38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թուրքիան, Ադրբեջանը ու Ռուսաստանը միասնական են նորից

Թուրքիան, Ադրբեջանը ու Ռուսաստանը միասնական են նորից
27.11.2020 | 12:11

Թուրքիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 26-ին դատապարտել է նախորդ օրը Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, որ կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, դուրս բերել ադրբեջանական ու նրանց դաշնակիցների զորքերը, վերադառնկալ 1994-ի սահմաններին: Թուրքիայի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատի բանաձևն անվանել է «միջազգային իրավունքի տարրական նորմերի և արդարության սկզբունքների անտեսման ցուցիչ՝ հօգուտ ներքաղաքական շահերի»՝ հաղորդում է Անադոլուն:


«Ֆրանսիայի Սենատի կոչը ադրբեջանական զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից՝ կոմիկական է, հեռու իրականությունից ու կանխակալ»՝ հայտարարել է Անկարան՝ վստահեցնելով, որ «Թուրքիայի հասցեին արված պնդումները ևս իմաստազուրկ են»: Ֆրանսիացի սենատորների որոշումը «բացահայտում է իրական պատճառները, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նույնիսկ չեն փորձել կարգավորել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը»՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը: Բանաձևը դատապարտել է և Ադրբեջանի ԱԳՆ-ն: Հայաստամի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «խորին երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային ու Ֆրանսիայի ժողովրդին:

RFI


Հ․Գ․ Ֆրանսիայի Սենատի բանաձևը նաև «դատապարտել էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Թուրքիայի իշխանությունների ու արտասահմանցի վարձկանների աջակցությամբ, և պահանջել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերն ու նրանց դաշնակիցներին տարածքներից, որ գրավվել են զինված գործողությունների հետևանքով՝ Լեռնային Ղարաբաղում 2020-ի սեպտեմբերի 27-ից»: Ֆրանսիացի սենատորները կառավարությանն առաջարկել են «կոչ անել Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննության», նաև «միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառման», նաև՝ եվրոպացի գործընկերների հետ քննարկել «ամենավճռական միջոցները» ի պատասխան Թուրքիայի գործողությունների: Նրանք հայտարարել են նաև, որ անհրաժեշտ է վերականգնել Լեռնային Ղարաբաղի սահմանները՝ որոշարկված 1994-ի զինադադարով՝ «հայ բնակչության անվտանգության ապահովման համար», «տեղահանված անձանց վերադարձի իրավունքի ապահովման և Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման»: Նրանք կոչ են արել կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը վերածել բանակցությունների գործիքի՝ հաստատուն խաղաղության հաստատման նպատակով»: Օրենսդրական ուժ չունեցող բանաձևի օգտին, որ ունի խորհրդատվական բնույթ, կողմ է քվեարկել 305 սենատոր, դեմ՝ 1, 30-ը ձեռնպահ են եղել: Քվեարկությունից առաջ Ֆրանսիայի ԱԳՆ-ի պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, աջակցություն հայտնելով բանաձևի շատ կետերի, նշել է, որ կառավարությունը չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղը, դա «չի օգնի ոչ մեկին, նույնիսկ նրանց, ում ուզում եք օգնել», բացի այդ՝ կարող է հանգեցնել Փարիզի հեռացմանը տարածաշրջանում խաղաղության բանակցային գործընթացից:


Նիկոլ Փաշինյանը Սենատի որոշումը որակեց «պատմական», բնականաբար, հարկ չհամարելով բացատրել, թե ինչու՞ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց առաջ տեղյակ չի պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Կամ՝ ինչու՞ Ֆրանսիայի Սենատը, Ազգային ժողովը ու կառավարությունը պատերազմի ժամանակ ոչ մի նման որոշում չընդունեցին: Ինքնին հասկանալի է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչող Ֆրանսիայի Սենատի հայտարությունը սիմվոլիկ նշանակություն ունի և կարող է իրավիճակ փոխել միայն ԱՄՆ-ի համարժեք արձագանքից՝ Արցախի ճանաչումից հետո:


Ադրբեջանի Միլի մեջլիսը կոչ է արել Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից:
Ադրբեջանի, Թուրքիայի դիրքորոշումներին խիստ համահունչ տեսակետ է հայտնել և ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը: «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործող հայտարարությունում փոփոխություններ անելու և տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր օգտագործելու Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար»՝ հայտարարել է նա և հույս հայտնել, որ բանաձևի ընդունումը ոչ միայն գեղեցիկ ժեստ է և չճանաչված հանրապետությունում ապրող հայ ժողովրդին սատարելու վկայություն, այլև Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում: «Ֆրանսիացի սենատորների բանաձևը երկրի ղեկավարությանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործել Ֆրանսիայի խաղաղապահ ուժերը:

Միևնույն ժամանակ, մեր ֆրանսիացի գործընկերները քաջատեղյակ են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության դրույթների վավերության մասին, որում որոշում է կայացվել ներգրավել խաղաղապահների ռուսական զորախումբը: Այս փուլում դա միակ ճիշտ որոշումն է: Համոզված եմ, որ գործող համաձայնագրի փոփոխությունները ոչ միայն խելամիտ չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ գործընթացի համար: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը թույլ են տալիս իրագործել ձեռք բերված զինադադարի պայմանները և կանխում են լայնամասշտաբ մարդասիրական աղետը»,-ընդգծել է պատգամավորը: Ժելեզնյակը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բարդ հարցը դեռ պետք է լուծվի, բայց երկխոսության և տարածաշրջանի ապագայի վերաբերյալ կառուցողական որոշման մշակման հիմքը դրվել է: Ժելեզնյակը, իհարկե, չի բացատրել, թե ինչու՞ «տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր օգտագործելու Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար»: Կամ՝ գործող համաձայնագրի փոփոխությունները ոչ միայն խելամիտ չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ գործընթացի համար: Հաղթողներին չեն դատում՝ սկզբունքո՞վ: Ստացվում է՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո գործում է Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռամիասնությունը, որ դեմ է որևէ տրամաբանության՝ հրապարակային քաղաքականության տեսակետից, բայց համապատասխանում է խորքային քաղաքականությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ