ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ղազախստանում ապստամբել են դունգաննե՞րը

Ղազախստանում ապստամբել են դունգաննե՞րը
09.02.2020 | 13:49

8 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ղազախստանի հարավի Ժամբալի շրջանում բախումների ժամանակ: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ զանգվածային ծեծկռտուքի պատճառը կենցաղային կոնֆլիկտն էր, ոը փոխադրվել է «միջէթնիկ հարթություն»: Ծեծկռտուքը սկսվել է ուրբաթ երեկոյան Մասանչի գյուղի ծայրամասում, որտեղ հիմնականում ապրում են էթնիկ փոքրամասնություն դունգանները: «Զանգվածային անկարգությունների 40 մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ և հրազենային վերքեր: 8 մարդ ստացած վերքերից, ցավոք, մահացել է: Ծառայական պարտականությունների կատարման ժամանակ տարբեր վնասվածքներ են ստացել ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ հրազենային վերքեր»՝ շաբաթ օրը ասել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը: Նա պատմել է, որ ոստիկանությունը ձերբակալել է 47 մարդու, նրանցից վերցվել են որսորդական հրացանները: 30 տուն է այրվել, 15 խանութ, 23 ավտոմեքենա: Բնակիչների տվյալներով՝ ավերածություններ են եղել 5 գյուղերում, որտեղ դունգաններ են ապրում: 30 մասնավոր տուն է վնասվել, 15 առևտրի կետ, 23 ավտոմեքենա: Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը հրամանագիր է ստորագրել կառավարական հանձնաժողովի ստեղծման համար՝ միջադեպքի հետևանքների վերացման նպատակով:


Ղազախստանի իշխանությունները մեղադրում են սադրիչներին, որ փորձել են կենցաղային ծեծկռտուքը ներկայացնել միջէթնիկ կոնֆլիկտ: Պատճառները դեռ հայտնի չեն: Տուրգումբաևի խոսքով՝ սկզբում կոնֆլիկտին 70 մարդ է մասնակցել: «Կոնֆլիկտի սադրիչներն ու ականատեսները միաժամանակ տեսագրել են կատարվողը և մեսենջերով ու սոցիալական ցանցերով մարդկանց հակաօրինական գործողությունների կոչ են արել: Դա էլ հանգեցրել է կոնֆլիկտի սրմանը: Հարևան բնակավայրերից ևս 300 մարդ է եկել»՝ հաղորդել է ՆԳՆ նախարարը: «Խուլիգանները մետաղական իրեր, քարեր, հրացաններ են օգտագործել: Ավելի ուշ կոնֆլիկտի մեջ են ներքաշվել Աուխատի ու Բուլան Բատիր գյուղերը: Բնակավայրերի ու նրանց մուտքերի տրամագծով պահակակետեր են դրվել»՝ հավելել է նախարարը: Նույն վարկածն է պնդում տեղեկատվության նախարար Դաուրեն Աբաևը. «Ողբերգություն է եղել, մարդիկ են զոհվել: Ցավոք, դա հնարավոր է դարձել սադրիչների պատճառով, որ կենցաղային կոնֆլիկտը տարել են միջէթնիկ հարթություն»: Բնակիչների խոսքով՝ ուրբաթ երեկոյան հարյուրավոր ոչ տեղացի տղամարդիկ եկել են իրենց բնակավայրերը, հրդեհել տները, խանութները, ջարդել մեքենաները, գրոհել մարդկանց վրա: Ղազախստանի դունգանների ասոցիացիայի ղեկավար Հուսեյ Դաուրովը ԿազՏագ գործակալությանը պատմել է. «5.25 ՕՄՕՆ-ը եկավ Ալմա Աթայից, զինվորականները եկան ու իրավիճակը վերահսկողության տակ վերցրին: Բայց դա արեցին մի ամբողջ օր հետո: Եթե մի օր առաջ ցանցերում ամեն ինչ լիներ, եթե մի օր առաջ գային, մենք կխուսափեինք զոհերից ու մարդկանց կյանքը կփրկվեր: Բայց հիմա, փառք Աստծո, ՕՄՕՆ-ը ամեն անկյունում է ու վերահսկում է իրավիճակը»:
Ուրբաթ օրը ցերեկը ոստիկանները Մասանչիի հարևան Սորտոբ գյուղի մոտ կանգնեցրել են կարգազանց մի մեքենա: Վարորդը փորձել է թաքնվել, բայց ոստիկանները հասել ու բռնել են, նրա հարազատները քարկոծել են ոստիկանական մեքենան ու ծեծել ոստիկաններին: Հայտնի չէ՝ դա կապ ունի՞ ծեծկռտուքի հետ: Սոցիալական ցանցերում տարածված է վարկածը, որ կոնֆլիկտը սկսվել է, երբ դունգանները ծեծել են ղազախներին: Ծեծկռտուքից հետո գյուղում բազմաթիվ մարդիկ հատել են Ղրղզստանի հետ սահմանը, սահմանապահներն անցել են ուժեղացված աշխատակարգի: Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ 20 մարդ բուժօգնության է դիմել: Շաբաթ առավոտյան սահմանային պահակակետերով բազմաթիվ կանայք ու երեխաներ, ենթադրաբար դունգաններ, հարավային Ղազախստանից անցել են Ղրղզստան:


Ո՞վքեր են դունգանները: Դունգանները ժողովուրդ են, որ ապրում են Ղրղզստանում, Ղազախստանի հարավ-արևելքում, Ուզբեկստանի արևելքում: Նրանք չինացիների հետնորդներն են, որ Միջին Ասիա են փոխադրվել Չինաստանից 19-րդ դարի երկրորդ կեսին՝ իշխանությունների հալածանքների պատճառով: Դունգանները իսլամ են դավանում: Մասանչին դունգանների կենտրոններից է համարվում: 2009-ի մարդահամար տվյալներով՝ 13000 բնակիչ ունեցող գյուղի 90 տոկոսը դունգաններ են, 5 տոկոսը՝ ղազախներ, 5 տոկոսը՝ ռուսներ:
BBC


Հ.Գ. Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը կոչ է արել նախևառաջ պարզել կոնֆլիկտի պատճառը, ապահովել սոցիալական ու հումանիտար հարցերի լուծումը: Դրանով կզբաղվի կառավարության ստեղծած հանձնաժողովը: Սոցիալական ցանցերում ամենատարբեր վարկածներ են շրջանառվում, բայց ոչ մի հստակություն, թե ինչից է սկսվել ծեծկռտուքը՝ մի վարորդի, մի 72-ամյա ծերունու՞, թե՞ այլ պատճառով: Հարուցված է քրեական գործ, վարվում է հետաքննություն: Բոլոր դեպքերում՝ հայտնի սխեմա է՝ փոքր ծեծկռտուք-սոցիական ցանցեր-կոչեր-զոհեր-վիրավորներ: Իրավիճակի ապալայունացում: Գուցե ոչ միայն ներպետական, այլև՝ ազգամիջյան ու միջպետական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ