Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․  Բարի եկար, Հայրենակից
25.07.2023 | 09:39

«Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ Հայրենիքին համար, հայ ժողովուրդին համար...»,-ահա այսպես էր Մխիթար Սեբաստացին բնութագրում Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ երկար դեգերումներից հետո իր իսկ գերմարդկային ջանքերի և անլուր տառապանքների գնով հիմնադրված միաբանությունը՝ հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային այս կազմակերպությունը, պիտի դառնար լուսավորության փարոս՝ իր ճառագայթները հասցնելով աշխարհի բոլոր այն վայրերը, ուր հայեր էին ապրում՝ դեպի հայկական գաղթօջախներ և Հայաստան:

Իսկ ինքը՝ Մխիթար Սեբաստացին, ում վիճակված էր հեղաբեկելու հայ մտավոր կյանքը, իրավամբ անվանվելու էր «Լուսանորոգն Մխիթար», հայերի նոր Լուսավորիչ, երկրորդ Մեսրոպ։ Նա, առաջնորդվելով «Ի փառս Աստուծոյ եւ յանուն լուսաւորութեանն ազգի մերոյ» կարգախոսով՝ իր առջև հսկայական խնդիր էր դնելու, որը փայլուն կատարելու էին մխիթարյանների երկու-երեք սերունդներ՝ մի կողմից կորցրած, բայց հայերեն ձեռագրերում պահպանված քրիստոնեական քաղաքակրթության արժեքները փոխանցել Եվրոպային, իսկ մյուս կողմից՝ թարգմանել հայերեն և հայ ժողովրդին փոխանցել եվրոպական մշակույթի, գիտության, գրականության ձեռքբերումները: Արդյունքում ողջ Հայաստանի համար ստեղծված հոգևոր առաջընթացի այդ հզոր կենտրոնը վերականգնելու էր անցյալի ավանդները, զարկ էր տալու հայ կյանքի լուսավորությանը և տարածելու էր ժամանակի եվրոպական քաղաքակրթության և գիտության նվաճումները։ Պատահական չէ, որ Լեոն 18-րդ դարը բնորոշել է որպես Մխիթարյան դար՝ որպես մեր մտավոր մշակույթի պատմության վերածնունդ։

Եվ այսպես, եկեղեցական, հասարակական ու մշակութային գործիչ, հայագետ, բնագետ, թարգմանիչ ու մանկավարժ Մխիթար Սեբաստացին, որը Հայաստանի դժնդակ իրականության մեջ իր կազմակերպած վանական միաբանությամբ եվրոպական աստիճանի բարձրացրեց գրական-մշակութային և գիտաուսումնական կյանքի կազմակերպումն ու հայ գրատպությունը, ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին Սեբաստիա քաղաքի Հողդար թաղամասում (պատմական Փոքր Հայք), վաճառական Պետրոսի և Շահրիստանի ընտանիքում։ Ծնողները փոքրիկին մկրտության ժամանակ կնքում են հորական պապի՝ Մանուկի անունով։ 1685-1691 թթ․ սովորում է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում, որտեղ և 1691 թ․ Մխիթար անունով սարկավագ է օծվում։ ՈՒսման տենչով տոգորված՝ վանական կրթությունը շարունակում է Ս. Էջմիածնի, Սևանի ու Կարինի (Հնձուց) վանքերում։ 1693 թ․ ապրիլին Սևանա կղզում նրան հայտնվում է Աստվածամոր տեսիլքը, ինչը դառնում է նրա հետագա կյանքի ուղեցույցը և դժվարությունները հաղթահարելու հենասյունը։

«Կիսաստուերի մէջ ծնրադիր, ուժասպառ հոգեկան ապրումներու եւ խռովքներու յարատեւ պայքարէն, տասնվեցամեայ Մխիթար սարկաւագը, Սեւանի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, երկարաշունչ աղօթքներու եւ արտասուսուալից պաղատանքներու հեղեղին տակ, յոգնաբեկ՝ քունի կ՚անցնի Աստուածամօր պատկերին դիմաց: Եւ ահա՛ ամենօրհնեալ Ս. Կոյս Մարիամ Աստուածածինը իրեն կը յայտնուի պայծառ տեսքով, փառաւոր ծաղկեայ հագուստով, առանց մանուկ Յիսուսին, իր հետ ունենալով կոյսեր, որ Մխիթարի կը յուշէին թէ Ամենասուրբ Կոյս Աստուածածինն է: Տիրամայրը մխիթարելով զինք հարց կու տայ թէ ի՞նչ կը խնդրէր, պատանին կը պատասխանէ. «Ես չեմ գիտեր Տիրուհի, թէ ի՞նչն է ինծի պիտանի եւ օգտակար, որ խնդրեմ.

«Այն կ՚ուզեմ ինչ դուն կ՚ուզես, եւ այն միայն կը խնդրեմ ինչ որ դուն գիտես որ ինծի օգտակար է եւ կ՚ուզես տալ»: Տիրամայրը կը պատասխանէ.

«Բարի, պիտի կատարեմ խնդրանքդ»:

Տեսիլքը կ՚անհետանայ, իսկ Մխիթար քունէն արթննալով՝ սիրտը խաղաղած, մխիթարուած եւ քաջալերուած, շնորհակալութիւն կը յայտնէ Աստուծոյ: Այս տեսիլքն է որ կը դրոշմէ մխիթարի ամբողջ կեանքը, աննկուն կամքը, անխոնջ աշխատանքը եւ հաստատուն հաւատքը: Աստուածամօր խօսքին զօրութեամբ՝ Մխիթար կը հիմնէ իր միաբանութիւնը որ առ այսօր կը գոյատեւէ մի միայն ամենասուրբ Կոյսի «Եղիցի»-ով:»:

Հետագայում միաբանության անդամներն այս պատճառով իրենց անվանում են Սուրբ Կույսի որդեգիրներ, որը նաև գրվում է միաբանության զինանշանի վրա՝ «Ո. Կ. Վ. Ա.՝ Որդեգիր Կուսին, Վարդապետ Ապաշխարութեան»։ Մխիթարյան միաբանության զինանշանը վահանի նման է, որի կենտրոնում խաչ է, խաչի ծայրերին վերոնշյալ տառերն են` Ո. Կ. Վ. Ա.: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

1694 թ․ հունիսին ծնողներին տեսակցելու նպատակով վերադառնալով Սեբաստիա՝ կրկին ծառայության է մտնում Ս․ Նշան եկեղեցի։ Սակայն նույն տարվա հոկտեմբերին երկու աչքերն էլ բորբոքվում են, իսկ դեկտեմբերին, սխալ բուժման արդյունքում, տեսողությունը բոլորովին կորցնում է, և մինչև գարուն ստիպված է լինում մնալ տանը և ծնողների հոգածության ներքո ապաքինվել։ Մի դեղագործի օգնությամբ գարնանը վերջապես հաջողվում է մաքրել աչքերում լցված արյունը, և տեսողությունը վերականգնելուն պես՝ մայիսին վերադառնում է վանք։

1695 թ. Մխիթարը մեկնում է Բերիա (այժմ՝ Հալեպ)՝ այնտեղից Հռոմ մեկնելու մտադրությամբ։ Այստեղ ծանոթանում է կաթոլիկ միսիոներների հետ, ինչը նրա կյանքում բեկումնալից է լինում, քանզի Հռո­մի հետ միա­բան­վե­լը դիտարկելով մի­ջոց՝ նպա­տա­կին հասնելու հա­մար, վճռական քայլի է դիմում՝ ըն­դու­նում է կաթոլիկ դավանանքը, սակայն հո­գու խոր­քում միշտ էլ մնում է հայ ազ­գա­յին ե­կե­ղե­ցու

կողմ­նա­կի­ցը՝ շարունակելով պահպանել Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթները․ Մխիթարյան միաբանությունն աշխարհում միակ կաթոլիկ համայնքն է, որը երբեք լատինացված չի եղել։ Մխիթարյանների արարողությունները երբեք չեն եղել լատինածես և չեն կատարվել լատիներենով, այլ միայն հայերենով՝ համաձայն Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի։

Բերիայում մի քանի ամիս մնալուց հետո 1695 թ․ նոյեմբերին կրկին վերադառնում է Սեբաստիա, քանզի ծանր հիվանդության պատճառով այդպես էլ չի կարողանում մեկնել Հռոմ։

Ապաքինումից հետո կրկին վերադառնալով Սուրբ Նշան՝ 1696 թ. մայիսի 17-ին ՝ 20 տարեկանում, կուսակրոն քահանա է ձեռնադրվում։ Սակայն ոչ նրա թափառումները, ոչ նրա այս ու այն վանքում ծառայելը բավարարում չէին տալիս նրա մտքին ու զգացմունքներին, բավարարում չէին տալիս իր էության մեջ ապրող և հասունացող կարևոր երազանքին։ ՈՒստի իր գիտելիքները կատարելագործելու հույսով, որպեսզի կարողանար իրագործել իր երազանքը՝ 1697 թ․ գնում է Կոստանդնուպոլիս, որը պատրիարքության կենտրոնն էր։ Այստեղ ծանոթանում է հայ նշանավոր հանրագետ մտածող, ժամանակի ամենաիմաստուն այրերից մեկի՝ Խաչատուր Էրզրումեցու հետ։ Վերջինս մեծ ներդրում ունի եվրոպական միտքն ու գիտությունը հայոց կյանք ներբերելու, այն ազգայնացնելու և ժամանակի տեսական-գեղագիտական միտքը նոր արժեքներով հարստացնելու հարցերում:

Խաչատուր Էրզրումեցին կաթոլիկ էր, բայց կաթոլիկ դավանություն չէր քարոզում, այլ ականատես լինելով հայերի միջև դավանաբանական, երբեմն անպատշաճության հասնող վեճերին՝ հաշտություն և միություն էր քարոզում։ Մխիթարը Խաչատուր վարդապետից 6 ամիս քերականություն սովորելու դասեր է առնում, և մի օր էլ ուսուցչին հայտնում է վանական միաբանություն կազմավորելու իր մտադրությունը՝ առաջարկելով կանգնել գործի գլուխ, իսկ իրեն համեստորեն վերապահելով «գործակցի» դերը: Ողջունելով և քաջալերելով հանդերձ՝ Խաչատուր վարդապետը, սակայն, անգործադրելի համարելով նման ծրագիրը, հրաժարվում է վերջինիս իրականացմանը մասնակցելուց։ Հետագայում, երբ Մխիթարին, այնուամենայնիվ, հաջողվում է հիմնադրել միաբանությունը, Խաչատուր Էրզրումեցին դառնում է միաբանության գործակիցը և աջակիցը, չնայած, որ այդպես էլ չի դառնում միաբանության անդամ․ «Թէեւ ես անոր անդամ չեմ, սակայն այս միաբանութիւնը իմս է, այս միաբանները իմիններս են: Այս մարդը (Սեբաստացին) իմ ժառանգութիւնս է, անոր Միաբանութիւնը՝ իմ յաջողութիւնս»:

Հռոմի Ս. Ժողովի մոտ անառարկելի հեղինակություն և ազդեցություն վայելող Խաչատուր Էրզրումեցին միշտ պաշտպանել է Մխիթար Աբբային, նեցուկ կանգնել նրան նեղ ու դժվարին բոլոր օրերին:

Միաբանություն հիմնադրելու գաղափարն այլևս Մխիթարի կյանքի նպատակն էր: Նա գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով, որտեղ 1699 թ.՝ 23 տարեկանում, մեծ հանդիսությամբ ստանում է վարդապետական ծայրագույն գավազանը։ Եվ ահա 1700 թ. կրկին գնալով Կ. Պոլիս՝ այնտեղ կյանքի է կոչում իր կյանքի նպատակը․ 1700 թ. սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջը համախմբված 9 երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են միաբանություն և անմիջապես լծվում հոգևոր գրքեր տպագրելու գործին, որպեսզի կարողանան դրանց եկամուտով տուն վարձել։

Մեկ տարի անց՝ 1701 թ․ ապրիլին, Սեբաստացին Կ․ Պոլսի Բեյօղլի թաղամասում մի բնակարան է վարձում, որտեղ բացում է իր դպրոցը և հրատարակում կրոնական բովանդակության՝ լատիներենից թարգմանված չորս գիրք։ Բայց այդ շրջանում Պոլսում պայմանները խիստ անբարենպաստ էին․ Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները կրկին լարվել էին՝ հասնելով արյունալի բախումների, և Մխիթարյանները շատ շուտով հայտնվում են լուսավորչական և կաթոլիկ հայերի պայքարի կենտրոնում։

Արդյունքում Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին՝ Մխիթար Սեբաստացուն, Խաչատուր Էրզրումեցուն, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն:

Սեբաստացին, հասկանալով, որ պատմական Հայաստանի տարածքում կամ Պոլսում թուրքական իչխանությունների անմիջական ճնշման ներքո հնարավոր չէ հայ վանական այնպիսի մի հաստատության գործունեությունը, ինչպիսին ինքն էր պատկերացնում, հարկադրված այլ ճանապարհ է ընտրում:

1700 թ. Պոլսում հիմնադրած «Սուրբ Անտոն աբբայի» միաբանությունը 1703 թ․ փոխադրում է Վենետիկի Հանրապետության ներքո գտնվող Հունաստանի Մորեա նահանգի Մեթոն ծովահայաց բերդաքաղաքը, որտեղ Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ ձեռնամուխ է լինում վանքի կառուցմանը։

Երեք տարի անց՝ 1706 թ․, ավարտին է հասցնում վանքի շինարարությունը, իսկ երկու տարի անց՝ վանքին կից Ս․ Անտոն Անապատականին նվիրված եկեղեցին։ Նաև ապրուստի համար պարտեզ և ձիթաստան է ձեռք բերում։

Կղեմես XI Պապը 1712 թ. հաստատում է «Սուրբ Անտոն աբբայի» միաբանության կանոնադրությունը՝ Մխիթարին նշանակելով Աբբահայր (Կանոնադրության համաձայն՝ Մխիթարյան միաբանության անդամ կարող է դառնալ բացառապես հայազգի հոգևորականը):

Միաբանության համար ընտրվում են Ս. Բենեդիկտոսի կանոնները, որոնցով Մխիթարյաններն առաջնորդվում են մինչ այսօր (այդ պատճառով օտարները Մխիթարեաններին երբեմն կոչում են նաև հայ Բենեդիկտյաններ): Սակայն 1715 թ. Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Վենետիկի Հանրապետությանը, և օսմանյան զորքերը շարժվում են Հունաստան։ Մխիթարյանները նահանջող վենետիկցիների հետ ստիպված են լինում հեռանալ քաղաքից։

Թուրքերը գրավում են Մեթոն բերդաքաղաքը, թալանում ու քարուքանդ անում այն, այդ թվում նաև՝ Մխիթարյանների կառուցած եկեղեցին՝ ոչնչացնելով Մխիթարյանների 11 տարվա անդուլ աշխատանքի պտուղները։

Եվ ահա 1715 թ․ ապրիլի 12-ին, երեսուներկուօրյա նավարկումից հետո, 12 հայ վանականներ՝ Սեբաստացու գլխավորությամբ, վենետիկյան ծովափին

երախտագիտության տաք հուզմունքով իրենց աղոթքն էին շշնջում․ չէ՞ որ կարողացել էին խուսափել թուրք ջարդարարներից և հասնել երազային այս ափը՝ ճիշտ է, դատարկաձեռն, ճիշտ է, ամեն բան կորցրած, բայց անհուն հավատով և երախտագիտությամբ լեցուն Տիրոջ հանդեպ, որ ապրեցրել էր իրենց՝ հանուն այն մեծ առաքելության, որ որդեգրել էին իրենք։ Եվ թեև ժամանակը խիստ աննպաստ էր միաբանության գործունեության համար, քանզի Վենետիկի Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության հիմնադրումը, այնուամենայնիվ, Վենետիկի իշխանությունները, բարձր գնահատելով Մխիթարի գործունեությունը, բացառության կարգով քննության են առնում Մխիթարի խնդրանքը և 1717 թ. օգոստոսի 26-ի պայմանագրով Մխիթարյաններին են շնորհում Վենետիկ քաղաքին շատ մոտ՝ հարավային մասում, Լիդո և Սան Սերվոլո կզղիների միջև գտնվող Սուրբ Ղազար կղզին (Սան Լազարո)։

Ըստ պայմանագրի՝ Մխիթարյանները պարտավորվում են 20 տարին մեկ վերահաստատել պայմանագիրը, չփոխել կղզու և այնտեղ գտնվող եկեղեցու անվանումը, վճարել որոշակի հարկ և այլն։

Մինչ այդ որոշումը՝ Սեբաստացին իր եղբայրակիցների հետ 2 տարի ապրում է Ս․ Մարտինոս եկեղեցուն կից վարձակալած տանը։

1717 թ․ սեպտեմբերի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարելիցի օրը, Մխիթարն իր աշակերտների հետ, ովքեր դառնում են միաբանության հիմքը, հաստատվում է Սուրբ Ղազար կղզում։

(շարունակելի)

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 14690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ