Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
13.03.2020 | 01:16
Իմ հաջորդ պատմությունը անձնական փորձից է գալիս, կոնկրետ օրինակով կփորձեմ բացատրել մեր կյանքում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումների որոշ առանձնահատկությունները՝ բոլոր նրբություններով: Համակարգային կոռուպցիան խորհրդային ժամանակներից մեզ ժառանգություն հասած բացասական երևույթ է, որը զարգանալու պարարտ հող գտավ անկախության պայմաններում և պատճառ դարձավ, որ մեր երկիրը հայտնվի տնտեսական խոր ճգնաժամի մեջ, ու շարունակում է խանգարել՝ թույլ չտալով դուրս գալ այդ վիճակից: Հայաստանի Առաջին Հանրապետությունն էլ կործանվեց, բայց պատմական հայրենիքը կորցրած ու որբ դարձած մարդկանց հայրենանվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ հետագայում, արդեն խորհրդային տարիներին, երկիրը դուրս բերել անելանելի դրությունից ու վստահ քայլերով այն տանել դեպի կայուն զարգացում: Ընդամենը 20 տարվա ընթացքում Հայաստանը կարողացավ հաղթահարել սովն ու համաճարակները, կայացավ՝ որպես երկիր, 50 տարի անց դարձավ արդյունաբերական հզոր երկիր, հասավ իր տնտեսական ծաղկման պատմական գագաթնակետին, և գիտե՞ք ինչու, որովհետև Ստալինին հաջողվեց կաշառակերության ու համակարգային կոռուպցիայի քոքը կտրել բոլոր հանրապետություններում, նաև Հայաստանում, դաժանորեն ոչնչացնելով այդ երևույթը ծնողներին ու կրողներին:
Իհարկե, Ստալինին կարելի է քննադատել, համաձայն եմ, որ քննադատելու բաներ կգտնվեն, բայց պետք չէ մոռանալ, որ նրան հաջողվեց խորհրդային երկիրը դնել բնականոն տնտեսական զարգացման ռելսերի վրա՝ չեզոքացնելով ու անկենսունակ դարձնելով բոլոր կաշառակերներին՝ իրենց ժառանգներով հանդերձ: Ստալինի դաժանությունները թանկ նստեցին խորհրդային բոլոր ժողովրդների, այդ թվում հայերիս վրա, բազմաթիվ ագահ, կաշառակեր, տմարդի, խաբող, իրավունքը չպաշտպանող, ստահակ, ծույլ, կեղծավոր, ցուցամոլ, սնափառների հետ գնդակահարվեցին կամ աքսորվեցին բազմաթիվ ազնիվ ու անմեղ մարդիկ, բայց, ի՜նչ արած, գուցե դա էր ճիշտը, միգուցե միայն այդպես էր հնարավոր վերացնել երկրի բնականոն զարգացմանը խոչընդոտող կոռուպցիայի ու կաշառակերության արհեստածին խոչընդոտները:
Հավանաբար աշխատող, իրեն պաշտպանելու ունակ պետություն կառուցելն այնքան էլ դյուրին գործ չէ, ստալինյան դաժանությունները կարող են դիտարկվել որպես ժամանակի պահանջներով թելադրված, ժամանակի պահանջներին համահունչ կազմակերպական պրոցես, որի նպատակը խորհրդային հասարակության առողջացումն ու երկրի տնտսության զարգացումն է եղել: Ստալինյան հակակոռուպցիոն պայքարի արդյունքներն իրենց երկար սպասել չտվեցին. պատմական կարճ ժամանակահատվածում ավերակների վերածված Խորհրդային Միությունը դարձավ աշխարհի գերհզոր տերություններից մեկը, որին հաջողվեց կոտրել Գերմանիայի նման տեխնոլոգիապես զարգացած ու հզոր տնտեսություն ունեցող երկրի մեջքը, կոտրեց ավելի արդար հասարակություն կառուցող ժողովրդի կամքով ու, առաջին հերթին, արարած արդյունաբերությամբ:
Շուտով կլրանա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, որը, առաջին հերթին, մեր ժողովրդի հաղթանակն էր: Խորհրդային երկիրը հաղթեց ոչ միայն զարգացած արդյունաբերություն ու խիստ կազմակերպված հասարակություն ունեցող Գերմանիային, այլև նրա օգտին աշխատող եվրոպական ողջ հանրությանը։ Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, մյուսների տնտեսական աճը պատերազմի տարիներին նվազել էր ընդամենը 3 տոկոսով: Ստալինի դաժանությունները թույլ տվեցին երկրում ձևավորել համատարած վախի մթնոլորտ, որի պայմաններում օրենքը դարձավ օրենք, օրենք՝ բոլորի համար՝ անկախ մարդկանց սոցիալական կարգավիճակից ու գրաված պաշտոններից: Միամտություն կլիներ կարծել, թե Ստալինին հաջողվեց իսպառ վերացնել կաշառակերությունը։ Իհարկե ոչ։ Բայց այն գործում էր վախի ու կասկածամտության այնպիսի մթնոլորտում, որ մասսայական տարածում ստանալ և երկրի տնտեսության զարգացման վրա էական ազդեցություն գործել չէր կարող, չկար կաշառակերության փորձի փոխանակման ու տարածման այն միջավայրը, որը ձևավորվեց Խրուշչովի տարիներին, բուռն զարգացում ստացավ Բրեժնևի ժամանակ ու, թոկից փախած մոզիների նվիրվածությամբ, մասսայական դարձավ արդեն Գորբաչովի «տպՐպրՑՐՏռՍՈ»-ի տարիներին և ահագնացող թափ հավաքեց անկախության մեր 30 տարիներին։ Դատելով Փաշինյանի շուրջը հավաքված կաշառակերների ախորժակից, մեր օրերում այդ դրսևորումները տեմպային զարգացման միտում ունեն: Հիմա ոչ մեկի վեջը չէ, որ կաշառքը, ներառյալ մեր օրերում կյանքի ուղեգիր ստացած պարգևավճարները, դարձել են աշխատավարձից դուրս տրվող վարձատրության ձև: Իհարկե, մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ կոռուպցիայի ու կաշառակերության պատճառով է, որ մեր տնտեսությունը շարունակում է անկում ապրել, բայց ի՞նչ անես, եթե դա է իրողությունը, որը հաստատվել ու առաջ է շարժվում մեր անկախ երկրի իշխանությունների գիտությամբ ու ջանքերով: Նման դեպքերում է, որ մարդիկ, ժամանակ առ ժամանակ, հիշում են Ստալինին, թե նման իրավիճակներում նա ինչ ելք կգտներ, ինչ կաներ:
Ստալինի մասին խոսելիս մենք ոչ թե նրա գովքն ենք անում կամ մտածում նրա մարդկային կերպարի, թերությունների, թուլությունների կամ արժանիքների, այլ, առաջին հերթին, նրա կիրառած դաժան ու աշխատող մեթոդների մասին: Գիտեմ, որ այստեղ էլ քննադատողների պակաս չեմ ունենա, բայց ի՞նչ անես, երբ մեր երեխաների ապագան են քո աչքի առաջ կործանում, իսկ դու ոչինչ անել չես կարող, դրա դեմն առնելու միջոցներ չես գտնում: Բայց պայքարելը կենսական անհրաժեշտություն է:
ԽՍՀՄ վերջին տարիներին գործող կոռուպցիոն համակարգը, զարմանալի նմանությամբ ու հետևողականությամբ, աշխատում է նաև մեր օրերում, անգամ փաշինյանական «հեղափոխությունը» չօգնեց, որ մենք ազատվենք այդ վնասակար սովորությունից ու սկսենք աշխատել մարդավարի, այնպես, որ կարողանանք կազմակերպել մեր տնտեսությունը և ստեղծենք միջազգային շուկայի համար ընդունելի արտադրանք տվող գործարաններ ու ֆաբրիկաներ:
Միայն կոռուպցիայից ու կաշառակերությունից զերծ երկրում էր հնարավոր, որ աշխատեր սոցիալիզմի հիմնական տնտեսական սկզբունքը` յուրաքանչյուրն՝ ըստ իր ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր տված արդյունքի (տված արդյունքի քանակին ու որակին համապատասխան): Ստալինի ժամանակ բոլորը պարտավոր էին աշխատելու ի նպաստ երկրի, պարտավոր էին երկրին օգուտ տալու, այդ օգուտները գումարվում-գումարվում ու, մի գեղեցիկ օր էլ բյուջե էին դառնում, որն օգտագործվում էր ԽՍՀՄ-ի տնտեսական, ռազմական, գիտական, սոցիալական զարգացման համար: Մարդկությունը այլ ճանապարհ չի հորինել. բարգավաճ կյանքով ապրելու համար պետք է աշխատել՝ անընդհատ բարձրացնելով աշխատանքի արտադրողականությունը, մարդկային հանրության օգտակար գործողության գործակիցը, որն էլ կանխորոշում է երկրների ընդհանուր տնտեսության զարգացումն ու սոցիալական խնդիրների լուծման հաջողությունը:
Ագահ, կաշառակեր, տմարդի, խաբող, իրավունքը չպաշտպանող, ստահակ, ծույլ, կեղծավոր, ցուցամոլ, սնափառ իշխանավորներն այստեղ անելիք չունեն ու վտանգավոր են տարբեր պատճառներով.
ա) նման մարդիկ միայն սպառողներ ու երկրին նյութական վնաս պատճառողներ են լինում,
բ) իրենց ագահ, կաշառակեր, տմարդի, խաբող, իրավունքը չպաշտպանող, ստահակ, ծույլ, կեղծավոր, ցուցամոլ, սնափառ հատկանիշները ակտիվորեն տարածում են առողջ հասարակության մեջ՝ վատ օրինակ ծառայելով մյուսների ու, հատկապես, աճող սերնդի համար,
գ) ձգտելով ու տիրանալով իշխանական լծակներին` մշտապես արգելափակում են հասարակության առողջ, ստեղծագործ ուժերի ակտիվ, երկրաստեղծ գործունեությունը, որովհետև դա համահունչ է մեր երկրի թշնամիների ցանկություններին, դա պատվեր է դրսի ուժերի կողմից:
Օտար երկրների շահերին ծառայող հայ գործակալների մեջ այսպիսի համոզմունք է ձևավորվել, թե մարդ պետք է հիմար լինի, որ համաձայնի միայն մեկ երկրի գործակալը դառնալու: Սա էլ է սկզբունք, սկզբունք է ագահ, կաշառակեր, տմարդի, խաբող, իրավունքը չպաշտպանող, ստահակ, ծույլ, կեղծավոր, ցուցամոլ, սնափառ հայերի համար, որոնցից պետք է ազատվել նաև ստալինյան հայտնի մեթոդները կիրառելով։ ՈՒ որքան շուտ, այնքան լավ, դա կլինի արդարացի ու արդարացված, այլապես ուշ կլինի, մեր երկրում ոչինչ չի ստացվի:
Ցավով եմ նշում` կոռուպցիայի պատճառով բախվել ենք պատային մի իրավիճակի... Պատերազմող, Սպիտակի երկրաշարժի վերքերը դեռևս չամոքած երկիրը կանգնել է լինել-չլինելու խնդրի առաջ: Ստեղծված իրավիճակը ստիպում է, որ Հայաստանը պայքարի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, երկիրը հզորացնելու, բանակն առավել մարտունակ դարձնելու, բնակչության աճն ապահովելու համար։ 30 տարի ոչինչ չի արվել, մատը մատին չի խփում նաև Փաշինյանի իշխանությունը, հիմա էլ հանրաքվե-վարչապետ կամ վարչապետ-հանրաքվե խաղերն են խաղում, որովհետև երկիրը դարձյալ մնացել է ագահ, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, ցուցամոլ, սնափառ իշխանավորների տրամադրության տակ, շարժվում է նրանց քթի ջրով: Խրուշչովի հալհլոցը, Բրեժնևի անչար ու անատամ կուրսը ու, հատկապես, Գորբաչովի «տպՐպրՑՐՏռՍՈե-ն, ,չսՈրՑվՏրՑՖե-ը կամ ,ցրՍՏՐպվՌպե-ն նպաստեցին, որ կաշառակերությունն ու համատարած կոռուպցիան խոր արմատներ ձգեն ու զարգանան ԽՍՀՄ-ի ողջ տարածքով մեկ ու, հետագայում, նոր շունչ առած ծաղկեն ու բարգավաճեն հետխորհրդային բոլոր երկրներում: ՈՒկրաինա-Ռուսաստան, Ադրբեջան-Հայաստան հակամարտությունների, նաև Բելառուս-Ադրբեջան սիրախաղի հիմքում դրված է հետստալինյան տարիներին զարգացած կոռուպցիան, որի դեմ պայքարողները չկան, որովհետև այդ պետությունների գլխին կանգնած են նույն ագահ, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, ցուցամոլ, սնափառ իշխանավորները:
Ճակատագրի բերումով, իմ կամքից անկախ, դարձա կաշառակերության ու կոռուպցիայի դեմ պայքարող ժողովրդական վրիժառու՝ հասկանալով, որ միայն ներքևից, մեր սեփական ջանքերով ու նախաձեռնությամբ է հնարավոր հաղթահարել հասարակության մեջ մետաստազներ տված ու մեր զարգացումն արգելակող կոռուպցիան: Տանը նստածս տեղը կարողացա բացահայտել Հայաստանի դատաիրավական համակարգում գործող կոռուպցիոն սխեմաներից մեկը, որի չեզոքացման վրա ես կշարունակեմ աշխատել: Եթե մեզանից յուրաքանչյուրն իր վրա վերցնի հասարակության առողջացման, կաշառակերության դեմ պայքարի իրեն հասանելի բաժինը, ապա մենք հաջողություն կունենանք նաև հակակոռուպցիոն պայքարի ճակատում:
2015 թվին իմ ընտանիքի դեմ սկսվեց դատական պրոցեսների 4-րդ փուլը: Հարևանի հայցով բացվեց ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործը (դատավոր` Ռուբեն Ներսիսյան): Ոմանց թվում է, թե կաշառքը մութ տեղը լույս է տալիս, կարելի է այդպիսով լուծել իրենց բնակարանային խնդիրները՝ հարևանների օրինական շահերի հաշվին: Նշեմ, որ Ներսիսյանը մեր փորձված դատավորներից է, ում վրա դրված է «Սանիտեկի» աղմկահարույց գործը՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, և հիշեցնեմ այն պարզ ճշմարտությունը, որ փորձված գայլերը միշտ երկու ոտքով են թակարդն ընկնում: Մեր դեպքում էլ բացառություն չեղավ, դատավոր Ռուբեն Ներսիսյանի «օգնությամբ» ինձ հաջողվեց բացահայտել մեր դատաիրավական համակարգում գործող դատավոր-փաստաբան-փորձագետ-ոստիկանություն-դատախազություն կոռուպցիոն սխեմաներից մեկը, որի չեզոքացումը դարձավ հակակոռուպցիոն իմ պայքարի նպատակը, ակնկալում եմ հաջողությունների հասնել նաև այս գործում, բայց ամեն ինչ հերթով: Այդ գործը կարող էր նաև վարույթ չընդունվել՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա են ՀՀ վարչական դատարանի 03.12.02014 թ. թիվ ՎԴ/0555/05/14 վարչական գործով վարույթը կարճելու մասին որոշումը և օրինական ուժի մեջ մտած վճիռը: ԵԿԴ/3442/02/15 գործը կարող էր վարույթ չընդունվել նաև մեկ այլ պատճառով, որովհետև իմ ընտանիքի նկատմամբ հայցվորների պահանջը առարկայազուրկ է: Հայցը այսպիսի բովանդակություն ունի. «մասնակի անվավեր ճանաչել թիվ 9 բնակարանի պատշգամբի սեփականաշնորհման իրավունքը»: Դատարանի պատասխանատվության տակ է դրվում «մասնակիության» չափի որոշումը, ինչը հակասում է օրենքներին ու առողջ բանականությանը: Դատական ատյանների առաջ պետք է դրվեն հստակ պահանջներ, կոնկրետ տվյալներ, որոնք, տվյալ դեպքում, չեն հակասում գործող շինարարական նորմերին կամ բխում են շենքի ճարտարապետական նախագծից, որոնք արդեն խախտված են հենց հայցվորների կողմից՝ ի վնաս պատասխանող կողմի: Դատավորների կողմից օրենքների խախտումները կարող ենք ընկալել որպես անգրագիտության և օրենքի չիմացության արդյունք կամ կոռուպցիոն գործարքների հետևանք, երկուսն էլ դատապարտելի են։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է:
Դատական պրոցեսին մենք իրավունք ունեինք ներկայանալու մեր արդարացի պահանջներով՝ հակընդդեմ հայց տալու միջոցով: Հակընդդեմ հայցով ներկայանալը ճիշտ էր, որովհետև մեր բնակարանի նկատմամբ չարաշահումներ են կատարվել քաղաքային իշխանությունների ու կոնկրետ անձանց կողմից, բազմաթիվ կետերով խախտված են մեր ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքները, և հակընդդեմ հայցը բոլոր կետերով համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ 1-ին հոդվածի՝ հակընդդեմ հայցեր հարուցելու համար պատասխանող կողմերի իրավունքներին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 96-ի 1-ին, 2-րդ, 3-րդի 1) 2) և 3) մասերով), պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցելու ընդդեմ հայցվորի՝ սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե 1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, 2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, 3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը: Բայց դատավոր Ռուբեն Ներսիսյանը մեր հակընդդեմ հայցը չընդունեց: Հարցրի` ինչու՞:
-Դուք դատական նիստը խանգարում եք, ես հիմա Ձեզ մինիմալ աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով կտուգանք կսահմանեմ:
-Չգիտեի:
-Դարձյալ խանգարեցիք:
-Ներողություն:
-Էլի խանգարեցիք:
Ինձ համար պարզ դարձավ, որ դատավորն իր տարերքի մեջ է, գործը լավ է հասկանում ու տանում է ճիշտ ուղղությամբ, երևում էր, որ մտել է կոռուպցիոն ռիսկերի դաշտը, ցանկալի արդյունքին հասնելու համար բարոյական ճնշում է գործադրում պատասխանող կողմի վրա, որ ավելի «պատասխանող» դառնա ու վաղօրոք, մինչև ՀՀ անունից կայանալիք վճիռը, հաշտվի պարտության մտքի հետ: Դա պարզորոշ երևաց նաև մեր բնակարանի վրա կալանք դնելու նրա որոշումից, դա դատական պրակտիկայում հազվադեպ օգտագործվող այն զսպաշապիկն է, որի կիրառումը անհասկանալի ու անբացատրելի մնաց նույնիսկ ճանաչված փաստաբանների կողմից:
Դատավորը մերժեց նաև իմ ընտանիքի շահերը դատարանում ներկայացնելու փաստաբան ընկերոջս լիազորությունները՝ փաստաբանների պալատի անդամ չլինելու պատճառաբանությամբ, սա հազիվհազ օրենքի պահանջ է համարվում, որի նպատակահարմարությունը այսօր վիճարկվում է ՀՀ ԱԺ-ում. դատարաններում անվճար փաստաբանական օգնություն կարող է ցուցադրել ցանկացած ոք՝ չլինելով փաստաբանների պալատի անդամ (փաստաբանների պալատի անդամ դառնալը կարևոր է իրավաբանների համար և ունի բավական վառ արտահայտված կոռուպցիոն ռիսկեր):
Սահմանադրական դատարանի կողմից արված պաշտոնական պարզաբանումներից ու պաշտոնական գրությունից հետո էլ մեր փաստաբանի խնդիրը չլուծեցին, և ես, իմ չունեցած իրավաբանական գիտելիքներով, մենակ մնացի փորձառու դատավոր Ռուբեն Ներսիսյանի դեմ հանդիման: ՈՒթ տարվա դատական քաշքշուկների պրակտիկան առիթ դարձավ, որ ես դառնամ ինքնուս փաստաբան ու արդեն հեռվից հեռու, յոթ վերստից տեսնում ու գնահատում եմ մեր դատավորների անաչառության չափը, նրանց մեքենայությունները: Արդար դատավորներ, անշուշտ ունենք, բայց դա, անշուշտ, Ռուբեն Ներսիսյանը չէ, ով որքան խորամանկ, նույնքան էլ զգույշ է և մի քանի տարի անց ստիպված եղավ կարճելու մեր դատական գործը՝ օդում կախված թողնելով հարևանների հետ ունեցած վիճահարույց խնդիրների լուծումը:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ