Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է:
Չգիտեմ՝ այս պատմությունը որքան կապ ունի մեծ գրողի հետ, բայց գրելու առիթը, հաստատ, Վիլյամ Սարոյանն է:
ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հին պատմություն է սա, վաղուց անցած-գնացած։ Գուցե թե՝ հիշողության մեջ մնալու անարժան, հասարակ ու սովորական մի դեպք է սա, բայց, չգիտեմ ինչու, հանկարծ հիշեցի ու այնպես պարզ ու հստակ՝ կարծես երեկ է եղել։
Առաջին դասարանում էի սովորում։ Մի օր հայրս փոքրիկ մի արձանիկ բերեց իր հետ և դրեց իր գրասեղանի վերևի աջ մասում։
-Հայրիկ, ո՞վ է այդ մարդը,-հարցրի։
-Վիլյամ Սարոյանն է, աշխարհի ամենամեծ մարդկանցից մեկը։ Մեծ գրող է։
-Իսկ ինչո՞ւ արձանիկն այսքան փոքր է։
-Տղաս, մարդու մեծության մասին դատում են ոչ թե նրա արտաքին չափերով, այլ այն ամենով, ինչ կա այդ մարդու մեջ։ Մարդու հոգի՛ն պետք է մեծ լինի։
-Նա հա՞յ է։
-Հա, բայց դա էական չէ։ Կարևորն այն է, որ նա մեծ գրող է:
Մի շաբաթ հետո ես ու երրորդ դասարանում սովորող իմ եղբայր Արտակը, երբ ուսումնասիրում էինք արձանիկը, այն ընկավ և ջարդվեց։ Մենք շատ վախեցանք, որովհետև գիտեինք, որ հայրիկն անչափ շատ է սիրում Վիլյամ Սարոյանին։ Ավելի հարմար բան չգտանք, քան արձանիկի կտորտանքները պահարանի մի անկյունում թաքցնելն է:
-Փոքրիկ, եկ ինձ մոտ,-հաջորդ օրը, իր գրասեղանի առջև նստած աշխատելիս, կանչեց հայրս:-Որտե՞ղ է Վիլյամ Սարոյանի արձանիկը։
Ես գլուխս կախեցի.
-Չգիտեմ…
-Իսկ ես կարծում եմ, որ գիտես։
-Երեկ Արտակը ձեռքից գցեց և կոտրեց…
-Հը՜մ,-ասաց հայրիկը և, մտախոհ նայելով գրասեղանի թափուր այն մասին, որտեղ արձանիկն էր, շարունակեց:-Լավ, գնա:
Սպասում էի, որ նա կպատժի Արտակին, բայց նա ոչ միայն չպատժեց եղբորս, այլև ողջ օրն այլևս ոչինչ չասաց կոտրված արձանիկի մասին։
Այդ գիշեր շատ վատ քնեցի։ Հստակ չգիտեմ՝ երա՞զ էր դա, թե՞ տեսիլ. մեկը եկավ և նստեց մահճակալիս եզրին։ Նա մի քիչ նման էր հորս, մի քիչ՝ Վիլյամ Սարոյանին, բայց ինձ թվում է, որ նա Աստված էր։
-Ինչո՞ւ չես քնում, փոքրիկ,-հարցրեց նա։
-Չգիտեմ…
-Իսկ ես գիտեմ,-ասաց նա։ Հետո մի պահ լռեց և սկսեց խոսել։ Առայսօր հստակ չգիտեմ՝ ի՞նձ հետ էր խոսում, թե՞ ինքն իրեն։- Աշխարհում կան շատ ճշմարիտ բաներ և նույնքան սխալ բաներ։ Դրանցից շատ վեր, աշխարհում կան նաև ճշմարտություններ։ Դրանք ամենաթանկ ու ամենակարևորն են, և չափազանց անպաշտպան ու փխրուն են դրանք։ Երբ ճշմարտությունը խեղաթյուրում են, դրանից ծնվում են բազմաթիվ սխալներ։ Ճշմարտությունը միշտ մեկն է լինում։ Հաճախ այն այնքան մեծ ու հզոր է լինում, որ կարող է մարդ փրկել։ Երբեմն այն կարող է նաև վիրավորել կամ մարդ սպանել… Երբ ճշմարտությունը վիրավորել կամ կործանել կարող է մարդուն, ավելի լավ է այն երբեք չասել:
-Ինչպե՞ս…
-Երբ որևէ մեկը տգեղ է, նրան չպիտի ասել, որ տգեղ է։ Հնարավոր է, որ հոգով նա շատ ավելի գեղեցիկ լինի, քան տասնյակ գեղեցկուհիներ։ Անբուժելի հիվանդին ևս չի կարելի ասել, որ նրան քիչ է մնում ապրել։ Դրանով մենք կոպտորեն կկարճենք այս աշխարհում ապրելու իր բաժին ժամանակը: Կարելի է ասել բազմաթիվ ճշմարիտ բաներ, բայց դրանք, միասին վերցրած, հնարավոր է մի ճշմարտության արժեք չունենան։ Ճշմարտությունը երբեմն շատ ծանր է լինում։ Այն ասելու համար պետք է ուժեղ լինել։ Ասում են՝ «Ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս»։ Բայց այն երբեմն այնքան ծանր է լինում, որ ընդմիշտ մնում է ջրի տակ:
Հետո նա, որ մի քիչ նման էր հորս, մի քիչ՝ Վիլյամ Սարոյանին, բայց ավելի շատ՝ Աստծուն, կամաց բարձրացավ մահճակալիս եզրից, մոտեցավ պատուհանին, վարդագույն վարագույրները թեթևակի հեռացրեց ու սկսեց նայել կապտամութ երկնքի վրա հանգիստ նիրհող աստղերին։ Ինձ թվաց, որ այս անգամ նա արդեն աստղերի հետ է զրուցում։
-Ճշմարտությունը միշտ եզակի է, ինչպես եզակի ու անկրկնելի է յուրաքանչյուր մարդ։ Կես ճշմարտություն չի լինում, ինչպես չի լինում կես մարդ։ Եթե դու չես կարող ասել միակ և ողջ ճշմարտությունը, ապա պետք չէ, որ դու այն ասես կիսով չափ։ Կիսաճշմարտություններից են սկիզբ առնում բոլոր թյուրիմացությունները, որ հաճախ դառնում են մեծ սխալներ։ Կիսաճշմարտությունից կարող է ծնվել նաև դավաճանություն...
Այլևս չեմ հիշում, թե ինչ ասաց նա։ Գուցե ոչինչ չասաց, անաղմուկ ու անձայն հեռացավ՝ ինչպես հայտնվել էր։ Ես արդեն շատ խոր քնած էի։ Այնքան խոր, որ նույնիսկ չեմ հիշում՝ այդ գիշեր այլ երազներ տեսա՞, թե՞ ոչ:
Հաջորդ օրը, երբ հայրս գրասեղանի առջև նստած աշխատում էր, ես կամաց մոտեցա նրան և ասացի.
-Հայրիկ, արձանիկը, ճիշտ է, Արտակն է ձեռքից գցել, բայց մեղավորը ես եմ… Պատահմամբ խփել էի ձեռքին... Ես չէի ուզում արձանիկը ջարդել…
-Գիտեմ:
-Ի՞նչ գիտես,-զարմացա։
-Գիտեմ, որ ո՛չ դու, ո՛չ Արտակը չէիք կարող դիտմամբ ջարդել արձանիկը,-ապա, գլուխս շոյելով, շարունակեց:-Գիտեմ, որ այսօր դու հանգիստ ես քնելու:
Մեկ օր հետո հորս գրասեղանին մեծ գրողի և մարդու նոր արձանիկն էր։
Հին պատմություն է սա, վաղուց անցած-գնացած։ Գուցե թե՝ հիշողության մեջ մնալու անարժան, հասարակ ու սովորական մի դեպք։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչու հիշեցի...