Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Այսպես որ գնա, ոչ մի ԵվրաՉտեսիլ» մեզ չի փրկի

Այսպես որ գնա, ոչ մի ԵվրաՉտեսիլ» մեզ չի փրկի
19.12.2008 | 00:00

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԳԻ ՀԵՏ
Ոչ թե անկեղծ, այլ ճշմարիտն ասած` հոգնել ենք, ավելի ճիշտ` բեզարել ենք անսեր սիրո քելեքելեներով, արաբաթուրքական ծորուններում թաթախված, պռնկեպռունկ «իմանալ»-«դիմանալ»-ների անհամ համերով լցված, թառանչ-բառաչների անսեռական մզզոցների` իբր երգերի գիշերզօրյա մելամաղձոտ կատարումներից, մանավանդ կատարողներից։ ՈՒզում են երգ արարել, բայց աստղացավով տառապողները երգ են ավերում։ Սիրերգ կոչված էդ ձայնարկումներն անհող, անսեր, անկիրթ ծնունդներ են, ասես գալիս են, որ ժանգապատեն խոսքը, մեղեդին։ Հասել ենք էն վտանգավոր գծին, որ այլևս ոչ մի Կոմիտաս վարդապետ չի կարող մաքրել։ Մեր ժանգը ամենուր մեզ ուտում է։ Մեր հողը, մեր լեզուն, մեր հայրենիքը մեր` զուտ հայոց մշակույթի մեջ են։ Այսօր նվաճելով մշակույթդ` վաղն օտարները հեշտությամբ տեր են լինելու հողիդ։ Ի՞նչ լեզվով ենք երգում տարբեր հեռուստածրագրերով, ի՞նչ լեզվով ենք երգիծում, մատաղ սերունդն արդեն դպրության տնազարաններում, իսկ պատանիներն ու պարմանուհիները ձեռնքաշ-գրպանահատ բարձրագույն ուսումնական հաստատություններում ինչպե՛ս են ճամարտակում... Մարդ էլ Աստծո տված իր ունեցվածքը չպահի՞, չզինվի՞ նրանով։ Ամեն օր մեր լեզու-բերանը պիտի բացենք լեզու-երգը ակունքային մաքրությամբ պահելու վսեմ խորհրդով։ Գիտեմ, ասողներ կլինեն` հացի խնդիր է, շատերս մի կտոր ցամաք հացի կարոտ ենք։ Լեզվի հետ, երգի հետ հենց հողն ենք կորցնում, հացն ենք կորցնում, այո՜, մեր գոյական հացը։ Մտորելու շատ բան կա. կանգնած ենք մտորումների խաչմերուկում, և մեզնից հեռու չէ մոռացության գետը, որ շատ բան կույր-կույր տանում-հանձնում է մոռացության ամենակուլ ծովին։
Մեզ տրված է մոռացությանը չհանձնվելու ընտրության պահ. պահիր հողդ, հողիդ հետ` լեզուդ, դրոշդ, երգդ, ինքնությունդ, ասել է` պատմությունդ, օրդ, վաղդ։
Մեր հողը, դրոշը, լեզուն, երգը, մեր ինքնությունը պահողներից է ազնիվ զինվոր, երգի նվիրյալ Սահակ Սահակյանը։ Դեկտեմբերի 11-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նրա մենահամերգն էր, որը կրում էր «Չքնե՜ք, տղաներ» խորագիրը ¥Յուրի Սահակյանի երգի վերնագիրը¤։ Համերգը, համարձակվում եմ էսպես ասել, սրբություն էր ոչ միայն ընտրած երգերով ու պարերով, այլև հպարտ, սրբադող կատարումներով։ Ճիշտ էր վարվել վարպետ երգիչը, որն իր բեմական ազնիվ վար ու ցանքսին լծկից էր ընտրել «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, պարի ակունքներ համբուրող, Հայրիկ Մուրադյանի ակունքված սան, այո՜, երեկ մահապարտ, այսօր պարապարտ Գագիկ Գինոսյանին, նրա խմբին։
Հենց «Ավարայրով» երգն իր շունչը նվիրեց լեփ-լեցուն դահլիճին. սա լոկ ճամփորդություն չէր, որ Ավարայրով, Սասունով, Արցախով, Շահումյանով ու Շահեն Մեղրյանով ¥վերջին երկու երգի խոսքերի հեղինակ` Ռաֆիկ Ղազինյան¤, Գուրգեն Գաբրիելյանի «Արցախի ֆիդայիներով» բարձրացավ մինչև Ռափայել Պատկանյանի «Հիմի՞ էլ լռենքի» խորքը։
Երգերը` հին ու նոր, ճանապարհին ծնված երգեր, պարերը` հին ու նոր, տեղանուններն անձնանվան նման հարազատ ու արյան երակ` Ավարայր, Սասուն, Էջմիածին, Խլաթ, Կարին, Դիարբեքիր... Անունների զուտ աշխարհագրական ու պատմական թվարկում չէ լոկ, այլ ոգու արթնացում, մարդեղենացում, հողերգություն, որի մեջ արմատ-արմատ, ծիլ-ծիլ, կանաչ-կարմիր արև երգեր են աճում։
Էդ երգի կարոտն ենք քաշում։ Էդ երգով, էդ պարով ենք հաղթել։ ՈՒ նրանք` երգ ու պարի նվիրյալները, երեկ նույն երգով, պարով հաղթել են ռազմի դաշտում, մարտաշունչ իրենց երգի մեջ մտած, այսօր հաղթում են բեմում։ Թե չէ անտեր-անտիրական էսպես քելե-քելե որ գնա, ապա վաղը կկորցնենք մեր սրբություններից ևս մեկը, մեր ազգին շունչ տվողը` երգի հողը։ Եվ ոչ մի հրաշք ու մանավանդ եվրաՉտեսիլ մեզ չեն փրկի։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6496

Մեկնաբանություններ