Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Գյումրի հատվածում, շինարարական աշխատանքներ կատարող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ։ Լանջիկ-Գյումրի ճանապարհի սկզբնամասից արդեն իսկ արվել են փոսային նորոգումներ ասֆալտբետոնե ծածկով։ Մյուս հատվածներում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, և այսօրվանից արդեն վերսկսվել են ճանապարհին գոյացած փոսերն ասֆալտբետոնով նորոգումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, կապալառու կազմակերպության և Շիրակի մարզպետականի ներկայացուցիչները շրջայց են կատարել՝ հետևելով ընթացիկ աշխատանքներին։ Նշվել է, որ աշխատանքներն այնպես պետք է կազմակերպել, որպեսզի հնարավորինս քիչ անհարմարություններ պատճառվեն երթևեկության մասնակիցներին։
Գալուստ Տերտերյանը Թալինի բնակիչ է, աշխատում է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունում։ Նորոգվող ճանապարհին կարգավորում է երթևեկությունը, վարորդներին ուղղություն ցույց տալիս։ Նա նկատում է, որ շինարարության ընթացքում շնորհակալական բազմաթիվ խոսքեր են լսում։ «Շատ վարորդներ կանգնում և շնորհակալություն են հայտնում մեզ աշխատանքի համար։ Նորոգումները կաարվում են, և ժամանակ է հարկավոր դրանք ավարտին հասցնելու համար»,- նշում է Գալուստ Տերտերյանը։ Նա նաև պատմում է, որ արդեն չորս տարի աշխատում է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունում. «Հյուսիս-հարավի շինարարությունն օգնում է մեր տարածաշրջանի բնակիչներին լուծել սոցիալական հարցերը, չմեկնել արտագնա աշխատանքի։ Չենք դժգոհում, աշխատավարձը ժամանակին տալիս են։ Ինձ նման շատերն են այստեղ աշխատում՝ Արթիկից, Գյումրիից, Ազատանից, այլ բնակավայրերից»։
Նշենք նաև, որ Մաստարայի մոտ գտնվող ճանապարհահատվածում շինարարի կողմից տեղադրվել է խողովակ՝ անձրևաջրերի կուտակումը հեռացնելու համար։ Այդպիսով տրվել է ժամանակավոր լուծում՝ մինչև շինաշխատանքների ավարտը։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ