Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Դրանից վեր լուռ սերն է

Դրանից վեր լուռ սերն է
30.01.2024 | 16:44

Երբ ամպերը ներքևում մնացին, մեկ էլ հայտնվեցինք թափանցիկ թիթեռների ամպի մեջ։ Թիթեռները պտտվում էին մեր շուրջը, նստում մեր գլխին, ուսերին, թևերին, բայց չէին խանգարում, հաճելի էր։ Հետո թիթեռների ամպը վերջանում էր, ու մի քիչ վերևում նորն էր սկսվում, սա վերջանում էր, ու ավելի վերևում նոր ամպ էր․․․

-Սրանք մարդկանց աղոթքներն են, քննության են սպասում, որ կատարվեն կամ մերժվեն։ Էս ամենաներքևի թիթեռներն էն աղոթքներն են, երբ մարդն իր համար մի բան է խնդրել՝ առողջություն, երջանկություն, հաջողություն, փող։ Դրանք ամենավերջում են քննություն անցնում։ Դրանից վեր էն աղոթքներն են, երբ մարդն աղոթել է իր սիրելիների համար՝ ընտանիքի, հարազատների, ընկերների համար, մտերիմ մեկի մահից հետո նրա մեղքերին թողություն է խնդրել։ Ավելի վեր էն աղոթքներն են, երբ մարդն աղոթել է հայրենիքի, հարազատ քաղաքի, ազգի համար։ Ավելի վեր նրանք են, երբ աղոթել են օտարի համար՝ սահմանին կանգնած անծանոթ զինվորի, հիվանդանոց ընկած օտար մարդու, ասֆալտի վրա կուչ եկած փողոցային շան համար։ Իսկ ամենավերևում էն աղոթքներն են, երբ մարդն աղոթել է անեծքի փոխարեն՝ թողություն է խնդրել իրեն թալանած ավազակի, հարազատին սպանողի, թշնամու համար։

-Իսկ դրանից վե՞ր։

-Դրանից վեր աղոթք չկա, դրանից վեր լուռ սերն է՝ ոչ մեկից ոչինչ չխնդրող, ոչ մեկից ոչինչ չսպասող, ոտից գլուխ նվիրված, ապրող ու ապրեցնող սերը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6414

Մեկնաբանություններ