Ես չգիտեմ, թե կարոտը
Ինչ գույն ունի օտարի մոտ,
Բայց Հայի մոտ նա անգույն է
Եվ թափանցիկ է, ինչպես՝ օդ...
Ի՞նչ իմանամ՝ օտարի մոտ
Ինչպիսի՞ն է նրա համը,
Երբ Հայի մոտ չի հագենում
Պապակ սրտի խենթ ծարավը...
Ինձ թվում է, մենք՝ Հայերս,
Կարոտից ենք հիվանդանում.
Հեշտ բան հո չէ՞, մեր շատերին
Սփյուռքահայ ենք անվանում:
Լեռնային է մեր երկիրը,
Գուցե սարե՞րն են մեղավոր՝
Հեռանալը շատ սահուն է,
Ետ դառնալը՝ դժվա՜ր, ցավո՜տ..
Ինչ էլ լինի, ուր էլ մնանք՝
Մեզ տանջում է մի խենթ կարոտ...
Ե՞րբ կբացվեն դռներն հուսո,
Էրգրում զարթնենք մի առավոտ...
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ