…ՈՒ մեզնից ամեն մեկը այսօր իրավունք ունի հարցնել՝ կլինե՞ր այս խելագար պատերազմը, եթե 1999-ի հոկտեմբերի 27-ը պատմության մեջ մնար միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությամբ: 20-րդ դարը մենք փակեցինք ահաբեկչությամբ Ազգային ժողովում: 20-րդ դարը մենք փակեցինք լուսավոր խոստումով՝ 21-րդ դարը մերն է լինելու, բայց՝ առանց երաշխիքների. սպանվել էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը… «Միասնության» համանախագահներն իրենց հետ տարան մեր միասնությունը: Մինչև նոր պատերազմ՝ 2016-ին ու 2020-ին: Այս խելագար պատերազմը ԼՈՒՅՍԸ խավարից զատելու պատերազմ է: ԼՈՒՅՍԸ երբեք խավարին տանուլ չի տալիս:
Ահաբեկչության 21 տարին ու պատերազմի մեկ ամիսը: Իրականում՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմի երեք տասնամյակ: Ի՞նչ ունեցանք անցած շաբաթում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները մեկնել էին Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների երրորդ փորձը ևս ավարտվեց համաձայնագրով, հոկտեմբերի 23-25-ին եղան սոսկ տեղեկություններ հանդիպումների մասին ու ակնկալվող արդյունքների վերաբերյալ տեղեկատվական վակուում, որ վկայում էր՝ գործընթացը չի ավարտվել: ՌԴ լրատվամիջոցները արձանագրեցին, որ ԱՄՆ-ին ևս ոչինչ չհաջողվեց՝ չեղավ եռակողմ հանդիպում, չեղավ համաձայնագիր և չեղավ անհապաղ հրադադար: Ինչպես և ՌԴ ու Ֆրանսիայի նախագահների միջնորդական ջանքերից հետո: Հոկտեմբերի 25-ի գիշերը հայտնի դարձավ հրադադարի համաձայնությունը, որ ուժի մեջ էր մտնելու 26-ին, ժամը 8-ից, իսկ 29-ին ԱԳ նախարարներն ու համանախագահները հանդիպելու են Ժնևում: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդությունները արմատապես տարբերվում են ՌԴ միջնորդությունից՝ նրանց խորհրդարաններ են ներկայացվել Արցախը ճանաչելու բանաձևեր, Պետդումա՝ ոչ: Հոկտեմբերի 26-ին մինչև կեսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դեռ հրադադարը ուժի մեջ չմտած՝ արդեն հայտարարել է, թե հայկական կողմը խախտել է, իսկ հետո խախտեց ինքը: ՈՒ` ի՞նչ: Փաստացի, չի բացառվում, որ թե ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան կարող են ճանաչել Արցախի Հանրապետությունը: ՈՒ դա փոխելու է իրավիճակը՝ Էրդողանին ու Ալիևին կանգնեցնելով ճանաչված պետության վրա հարձակվելու փաստի առաջ: Գուցե հենց այդ պատճառով Էրդողանը հասցրեց հոխորտալ, որ չի վախենում ԱՄՆ-ի պատժամիջոցներից, իսկ Մակրոնին ուղարկեց հոգեբույժի մոտ: Ճիշտ է՝ առերևույթ պատճառն Արցախը չէր: ԱՄՆ-ի դեպքում Ս-400-ներն էին, Ֆրանսիայի դեպքում՝ Մակրոնի պայքարը արմատական իսլամիզմի ու իր երկիրը ահաբեկիչներից հեռու պահելու ջանքերի համար, ի տարբերություն ԵՄ պետությունների այլ նախագահների ու վարչապետերի:
Կոնգրեսմեն Աննա Էշուն միացել է գործընկերներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որ պատասխանատու են Արցախի ժողովրդի դեմ շարունակական ագրեսիայի համար: Կոնգրեսմեն Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ Կոնգրես երկու բանաձև է ներկայացրել, կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը: Ֆրենք Փալոնը և 30 կոնգրեսմեն՝ հանրապետական և դեմոկրատական կուսակցություններից, ներկայացրել են բանաձևի նախագիծ՝ «միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»: Հանուն Արցախի պայքարի աշխարհագրությունը անսահման է՝ Ալյասկայից Ավստրալիա ու… ՈՒրվագծվում են նոր դաշնակիցներ՝ Կանադան ու Հունաստանը: Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Շամպայնը Թվիթերում գրել է. «Մենք քննարկել ենք իրավիճակը Արևելյան Միջերկրածովյանում և ընթացիկ անվտանգության հարցերը տարածաշրջանում` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որտեղ ծայրահեղ քայլեր պետք է ձեռնարկվեն` բռնությանը վերջ տալու համար»։ Ալյասկայում 80 հայերը ու նրանց միացած հույները, ռուսները, ուկրաինացիները, քրդերը պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը:
Հայերը բողոքի ակցիա են արել Ստրասբուրգում, Աթենքում, Բարսելոնայում, Երուսաղեմում, Օտտավայում, Բեռլինում, Բաթումում, Կիևում, Հալեպում… Կատալոնիայի խորհրդարանը ընդունել է բանաձև՝ կոչ անելով դադարեցնել Արցախում մարտական գործողությունները, դատապարտվում են խաղաղ բնակչության վրա հարձակումները և ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման միակ ճանապարհ: Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումների ժամանակ դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները, Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու առաջարկ են արել, քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղխորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելսի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը։ Bombardier կանադական ընկերությունը սառեցրել է ինքնաթիռների շարժիչների մատակարարումը Թուրքիային: Ակցիաներ չկան Ռուսաստանում: Կան «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Պուտինի հակասական հայտարարությունները: Նա կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է էթնիկ առճակատումից՝ 1915-ի «ողբերգությունից», «Ցավոք, սա փաստ է, երբ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք»: Նա նշել է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի տեսակետները չեն համընկնում, չի բացառել, որ բանակցային ձևաչափը կարող է «մի քիչ փոխվել»։ Թերևս՝ նկատի ունենալով Թուրքիային: Էրդողանին անվանել է «լավագույն գործընկեր», տարաձայնություններ կան, սակայն բոլոր հարցերը հնարավոր է կարգավորել արագ ու արդյունավետ: Անդրադառնալով Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարություններին, ասել է, թե չգիտի ինչի մասին է խոսքը, բայց Ղրիմը հուսալի պաշտպանված է։ Թեև ՌԴ Պետդուման ընդունել է ցեղասպանությունը, Պուտինը 1915-ը անվանեց «ողբերգություն», մոռացավ ասել՝ ինչու՞ ռուսական բանակը 3 օր ուշ մտավ Սումգայիթ ու Բաքու: Բայց չմոռացավ ասել՝ «Ադրբեջանի տարածքի մի զգալի մասը երկար ժամանակ կորսված է, որ չի կարող երկար շարունակվել»։ Այսինքն՝ Ղրիմի ռուսներն ինքնորոշման իրավունք ունեն, Արցախում էթնիկ վեճ է՝ Ադրբեջանի տարածքու՞մ: Ակնհայտ է, որ Պուտինը վերջին ճիգերն է անում պահելու Բաքուն ու չկորցնելու Անկարան: Դա ինքնախաբեություն է. Անկարան բացահայտ իր խաղն է խաղում՝ չպահելով քաղաքական պատշաճությունը, Բաքուն՝ նույնը: Ինչ են ասում Զատուլինը, Կրասովը, Շերինը, կապ չունի: Դրանք միշտ կհամարվեն մասնավոր կարծիքներ: Մինչև հիմա մոջահեդների Ադրբեջան տանելու մասին խոսել է Նարիշկինը, եղել են զորավարժություններ Կասպից ծովում, ռուսական օդուժը երկրորդ անգամ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ թիրախավորելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման և նրանց աջակիցների դիրքերը:
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի հաստատում և առավել բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում»: «Համոզում ենք թուրք մեր գործընկերներին այդ գծին աջակցելու համար իր ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասով»: Ռուսները, օրինակ, երբեք չեն ասել, ինչպես Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում. «Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոյում էի, մենք Օհայոյում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որ նրանք ունեն, մահերը, մարտերը, այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»։
ՈՒ եթե ամփոփենք, ստացվում է.
1. Պատերազմը շարունակվում է, բլիցկրիգը տապալվեց, ունենք տարածքային կորուստներ, որոնց միագումարը մեկ շրջան չի կազմում, ու դա այն է, ինչին մեկ ամսում հասել են Թուրքիան, Ադրբեջանն ու մոջահեդները:
2. Ամբողջ աշխարհում հայերը շարունակում են պահանջել Արցախի Հանրապետության ճանաչումը:
3. ԱՄՆ-ի միջնորդական առաքելությունը կարող է ավարտվել Արցախի ճանաչումով:
Հենց այդ պատճառով է Իլհամ Ալիևը պատրաստ հրադադարի: Բայց դնում է նախապայմաններ: «Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում զինադադարի նոր համաձայնագրի կնքմանը, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին»,- ասել է Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի Fox News-ին հարցազրույցում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ցանկանում է հրադադար և իր հողերի վերադարձը: Ալիևը հայտարարել է. «Ես ցանկանում եմ, որ ռազմական լուծումը կանգ առնի այսօր, և մենք անցնենք բանակցությունների սեղանին։ Ցավոք, ռազմական գործոնը բերում է մեծ վնասի և բազմաթիվ զոհերի։ Այդ պատճառով որքան շուտ մենք սկսենք առարկայական բանակցությունները, ոչ թե դրանց իմիտացիան, որ այս բոլոր տարիների ընթացքում ցանկանում էր անել Հայաստանը, այլ առարկայական բանակցություններ, այնքան արագ կգտնվի լուծման ճանապարհը»: Նա ընդգծել է, որ «կարգավորումը հիմնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա»: Այսինքն՝ տվեք տարածքները, իսկ ես Արցախի կարգավիճակը չեմ ճանաչի, իմա՝ «Խաղաղություն՝ տարածքների դիմաց», ոչ թե «Խաղաղություն՝ կարգավիճակի դիմաց», ու որտե՞ղ է փոխզիջումը: Փոխարենը՝ հիմա էլ կարող է շանտաժ անել, թե ես համաձայն եմ, հայերն են կրակում՝ զսպեք ագրեսորին, որ հարձակվել է մեզ վրա:
Կճանաչի՞ ԱՄՆ-ը Արցախը: Համեմատությունը Կոսովոյի հետ դա է հուշում:
Երեկվանից հայտարարված հրադադարը ստուգողական ժամանակ է՝ իմա՝ ժամանակ է տրված Թուրքիային ու Ադրբեջանին պատերազմը դադարեցնելու, հակառակ դեպքում հաշվի են առնվելու Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական պետություն դառնալը, ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության ու ռազմագերիների նկատմամբ: Չի բացառվում՝ Արցախի ճանաչումը՝ 20 թվին երկու անգամ չենք կարող պետություն կորցնել: Նույնը՝ Ֆրանսիայից, որ հետ է կանչել դեսպանին Անկարայից՝ Թրամփն ու Մակրոնը կախում չունեն Թուրքիայից ու Ադրբեջանից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ՝ ի՞նչ: «Նամակներ գրեք ձեր սիրելիներին», ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, որ կռվում են ու չեն հանձնում ՀԱՅՐԵՆԻՔԸ: 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանվեց Արցախի հարցի լուծումը, սպանվեց Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը՝ դիվերսիֆիկացման ճանապարհով, սպանվեց տարածաշրջանային կայունությունը: Բայց մենք կանք՝ անցյալի, ներկայի ու ապագայի ոչ մի ահաբեկիչ չի սպանի մեր սիրտը, որ տրոփում է ՀԱՅՐԵՆԻՔԻ համար: Վազգենի աչքերը ձեզ վրա են, տղերք: Ողջ լերուք:
ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ, որովհետև հաղթում է մեր ԶԻՆՎՈՐԸ: