծուն մերժողներից, այլ նրանք, ովքեր լսում են Աստծո խոսքը և կյանքով ու գործով կատարում դրանք: Այդպիսիներին Տերը խոստացել է. «Մի՛ վախեցիր, քանզի Ես քեզ փրկեցի, քեզ քո անունով կանչեցի. դու Իմն ես... եթե կրակի միջով քայլես, պիտի չայրվես» (Եսայի 43.1-2)։
Տիրոջ մի վերջին պատգամով ավարտենք գրվածը. «Անսպասելիորեն եմ այցելելու կղզիներին, ծովերին ու մայր ցամաքներին, որոտով ու բոցով: ՈՒշադի՛ր լսեք զգուշացման Իմ վերջին խոսքը, լսե՛ք այժմ, քանի դեռ ժամանակ կա»: Իսկ եթե այսչափ վկայություններից հետո լինեն մարդիկ, որ նորից կարհամարհեն Աստծո ողորմության այս վերջին զգուշացումները, ապա նրանց արյունն իրենց գլխին. Տերը անպարտ է: ՈՒրեմն անմիտ չլինենք, այլ օգտվենք ողորմությամբ լի ու շնորհի այս հոգենպաստ ժամանակներից, քանզի ամեն սրբություն ուրացած այս աշխարհի բազում մեղքերի պատճառով Աստծո համբերության բաժակն արդեն պռնկեպռունկ լիքն է, իսկ վրեժխնդրության կրակը՝ բորբոքված՝ թեժ հնոցի նման»:
Սիրելի հոգի՛, այս ամենը, ինչ գրվեց, կարդացի՞ր. հիմա ես անպարտ եմ, քանի որ դու էլ զգուշացվեցիր: Մնացածը քո հավատի գործն է. վարվիր կամքիդ համաձայն: Բայց մի բան հաստատ իմացի՛ր. ինչ գրված է, անշուշտ, պիտի կատարվի և շուտով պիտի կատարվի, քանզի զգուշացման Խոսքն Աստվածաշունչ սրբասուրբ Գրքից է մեջբերված. և ով ականջ ունի, կլսի ու կփրկվի...
Իսկ եթե ինձ հարցնեն, թե ինչո՞ւ ես գրել այս գիրը, կպատասխանեմ ԱՍՏԾՈ խոսքով.
«Քանզի գալիս է ժամանակը, և ամեն սիրտ
պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, և
ամեն հոգի պիտի մարի, և ամեն ծունկ ջրի
պես պիտի լինի. քանզի ահա գալիս է (կրակի
պես վառված) այդ ԱՀԵՂ ՕՐԸ. ու պիտի
կատարվի՛ այս ամենը» (Եզեկիել 21.5-7)։
ՈՒրեմն՝ քանի դեռ այդ ահեղ Օրը չի հասել, մենք էլ աղոթենք ու ասենք.
ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ, ՏԵՐ, ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ, ԳՈՎՅԱԼ ՈՒ ՓԱՌԱՎՈՐՅԱԼ Է ՔՈ ԱՆՈՒՆԸ ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ։ ԱՄԵՆ։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ