Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կա նաև ոսկե տարբերակը. կարողանալ քով քովի գալ ու վերջապես երկխոսել

Կա նաև ոսկե տարբերակը. կարողանալ քով քովի գալ ու վերջապես երկխոսել
03.03.2009 | 00:00

ԱՀԱ՛ ՆՐԱՆՔ
Ասենք կարճ և միանգամից. չորսամսյա դադարից հետո, մարտի մեկի տարելիցին տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքն առանցքային, չափազանցված չի լինի շեշտելը, բեկումնային էր` վեկտորալ ուղենշումների առումով, չնայած առաջին հայացքից այդպես չէիր ասի:
Արձանագրում առաջին. սա նախորդող բավականին բազմազան-բազմաբնույթ հանրահավաքներից միակն էր, ուր ժողովուրդն ու իր լիդերը կանգնած էին դեմ առ դեմ` առանց իլյուզիաների, առանց աջակցության, առանց սպասելիքների: Մեն-միայնակ` երկուսով: Պրոցես, երբ միլիմետրիկ ստույգությամբ ճշգրտվում է իրական ռեզերվը, ներվը, ուժը:

Արձանագրում երկրորդ. հանրահավաքը զատումի անչափ հետաքրքիր գործընթաց նախասահմանեց: Սա էր, թերևս, պատճառը, որ հանրահավաքում հնչած բավականին ծավալուն ելույթում գրեթե որևէ կարգի անդրադարձ չեղավ արտաքաղաքական զարգացումներին: Եվ դա այն դեպքում, երբ տարածաշրջանը գտնվում է մարտահրավերների շքերթի մեջ:
Լինենք բաց և անկեղծ. ընդդիմության տարուկեսվա պայքարի ընթացքում շատ հաճախ ուրվագծվում էր Ռուսաստանի, երբեմն նաև` Արևմուտքի սիլուետը:
Հիմա Սերժ Սարգսյանը և նույնիսկ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանից տուն չեն գալիս, և այնտեղ կնքում են հնարավոր և անհնար բոլոր կարգի պայմանագրեր, սկսած ՀԱՊԿ-ի ռազմականացումից մինչև ատոմակայանի կառուցում ու վարկի տրամադրում: Ռուսաստանը Հայաստանում այլևս չի ցանկանում ունենալ «կառավարելի քաոս»... Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, հիշենք լոկ մարտի մեկին գեներալ Երյոմինի ներկայությունը Մյասնիկյանի արձանի մոտ, ինչպես նաև հայաստանյան գրեթե բոլոր «ԳՌՈՒ»-շնիկների անհանգիստ երթևեկն ու շարժուն ակտիվությունը նույն օրը, նույն արձանի մոտ:
Մի խոսքով, Ռուսաստանին այլևս, գոնե Հայաստանի մասով և այս պահին, կայունություն է պետք, նախ` որ հայաստանյան իշխանությունները լավ են «սպասարկում», և ապա` որպեսզի ինքը «տեսնի», թե ինչ է անում Վրաստանի ու Ադրբեջանի «հաշվով»:
Իսկ եթե անգամ մեզ թույլ տանք մի փոքր էլ առաջ գնալ, ապա չի բացառվում, որ Ռուսաստանը նոր պարտիա է մտմտում Տիգրան Սարգսյանի «գետնին» վրա, նրան լիովին քաշելով իր ազդեցության ոլորտ` հազար ու մի նպատակով:
Նույնն է Արևմուտքի դեպքում` վերջինս Հայաստանում չի ցանկանում ապակայունություն: Սեմնեբիի հաճախակի այցերը, հանդիպումներն ընդդիմության և իշխանության լիդերների հետ` մարտի մեկի նախաշեմին, այլ կերպ բացատրել հնարավոր չէ: Ընդ որում, Սեմնեբին խոստում է տվել ընդդիմությանը, թե կհասնի տղաներին, անգամ «յոթին» բանտից ազատելուն, երկխոսության կայացմանը (հրե՛ս, կամ, ինչպես ժողովուրդն է ասում` գցիր ոտքիդ):
Այո՛, ընդդիմությունն ու իր լիդերն այս պահին, քան երբևէ, լրիվ մենակ են: Ու սա ամենաշահեկան կոնֆիգուրացիան է Տեր-Պետրոսյան-ստրատեգի համար բոլոր առումներով, և մանավանդ, իր նշած` ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու: Որովհետև այդ ժամանակ է երևում եղածի իրական արժեքը, ունեցածի չափը, ներուժը, «մախի» ամպլիտուդն ու հնարավորությունների սահմանը:
Ֆիքսում երրորդ. Տեր-Պետրոսյանը «զատվեց» նաև իշխանություններից: Այո՛, ընդդիմությունն ու իշխանությունը, ինչպես Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը, նույնպես սիամական երկվորյակներ են: Իսկ Տեր-Պետրոսյանը, ինչպես կասեր Վանոն, իշխանությանն իր ախմախության հետ թողեց միայնակ: Թերևս հենց այնպես չէր, որ 45 րոպե տևած ելույթի ընթացքում ոչ մի անգամ չհնչեց «ավազակապետություն» եզրույթը, իսկ Քոչարյան և Սերժ Սարգսյան անունները հնչեցին ընդամենը մեկ անգամ:
«Առանց Տեր-Պետրոսյան» էլ Սերժ Սարգսյանն առաջիկայում շատ պրոբլեմներ կունենա հաղթահարելու, իսկ այստեղ արդեն ո՛չ ռեպրեսիաները, ո՛չ սխալ, կոնյունկտուրային-կադրային քաղաքականությունը և ո՛չ էլ շռայլ խոստումները չեն օգնի Սերժ Ազատիչին: Նա կանգնած կլինի տնտեսական ճգնաժամի և ճակատագրի առջև դեմ հանդիման:
Եվ, այնուհանդերձ, իր սիամից զատվելուց առաջ Տեր-Պետրոսյանը մի քանի քաղաքավար ժեստեր արեց` արձանագրումով. ժամանակն է, որ իշխանությունները մահակի փոխարեն փորձեն ժողովրդի հետ խոսել քաղաքակիրթ լեզվով. «Ինչը չի կարող չնկատվել և ըստ արժանվույն չգնահատվել հասարակության կողմից»: (Ո՜Ւմ ես ասում):
Ինքն էլ իր կողմից արեց պատասխան ժեստերը. «Սոցիալական ահագնացող վտանգի պայմաններում ալեկոծությունների հրահրումը հավասարազոր է խելագարության»: Մնացյալ ժեստերի մասին` ներքևում:
Ի՞նչ կպատասխանի սրան քիչ-քիչ արդեն ինքնաբավության սինդրոմի մեջ հայտնվող, փոքր-ինչ ուժեղացող, մինչ այս նմանատիպ խնդիրներում բանականության փշուրներին ամենևին չապավինած իշխանությունը, իմաստուն լինել պետք չէ. հերթական անգամ առաջարկն ու մտահոգությունը կթողնի անարձագանք:
Ֆիքսում չորրորդ. Տեր-Պետրոսյանը տողատակով ասաց. ա) շարժման մեջ լիդերի փոփոխություն չի լինելու, նոր լիդերի փնտրտուք` նույնպես: Այն պարզ պատճառով, որ սոցիալական ահագնացող վտանգը և տնտեսական ճգնաժամի հետևանքները սարերի հետևում չեն, մեկ-երկու ամսից դրանք կհառնեն ողջ հասակով մեկ` փոխելով իշխանությունների, հետևաբար` ընդդիմության օրակարգը. «Չի բացառվում, որ վարչակազմը, հայտնվելով ճարահատյալ վիճակում, ողջ կազմով հրաժարական տա»,- արձանագրվեց:
ՈՒստի` բ) ՀԱԿ-ն սպասելու է` վճռական պահը հասունանա, ու անցնի տրամաբանված և վճռական գործողությունների: «Կոնգրեսը չի վարանի օգտվել այդ իրավունքից», բաց տեքստով ասաց ընդդիմության լիդերը, հավելմամբ` «վճռական գործողությունների անցնելու պահի հասունացումը կախված է ոչ միայն մեր կամքից, այլև բազմաթիվ գործոններից»:
Գործոններից կարևորը` ժողովրդական կինետիկ էներգիան և այդ էներգիան շարժելու կարողությունն ու խելքը ընդդիմությունը հաստատ ունի: Բայց մինչ դա` ևս մեկ արձանագրում:
Ֆիքսում հինգերորդ. Տեր-Պետրոսյանը գրեթե նույնքան բաց տեսքով անդրադարձավ, այսպես կոչված, ՀԱԿ-ի ներքին խնդիրներին, պատասխան տալով նաև ժողովրդի մեջ առկա «պահանջին»` հեղափոխություն, ապստամբություն «հիմա-հիմա» թեզն առաջ քաշողներին, հարկավոր պահին հետ քաշվող-թռնող-ճողոպրողներին, սադրիչներին` մեկ և ընդմիշտ զատվելով նաև նրանցից. ա) խորհուրդ տալով վերջիններիս` իրենց ուզած ապստամբությունն ու հեղափոխությունն իրենք էլ իրականացնեն, և ոչ թե սպասեն` Լևոնը գա ու իրենց համար հեղափոխություն անի (դե, էլի, պատկերավոր ասած), բ) բոլորի` հեռավորների, «մոտակա» այլևայլ «հատուկ աշխատակիցների», նաև` սեփական թիմի և հատկապես ժողովրդի (թե իշխանությունների ականջների մեջ լսող նյարդաթելերը դեռ գործում են, նաև` նրանց) համար մեկ և ընդմիշտ արձանագրվեց` «Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից։ Վճռականությունը ոչ թե մեկանգամյա խելահեղ պոռթկում է, այլ համառ, համբերատար, երկարատև պայքարի ունակություն»:
Ֆիքսում վերջին և ամենակարևոր. այն, ինչ այսօր ունեն բոլորից և ամեն ինչից զատվող ընդդիմությունը և նրա լիդերը, իր դեմ դիմաց կանգնած ժողովուրդն է: Եվ ուրիշ ոչինչ:
ա) Ասենք միանգամից` որպես վիզուալ քանակություն, մեկ տարի առաջ տասը հոգու պայքարի մեծ սեղանին մատաղ տված, որպես տարիուկես շարունակվող ռեպրեսիաների, որպես հիսունից ավելի ինտելեկտուալ տղաների մեկուսացման, որպես հանրապետության բոլոր ճանապարհների փակման արդյունք, ժողովուրդն ահավոր շատ էր: Իսկ սա արդեն բնութագրիչն է, որ նույնիսկ չորս ամսվա հանրահավաքային լռությունից հետո, նույնիսկ մեկ տարի ժողովուրդը կանգնած է:
«Ոտքի վրա կանգնած» ժողովուրդը քնած, կինետիկ, պտույտի պատրաստ խոշոր էներգիա է: Ահավոր զորեղ: Պետք էր պարզապես անցնել այդ ժողովրդի միջով ու զգալ այդ նյարդը... (լինե՜ր, այնպես լիներ, որ Սերժ Սարգսյանը գեթ մեկ անգամ դերվիշի շորեր հագած անցներ այդ ժողովրդի, այդ էներգիայի, այդ ցավի միջով. ու հարցն էնքան ժողովրդի իրապես ծանր սոցիալական վիճակը չէ, երբեք` չէ, հարցն այն անպաշտպանվածությունը, այն անզորությունը, այն խեղճությունն էր, որ թոնի նման զարկեց դեմքիս, երբ անցնում էի ժողովրդի միջով. անցնե՜ր ժողովրդի միջով Սերժ Սարգսյանը, ու այդ մեկանգամյա մկրտության ակցիան, հաստատապես, բավարար կլիներ ողջ կյանքի համար` իմաստուն որոշումներ կայացնելու):
Իսկ այդ էներգիան իրավացիորեն հաշվել ու պտույտի մեջ է պահում Տեր-Պետրոսյանը: Իսկ էներգիան պտույտի մեջ դնելու ժամանակը շատ հեռու չէ, ու Տեր-Պետրոսյանը սա նույնպես լավ գիտի:
ՈՒ կդնի:
Բայց կա նաև ոսկե տարբերակը. կարողանալ քով քովի գալ ու վերջապես երկխոսել` հանուն էս երկրի ու սպասվող ծանր օրերի, անկորուստ ելքի... Թե՞ էս արգանդն անզոր է, որ էս երկրում երկու հոգի կարողանան նստել մի սեղանի շուրջ ու խոսել:
Մի՞թե իսկապես էդքան անհնար է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3043

Մեկնաբանություններ