***
Հայաստա՛ն,
անկախ ամենից իմ դավանա՜նքն ես,
իմ հավատա՛մքն ես առ զատ ամենքից:
Իմ աչքի լու՜յսն ես, հոգուս հմա՜յքն ես,
սեղմված այսպես իմ պողպատ կա՛մքն ես,
խոսքիս խաղացկուն արու՛ քմայքն ես`
Հայաստա՜ն:
Ո՛չ ինչքի ստրուկ յուրայիններդ,
ո՛չ իշխաններդ` զեխ ու անբարո,
ո՛չ օտարները` քեզ արհամարհող,
քո սերն իմ սրտում չեն կարող մարել:
Իմ էությունն ես ու իմ կրոնն ես,
հավերժի ճամփորդ իմ հին ու նորն ես`
Հայաստա՛ն :
Դու կա՛ս, կլինե՛ս…իմ միակ փառքն ես.
շատերին անտես` մշուշով ծածկված
իմ բարձր թագն ես, Հայաստա՛ն:
Օ՜, հուր հրածին և ազատատենչ
Մասիսից իջնող խարտյաշ Վահա՛գն ես,
ծավի Աստղիկն ես, Հայաստա՛ն :
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ