Համաշխարհային տնտեսությունը բավական արագ տեմպերով գնում է դեպի հերթական ճգնաժամ։ Եթե դեռ մեկ ամիս առաջ խոսվում էր հնարավոր կամ ենթադրյալ ճգնաժամի մասին, ապա ներկա պահին բազմաթիվ վերլուծական գործակալություններ արդեն իսկ ահազանգում են, որ համաշխարհային տնտեսությանը սպասվում է ոչ բարենպաստ ապագա՝ պայմանավորված համավարկի տնտեսական հետևանքներով։ «Իրատեսի» հետ զրուցում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության թեկնածու, դոցենքտ Կարեն Սարգսյանը: Նա հիշեցնում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, որ 2020-ին, ամենայն հավանականությամբ, գլոբալ ռեցեսիա, կարձանագրվի, որն ավելի ծանր կարող է լինել, քան 2008-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։
Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսական ներկայիս ճգնաժամի տևողության ու զարգացման մասին բավական դժվար է կանխատեսումներ անել: Հստակեցնում է՝ համաշխարհային տնտեսությունը նախկինում չի արձանագրել որևէ գլոբալ ճգնաժամ, ինչի հիմքում համավարակային իրավիճակ ընկած լինի։ Այս առումով, կորոնավիրուսի համավարակը լուրջ փորձություն է համաշխարհային տնտեսության համար։
«Արդեն իսկ ակնհայտ է, որ ընդհանուր կարատինի և տնտեսական գործունեության խիստ սահմանափակումների ֆոնին, որոնք կիրառվում են բազմաթիվ երկրների կողմից՝ թույլ չտալու համավարակի կտրուկ տարածումը, 2020-ի առաջին կիսամյակում համաշխարհային տնտեսությանը սպասվում է կտրուկ անկում։ Արտադրական ձեռնարկությունների գործունեության հարկադիր դադարեցումը, օդային ու ցամաքային հաղորդակցությունների խիստ սահմանափակումը կհանգեցնի գործարար ակտիվության ցուցիչի զգալի նվազման գրեթե բոլոր երկրներում։ Հարկ է նշել, որ կորոնավիրուսն ինքնին այդքան սարսափելի չէ տնտեսության համար, որքան այն քայլերը, որոնք աշխարհի գրեթե բոլոր երկրները ստիպված են ձեռնարկել վերջինիցս պաշտպանվելու համար՝ սկսած խոշոր ձեռնարկությունների գործունեության հարկադիր դադարեցումից և այլ երկրների հետ օդային միջանցքները փակվելուց՝ վերջացրած փոքր և միջին բիզնեսի նկատմամբ (հիմնականում առևտուր, ծառայություններ) սահմանափակող միջոցներով և տրանսպորտային ներքին ցանցի գործունեության կասեցմամբ»,- նշում է տնտեսագետը:
Նա նաև ավելացնում է, որ համաշխարհային տնտեսությունում մի շարք ճյուղեր առավել մեծ չափով կտուժեն, մասնավորապես, զբոսաշրջությունն ու ավիացիան, ամենայն հավանականությամբ , կորոնավիրուսի հիմնական «զոհերը» կդառնան: Որպես օրինակ նշում է Զբոսաշրջության և ճանապարհորդության համաշխարհային խորհրդի (WTTC) գնահատականը՝ 2020-ին համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերության կորուստը կարող է մինչև 22 միլիարդ դոլարի հասնել։ Միևնույն ժամանակ, զբոսաշրջային ծառայությունների շուկան կարող է կորցնել ավելի քան 50 միլիոն աշխատատեղ: Ինչ վերաբերվում է համաշխարհային ավիաինդուստրիային, նշում է մեր զրուցակիցը, ապա ըստ նախնական հաշվարկների՝ այն արդեն իսկ շուրջ 200 միլիարդ դոլարի վնաս է կրել՝ աշխարհի բազմաթիվ երկրների օդային միջանցքների փակման և ավիաթռիչքների կտրուկ կրճատման հետևանքով։
«Ճգնաժամի ամբողջ խորությունն իրենց վրա կզգան էներգա արտահանող երկրները։ Աշխարհի գրեթե բոլոր երկրներում խոշոր արդյունաբերական ընկերությունները համավարակի պատճառով ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչի հետևանքով համաշխարհային շուկայում կտրուկ կրճատվել է էներգակիրների նկատմամբ պահանջարկը, և դրանք արդյունահանող երկրները ֆինանսական կորուստներ են կրում։ Մեծ կորուստներ են կրում նաև համաշխարհային ֆինանսական շուկաները։ Ըստ ԱՄՀ հրապարակած տվյալների՝ զարգացող շուկաներից ներդրողների կողմից դուրս է բերվել ավելի քան 83 միլիարդ դոլար և այս գործընթացը ակտիվ կերպով դեռ շարունակվում է ։ Ինչ վերաբերվում է աշխատաշուկային, ապա որոշ հաշվարկների համաձայն՝ առնվազն 25 միլիոն մարդ կարող է գործազուրկ դառնալ»,- ներկայացնում է Սարգսյանը:
Գիտությունների թեկնածուի հավաստմամբ՝ համավարակն, իրականում, տնտեսական ճգնաժամի միակ պատճառը չէ։ Մանարամասնում է՝ անկախ կորոնավիրուսի համավարակի առաջացումից՝ համաշխարհային տնտեսությունում արդեն իսկ բազմաթիվ բացասական գործոններ էին կուտակվե, լուրջ մարտահրավերներ կային, որոնք հետզհետե ավելի խորանալով՝ վաղ թե ուշ հանգեցնելու էին տնտեսական ցնցումների։ Մասնավորապես, դրանցից կարող ենք նշել Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային առճակատումը, Մեծ Բրիտանիայի ելքըԵվրամիությունից, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթային հակամարտությունը, համաշխարհային ֆինանսական շուկաներում պարտքային ճգնաժամի խորացումը։
«Այս առումով պետք է նշել, որ համաշխարհային համախառն պարտքը ներկայումս աճել է մեծ տեմպերով և մի քանի տրիլիոն դոլարով գերազանցում է 2008-ի ցուցանիշը, ինչն արդեն իսկ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Իհարկե, բացի վերը թվարկվածներից առկա են նաև այլ գործոններ, որոնք արդեն իսկ էականորեն թուլացրել էին աշխարհի խոշոր երկրների տնտեսությունները դեռևս 2020 թվականի նախաշեմին, ուստիև որևէ կասկածներ չկան առ այն, որ COVID-19 համավարակը, ըստ էության, կդառնա այն «սև կարապը», որը համաշխարհային տնտեսությունը սահուն կերպով կմղի դեպի խոր անկում»,- ամփոփում է տնտեսագետ Սարգսյանը։