38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՞նչ կա Պուտին-Էրդողան-Ռուհանի եռամիասնության հետևում, կամ՝ Հայաստանի ու Արցախի ինքնասպանությունը

Ի՞նչ կա Պուտին-Էրդողան-Ռուհանի եռամիասնության հետևում, կամ՝ Հայաստանի ու Արցախի ինքնասպանությունը
29.11.2020 | 10:31

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություն անցկացրեց Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ հաղորդելով իր հերթական հեռախոսազրույցների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել է ռուս խաղաղապահների գործունեությունը և հումանիտար առաքելության աշխատանքը Լեռնային Ղարաբաղում: Փաշինյանն ավելի է մանրամասնել իրավիճակը: Նրա խոսքով՝ «նման բանակցությունները իրականացվում են պարբերաբար, երբեմն օրը մի քանի անգամ», թեպետ «մենք ոչ միշտ ենք տեղեկություններ տարածում այդ քննարկումների մասին՝ հաշվի առնելով բնույթն ու հաճախականությունը»: Ի թիվս քննարկված թեմաների նա նշել է Լաչինի միջանցքի բնակավայրերին, անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնողական աշխատանքների, գերիների փոխանակման, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցուղիների ապաշրջափակման հարցերը: Ալիևը Պուտինի հետ հեռախոսելիս «գոհունակություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվում է հրադադարը և ռուս խաղաղապահները շարունակում են հաջողությամբ իրականացնել իրենց առաքելությունը»: ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ խաղաղապահները ապահովել են «Քելբաջարի շրջանի կազմակերպված փոխանցումը ադրբեջանական ուժերի վերահսկողությանը՝ քաղաքացիական անձանց անվտանգության ապահովմամբ»: Այնուհանդերձ՝ իրավիճակը կոնֆլիկտի գոտում մնում է փխրուն, և Մոսկվան ստիպված է «ձեռքի կառավարում» իրականացնել, որ իրադարձությունների ընթացքը անշրջելի լինի:


Խնդիրն այն է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ստորագրված եռակողմ համաձայնագրի շուրջ Արևմուտքում սկսվում է սուր դիվանագիտական ինտրիգ, որի նախաձեռնողը Ֆրանսիան է: Փարիզն անհանգստացած է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա որոշարկման մեջ «Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համաձայնության գալ՝ նպատակ ունենալով արևմտյան երկրներին բացառել ապագա խաղաղության բանակցություններից»:

Իսկ հիմա Փարիզը գտնում է, որ հրադադարի համաձայնագիրը պետք է իրականացվի «միջազգային վերահսկողության ներքո», որպեսզի սկսվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններ՝ բացի Ռուսաստանից նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներին: Մոսկվան Վաշինգտոնի ու Փարիզի հետ Մինսկի խմբի համանախագահ է, բայց նրանք չեն մասնակցել համաձայնագրի կնքմանը: Առաջինը արձագանքեց Թուրքիան, որին Ֆրանսիան ձգտում է ցանկացած ձևով բացառել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից; Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշ համանախագահների անհանգստությունը հիմքեր չունի»: Պուտինի հետ հեռախոսելուց հետո նա հայտարարեց, որ քննարկել է տարածաշրջանի այլ երկրների ներգրավման հնարավորությունը հրադադարի ռեժիմի պահպանության մեջ Լեռնային Ղարաբաղում: Էրդողանը չճշտեց՝ ո՞ր երկրների մասին է խոսքը, բոլորին հասկանալի է՝ Իրանի: Թեհրանը, ինչպես Անկարան, աջակցեց ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, գտնելով, որ միայն այդպես է հնարավոր հասնել կայուն խաղաղության կոնֆլիկտի տարածքում: Ավելին՝ Իրանը առաջադրեց կովկասյան պակտ ստորագրելու նախաձեռնություն՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ՝ առանց արևմտյան երկրների ներգրավման Անդրկովկասի խնդիրների լուծման մեջ: Այդ առաքելությամբ վերջերս Բաքու, Երևան, Մոսկվա, Անկարա էր մեկնել Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին: Անկարան կողմ է այդ նախագծին, որովհետև կարող է հանել լարումը Իրանում, որ առաջացել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության ուժեղացմամբ:

Թեհրանի ու Անկարայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման մեջ կարող է սկզբունքորեն փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, որ համարվում է միայն Ռուսաստանի քաղաքական շահերի գոտի: Սա՝ առաջին: Երկրորդ՝ կկատարվի Ադրբեջանից ու Հայաստանից Արևմուտքի քաղաքական վտարման ակտ: Եվրոպայում արդեն արձագանքել են: Գերմանիայի իշխող կոալիցիան հայտարարել է, որ «Թուրքիան Կովկասում վարում է քաղաքականություն, որ չի նպաստում Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական մակարդակով խաղաղ կարգավորմանը և Ռուսաստանի հետ առանձին պայմանավորվածություններով փորձում է առանձին կողմերի շահերն առաջ մղել տարածաշրջանում»: Կոչ է արվում Մոսկվային ու Սնկարային «չօգտագործել երրորդ երկրներին իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար այդ տարածաշրջանում», այսինքն՝ չներգրավել Ղարաբաղյան կարգավորման մեջ Իրանին, այլ կենտրոնանալ միայն Մինսկի խմբի կարգավորման վրա: Բայց փաստացի՝ եթե Մինսկի խումբը աշխատի, ելակետ է ընդունելու նոյեմբերի 9-ի համաձայնությունը, քանի որ կոնֆլիկտի կարգավորման նախորդ մշակումները հետաքրքիր են միայն թերևս պատմաբաններին: Պատասխանել է և Իրանը: Թեհրանի Hamshahri-ն գրել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու Արևմուտքի ձգտման պատճառն այն է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա բանակցություններում կստեղծվի իրավիճակ, երբ կոնֆլիկտող կողմերը չեն հրաժարվի միմյանց նկատմամբ իրենց հավակնություններից և կհամարեն ներկա հրադադարը ժամանակավոր, լավագույն դեպքում՝ մի քանի տասնամյակի համար»: Բարդ է ասել՝ կհանգեցնի՞ ուրվագծվող քաղաքական-դիվանագիտական ինտրիգը որևէ արդյունքի: Ինչ-որ հստակություն կլինի, երբ աշխատի ԱՄՆ նոր վարչակարգը, թեև հայտնի չէ՝ կհամակարգի՞ ԵՄ-ի հետ իր ջանքերը ղարաբաղյան կարգավորման մեջ: Բոլոր դեպքերում՝ եղել է պատմական շրջադարձային պահ, որ Լեռնային Ղարաբաղում պետք է դեռ ամրապնդել դիվանագիտական առումով: Մոսկվան իրեն զգույշ է պահում: Գլխավոր որոշումներն առջևում են:
Ստանիսլավ Տարասով, Regnum


Հ.Գ. Փաստացի՝ ստեղծելով Արցախի հարցի վերջնական լուծման և խաղաղության շրջանակային համաձայնագրի նոր՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափ և առաջ մղելով այդ ձևաչափի գոյության իրավունքը՝ ելնելով այդ պետությունների տարածաշրջանային շահերից, վերստին անտեսվում է Հայաստանի ու Արցախի շահը: Երբ ՌԴ նախագահը պատերազմի ժամանակ հայտարարում էր, որ ՌԴ դաշնակիցներն են թե Հայաստանը, թե Ադրբեջանը, երբ Թուրքիան հավասար ու ավելի կռվում էր Ադրբեջանի հետ՝ փոխադրելով վարձկանների ու զինելով անօդաչուներով, ապահովելով ռազմաքաղաքական ղեկավարությունը, հարձակողական զենքերն ու դիվանագիտական աջակցությունը, երբ Թեհրանը փաստացի ոչինչ չարեց հայկական շահերի պաշտպանության համար, ավելին՝ դիվանագիտական պաշտպանություն ապահովեց Ադրբեջանին, ի՞նչ լուծում ենք մենք ստանալու դիվանագիտական դաշտում այդ երկրներից: Ոչ միայն ազատագրված շրջաններն են ընդմիշտ մնալու Ադրբեջանին, այլև՝ ԼՂԻՄ-ի կազմից գրավված ու չգրավված, բայց նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ հանձնված տարածքները, որոնց հետևանքով Արցախը կորցնում է տնտեսությունը վերականգնելու հնարավորությունները, Հայաստանը՝ վտանգում իր տարածքն ու զարգացման հնարավորությունները: Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է ինքնիշխանությունից, Արցախը՝ հեռանկարից: Փաստացի՝ դա հնարավորություն է տալիս, որ Թուրքիան Արցախի տարածքներում վերաբնակեցնի սիրիացի վարձկաններին ու թուրքոմաններին, որովհետև Ադրբեջանում գոյություն չունեն մեկ միլիոն փախստականները, որ իբր պիտի վերադառնային իրենց տները: Իսկ Ռուսաստանը Արցախից տարհանված, հայրենիք կորցրածներին տալու է ռուսական անձնագրեր ու բնակության տանի Աբխազիա: Սա լինելու է ժողովուրդների ավելի դաժան տեղահանություն, քան Ստալինն է արել: Ստալինը բռնի էր տեղահանում, Պուտինը տեղահանելու է կամավոր ու իբր իրենց իսկ շահից ելնելով: Ինչ-որ պահից այլևս նույնիսկ հանրաքվե հարկ չի լինելու՝ Արցախը հայաթափվելու է այնպես, ինչպես Նախիջևանը: Արևմուտքին տարածաշրջանից իսպառ վտարելը բխում է ոչ միայն Ռուսատանի ու Թուրքիայի, այլև՝ Իրանի շահից, հետևաբար՝ այդ եռյակի ձևաչափով Արցախի հարցի լուծումը հայկական սուիցիդի տարբերակ է: Համազգային ինքնասպանության այդ տարբերակը կանխելու միակ հնարավորությունը օր առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է՝ նա համաձայնելու է ամեն ինչի՝ ինչ իրենից Մոսկվան պահանջի: Այն Մոսկվան, որ գոհունակությամբ արձանագրում է՝ Լեռնային Ղարաբաղում եղել է պատմական շրջադարձ, իմա՝ հայերը պարտվել են վերջապես, վերջապես թուրքերն ու ադրբեջանցիները հասան իրենց ցանկացածին: Իրանն ավելի իրատես է՝ սա ժամանակավոր լուծում է, ինքնին հասկանալի է, որ եթե բանակցային ճանապարհով չվերականգնվի Արցախի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի սահմաններով, հարցը ունենալու է ռազմական լուծում՝ 5-50-150 տարի հետո: Ու հենց այդ նպատակով է Բաքուն փորձում խեղդել Հայաստանի տնտեսության վերականգնումը, հետևաբար՝ բանակի հզորացումը, իսկ Արցախին կհայաթափի Ռուսաստանը: Թավշե հեղափոխության՝ «թավշե» լուծումը Արցախի հարցի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ