Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԵԿԱ ԱՍԵՄ, ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵ՞Ք

ԵԿԱ ԱՍԵՄ, ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵ՞Ք
13.11.2009 | 00:00

Տեր-Պետրոսյանի ելույթը լի էր հակասություններով: Մի տեսակ անձի երկվության նման մի բան կար այնտեղ:
Հակասության մեջ էին ընդդիմադիր լիդերն ու խնդրո առնչությամբ ունեցած սկզբունքները. իրադրային և պետական մոտեցումները, շարքերում հասկացվելն ու իրական պարտադրանքը: Ելույթ էր` պարտականության և սիրո միջև: ՈՒ դա էր թերևս պատճառը, որ մի պարբերությունում Օսկանյանի մասին` էնպես ոչինչ, հաջորդ պարբերությունում Օսկանյանն իր «ողջ հասակով ու պատկերով» մեկ կանգնած էր: Նույնը` մնացածները: Այդ թվում և` Սերժ Սարգսյանը: Ընդ որում, ելույթը մեկ «անտիսերժական» էր, մեկ` «պրո»:
Եվ այնուհանդերձ, եթե մի կողմ թողնենք վերը նշվածը, ինչպես նաև ՀԱԿ-ի շուրթերից երբեք չիջնող` «ազգակործան, ոչ լեգիտիմ, ավազակապետություն» և մնացած արդեն իսկ սպառված «թեզերը», եթե կանգ չառնենք անձնավորված որոշակի ձևակերպումների վրա, ապա տակը մնում է բավականին լուրջ ասելիք, եթե պատկերավոր` հոր խոսք, ինչն այս պահին պետք է հնչեր, անկախ նրանից` Տեր-Պետրոսյանն ընդդիմությո՞ւն է, թե՞ չէ: Դա առաջին նախագահի խոսք էր: Որքան էլ Տեր-Պետրոսյանը գիտակցեր, որ իրենցից շատերը, այդ թվում և` իր զինակիցները, այլ բան են սպասում, որքան էլ նրան «սատարող» որոշ ուժեր բացահայտ և «անբացահայտ» փորձում են ելույթից դժգոհություններ հայտնել:
Ի դեպ, այս էլ երկրորդ անգամ է, որ Տեր-Պետրոսյանը հայ-թուրքական հարցի առնչությամբ, խոշոր հաշվով, նման լայնախոհ մոտեցում է դրսևորում:
Եթե հիշում եք` Երևանի քաղաքապետարանը ժամանակին եզակի անգամ թույլատրել էր ՀԱԿ-ին ամենօրյա հանրահավաքներ անցկացնել:
Տեր-Պետրոսյանը չհամաձայնեց:
Մի կողմից, որ իշխանության ջրաղացին ջուր չլցնի, չկատարի ազգայնականի և իշխանության հետ «պայմանավորվածի» այն առաքելությունը, որը հետո վերապահվեց ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը», մյուս կողմից, դա կլիներ նոնսենս այն պարզ պատճառով, որ դժվար կլիներ շատերին ներսում ու նաև դրսում բացատրել, թե ինչպես է հայ-թուրքականի հարցում լիբերալ ուժն իր երբեմնի որդեգրումների նկատմամբ այդքան արմատական ու հակոտնյա մոտեցում դրսևորում:
Իսկ իրականում նման «արմատական» մոտեցման` պերմանենտ ցույցերի, Տեր-Պետրոսյանը չգնաց, որովհետև որոշ արտաքին ուժերի (այո, ինչպես միշտ, խոսքը վերաբերում է Ռուսաստանի որոշակի թևերին) անչափ ձեռնտու էր, որ ՀԱԿ-ի նման հուժկու-լուրջ ընդդիմությունը բողոքի ալիք բարձրացնի արձանագրությունների առնչությամբ, իրավիճակ ապակայունացնի, որպեսզի մայր-Ռուսիան էլ ձեռանց իր սեփական շահերն ու կադրային ռեզերվն առաջ քաշի Հայաստանում` «տարածաշրջանում», ինչին էլ ուշացումով Ռուսիան կարծես արդեն ձեռնամուխ է եղել այս պահին:
Տեր-Պետրոսյանը չգնաց դրան այն ժամանակ:
Նույնը հիմա և այս ելույթում. «Իրավիճակը չափազանց նուրբ է և զգայուն, ինչը մեծ պատասխանատվություն է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, որոնք հավասարապես կանգնած են բարդագույն խնդիրների առջև: Բարդությունը, մի կողմից, կայանում է նրանում, որ ներքաղաքական հակասությունները չխանգարեն հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին, մյուս կողմից, որ այդ գործընթացները զերծ մնան հայության համար վտանգավոր ու անցանկալի զարգացումներից: Հայ ազգային կոնգրեսը մշտապես առաջնորդվել և այսուհետ ևս առաջնորդվելու է պատասխանատվության այս գիտակցությամբ` խուսափելով թե՛ անխոհեմ գործողություններից, թե՛ քաղաքական մաքսիմալիզմից, և հաշվի առնելով, առաջին հերթին, պետական շահը»:
ՈՒ, թերևս, Տեր-Պետրոսյանն իրավունք ունի նաև շարունակելու. «Իշխանությունները, դժբախտաբար, համառորեն չեն ուզում օգտագործել ներքաղաքական խնդիրների լուծման և ազգային համերաշխության կայացման միջոցով Հայաստանի դիրքերն ամրացնելու և արտաքին մարտահրավերները դիմագրավելու ամենաթանկ ռեսուրսը»:
Ի դեպ, այս հարցադրումն ամեն Աստծո օր ինքն իրեն է ուղղում թերևս յուրաքանչյուր նորմալ հայ` չստանալով հոդաբաշխ որևէ պատասխան:
Ընդ որում, եթե հայրենի ընդդիմությունն օբյեկտիվ և օրինաչափ պատճառներով ընդամենն անձի երկվություն է ապրում, ապա իշխանությունն ակնհայտորեն երկդիմանի Յանուս է դառնում. իշխանության երկրորդ գլուխը, նույն Ռուսաստանի փափուկ ձեռամբ, «այդ նրա՜ համար է», որպեսզի տորպեդահարվի սկսված ողջ գործընթացը... Այսպես, մեր ձեռքերով, մի անգամ արդեն արել է Ռուսաստանը նախորդ դարի առաջին կեսին. ինչով այն վերջացավ, բոլորս լավ գիտենք:
Ողջ աբսուրդն այս ամենում, սակայն, այն է, որ Հայաստանում այսօր որպես ամենաիրական և ամենաարմատական ընդդիմություն «հանդես» է գալիս սեփական մարմնից, սեփական ողնաշարից ձուլված իշխանական երկրորդ դեմքը, որը խոր որոնումների ու պատրաստությունների մեջ է, և Սերժ Սարգսյանն իսկապես «ներքաղաքական համերաշխությամբ» ձեռք պետք է մեկներ ՀԱԿ-ին, օգտագործեր վերջինիս ինտելեկտուալ, գաղափարական ռեսուրսը, առկա հարցում եղած որոշակի ընդհանրությունը ոչ միայն որ այդպես քաղաքակիրթ է, ու այդպես վարվում են ուժեղները, այլ որ ամենապարզ ինքնապաշտպանությունն է դա պահանջում... այդքա՜ն մենակ չմնալու համար:
Նույնիսկ փորձ էլ չարեց:
Հա, ինչ կա որ, գուցե, իսկապես, Սերժ Սարգսյանը դրսում ուժեղ է, գուցե «եվրոպացի» է տարվա բոլոր եղանակներին ու սեզոններին: Գուցե, իսկապես, Նոբելյան մրցանակ էլ ստանա:
Բայց, ախր, մյուս կողմից էլ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է ոչ անհայտ գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի կարգավիճակում. երբեմն-երբեմն «պաշտոնական» այցերով նաև Հայաստանում է լինում ու ժամանակ չի ունենում «տեսնելու», թե իր «ամենաընդդիմադիր, ամենաարմատական» թիմն ինչի է պատրաստվում բյուջեի սպասվող և «մնացած» քննարկումների ու զարգացումների «գետնին» վրա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ