Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Էրդողանի համար Մակրոնին մարտահրավեր նետելը այնքան ռիսկային չէ, որքան Թրամփին կամ Պուտինին

Էրդողանի համար Մակրոնին մարտահրավեր նետելը այնքան ռիսկային չէ, որքան Թրամփին կամ Պուտինին
06.11.2020 | 11:40

Le Figaro-ի հարցազրույցը պատմաբան, քաղաքագետ Ահմեդ Ինսելի հետ.


-Էրդողանը չի դադարեցնում սադրանքները Ֆրանսիայի հասցեին: Կրքերի այդ շիկացումը կապված է նրա ռազմավարական շահերի՞ հետ, թե՞ պարզապես չարության դրսևորում է մեր հասցեին:
-Դա նրան թույլ է տալիս ամրապնդել իշխող ուլտրանացիոնալիստական ալյանսի դիրքերը: 2016-ից Էրդողանը կարիք ունի ուլտրաջ նացիոնալիստների աջակցության, որ մեծամասնություն ստանա նախագահական ու խորհրդարանական ընտրություններում: Ֆրանսիային նետված մարտահրավերը օգնում է նրան ընդլայնել կողմնակիցների բազան և ստիպել ընդդիմադիր կուսակցություններին աջակցել իր արտաքին քաղաքականությանը: Դա է Մակրոնի վրա հարձակումների գլխավոր նպատակը: Երկրորդ՝ իր համար ուզում է ստեղծել Արևմուտքում ստորացված մուսուլմանների համաշխարհային պաշտպանի կարգավիճակ: Նա մարմնավորում է նացիոնալիզմը բացահայտ կրոնական երանգով՝ իսլամական նացիոնալիզմը, և Մակրոնը հարմար թիրախ է դառնում: Երրորդ՝ Ֆրանսիան ու Թուրքիան տարբեր ճամբարների են աջակցում Լիբիայում, Սիրիայում (թեպետ շատ մերձ էին մինչև 2013-2014-ը) ու Լեռնային Ղարաբաղում: Ֆրանսիան պաշտպանում է Հունաստանին՝ Աթենքի ու Անկարայի կոնֆլիկտում Էգեյան ու Միջերկրական ծովերում տնտեսական գոտիների սահմանների հարցում: Մենք չափից շատ կոնֆլիկտային հարցեր ենք տեսնում, որ լեզվակռիվը հանգեցնենք անձնական հակակրանքի:
-Ձեր կարծիքով՝ Թուրքիան դեռ արժանի՞ է ՆԱՏՕ-ի անդամ լինել:
-ՆԱՏՕ-ի ստրատեգները պետք է գնահատեն ռազմական ու աշխարհաքաղաքական հետևանքները: Բայց եթե Թուրքիային վտարեն ՆԱՏՕ-ից, չի՞ դառնա տարածաշրջանային անկայունության ավելի մեծ գործոն: Բացի այդ՝ ՆԱՏՕ-ի կանոնադրությունը չի նախատեսում վտարում: ՆԱՏՕ-ի հիմնական անդամները բացահայտորեն կորցնում են Թուրքիաի նկատմամբ վստահությունը, և եթե այսպես շարունակվի, Անկարան կարող է մի կողմ մղվել իբրև ռազմավարական դաշնակից: Օրինակ՝ հիմա ակտիվորեն քննարկվում է Ինջիրլիքից բազան Կրետե տեղափոխելու հեռանկարը, ֆրանսիական նավատորմի տեղակայումը հունական որոշ կղզիներում:
-Ինչու՞ է այդքան ալարկոտ Ամերիկայի ու Եվրոպայի արձագանքը:
-ԱՄՆ-ը ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն է դրսևորում Մերձավոր Արևելքի ու Արևելյան Միջերկրականի նկատմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքն Իսրայելի մասին է, ու այդ միտումը սկսվել է դեռ մինչև Թրամփի իշխանության գալը: Ամերիկացիները հիմա խրված են իրենց նախագահական ընտրությունների մեջ: ԵՄ-ն կաշկանդված է միգրանտների վախով, և Էրդողանն օգտվում է այդ վախից: Մյուս կողմից՝ ԵՄ-ում կան միմյանց հակադիր երկու ուղղություններ: Մերկելը նախկինի պես կողմ է Թուրքիայի հետ բանակցություններին (համենայն դեպս՝ մինչև Գերմանիայում հաջորդ ընտրությունները)՝ նույնիսկ բացահայտ չկատարված խոստումների պարագայում, օրինակ՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզան վերացնելու: Ֆրանսիայի դիրքորոշումը հարուցում է եվրոպական մի քանի երկրների ջղաձգությունը՝ նրանք համարում են միակողմանի և մատնացույց են անում Ֆրանսիայի իրական հնարավորությունների ու կոնֆլիկտում վարքագծի մեծ անհամապատասխանությունները: Թեպետ ԵՄ բոլոր երկրները (բացառությամբ Հունգարիայի) դատապարտել են Էրդողանի վիրավորական հայտարարությունները Մակրոնի հասցեին: Նման միասնականություն չկա, երբ խոսքը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին է կամ ԵՄ անդամակցության պաշտոնական մերժման: Էրդողանի համար Մակրոնին մարտահրավեր նետելը շատ ավելի հեշտ ու էժան է, քան Պուտինին, Թրամփին կամ ԱՄՆ մեկ այլ նախագահի:
-Էրդողանի իսլամիստական ու ազգայնական հռետորաբանությունը մե՞ծ արձագանք է ստանում Ֆրանսիայում ու Գերմանիայում թուրք միգրանտների շրջանում:
-Որոշակի արձագանք կա, բայց չեմ կարող ասել՝ որքանով է մեծ: Ես այնքան էլ չեմ տիրապետում այդ հարցերին:
-Կարո՞ղ է Ֆրանսիան միայնակ առճակատման գնալ Թուրքիայի հետ:
-Մենք տեսնում ենք ԵՄ իսկական արտաքին քաղաքականության ու նրա իրագործման միջոցների բացակայության հետևանքները: Ֆրանսիան հազիվ թե կարող է միայնակ գնալ առճակատման, և շահագրգռված էլ չէ:
-Թուրքիայի քաղաքացիական հասարակությունում կա՞ դիմակայություն այդ արկածախնդրությանը:
- Կա, բայց թույլ: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունները (թե աջ լիբերալները թե սոցիալ-դեմոկրատները) գլխավորը համարում են ազգայնական ռեֆլեքսները, հատկապես արտաքին քաղաքականության մեջ: Թուրքիայի իսլամաազգայնական ալյանսի իշխանության արկածախնդրությունը երկրի տնտեսությունը տանում է դեպի աղետ, և դա է Էրդողանի կլանի իշխանության աքիլեսյան գարշապարը: Որքան խոր ճգնաժամի մեջ հայտնվի Թուրքիայի տնտեսությունը, այնքան մեծ է ներքին քաղաքականության մեջ ճնշումների և արտաքին քաղաքականության մեջ ագրեսիվության ռիսկը:
Պոլ Սյուժի, Le Figaro


Հ.Գ. 2023-ին բոլոր այդ հարցերը կհասնեն գագաթնակետին՝ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե, իհարկե, չլինեն արտահերթ ընտրություններ՝ ինչպես պահանջում են ընդդիմադիր մի քանի կուսակցություններ:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությունները Ֆրանսիայի իշխանությունների հասցեին և չի բացառել պատժամիջոցների սահմանումը:
«Այժմ նախագահ Էրդողանը պարբերաբար հայտարարություններ է անում բռնության և անգամ ատելության մասին, ինչն անթույլատրելի է: Վերջին օրերին մենք փոխել ենք մոտեցումը մեր և ընդհանուր առմամբ Եվրոպայի մասին Էրդողանի հայտարարությունների նկատմամբ: Ճնշում գործադրելու միջոցներ կան, պատժամիջոցների հավանականություն կա»՝՝ ասել է ԱԳ նախարարը Europe 1-ի եթերում: Նա հիշեցրել է, որ Անկարայի մեղադրանքներն ու արտահայտությունները վերաբերում են ոչ միայն Ֆրանսիային, այլև ողջ Եվրոպային: «Պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման ռազմավարությունից: Իսկ եթե դա տեղի չունենա, Եվրոպական խորհուրդը, որը միավորում է ԵՄ 27 երկրների ղեկավարներին, կորոշի, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել թուրքական իշխանությունների նկատմամբ»,- հավելել է Լե Դրիանը: ԵՄ-ն Անկարայի դեմ առաջիկա պատժամիջոցների խոսակցությունների ֆոնին դատապարտել է Թուրքիայի կողմից էներգապաշարների EastMed հետախուզման գործունեության ընդլայնումը, գրում է The Arab Weekly-ն։ Եվրոպացի դիվանագետները AFP գործակալությանը հայտնել են, որ Եվրահանձնաժողովը կազմել է տնտեսական հնարավոր պատժամիջոցների թիրախների ցանկ, որը կարող է հարված հասցնել Թուրքիայի զբոսաշրջային և տրանսպորտային հատվածներին։ Դեկտեմբերին գագաթաժողովում կորոշվի՝ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ։ ԵՄ-ն դատապարտել էր Թուրքիայի «խորապես ցավալի» հայտարարությունը, որ Անկարան երկարացնում է Հունաստանի և Կիպրոսի տնտեսական գոտու ջրերում գազի պաշարների որոնման աշխատանքները՝ սա համենայն դեպս:


RFI-ին հաղորդում է, որ Վիեննայի ահաբեկչության հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գնացել է Ավստրիայի դեսպանատուն և ցավակցել: Նա աջակցություն է հայտնել Ավստրիայի ժողովրդին և համաեվրոպական պատասխանի կոչ է արել ՙԵվրոպայի վրա հարձակվող թշնամիներին»:
«Մենք՝ եվրոպացիներս, ամեն ինչ կանենք միասին լինելու ու ահաբեկչությունը հաղթելու, առաջ շարժվելու՝ ոչինչ չզիջելով մեր արժեքներից»՝ հայտարարել է Մակրոնը: Նրա խոսքով՝ Վիեննայում ահաբեկչության կազմակերպիչները հարձակվել են «Եվրոպայի վրա՝ ազատության ու մշակույթի հողի»:


Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ-ին կոչ է արել պատշաճ արձագանքել «քաղաքական իսլամին» և վերջ դնել «թյուրըմբռնելի հանդուրժողականությանը», գրում է Daily Mail-ը։ Կուրցը եվրոպական երկրներին կոչ է արել «ավելի շատ կենտրոնանալ ապագայում քաղաքական իսլամի խնդրի վրա»՝ հայտարարելով, որ «քաղաքական իսլամի գաղափարախոսությունը վտանգավոր է եվրոպական ազատությունների և արժեքների համար»: «Ես հուսով եմ, որ մենք ականատես կլինենք այդ թյուրըմբռնելի հանդուրժողականության ավարտին, և Եվրոպայի բոլոր երկրները վերջապես կհասկանան, թե որքան վտանգավոր է քաղաքական իսլամի գաղափարախոսությունը մեր ազատության և եվրոպական կենսակերպի համար»,- Die Welt-ին ասել է Ավստրիայի կանցլերը։ Խոսելով օրերս Վիեննայում ահաբեկչության ոճրագործներից մեկի՝ 2019-ին Սիրիա մեկնելու և ԻՊ-ին միանալու փորձի համար բանտարկված, սակայն ավելի ուշ վաղաժամկետ ազատ արձակված 20-ամյա Ֆեյզուլա Քույթիմի մասին, Կուրցը նշել է, որ դատարանը «միանգամայն սխալ որոշում է կայացրել»։ «Եթե նա ազատ չարձակվեր, ահաբեկչությունը տեղի չէր ունենա», - ասել է Կուրցը։


Ու ի՞նչ: Էրդողանը սադրանքների է գնում իսլամիստական ահաբեկչության դեն ձայն բարձրացրած երկրներին, որ նրանք խառնվեն իրենց գործերով ու մոռանան Արցախը, թե՞ այս սադրանքներով Էրդողանն ամրապնդում է արմատական իսլամիստների դեմ պայքարի վճռականությունը: Սպասենք արդյունքներին: Դատելով ԵՄ երկրների պահվածքից՝ ամենավերջին ահաբեկչությունը Էրդողանը նվիրելու է հեռացող Մերկելին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ