Ի՞նչ են ուզում կարուսելի ձիուկները
12.06.2020 | 00:53
Իհարկե՝ ձի դառնալ ու կարուսելից հեռանալ: Ցանկացած ձիու երազանքը նժույգի կյանքն է, ոչ բոլոր ձիերն են միայն մեկ հեծյալ գտնում, ավելի հաճախ նրանք ապրում են բեռնաձիու կյանք: Հայերենը շռայլ է ձիերի հարցում՝ սեռորոշիչ հոմանիշներից՝ զամբիկ, հովատակ, մինչև կարգավիճակային հոմանիշ՝ բեռնաձի, նժույգ, իմա՝ բոլորն էլ ձի են, բայց տարբեր ձիեր են: Նույնիսկ Պեգասը՝ միակ թևավոր ձին, որ ապրում է առասպելում: Սա՝ հենց այնպես: Իբրև մուտք մեր կարուսել:
Շաբաթվա սկզբին կորոնավիրուսից անակնկալ առողջացած վարչապետը կեսօրին վերադարձավ աշխատանքի, ու օրվա երկրորդ կեսին ոչ միայն ինքը չուներ արարողակարգի պետ, այլև ՀՀ-ն չուներ ոստիկանապետ, ԱԱԾ պետ, գլխավոր շտաբի պետ: Մի քանի ժամով: Բոլոր պետերն էլ նշանակվեցին: ՈՒ ի՞նչ.
1. Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական խնդիրներ: Ճիշտ է, ֆեյսբուքում ապրող Հայաստանը փորձում է ինքն իրեն հակառակն ապացուցել: Բայց դա աբսուրդ է, ինչպես աբսուրդ է Հայաստանը համարել ֆեյսբուքի երկիր: Քաղաքական դաշտում էլ ոմանք փորձում են իրենք իրենց կամ հանրությանը համոզել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երբ ասել է, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի՝ 100 տոկոս կառավարությունը վարչապետն է +12 նախարարները: Անհեթեթ ու անվայել համարենք ԲՀԿ նախագահին առնչվող 40-ամյա վաղեմության դատավճիռների, տարատեսակ ասեկոսեների ու մեկնաբանությունների շրջապտույտը, իրականության մեջ ԱԺ երկրորդ ուժի ղեկավարը վարչապետի հրաժարականի պահանջի մտադրություն չի ունեցել ու չունի: Նա ասել է այն, ինչ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մտահոգություն ստեղծված իրավիճակից: Եվ ասել է՝ ունենալով բոլոր իրավունքները: Իզուր են հրաժարականի պահանջի սպասումները: ԲՀԿ նախագահը պատմական քաղաքական փորձ ունի 3 նախագահների հետ հարաբերվելով՝ անվնաս մնալու: Բուրժուադեմոկրատական հեղափոխություն չարեց, չի անի հետհեղափոխական խռովություն: Գագիկ Ծառուկյանը «բամփոցի» երկրորդ փուլի դրդապատճառ չունի: Ոչ էլ հեռանկար, որ հետո կունենա: Նա հրաշալի գիտի, որ քաղաքական դաշտը ինքնաոչնչացել է՝ չի կարող ոչ մի ուժի միանալ՝ հասարակական գիտակցության մեջ պահելով վարկանիշը, իսկ մենակ գործոն չէ: Հները գործունակ չեն: ԼՀԿ-ն, որ իրեն հաջորդ իշխանություն է համարում, անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում ունենալու է կանխատեսելի վարքագիծ՝ կամ խորտակելու է ինքն իրեն: ԱԺ-ից դուրս ուժերը բաժանվում են 2 մասի՝ իշխանական ՀՀԿ-ի հին ու նոր բեկորներ, որ կատարում են ՌԴ-ի առաջ ՀՀԿ-ի ձախողած պարտավորությունը և մրցում միմյանց հետ՝ ով ավելի արագ ու լավ կկատարի: ՀՅԴ-ն նույնպես դատապարտված է մենակյացի ճակատագրի, ինչպես ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ հասարակության աչքում խորտակելու է ցանկացած նոր կամ հին ուժի, որի հետ փորձի դաշինք կազմել ներքաղաքական իրավիճակ փոխելու համար: Կա և «Հանրապետություն» կուսակցությունը, որ գլխիվայր է շրջում ընդդիմության դասական պատկերացումը, իր հայտարարություններով ստեպ-ստեպ աջակցություն է հայտնում իշխանությանը և ներկայացնում ոչ թե պահանջներ, այլ առաջարկներ՝ իրեն վերապահելով իշխանությանը քննադատելու իրավունքը այն հարցերում, որտեղ տեսակետները տարբեր են: Այնուհանդերձ, լինելով դարասկզբին ստեղծված կուսակցություն, անփոփոխ է պահում ուղղությունն ու դիմագիծը, որ չի արել ու չի անում պոպուլիստական քայլեր, չի փորձում քաղաքական պահը որսալ ու ալիքի վրա բարձրանալ՝ ընտրողի համակրանքը շահել՝ ասելով ինչ նա ուզում է լսել: Սա նոնսենս է քաղաքական դաշտում, որի հետևանքը դառնում է կուսակցության ձախողումը ընտրություններում՝ ընտրողը ընտելացել է ընտրակաշառքի կամ ընտրաբարերարության, կամ՝ պոպուլիզմի:
2. Որքան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական խնդիր, այնքան ակնհայտ է, որ ունի տնտեսական խնդիրներ: Պատճառը կորոնաճգնաժամի քաոսը չէ: Անկայուն բնավորությունը կամ տնտեսագիտական գիտելիքներ չունենալը չէ: Նա դաշտ մտավ այն դռնով, որ իր առաջ համարեց բաց, դա սխալ դուռ էր՝ զարգացման տեսակետից: Տնտեսական հեղափոխության համար բոլորովին այլ քաղաքական հայտարարություններ ու քայլեր պետք է արվեին:
Նա պիտի փորձեր տնտեսության կառուցվածք փոխել՝ սկսելով ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարով, այլ տնտեսության դիվերսիֆիկացիայով: Առայսօր Հայաստանի տնտեսական քարտեզում չկան փոփոխություններ, կորոնաճգնաժամը պոկեց վարագույրը և ի հայտ բերեց ՀՀ տնտեսության ողջ խոցելիությունը՝ չի կարող սպասարկման ոլորտի, զբոսաշրջության, չզարգացած գյուղանտնտեսության պարագայում գյուղմթերքների արտահանման վրա հույս դնող երկիրը զարգանալ, աշխատատեղ ստեղծել, ներդրում բերել, արտադրություն բացել: Նա ժառանգել է իր մարտավարական ոլորտները օտարած երկիր, որի տնտեսական ինքնիշխանության որևէ փորձ գնահատվում է քաղաքական դեմարշ: Օրինակ՝ գազի սակագինը իջեցնելը: Բայց դա բնավ չի նշանակում, որ խաղը տանուլ է տրված: Խաղը տանուլ կտրվի և բոլոր դռները կփակվեն, եթե վարչապետը շարունակի արտաքին նույն քաղաքականությունը՝ խրվելով եվրասիական ճահճում ու մոռանալով, որ կան Եվրոպա, Ամերիկա, Չինաստան: Հայաստանը չունի ռազմավարական դաշնակից, այդ իրողությունը 2018-ին չի ձևավորվել: 2018-2020-ը այն ժամանակն էր, երբ Մոսկվան այլևս հարկ չի համարում իրականությունը սքողել պաշտոնական այցեր-հայտարարություններով: Հայաստանի՝ Ռուսաստանի ֆորպոստ լինելու գաղափարը նոր չի բարձրաձայնվել, նորն այն է, որ Կրեմլը հարկ չի համարում ֆորպոստի իրավունքներն ընդունել՝ պարտականություններ կատարելու արտոնությունը համարելով ՀՀ շահի պաշտպանություն: Իրավիճակ է փոխվել աշխարհում, Ռուսաստանում, Հայաստանում, բայց ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ գիտակցությունը տեղ չի հասել քաղաքական, փորձագիտական ու մտածողության մակարդակում: Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի ձեռնարկում տնտեսության դիվերսիֆիկացման քայլեր, ինչու՞ է քնեցնում կամ մերժում բազմամիլիոն ներդրումային ծրագրերը: Որովհետև վստահ չէ, որ Հայաստանն ունի այդքան ինքնիշխանություն: Վախենում է հետևանքներից: ՈՒրեմն ինչի՞ն է ծառայում նրա իշխանության գերլեգիտիմությունը: Փաստացի՝ ոչնչին: Պաշտոնանկությունների ներքին զսպանակը ուժի ցուցադրությունն էր և դրական կամ բացասական ազդեցություն չի ունենալու ոլորտների գործունեության վրա:
Աբսուրդ է տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանը կանխեց հեղաշրջումը: ՈՒժայինները երբեք ոչ մի քայլ չեն արել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Առավելագույնը՝ ապաշնորհ էին կատարում իրենց գործը՝ ոստիկանության մասով հասարակության հանդեպ, ԱԱԾ-ի՝ մասով Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը, մյուս երկուսի հետ, հետևանքն էր հայտնի աղմկոտ հարսանիքի, որ մեկը կազմակերպել, երկուսը ներկա էին եղել: Դավադրությունների տեսություններ, խորքային պատճառներ, որոնց ջրի երես ելնելուն պատրվակ էր պետք, չկան: Կա պարզ կարգապահական տույժ՝ «Չի կարող լինել իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետին»: Պաշտոնանկությունների քաղաքականացումը հեռանկարային չէ, ինչպես հեռանկարային չէ նոր պաշտոնյաների հետագա պաշտոնավարումը, քանի սահմանված չեն գերատեսչությունների գործունեության ոլորտները, հստակ խնդիրները, ու նրանք կատարում են վարչապետի անվերջ ու անկապ հանձնարարականները: Իմա՝ կա պետական կառավարման համակարգի ճգնաժամի խնդիր: Նիկոլ Փաշինյանի բախտը բերեց ոչ թե 2018-ի ապրիլ-մայիսին կամ դեկտեմբերին, այլ ընդհանրապես բերել է, որ անցած տասնամյակներում իշխանությունը իր և հասարակության միջև այնպիսի խորթություն է սերմանել, որ գաղջության հիշողությունը պաշտպանական իմունիտետ է դառնում ցանկացածին, որ հաջորդել է իրենց երկար ու երկար՝ մինչև հրեշին սպանողը ինքը դառնա հրեշ, ու այդ ընթացքում նոր Լանցելոտ ի հայտ գա:
3. Նիկոլ Փաշինյանն ունի կորոնաճգնաժամ, որտեղ ամեն ժամ ինքն իրեն ավելի է խրում` օրական 10-20 մահը խոսուն փաստ է: Հանգուցյալներին ներողություններ պետք չեն: Հայաստանը չունի կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ ռազմավարություն, ոչ մարտավարություն, եթե ունի, վախենում է հրապարակել, որ հույսը ընդհանրական իմունիտետն է՝ համատարած վարակից հետո՝ անխուսափելի մահերի գնով: Գիշեր-ցերեկ լայվերով, ասուլիսներով, թվերով, հիմա նաև հիվանդանոցներ այցերով, բժիշկների ցուցադրական ելույթներով ստեղծվում է ԲԱՑԱՐՁԱԿ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, իրականում այդ տպավորությունը քողարկում է թե վարակվածների իրական թիվը, թե թեստավորման սկզբունքները, թե բուժման կազմակերպման, ավելի ճիշտ՝ ձախողման պատճառները: Հայաստանում վարակվածների թիվը բազմապատիկ է, քան գիտի ու կարող է հաշվել իշխանությունը: Երբ առողջապահության նախարարը հայտարարում է, որ ասիմպտոմ դեպքերին այլևս չէին կարող առանձնացված պահել ու 1000 հոգի ուղարկվեց տուն, պարտավոր է ոչ միայն հաշվարկել, թե 14 օրից 1000 առողջացած է լինելու, այլ՝ 14 օրից լինելու է միջինը 3-4000 (եթե ամեն ընտանիք հաշվենք 3-4 հոգուց կազմված), անմիջական կոնտակտավոր, ուրեմն վարակակիր: Նրանց թիվը հնարավոր շփումներով, որ անգամ կոնտակտավորների տեղորոշման վիճահարույց օրենքից հետո չեն պարզվում, բազմապատկվում է: Եթե ճիշտ է, որ ամեն վարակակիր կարող է վարակել 4 առողջի, ստացվում է 12000-16000: Եվ դա միայն «շնորհիվ» Արսեն Թորոսյանի, ինչքա՞ն հիվանդներ կան ու ինքնաբազմանում են արտադրական ձեռնարկություններում, ասենք, «Գլորիա» կարի ֆաբրիկայում կամ «Գրանդ Քենդիում»… Նրանք չեն թեստավորվում, կամ՝ թեստավորվում են, որ պարզեն առողջ են, թե վարակակիր: Թեստավորումը պիտի լինի ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ: Տասնյակ երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսրայել, Ֆրանսիա, կիրառվում են հակամարմինների գոյությունը պարզող թեստեր, Հայաստանում թեստավորումը օգտագործում են իբրև թանկարժեք խաղալիք, որ ոչինչ չի տալիս ոչ հիվանդին, ոչ առողջին: Ոչ թե Արսեն Թորոսյանը՝ Նիկոլ Փաշինյանը պիտի պատասխանի ՝ ինչու՞ չի ստեղծում համաճարակաբանների գիտական խորհուրդ ու չի ղեկավարվում նրա որոշումներով, ինչու՞ չեն օգտագործվում առողջապահական ԲՈԼՈՐ ռեսուրսները, ու հիվանդները մեռնում են՝ ռեանիմացիա չհասնելով ժամանակին: Այս խնդիրները վաղը դառնալու են քաղաքական ու իրավական: Յուրաքանչյուրի մահը ողբերգություն է, պատասխան պիտի տա իշխանությունը, որը չի հնարել կորոնավիրուսը, բայց չի ապահովել բնակչության պաշտպանությունը պանդեմիայից ու բուժումը, երկրի կենսունակությունը պանդեմիայի ժամանակ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Կարուսելի ձիուկները երբեք չեն դառնա ձի, բայց դա չի երաշխավորում, որ չի խափանվի կարուսելը: Հունիսը կիսվեց, ամռանը մնաց 80 օր, հուսանք՝ բավարար ժամանակ, որ Հայաստանում ավարտվի կորոնաճգնաժամը: Ողջ լերուք: Դուք դեռ տեսնելու եք կառավարության կառուցվածքի ու կազմի փոփոխություն, պաշտոնանկությունների ու նշանակումների կարուսել: Եթե կարուսելը պտտվի հանուն ՔՊ-ի, ոչ թե պետության ինքնապահպանության, Լանցելոտի գալն արագանալու է: Նիկոլ Փաշինյանը ճամփաբաժանին է՝ ի՞ր եսը, թե՞ պետությունը: Իրեն ընտրեց, կործանելու է պետությունը, պետությունն ընտրեց՝ փրկելու է իրեն:՝
Բայց դա հասկանալու համար էլ ինքնիշխանություն է պետք: Ոչ թե երկչոտ փորձեր կամ ցուցադրական ելույթներ, այլ ռեալ քայլեր: Համարենք, որ քայլերից մեկը կլինի արդիական երկաթուղի ունենալը, մյուսը՝ էներգետիկ շուկայի ազատականացումը, հաջորդը ազգային ավիափոխադրող ունենալը: Ռուսական վարկից հրաժարվելը և Մեծամորի աէկ-ի կիսատ մնացած աշխատանքները ՀՀ միջոցներով ավարտելու որոշումը քիչ է, զուգահեռ բանակցել է պետք ԵՄ-ի հետ երկրորդ աէկ-ի կառուցման հարցով: Հանքարդյունաբերությունը պետք է գործարկել ու տեղական արտադրություն բացել, որ ՀՀ-ն ոչ թե հումք, այլ ապրանք արտահանի ու ինքը հարստանա, ոչ թե գնորդին հարստացնի: Սա է Նիկոլ Փաշինյանի գործը, ոչ թե օրը մեկ ինչ-որ ուժի «գերեզման» դնելը: Դա պատմության գործն է, իր գործը պետություն կառուցելն է: Մոսկվա գնալուց առաջ, և, որ ավելի կարևոր է՝ հետո:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ