Պարետատան նիստերին հաջորդող ասուլիսներից մեկում այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անկեղծացավ. «Այս բոլոր աղմուկ-աղաղակի մեջ գալիս, կուլմինացիա են դառնում երկու գործոն՝ դիմակ, որը դառնում է դոմինանտ գործոն և երկրորդը՝ սոցիալական հեռավորություն: Սա է մեր ամենամեծ պրոբլեմը: Ես այդ նկարները, որ տեսնում եմ, ինչպես են մարդիկ այդպես հավաքված, ինձ հարց եմ տալիս՝ լավ, ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան: Այսօրվա թիվը ցույց է տալիս, որ 15 հոգի հավաքված են, որ մեկը ասիմպտոմ լինի 15 հոգի նարդու սեղանի շուրջ հավաքվածները, մանավանդ, որ այդ ժողովուրդը 55-ից ավելի տարիքի են, իրենք իրենց դատապարտում են մահվան: Անընդհատ ինձ հարց եմ տալիս, ի՞նչն եմ սխալ արել, որ այդ մարդիկ այդպես են անում»:
Ապշելու հարց է: Վարչապետը խոստովանում է, որ ինքը բացարձակապես մամուլ չի կարդում, ինքն իրենից բացի ոչ մեկին չի լսում, տեղ-տեղ ինքն իրեն էլ չի լսում: ՈՒ եթե անկեղծ է հարցնում՝ ի՞նչ սխալ եմ արել, ստիպված եմ կրկնել.
1. Որևէ անծանոթ, բայց մեծամասշտաբ խնդրին չափազանց կարևոր է առաջին արձագանքը, մարդիկ, որ ոչինչ չգիտեն, առաջին արձագանքով են վարքագիծ որոշարկում, սա հոգեբանական է: Ո՞րն էր կորոնավիրուսին առաջին պաշտոնական արձագանքը Հայաստանում, որո՞նք էին ձեռնարկված առաջին քայլերը: Անլուրջ, անհետևողական, կիսատ-պռատ: Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսին՝ ինչպես աշխարհի բոլոր երկրները, բայց ոչ մի երկրի իշխանություն խոսքը չէր հարմարեցնում ռեսուրսներին: Երբ դիմակ չկար Ֆրանսիայում, Մակրոնը դիմակների գույքագրում և վերաբաշխում հայտարարեց ու առաջինը հատկացրեց բուժաշխատողներին, դիմակների արտադրության անցան կուտյուրեները, գնումներ կատարվեցին՝ որտեղից հնարավոր էր, ֆրանսիացի ոչ մի պաշտոնյա չասաց, որ դիմակ կրելը կարևոր չէ, պարտադիր չէ, օգտակար չէ: Համեմատեք Արսեն Թորոսյանի հայտարարությունների հետ: ԱՀԿ-ն իրարամերժ, հակասական ու ոչ համարժեք հրահանգներ էր ուղարկում բոլոր երկրներին, ամեն երկիր ինքն էր որոշում՝ կատարի՞, թե՞ չկատարի: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին երբ լրագրողները մայիսին հարցնում էին՝ ինչու՞ դիմակ չեք կրում, պատասխանում էր՝ առողջապահության նախարարն ասել է, որ պարտադիր չէ: Երբվանի՞ց դիմակ սկսեցին կրել նախարարներն ու պատգամավորները: Եվ ինչու՞ պիտի հպարտ հայերն առողջապահական հարցերում վստահեն ու հավատան պաշտոնյաներին, որ բժշկության հետ կապ չունեն: Բժիշկներին կառավարությունում նույնիսկ առողջապահության նախարարը չէր լսում ու չի լսում: Աշխարհում կորոնավիրուսից 1 միլիոն բնակչից միջինը մեռնում է 56,1 մարդ, Հայաստանում՝ 96։ Սա է Ձեր մեղքը:
2. Կորոնավիրուսին պատրաստ չէր ոչ մի երկիր, առողջապահական համակարգերը՝ նույնպես: Դեռ կորոնավիրուսը չհաղթահարած՝ շատ երկրներում սկսվել են դատական հայցեր իշխանությունների դեմ: Երկրները տարբեր մարտավարություններ ընտրեցին, ոչ ոք չգիտի՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալվեց, բայց հաջողության հասած բոլոր երկրներում որոշումներն ընդունում են համաճարակաբանների, բժիշկների ու պաշտոնյաների ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ: Եվ այդ որոշումները զուտ քաղաքական չեն: Բոլոր պետությունների ղեկավարները նույն խնդիրն ունեն՝ հայտարարել կարանտին, նվազեցնել համավարակի տարածումը, փրկել մարդկանց ու զոհել տնտեսությու՞նը, թե՞ հանուն տնտեսության՝ վտանգել մարդկանց կյանքը: Գերազանցապես ընտրում են առաջինը: Հայաստանը գնաց իր ճանապարհով՝ կանգնեցրեց տնտեսությունը, բայց լոկդաունի ժամանակ կարանտինը չգործեց, ու դա է Ձեր մեղքը:
3. Երբ ճգնաժամային իրավիճակներում կառավարումը խաթարվում է, ոչ թե սպասում են՝ ճգնաժամն ավարտվի, հետո կառավարիչներին փոխեն, այլ փոխում են կառավարիչներին՝ ճգնաժամը կառավարելու համար: Սա պահանջում է քաղաքական ռիսկ, Դուք այդ ռիսկին չգնացիք, ու դա է Ձեր մեղքը:
Ամբողջ աշխարհը թեստավորումն օգտագործում է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, Հայաստանը՝ վարակվածների առողջացումը պարզելու: Հետևանքը՝ բացահայտված 20000-ին հասնող վարակակիրներ, և չբացահայտված քառակին, հնգակին, որ իրենք էլ չգիտեն հիվանդ են՝ վարակում են ու վարակվում: Իսկ ծանր հիվանդներին փրկելը Աստծո գործն է, բժիշկները ամենազոր չեն: Դեքսամետազոնն էլ ոչ բոլորն են ի վիճակի ընդունել:
…ՈՒ եթե չլինեին այս ու ածանցյալ ևս մեկ տասնյակ սխալներ՝ մենք չէինք ունենա այս իրավիճակը: Մեր փողոցները չէին լցվի մարդկանցով ու ոստիկաններով: Այն տպավորությունն է, որ մենք դարձյալ «մերժում ենք Սերժին»՝ անվերջ ու անվերջ մերժում ենք, բայց ճիշտ այնպես, ինչպես գործել է ինքը՝ «Սերժը», որ արդեն դարձել է համակարգի բնութագիր:
Շաբաթվա երկրորդ անկեղծ հարցը հնչեցրեց ԲՀԿ նախագահը՝ ինչի՞ եք հերոսացնում Գագիկ Ծառուկյանին: Հարցը չստացավ հոդաբաշխ պատասխան: Հունիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազը 2 միջնորդությամբ մտավ Աժ՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, հետո՝ նաև կալանավորելու: Առաջին միջնորդության քննարկումից ու Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո ԲՀԿ-ն հեռացավ դահլիճից: Փակ, գաղտնի քվեարկությամբ փաստացի՝ ոչ թե ԱԺ-ն, այլ «Իմ քայլը» 87 կողմ ձայնով հավանություն տվեց միջնորդությանը՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն քվեարկությանը չմասնակցեցին: Հունիսի 16-ին Գագիկ Ծառուկյանը գնաց երկրորդ հարցաքննությանը ԱԱԾ ու գիշերը ազատ արձակվեց: Հետագան կորոշի դատարանը: Սրանք չոր փաստերն են, որոնց միջև մեր բոլորի կյանքի տարիներն էին վերաբեմադրվում ԱԺ-ում, ու ճիշտ էր անում ՔՊ-ն, որ չէր մասնակցում քննարկմանը: Հունիսի 16-ին ԱԺ-ում ԲՀԿ-ի ու գլխավոր դատախազի բենեֆիսն էր, ու բոլորն էլ ցույց տվեցին իրենց մերկությունը: Ակնհայտորեն՝ ԲՀԿ-ի ելույթները հանպատրաստից չէին: Բայց, թող ինձ ներեն ԲՀԿ պատգամավորները, ամենաբնութագրականը ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ական Տիգրան ՈՒրիխանյանի ելույթն էր: Գուցե ԱԺ-ում տասնամյա աշխատանքիս արգասիքն էր, ականջներումս զուգահեռ հնչում էր Արտաշես Գեղամյանի ձայնը: Միայն նա, իսկ հիմա՝ Տիգրան ՈՒրիխանյանն է ունակ՝ այդքան ինքնամեծարվել՝ ուրիշների հաշվին ու ստել՝ առանց մտածելու, որ ամեն ինչ հստակ է ու հասկանալի: Մնում էր մի երկու ցիտատ էլ ռուսական թերթերից, ու պատճենը լիակատար կլիներ: Չլիներ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կաշառք ստանալու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկությունը, որի ընթացքում, ըստ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, հայտնաբերել են ԲՀԿ-ի 2017-ի ԱԺ ընտրություններում կաշառք բաժանելու փաստաթղթերը, չլիներ Նաիրա Զոհրաբյանի «ինքնախոստովանական ցուցմունքը» առ այն, որ «ԲՀԿ-ն էս երկրում առանց կաշառքի ձայն չունի», ոչ ոք չգիտի՞, որ տասնամյակներ ընտրություններից առաջ ու ընթացքում կաշառք է բաժանվել: Հարցը մեկը կարող է լինել՝ ինչու՞ միայն ԲՀԿ-ն, և ոչ իշխող կոալիցիաների մյուս կուսակցությունները: ՀՀԿ-ն միայն վարչական ռեսուրսնե՞րն է օգտագործել: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի բացատրությունը տարբերակ է, բայց համոզիչ չէ: Գլխավոր դատախազը չասաց, որ 2017-ին գործել է «Ծառուկյան» դաշինք՝ իմա՝ ԲՀԿ+«Առաքելություն», որ 2018-ին միացել էր «Իմ քայլին», այսօրվա «Իմ քայլում» չե՞ն եղել երեկ կաշառք բաժանածներ: Եվ՝ վերջապես՝ կաշառքը երկկողմանի գործընթաց է՝ մեղավոր են թե տվողը, թե ստացողը, հիմա ի՞նչ, ՀՀ ընտրողների քանի՞ տոկոսն է կասկածյալ ու մեղքը հաստատվելու դեպքում ի՞նչ է սպասում ընտրակաշառք վերցրածներին: Պայմանական ազատազրկու՞մ: Համաներու՞մ: Ի՞նչ: Կամ՝ ո՞վ է մեղադրելու ու կալանավորելու ՀՀ-ում հաստատված ՄԹՆՈԼՈՐՏԸ, երբ ընտրակաշառքը սովորական էր, չվերցնողը, մեղմ ասած, հիմար:
Բայց ինչպե՞ս է ապացուցվելու, որ X կուսակցապետը X կուսակցականների կամ X թեկնածուների X քանակի գումար է տվել X քանակի ձայներ գնելու համար: Միով բանիվ՝ Պողոսը, Պետրոսը և Մարտիրոսը փող են բաժանել, Ծառուկյանը տեղյակ չէր: ՈՒ հիմա Գագիկ Ծառուկյանն էլ, ԲՀԿ-ն էլ հայտարարում են, որ քրեական գործը հունիսի 5-ի ԲՀԿ-ի հատուկ նիստի հետևանքն է՝ քաղաքական հետապնդում քննադատության համար: Գլխավոր դատախազը պնդում է` իրավական գործընթաց է, փետրվարից հունիսի 10 առանցքային ապացույցներ էին հավաքվում: Ինչու՞ չի համոզում դատախազը: Որովհետև նրա առանցքային ապացույցների ամբողջացումը ժամանակի մեջ խիստ համընկնում է ոչ միայն ԲՀԿ նախագահի՝ կառավարության հրաժարականի պահանջին, այլև քաղաքական դաշտում ծավալվող այլ գործընթացների հետ: ՈՒ հայտնի չէ՝ քրեական գործի հարուցումը անցյալի՞ մեղքերին է վերաբերում, թե՞ ներկայի, կամ՝ ապագայինն է կանխում:
Եղան նաև կուսակցությունների հայտարարություններ, հատկապես հետաքրքիր էր ՀՀԿ-ինը: Պարզվեց «ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Նիկոլ Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է համարում և ազգային ներուժի համախմբմամբ երկիրը ճգնաժամից հանելու համար գործունյա և պրոֆեսիոնալ անցումային կառավարման ապահովումն է՝ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։ Փաստացի՝ ՀՀԿ-ն ևս «մերժեց Սերժին», որ ասում էր՝ «Ես սխալ էի, Նիկոլը՝ ճի՞շտ»: Բայց նաև ԲՀԿ-ն է «մերժում»՝ ԲՀԿ-ականները խուսափում են հայտարարել, որ կհամագործակցեն ՀՀԿ-ի հետ, պնդելով, որ ժողովրդի մերժած ուժերի հետ կապ չունեն: Հա՞ որ: Իսկ ՀՅԴ-ին ժողովուրդը չի՞ մերժել: Թե՞ չի ներում «դասալքությունը» Կրեմլը, որի ծրագրերը խափանեց հեռացած նախագահը: Որքան էլ տարօրինակ է՝ ՔՊ-ն նույնպես հեռու չէ ՀՀԿ-ից իր գործելաոճում, ու վկայությունը ոստիկաններն են, որ գուցե կարող էին հայտնի մարզիկին չճանաչել, բայց հիմք չունեն խոչընդոտել լրագրողների աշխատանքը, առավել ևս՝ պարտավոր են համավարակի պայմաններում հատուկ ընթացակարգերով գործել: Իսկ ընդհանրապես՝ կարող եք ձեռնոց չդնել, նույնիսկ դիմակ չկրել ու անձնագիր չունենալ տնից դուրս գալիս, բայց գրպանում պարտավոր եք ունենալ 10000+10000 դրամ: Շնորհակալությունը կհայտնեք պարետին, որ մեծ հարց է՝ իրավունք ունի՞ նման որոշումներ կայացնել՝ առանց ԱԺ-ի համաձայնության: Ի վերջո, բյուջեն համալրելու միջոցներ գտնվեցին, երբ հայտնի բոլոլաների հետևանքով ներդրումներ չեն անի ոչ միայն հայտնի շեյխերը, այլև անհայտ բիզնեսմենները՝ ծանոթանալով Հայաստանում ընդունվող օրենքներին բանկերի, գույքահարկի, գույքի բռնագրավման, դատավարությունների ու մեր կյանքի այլ մանրամասների, որ վկայում են՝ դեռ «մերժում ենք», ու չի երևում՝ ի՞նչ ենք հաստատում: Առայժմ ԲՀԿ-ն օգնում է մի շարքում հավաքել ուժերին, որ կորցրել են կամ չեն գտել իրենց տեղը քաղաքական դաշտում, մշակելու են ռազմավարություն, ու արտակարգ դրության իրավական ռեժիմում գնալու են… արտահերթ ընտրության: Բայց՝ առանց ժողովրդի: Հազվագյուտ ընտրություն կլինի՝ բարերարվածները ընտրում են բարերարներին: Որովհետև անգամ Կաշչեյ Անմահը մահկանացու է, բայց ոչ՝ ԲՀԿ-ն և ընկերությունը՝ ըստ հայկական սյուրռեալիզմի, որ ոտնահարում է սյուրվիվալիզմը, իմա՝ վերապրողների կյանքի իրավունքը՝ քաղաքական խաղեր խաղալով պանդեմիայի հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ նիստերը, չի բացառվում, որ քրեական գործեր հարուցվեն ԲՀԿ այլ պատգամավորների դեմ: Բայց դա չէ խնդիրը, ու դա չէ Նիկոլ Փաշինյանի կառավարության հաջողության կամ անհաջողության պատճառը: Սով, իհարկե, չի լինի, ինչպես Գագիկ Ծառուկյանն է վախեցնում, բայց ի՞նչ է լինելու նրա կայսրության հետ՝ արտադրության ու աշխատատեղերի: Եվ այն ծրագրերի, որ ներկայացվել են Նիկոլ Փաշինյանին՝ ներդրումների ու տնտեսության զարգացման հեռանկարով ու մատնվել խորին լռության: Դա է էականը: Կորոնավիրուսը չի նահանջում, վարչապետը՝ չի ընդունում սխալները: Ողջ լերուք: Ինչքան կստացվի: