Աշխարհ, դարձել ես
անգույն կարուսել,
քո պտույտները
մերթ ձախ են, մերթ՝ աջ,
շղթաներդ հին
կախվել են օդից,
ամեն մի զնգոց
ցավ է ու հառաչ:
Օրը չի անում
ներկա-բացակա,
սատանայական
պտույտի մեջ ենք,
հողմի ալիք է՝
փոշեբեր ու խենթ,
կյանքը դարձել է
սևագիր էջեր:
Դրանք էլ քամին
հեռուն կտանի,
մի բարկ ճառագայթ
կրակին կտա,
կույր ժամանակը
իր թաց վրձինով
բոլորը կանի
անավարտ կտավ:
Աշխարհ, քո վերջը
տեսանելի է,
Ադամն ու Եվան
սուտ են տակավին.
մեր աչքերի մեջ
փայլերը մեռան,
երկնքից հետո
նայում են կավին:
9.12.23 թ.
Հռիփսիմե Հովհաննիսյան