ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-2

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-2
26.09.2024 | 14:20

(սկիզբը` այստեղ)

Իսրայելի մեկը մյուսին հաջորդող ավիահարվածների հետևանքով լիբանանյան «Հըզբոլահ» շիա խմբավորումը, ի վերջո, կարող է գրեթե ամբողջությամբ կորցնել է իր ռազմական ներուժը և ղեկավարներին, հրամանատարներին, Իրանն էլ առայժմ անմիջականորեն չի միջամտում՝ զգուշանալով միջուկային տերություն հանդիսացող Իսրայելի հետ լայնամասշտաբ պատերազմից:
Այս իրավիճակում խելամիտ չէ՞ր լինի արդյոք, որ «Հըզբոլահն» իր ունեցած բազմահազար հրթիռները, ԱԹՍ- ները միանգամից կամ մի քանի հարյուրակից բաղկացած խմբերով շատ կարճ ժամանակում արձակեր Իսրայելի թիրախների ուղղությամբ և ավերեր Իսրայելը, քանի դեռ դրա հնարավորությունն ուներ, քան թե խուսափեր նշված քայլից այն մտայնությամբ, թե դա տեղիք կտա իր և Լիբանանի դեմ Իսրայելի լայնամասշտաբ պատերազմին: Միևնույն է, Իսրայելի երեկվա ավիահարվածները ոչնչով չեն տարբերվում լայնամասշտաբ պատերազմին բնորոշ ռազմական գործողություններից: Ինչպես ասում են, եթե մեռնել կա, խռխռալը ո՞րն է…
Սեպտեմբերի 23-ին Իսրայելի ղեկավարությունը հայտարարել է «Հըզբոլահ»- ի ռազմական ենթակառուցվածքը ոչնչացնելու նպատակով Իսրայելի «պաշտպանության բանակի» (ՑԱՀԱԼ- ի) հարձակողական գործողության մեկնարկի մասին, որին տվել է «Հյուսիսի նետեր» անվանումը: Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են զանգվածային ավիահարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։ Հարձակման են ենթարկվել երկրի հարավում և արևելքում գտնվող տասնյակ բնակավայրեր։
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին նույն օրը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը մեկ օրում հարվածել են «Հըզբոլահ» շարժման 1300 ռազմական օբյեկտների Լիբանանի ողջ տարածքում: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 490 մարդ, առնվազն 1645 մարդ վիրավորվել է: «Հըզբոլահը», իր հերթին, ակտիվացրել է Իսրայելի ռազմական օբյեկտների հրթիռակոծումը, սակայն ոչ համարժեք կերպով…
«Խստորեն դատապարտում ենք Լիբանանի նկատմամբ իրականացվող լայնածավալ ռազմական հարձակումները,- նշված է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա մեկնաբանության մեջ:- Հատուկ ցանկանում ենք ընդգծել մեր սկզբունքային դիրքորոշումը ոչ ընտրողական հարձակումների կատեգորիկ անթույլատրելիության վերաբերյալ, որոնց զոհ են դառնում քաղաքացիական անձինք»:
Զախարովան նշել է նաև, որ անհրաժեշտ է «շտապ դադարեցնել բռնության պարույրի պտտեցումը, քանի դեռ իրավիճակը վերջնականապես դուրս չի եկել վերահսկողությունից»:
«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը կկանխի հետագա արյունահեղությունը և պայմաններ կստեղծի իրավիճակը քաղաքական- դիվանագիտական կարգավորման հուն տեղափոխելու համար»,- հավելել է նա:
Դիվանագետի խոսքով՝ ՌԴ- ն պատրաստ է «նման աղետալի սցենարը կանխելու նպատակով միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմանը»:
«Ելնում ենք նրանից, որ տարածաշրջանի ցանկացած պետության անվտանգությունը չպետք է ապահովվի ուրիշների հաշվին»,- հավելել է Զախարովան:
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտանք Մերձավոր Արևելքի ընկղմումը լայնամասշտաբ զինված հակամարտության մեջ, որի կործանարար հետևանքներն անխուսափելիորեն կանդրադառնան բոլորի վրա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Այո, միանգամայն տեղին է Զախարովայի մտահոգությունը և ճիշտ է Մոսկվայի վերոնշյալ դիրքորոշումը, որ պետք է ամեն ինչ անել՝ լայնամասշտաբ զինված հակամարտության մեջ Մերձավոր Արևելքի ընկղմումը թույլ չտալու համար, որի կործանարար հետևանքներն, անշուշտ, անխուսափելիորեն կանդրադառնան բոլորի վրա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Սակայն, դատելով ամենից, Իսրայելի նպատակը հենց դա է՝ Մերձավոր Արևելքի (առաջնահերթորեն՝ Իրանի) ընկղմումը լայնամասշտաբ զինված հակամարտության մեջ, ինչի մասին են վկայում նաև երեկ Զախարովայի վերոնշյալ դատապարտումից հետո Իսրայելի ՌՕՈւ- ի նորանոր, ավելի զանգվածային և ավերիչ ավիահարվածները «Հըզբոլահ»- ի թիրախներին և Լիբանանին:
Երեկ իսրայելական օդուժն ամենամասշտաբային ավիահարվածներն է հասցրել Լիբանանի «Հըզբոլահ»- ի ուղղությամբ՝ գրոհելով ավելի քան 1600 օբյեկտների, այդ թվում՝ զենքի պահեստների վրա: «Հյուսիսի նետեր» գործողությունը հայտարարվել է ամենամահաբերներից մեկը 2006 թվականի հակամարտությունից ի վեր։
«Հըզբոլահ»- ի օբյեկտներին սեպտեմբերի 24- ին հասցված ավիահարվածները ամենամասշտաբայինն են Իսրայելի ռազմաօդային ուժերի պատմության մեջ: Այս մասին հայտնել է «Times of Israel»- ը՝ վկայակոչելով իսրայելական ավիացիայի բարձրաստիճան սպային: ՑԱՀԱԼ- ի տեղեկատվության համաձայն՝ օրվա ընթացքում Լիբանանի հարավային մասում և Բեքաայի հովտում գրոհել են «Հըզբոլահ»- ի ավելի քան 1600 օբյեկտներ, հիմնականում այն շենքերը, որտեղ զենք էր պահվում:
Ռազմաօդային ուժերի աղբյուրը նշել է, որ նման լայնածավալ հարվածները «փոխում են օպերատիվ իրավիճակը հյուսիսում, փոխում իրականությունը»: Նա նաև ընդգծել է, որ «Հըզբոլահ»- ն ուներ երկու հիմնական ռեսուրս, որոնք այն զարգացրել էր տասնամյակների ընթացքում՝ «Ռադվան» էլիտար ուժերը և հրթիռների ու անօդաչուների իր զինանոցը: Սեպտեմբերի 20- ին իսրայելական ավիահարվածը ոչնչացրեց «Ռադվանա» ուժերի գերագույն հրամանատարությունը: Վերջին օրերի ընթացքում «Հըզբոլահ»- ի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարձակման են ենթարկվել Լիբանանի ողջ տարածքում:
Իսրայելն արդեն մի քանի օր շարունակ շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։ Իսրայելը Լիբանանի քաղաքացիներին կոչ է արել լքել իրենց տներն այն օբյեկտների մոտակայքում, որտեղ «Հըզբոլահը», ըստ ՑԱՀԱԼ- ի, թաքցնում է զենքերը: Իսրայելը հասկանալի պատճառով չի հրապարակել վերոնշյալ օբյեկտների ցանկը, սակայն այդ դեպքում հարց է առաջանում, թե Լիբանանի քաղաքացիներն ինչպե՞ս պետք է իմանան իրենց տան մոտակայքում գտնվող այս կամ այն շինության մեջ «Հըզբոլահ»- ի թաքցված զենքերի մասին, որպեսզի լքեն իրենց տները, կամ լքելու դեպքում ո՞ւր գնան…
Չբավարարվելով «Հըզբոլահ»- ին երեկ հասցրած ավիահարվածներով, Իսրայելն անցած գիշեր, ինչպես հայտնել է ՑԱՀԱԼ- ի մամուլի ծառայությունը, ավիահարվածների մի քանի շարք է հասցրել Լիբանանում «Հըզբոլահ»- ի օբյեկտներին: Հրապարակված տեղեկատվության համաձայն, հարձակման թիրախ են դարձել ենթակառուցվածքային օբյեկտները, զինապահեստները, հրթիռային կայանքները և շիական կազմավորման այլ ռազմական օբյեկտներ: Ըստ այդմ, ««Հըզբոլահ»- ի զինապահեստներին մի քանի հարվածներից հետո գրանցվել են երկրորդական պայթյուններ, ինչը վկայում է այդ օբյեկտների ներսում մեծ քանակության սպառազինության առկայության մասին, որոնք ենթարկվել են հարվածների»,- նշված է ՑԱՀԱԼ- ի հայտարարության մեջ:
Իսրայելի բանակը հայտնել է նաև Լիբանանի հարավում գտնվող Նաֆահիա բնակավայրի շրջանում հրթիռային կայանքին հարվածելու մասին, որն այսօր առավոտյան օգտագործվել է Թել Ավիվի ուղղությամբ «երկիր- երկիր» դասի հրթիռ արձակելու համար:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ