Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մկանների ցուցադրման մրցավազք

Մկանների ցուցադրման մրցավազք
25.07.2008 | 00:00

«Կուբան պարտավոր չէ բացատրություններ տալ կամ ներողություն խնդրել Վաշինգտոնից՝ կղզում Ռուսաստանի ստրատեգիական ռմբակոծիչների հնարավոր տեղակայման առնչությամբ»,- վերջերս հայտարարեց Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն։ Այս հայտարարությունը, ինչպես նաև վերջին ժամանակաշրջանի որոշ այլ զարգացումներ հուշում են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կրկին կարող են հայտնվել 1960-ական թվականներին բնորոշ հակադրության դաշտում։ Նույնը, ինչ տեղի ունեցավ Կարիբյան ճգնաժամի ժամանակ, և եթե այն հաջողվեց հանգուցալուծել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի և Անաստաս Միկոյանի ջանքերի շնորհիվ, ապա նավթային դոլարներով ամրապնդված ներկայիս հավակնությունները կրկին կարող են աշխարհը կանգնեցնել սառը պատերազմի և սպառազինությունների մրցավազքի սպառնալիքի առջև։
Ռուսական մամուլում արդեն հայտնվել են տեղեկություններ առ այն, որ Մոսկվան քննարկում է Կուբայում, ԱՄՆ-ի ափերից 90 ծովային մղոն հեռավորության վրա ՏՈՒ-160 և ՏՈՒ-95 ստրատեգիական ռմբակոծիչների էսկադրիլիայի տեղակայման հարցը։ Ավելին, օրերս Կրեմլը հայտարարեց, որ Ռուսաստանը հրթիռային զորքերի նոր բազա կստեղծի իր ամենաարևմտյան տարածաշրջանում՝ Կալինինգրադի մարզում, ինչպես նաև Բելառուսում՝ որպես պատասխան Լեհաստանում և Չեխիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայման։ Համապատասխանաբար Ռուսաստանը հնարավորություն է ստանում սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ հրթիռներն ուղղել Արևմտյան Եվրոպայի վրա։
Ամերիկյան զինվորականության արձագանքն այս հայտարարությանը նույնքան արագ էր և համարժեք։ «Եթե Ռուսաստանը Կուբայում ստրատեգիական ռմբակոծիչներ տեղակայի, որոնք ընդունակ են ատոմային հրթիռներ կրելու, դրանով կանցնի կարմիր գիծը ԱՄՆ-ի դիրքորոշման տեսանկյունից»,- երեքշաբթի օրը հայտարարեց ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։ Եվ, այնուհանդերձ, նույն օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Վենեսուելայի առաջնորդ ՈՒգո Չավեսի հետ հանդիպման ժամանակ ողջունեց երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։ Բարձր տրամադրության մեջ գտնվող Չավեսն իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է իր երկրի տարածքում ռուսական ռազմական բազա տեղակայել, եթե Մոսկվան դիմի այդպիսի խնդրանքով։ Սա անուղղակի ապտակ էր ԱՄՆ-ին, որն ավանդաբար Լատինական Ամերիկան համարում է իր ազդեցության գոտին։ Վենեսուելայի նախագահի բարեկամական ժեստին ի պատասխան՝ Ռուսաստանի ղեկավարը հասկացրեց, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս ամերիկյան մայրցամաքում Վաշինգտոնի գլխավոր հակառակորդի հետ հարաբերություններին։ Ռուս-վենեսուելական բանակցություններում խոսք գնաց նաև այդ երկրին ռուսական տանկերի և սուզանավերի վաճառքի մասին, շարունակվում են բանակցությունները Կարակասում Կալաշնիկովի ավտոմատների արտադրության գործարան հիմնելու և ռազմական օդաչուների պատրաստման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Չավեսը միաժամանակ հույս ունի ռուսներից ձեռք բերել սահմանափակ շառավղով գործողության «Իգլա» զենիթահրթիռային կայանքներ։ Ինչպես նշում է ռուսական «Կոմերսանտը», եթե ռուսական զենքը հայտնվի հակամարտություններով հարուստ այդ տարածաշրջանում, դա կբարդացնի Մոսկվայի հարաբերությունները ոչ միայն Կոլումբիայի, այլև ԱՄՆ-ի հետ։
Եվ ինչպես միշտ, նման զարգացումներում առանձնակի դեր ունի «էներգետիկ մահակի» քաղաքականությունը։ Այս կապակցությամբ նոր հակասությունների կրակի վրա յուղ լցնելու նմանվեց Չեխիային հատկացվող նավթի քանակը կիսով չափ նվազեցնելու Մոսկվայի քայլը այն բանից հետո, երբ Պրահան Վաշինգտոնի հետ ստորագրեց հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ռադարը Չեխիայի տարածքում տեղակայելու մասին պայմանագիրը։ Չեխիայի ղեկավարությունն անհամարձակորեն ենթադրեց, թե Ռուսաստանի կողմից մանկամտություն է Վաշինգտոնի հետ ստորագրված պայմանագրին այդպես արձագանքելը, և արևմտյան մամուլում անմիջապես հայտնվեցին զայրացած տոնով հոդվածներ, որոնք դատապարտում են Մոսկվայի կողմից իրականացվող էներգետիկ շանտաժը։ Համապատասխանաբար Եվրամիությունում ուժեղանում են տրամադրությունները ռուսական էներգակիրների այլընտրանքային աղբյուրներ գտնելու վերաբերյալ, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածքով։ Եվրոպական մամուլի և փորձագետների պնդմամբ, առկա է Արևելյան Եվրոպայում սպառազինությունների մրցավազքի վտանգ, որովհետև ռուսական հայտարարություններից անհանգստացած Լեհաստանն իր տարածքում ամերիկյան 10 հակահրթիռներ տեղակայելու դիմաց Վաշինգտոնից պահանջեց միլիարդավոր դոլարներ իր զինված ուժերը մոդեռնացնելու նպատակով՝ գումարած «Պետրիոտ» զենիթահրթիռային կայանքների տրամադրումը։ Ամերիկացիները սկզբում կտրականապես հրաժարվեցին, բայց հետո առաջարկեցին Լեհաստանի տարածքում «Պետրիոտները» ժամանակավոր տեղակայել։ Լեհական մամուլում միաժամանակ հնչում են ոչ անհիմն ենթադրություններ, որ Վաշինգտոնը 10 հակահրթիռները տեղակայելու համար կարող է ավելի հեշտ պայմանավորվածության գալ Լիտվայի հետ, մանավանդ որ Պենտագոնն ավելի վաղ այդ երկրի տարածքը գնահատել էր իբրև ավելի հարմար աշխարհագրական գոտի հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման համար։
Եվ մինչ զինվորականները մկաններն են ցուցադրում, ամերիկյան բարձր պաշտոնատար անձինք շարունակում են պնդել, որ հակահրթիռային համակարգը Եվրոպայում հիմնվում է իրանական հնարավոր վտանգը հաշվի առնելով և ոչ թե Ռուսաստանի դեմ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Դանա Պերինոն մի անգամ էլ հիշեցրեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հավաստիացումները՝ ուղղված Դմիտրի Մեդվեդևին «Մեծ ութնյակի» գագաթաժողովում։ «Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ը կարող են միասին աշխատել որպես իրավահավասար գործընկերներ, և մենք շարունակելու ենք ջանքերն այդ ուղղությամբ։ Մենք ձգտում ենք ռազմավարական համագործակցության ռուսների հետ»,- նշել էր ԱՄՆ նախագահը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ ամերիկյան կողմը պատրաստ է Մոսկվային տրամադրել հակահրթիռային պաշտպանության համակարգին վերաբերող տեխնիկական տեղեկատվություն, եթե Կրեմլն այդ ոլորտում համագործակցության իրական ցանկություն դրսևորի։ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը իր հերթին սեղանին դրեց հետևյալ առաջարկությունը՝ ԱՄՆ-ը Լեհաստանում կառուցում է հակահրթիռների տեղակայման բազա, սակայն այնտեղ չի հաստատում մարտական վիճակ, քանի դեռ Իրանի կողմից նույնպես չկա հրթիռային հարձակման իրական վտանգ։ Գեյթսը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է այդ վտանգի իրական լինելը որոշել Մոսկվայի հետ համատեղ քննարկման արդյունքում, և միայն վերջինիս համաձայնության դեպքում 10 հակահրթիռները կբերվեն մարտական վիճակի։
Սակայն այս հավաստիացումները չեն հանգստացնում Կրեմլին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան կասկածներ չունի, որ ԱՄՆ-ի ռազմավարական հզորությունների տեղակայումը Ռուսաստանի սահմանների մոտ ռուսական դիրքերը և ներուժը զսպելու ու թուլացնելու նպատակ է հետապնդում։ Ըստ այդմ, Մոսկվան հայտարարում է, որ հարկադրված է լինելու դրան պատասխանել ոչ թե դիվանագիտական, այլ ռազմատեխնիկական միջոցներով։ Միևնույն ժամանակ բազմաթիվ ռուսական փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ի հետ արտաքին քաղաքականության օրակարգի խստացումը հեռանկարային չէ, և Ռուսաստանի նախագահը հասկանում է, որ առանց ամերիկյան աջակցության հնարավոր չի լինի լուծել բազմաթիվ հարցեր ինչպես անվտանգության, այնպես էլ ֆինանսատնտեսական ոլորտներում։
Այսինքն` ռուսական կողմի հայտարարություններն ավելի շատ կանխարգելիչ նշանակություն ունեն։ Միաժամանակ Մոսկվայում կարծում են, որ Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման գործնական քայլերը, միևնույն է, կատարվելու են հաջորդ նախագահի օրոք։ Եվ եթե հունվարին կայանալիք ընտրություններում այդ պաշտոնը զբաղեցնի Բարաք Օբաման, բոլորովին չի բացառվում, որ նա այդ քայլը համարի Բուշի հերթական սխալներից մեկը և այդպիսով հրաժարվի այդ նախաձեռնությունից։
Բայց և այնպես ԱՄՆ-ի ցանկացած նախագահ, միևնույն է, ստիպված է լինելու լուծել Իրանի հետ կապված խնդիրները, չի բացառվում՝ բոլորովին էլ ոչ ստանդարտ մեթոդներով։ Այդ այսօր է, որ ամերիկացիները փորձում են համոզել ռուսներին, թե Իրանը լուրջ խնդիր է բոլորի համար, և Թեհրանի նկատմամբ ուղղակի անհրաժեշտ են կոշտ պատժամիջոցներ ՄԱԿ-ի կողմից և նույնիսկ կանխարգելիչ հարված։ Սակայն, այդ ամենով հանդերձ, անցած շաբաթվա ամենամեծ անակնկալներից մեկը դարձավ այն, որ ԱՄՆ-ը խախտեց Իրանի հետ ոչ մի պաշտոնական հարաբերության մեջ չմտնելու 30-ամյա ավանդույթը, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, հայտնի դիվանագետ ՈՒիլյամ Բեռնսը դիտորդի կարգավիճակով ներկա էր այն բանակցություններին, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերի գերագույն կոմիսար Խավիեր Սոլանան վարում էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալիի հետ Թեհրանի ատոմային ծրագրի շուրջ։ Իրանի «Ջամջոմ» թերթի վկայությամբ, իրանական կողմի համար աներկբա ձեռքբերում է այն, որ ամերիկացիները համաձայնեցին առանց նախապայմանների ներկա գտնվել այդ բանակցություններում։ Անշուշտ, հակառակ որոշ արևմտյան փորձագետների պնդումների, այս փուլում հազիվ թե տրամաբանական է խոսել Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին։ Ավելի շուտ առկա է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մարտավարության որոշակի փոփոխություն, և այդ իրողությունը հաստատող առաջին փաստերը երևան եկան 2007 թ. նոյեմբերին, երբ ամերիկյան հետախուզական ծառայությունները հրապարակեցին իրենց զեկույցն Իրանի ատոմային ծրագրի անկատարության մասին՝ դրանով իսկ կանխելով Թեհրանի նկատմամբ ուժի գործադրումը։ Բացի այդ, արդեն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Իրանում բացահայտորեն խոսում են Թեհրանում ամերիկյան դիվանագիտական ներկայությունը վերականգնելու մասին՝ առայժմ հյուպատոսության մակարդակով։ Միաժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարության աղբյուրների պնդմամբ, Վաշինգտոնը հուլիսի 8-ից կալանք է սահմանել հակաիրանական արմատական խմբավորումների բանկային հաշիվների նկատմամբ։
Բոլոր այս զարգացումներում կարծես ավելի վճռորոշ է լինելու Եվրամիության դիրքորոշումը՝ նկատի ունենալով Պարսից ծոցի երկրներից էներգակիրներ ստանալու եվրոպական երկրների հրատապ պահանջները։ Հետևապես Մոսկվայի գործողություններն էլ կարող են զարգանալ այսօրվա տեսանկյունից անսպասելի հունով և հանգեցնել մեծ տերությունների միջև խաղի նոր կանոնների հաստատման, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6612

Մեկնաբանություններ