Բանակում իշխանության նախաձեռնած կառավարման համակարգի փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար ասեմ, որ եթե գործող սխեմաներում, պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների պատասխանատուն զինվորական է՝ գլխավոր շտաբի պետը, ապա նորով՝ քաղաքացիական անձ՝ պաշտպանության նախարարը։
Հիշեցնեմ՝ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կուսակցական, քաղաքական թիմի ներկայացուցիչ է նշանակում, որպեսզի թույլ չտա բանակի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։
Մի կողմ դնենք ծայրահեղ անտրամաբանական «հիմնավորումը» ու կենտրոնանանք գործընթացի առանցքային հարցին։
Գործող կարգավորումներով՝ մարտական գործողությունների ժամանակ ԳՇ պետը, մարտ վարելու պատասխանատուն լինելուց բացի, ուղիղ զեկուցում և ստանում է վարչապետի հանձնարարությունները, իսկ պաշտպանության նախարարը զբաղվում է թիկունքային ապահովման, մոբիլիզացիայի, ռազմական դիվանագիտության և այլ հարցերով։
Շատ կոպիտ ասած՝ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պատերազմի ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդականներն են դառնում, յուրաքանչյուրն իր անելիքն ունի և զեկուցումների առանձին թեման։
Նոր փոփոխությամբ՝ գրեթե բոլոր գործառույթներն անցնում են պաշտպանության նախարարին։ ԳՇ պետը մարտական գործողությունների հետ կապված զեկուցումների հիմնական մասն անում է պաշտպանության նախարարին, իսկ վերջինս՝ վարչապետին։
Նույն «կարուսելով»՝ վարչապետը հանձնարարությունների մեծ մասն իջեցնում է նախարարին, իսկ վերջինս՝ ԳՇ պետին։
ՈՒշադրություն դարձրեք, որ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է, այսօր Պապիկյանն է, վաղը, պայմանական, Արայիկ Հարությունյանը կամ Հովիկ Աղազարյանը։
Այստեղ մի տարբերակ կարող էր լինել, որն անվտանգության համակարգը չէր խարխլի, եթե պաշտպանության նախարար նշանակելու սկզբունքը փոփոխվեր, և նշանակվեին մարդիկ, ովքեր կա՛մ համապատասխան փորձառությամբ, ճանապարհ անցած զինվորականներ են, կա՛մ խորությամբ, էապես տիրապետում են բանակի զարկերակին։
Սակայն արդեն նշեցի, որ իշխանությունն ընտրել է քաղաքական թիմակցի գործոնը, ինչը, հնարավոր պատերազմական գործողություններում, երկիրը նոր աղետի շեմին է կանգնեցնելու։