Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Փորձում են «փող քամել» արդարության քողի տակ

Փորձում են «փող քամել» արդարության քողի տակ
19.08.2008 | 00:00

ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
ԵՎ այսպես, օգոստոսի 19-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի, որպեսզի հավանություն տա (իսկ դրան, անկեղծ ասած, ոչ ոք չի էլ կասկածում) կառավարության հերթական «դարակազմիկ բարեշրջմանը», որ այս անգամ տոնավաճառներում հսկիչ դրամարկղային մեքենաներ տեղադրելուն և «աննախադեպ եղանակային պայմաններում» Սևանից բաց թողնվող ջրի չափերի ավելացմանն է վերաբերում…
Իհարկե, բնավ հասկանալի չէ, թե մնացած տարիների համեմատությամբ այդ ինչ «աննախադեպ եղանակային պայմաններ են ստեղծվել» Հայաստանում, որ որոշել են «փրկել» մեր գյուղատնտեսությունն ու Սևանը միաժամանակ, բայց որ մարդիկ հեշտ ելքը գտել են` անգամ Սևանի մասին օրենքի պայմաններում «նախադեպեր ստեղծելով», փաստ է: Բա, իհարկե, ո՞վ զահլա ունի էս երկրում ոռոգման համակարգում ներդրումներ անել, ամեն քայլափոխի հանդիպող-անկապ հոսող ջրերը «խողովակ բերել» ու այն գյուղացուն հասցնել, երբ դրա փոխարեն կարելի է մի կրակոցով հարց լուծել: Այն է` համ ներդրումներ չանել, համ էլ Սևանի ափամերձ օլիգարխների «աննախադեպ շահերը պաշտպանել»: Բա ո՞նց, քանի որ բարձրացող ջրերը կարող էին հանկարծ դրանց թանկուկրակ քոթեջներ կոչվածը ջրի տակ թողնել, ուրեմն, կարելի է և կառավարության նիստում «աննախադեպ հեկեկոց դնել»: Փող արժե, չէ՞, էդ լացը, հո հենց էնպես չէ՞…
Բայց գանք մեր նյութի հիմնական առարկա հսկիչ դրամարկղային մեքենաներին ու փորձենք ամենայն մանրամասնությամբ հասկանալ, թե կրկին օրեր առաջ ինչ էր ամրագրել ու պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանը` հարկային վարչարարության բարելավման հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: «…Իրավիճակը հետևյալն է. առևտրի 80%-ն իրականացվում է տոնավաճառներում այն պարզ պատճառով, որ տոնավաճառների միջոցով հնարավորություն է ստեղծվում խուսափել հարկերի վճարումից: Ընդ որում, բավականին մեծ հեղինակություն ունեցող խանութները նույնպես ստիպված են օգտվել տոնավաճառների ծառայություններից այն պարզ պատճառով, որ նրանք մրցակցային դաշտում կորցնում են իրենց հարաբերական առավելությունը, երբ իրենց գործընկերները կարողանում են տոնավաճառների միջոցով իրացնել մեծ ծավալի ապրանքներ` ցույց չտալով դրանց իրական ծավալները հարկային հաշվետվություններում: Այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ հսկիչ դրամարկղային մեքենաները տոնավաճառներում համատարած չեն կիրառվում»,- նշել է վարչապետը:
Եվ, ուրեմն` «Տոնավաճառները մենք դիտարկում ենք որպես լիցենզավորման ենթակա գործունեություն Հայաստանի Հանրապետությունում: Իսկ դա նշանակում է, որ մենք օրենքով պահանջներ ենք դնելու տոնավաճառների կազմակերպիչների առջև… Նրանք, որպես գործակալ, պետք է հսկեն, որ ՀԴՄ-ներն այդ տոնավաճառների տարածքներում կիրառվեն: Եթե դրանք չկան և չեն կիրառվում, պատասխանատվության ենթարկվելու են տոնավաճառի կազմակերպիչները: ՀԴՄ-ները պետք է իրար հետ կապված լինեն միասնական ցանցով. այդ պարտականությունը նույնպես տոնավաճառների կազմակերպիչների վրա է դրվելու: Հաշվետվություններն ամենօրյա կտրվածքով պետք է հանձնվեն հարկային մարմիններին, ավելացված արժեքի հարկը պետք է վճարվի ամենօրյա կտրվածքով: Էապես խստացվելու են պատժամիջոցները ՀԴՄ կիրառման խախտումների նկատմամբ: Մենք պարտադրելու ենք, որ այսուհետ տոնավաճառի կազմակերպիչները տոնավաճառում առևտուր իրականացնող սուբյեկտի հետ կնքեն կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրեր: Դրանք ապահովելու են թափանցիկություն, խաղի կանոնների հավասար պայմաններ եւ հավասարակշռելու են պայմանագրի կողմերի շահերը: Սրանք են խաղի այն կանոնները, որոնք ներդնելու ենք տոնավաճառներում, առևտրի կազմակերպված ոլորտում…»,- ամփոփել է վարչապետը` հընթացս նշելով, թե գործընթացը սկսելու են խոշոր տոնավաճառներից, թե «հասկանալի է, որ սա ցավոտ գործընթաց է, որովհետև առնչվում է հազարավոր տնտեսավարող սուբյեկտների հետ» և այլն:
Անկեղծ ասած, հատկապես այն բանից հետո, երբ «քրքրեցի արխիվներս», միանգամից հասկացա, որ վարչապետը բնավ էլ օրիգինալ չէ այս հարցում, և որ մանավանդ տոնավաճառներում ՀԴՄ տեղադրելու խնդիրը մի քանի կառավարությունների «աքիլլեսյան գարշապարն» է դարձել ժամանակին: Զարմանալի էր ուղղակի տեսնել, թե ասպարեզից առհասարակ հեռացած քանի պաշտոնյա էր այս խնդրով զեկուցումներ ունեցել ԱԺ-ում, համոզել պատգամավորներին դրա ճշմարտացիության մեջ, իրենք համոզվել` «առայժմ ձեռնպահ մնալու» հարցում, ավելին` շատ ավելի ճկուն գտնվել քննարկվող տարբերակներում, քան ներկայիս վարչապետը:
ՈՒրեմն, ո՞րն է խնդիրը, կհարցնեք: Գուցե մենք իսկապե՞ս հասունացել ենք այս որոշման համար, գուցե Տիգրան Սարգսյանին հաջողվի՞ անել այն, ինչ մյուսներին, օրինակ` Արմեն Դարբինյանի` տեխնոկրատների կամ արհեստավարժների կառավարությանը չհաջողվեց անել` համապատասխան քաղաքական հենարան չունենալու պատճառով: Գուցե մարդը ոչ թե պարզապես հերթական PR-ն է անում, այլ ուզում է լավ գո՞րծ անել` մրցակցային հավասար պայմաններ ստեղծելով: Ի՞նչ իմանաս։ Բայց փաստն այն է, որ այս վարչապետն էլ որևէ քաղաքական հենարան չունի, եթե անկեղծ լինենք, և եթե Սերժ Սարգսյանը գեթ մեկ նախադասությամբ նրան «անվստահություն հայտնի», նույն րոպեին «կից գիշատիչները» կհոշոտեն նրան առանց աչքն իսկ ճպելու: Սա` մեկ: Երկրորդ` հաստատված ժամկետը` սեպտեմբերի 1-ը, օբյեկտիվորեն անհնար է պահպանել հենց միայն այն պատճառով, որ եթե ամեն մի սեղանիկին պիտի այսուհետ ՀԴՄ լինի (հետաքրքիր է` իսկ որտե՞ղ պիտի ՀԴՄ դնի, օրինակ` Մալաթիայի տոնավաճառի շրջակայքում կամ հենց ներսում 5 զույգ գուլպան 1000 դրամով վաճառող տատիկը, ում ժամանակին ֆինանսների նախկին նախարար Էդուարդ Սանդոյանը կնքել էր «Անժիկ տոտա» մականունով, գուցե վարչապետը հաճի բացատրե՞լ…), սա էլ պիտի համակարգչային ցանցով կապված լինի սերվերին, նշանակում է` տոնավաճառի տերը պիտի լրացուցիչ տեխնիկա ձեռք բերի, աշխատողներ գտնի (օրինակ` սերվեր ադմինիստրատոր, մյուսների մասին էլ չենք ասում), այսինքն` լրացուցիչ ահռելի ծախսեր անի: Հիմա պատկերացրեք. օրինակ` Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը), ում էլ հենց պատկանում է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում տեղակայված տոնավաճառը, պիտի բարձրացնի՞ տաղավարների համար պահանջվող գումարը, թե՞ ոչ: Անշուշտ, պիտի բարձրացնի: Սա խնդիրներ կառաջացնի՞ այնտեղ աշխատող մարդկանց մի ստվար հատվածի համար: Իհարկե, կառաջացնի: Արդեն առաջացրել է. շատերն անգամ հերթական արտագաղթի ալիքի և «ավելի լավ ա` վախը սրտներումս մոսկվաների բազարներում բան ծախենք, քան մեր երկրում էսպես տանջվենք» թեմաներով էին խոսում: Ավելին` արդեն Գյումրիում մարդիկ փողոցներն էին փակել` բողոքելով այս որոշման դեմ, որովհետև առավոտյան սովորականի պես եկել էին աշխատանքի ու տեսել էին…տոնավաճառը փակ: Ինչո՞ւ, հարցրել էին «շեֆին», սա էլ թե` ախպեր, գնացեք պետռեգիստր, գրանցվեք որպես անհատ ձեռներեց, էկեք աշխատեք, ե՞ս ինչ անեմ, ես էլ մեղք չունեմ, կգան հերս կանիծեն: Բա՞: Եվ սա դեռ, ասում են, սկիզբն է. շատ շուտով տոնավաճառների աշխատողներն այնպիսի մի աղմուկ են բարձրացնելու, որ վարչապետը «երկրորդ շարժման հետ է գործ ունենալու»…
Բնական է. ախր մարդիկ նախ` ահռելի գումարներ են վճարում տարատեսակ բուռնաշների՝ երբեմն նաև` առանց տարրական հարմարությունների և անօդ տարածություններում հայտնվելու համար, և հետո` փորձ ունեն, ուղղակի չեն հավատում վարչապետին, երբ սա ՀԴՄ դնելը պարտադրում է «բարաթով», իսկ տոնավաճառների տերերին «համոզելը», որ հանկարծ տեղի գինը չբարձրացնեն, «խոստանում է անբարաթ»: Բացի այդ` ի՞նչ է նշանակում «օրական պիտի հաշվառվի և ավելացված արժեքի հարկը վճարվի» անհեթեթ պահանջը: Ծիծաղելի է ուղղակի. չէ՞ որ այս պահանջն անհնար է կամ շատ դժվար ապահովելի անգամ գրասենյակներում, որտեղ Տիգրան Սարգսյանի նման առողջ, երիտասարդ, փողկապավոր մարդիկ են նստած. տոնավաճառներում դա ո՞նց են պատկերացնում իրականացնել, էն էլ` «մենք շուտով ամեն բան պարզացնելու ենք գործ անող մարդու համար» ճոռոմ ու փքուն նախնական խոստումների պայմաններում: Ո՞նց են պատկերացնում` քանի՞ անգամ է մարդը սխալվելու ու ամեն անգամ ստից մի սխալի պատճառով կարողանալո՞ւ է պահանջված 525 000 դրամ տուգանքը վճարել պետբյուջե, թե՞ ոչ: Ի՞նչ է տուն տանելու դրանից հետո էդ մարդը, հաշվե՞լ են: Կամ, ենթադրենք, տարածքը հոսանքազրկվեց վերջերս հաճախացած «պլանային աշխատանքներ» կատարելու պատճառով, և ամեն բան խափանվեց` ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու` տոնավաճառի տե՞րը, բաշխիչ ցանցե՞րը, թե՞ վաճառողը: Կամ` վարչապետին որտեղի՞ց է հայտնի, որ մեր երկրում 80 % առևտուրը կատարվում է տոնավաճառներում, այն էլ` ստվերում: Եթե անգամ այդպես է, ովքե՞ր են այսքան տարի շարունակ օգտվել այդ ստվերից, կարո՞ղ ենք իմանալ: Ի վերջո, մանավանդ կոռուպցիայի դեմ պայքարի վերջին «վայրենի ռեյդերը» (Գյումրիում և այլուր) գալիս-ապացուցում են մի պարզ հանգամանք, ըստ որի՝ եթե անգամ ինչ-որ բան այն չէ այս երկրում, դրանում անպայման կամ ոստիկանի, կամ քաղաքապետարանի աշխատակցի, կամ նախարարի, կամ վարչապետի, կամ նախագահի մատն է խառը: Սովորական քաղաքացին, այսինքն, էդքան «դուխ չունի», որ «ցանկապատը քանդի-տանի իր տուն»…
Թվում է` սրանք «մանր» հարցեր են, չէ՞: Բայց հենց մանրուքներն են, որ առավել ուշադիր է պետք դիտարկել, որովհետև այդպիսիք «գեշ խասիաթ ունեն»՝ հավաքվում են, հավաքվում, մեկ էլ տեսնում ես մարդը հաշվի չառավ Տիգրան Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի բարի մտադրությունները (ում հետ վարչապետը քննարկել է այս խնդիրը), իշխանությունների բոլոր որոշումների ու ընթացակարգերի օգտին «քվեարկեց ոտքերով»` երկրից հեռանալով:
Իսկ եթե ավելի լուրջ, անկեղծ ասած, ինձ համար ակնհայտ է հերթական այս PR-ի նպատակը. մի քանի անգամ ենք գրել, որ մենք «նարկոմանի» նման միայն ներկրումների, այլ խոսքերով` դրսից ուղարկված փողերի հաշվին առևտրի «ասեղի վրա ենք նստած»: Ոչ նորմալ տնտեսություն ունենք, այսինքն, ոչ բան: ՈՒ քանի որ հիմա կանգնել ենք կատարյալ աղետի առաջ, քանի որ նաև երկրի ՀՆԱ-ն է սկսել նվազել, դրա և տնտեսական աճի հիմնական գործոն շինարարությունն էլ էնտեղ է կանգ առել, նշանակում է` կառավարության ու բյուջեի ողջ հույսը առևտուրն է մնացել: Էստեղից պիտի «փող քամեն», այսինքն, այսուհետև, ինչը և անում են արդարության դիմակի կամ հավասար պայմաններ ստեղծելու քողի տակ: Շատ պարզ է: Ընդ որում, մարդիկ նստել, փողի չափն էլ են հաշվել արդեն: Համաձայն ՀՊԾ պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանի` նախատեսվում է, որ ՀԴՄ-ների կիրառման արդյունքում տարեկան պիտի լրացուցիչ մոտ 15 մլն դրամ մտնի պետբյուջե:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, տեսնելով այս «աննախադեպ» բողոքի արշավը, վարչապետը, ասում են, մի քիչ փափկել է. այլ խոսքերով` կառավարությունը սկսել է «անհատ ձեռնարկատերերին» ակնարկել, թե կարող են նաև պարզեցված հարկով աշխատել: Բա դա չէին հանե՞լ, հարցնում են շվարած «անհատ ձեռնարկատերերը» և իրենք էլ հարցին պատասխանում` սրանցից ո՞վ է գլուխ հանել, որ մենք գլուխ հանենք…

Դիտվել է՝ 10240

Մեկնաբանություններ