Ենթադրենք` Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժման հովանավորն է Քոչարյան Ռոբերտը:
Հետո ի՞նչ:
Հանցագո՞րծ է: Բացահայտեք հանցանքը և եթե իսկապես մեղավոր է, կալանավորեք:
Ռուսամե՞տ է:
Նախ` ճաշակի հարց է:
Բացի դրանից` ցույց տվեք գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյա, որը չի անցել Կրեմլի և վերջինիս կից հանրահայտ հիմնարկի կաբինետներով:
Ցավոք, որևէ մեկի մոտ հարց չի առաջանում ինչու՞, օրինակ, Նիկոլա Սարկոզին, Ժակ Շիրակը, Բորիս Ջոնսոնը, Անգելա Մերկելը, Բիլ Քլինթոնը, Տոսիկի Կայֆուն կամ Վիտաուտաս Լադսբերգիսը շարժումներ չեն հովանավորում:
Նրանցից շատերը կուսակցություններ են ղեկավարում, սակայն վերջիններիս մտքով անգամ չի անցնի գաղտնի և միջնորդավորված ժողովրդական շարժում հովանավորել:
Իսկ պատասխանը չափից ավելի պարզունակ է` ի տարբերություն Ֆրանսիայի, Ճապոնիայի կամ Լիտվայի, Հայաստանում չեն գործում կարևոր ժողովրդավարան ինստիտուտ համարվող ազատ և թափանցիկ համապետական ընտրությունները:
33 տարի շարունակ Հայաստանում ընտրությունները և դրան հավասարված քվեարկությունները կեղծվել են:
Մարդիկ այլևս ընտրություններին և հանրաքվեներին չեն հավատում: Այդ իսկ պատճառով, Փաշինյան Նիկոլը կամ Քոչարյան Ռոբերտը նախընտրում են իշխանության գալ ժողովրդական շարժման միջոցով:
Եվ սա տրամաբանական է:
Շատերի մոտ հարց է առաջանում` ինչու՞ 2018 թ. շարժումը ղեկավարելիս, Փաշինյան Նիկոլը չէր թաքնվում, ենթադրենք` «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավարի, իսկ Քոչարյան Ռոբերտն իբր «թաքնվում է» Բագրատ Սրբազանի հետևում:
Նախ` ժամանակը դեռ կբացահայտի և կապացուցի, թե ով էր 2018 թ. Փաշինյան Նիկոլի «շարժման» իրական շահառուն:
Այլ կերպ ասած` դեռ պարզ չէ, թե 2018 թ. ով էր թաքնվում Փաշինյան Նիկոլի հետևում:
Բացի դրանից` եկեք հիշենք, որ 2018 թ. շարժումն առերևույթ թաքնվում էր բացարձակ ստի, օրինակ, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապի հետևում:
Ստացվում է, որ ժողովրդական ինստիտուտների չկայացման պայմաններում, մենք դատապարտված ենք իշխանափոխություն իրականացնել տարաբնույթ շարժումների արդյունքում:
Ինչպես կասեին Կրեմլում` кол колом выбивают:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ