ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Պուտինը սկսեց նախապատրաստվել 2024-ին

Պուտինը սկսեց նախապատրաստվել 2024-ին
16.01.2020 | 14:14

ՌԴ Դաշնային ժողովին ուղղված նախագահի ուղերձից հետո ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց: Սա երեկվա ամենաանսպասելի հրաժարականն էր: «Այս փոփոխությունները, երբ ընդունվեն, ամենայն հավանականությամբ դա կարվի քննարկումից հետո, էական փոփոխություններ կբերեն ոչ միայն Սահմանադրության բազմաթիվ հոդվածներում, այլև իշխանության հավասարակշռության մեջ՝ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանության»՝ ասաց վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: «Այս ենթատեքստում ակնհայտ է, որ մենք իբրև ՌԴ կառավարություն, պետք է երկրի նապագահին հնարավորություն ընձեռենք ընդունել անհրաժեշտ բոլոր որոշումները, և այդ պայմաններում ես կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ կառավարությունը՝ ՌԴ Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան, ներկա կազմով հրաժարական տա»՝ սրանք վարչապետ Մեդվեդևի վերջին խոսքերն էին: Նախագահը ընդունեց վարչապետի ու կառավարության հրաժարականը ու խնդրեց, որ ամբողջ ծավալով կատարեն իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը: Սահմանադրությամբ վարչապետի թեկնածությունն առաջադրվում է 14 օրում: Երեկ օրավարտին ՌԴ նախագահն արդեն առաջադրեց վարչապետի թեկնածու՝ Դաշնային հարկային ծառայության պետ Միխայիլ Միշուստինին: Կրեմլը հաղորդեց, որ նախագահը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ ու նրան առաջարկել վարչապետի պաշտոնը: Ստանալով նրա համաձայնությունը, նախագահը Միշուստինի թեկնածությունը ներկայացրել է Պետդումայի քննարկմանը: Նա ստորագրել է նաև կառավարության հրաժարականի հրամանագիրը՝ վարչապետի ԺՊ նշանակելով Դմիտրի Մեդվեդևին: Նա անգործ չի մնա՝ նախագահը խոստացել է ստեղծել նոր պաշտոն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի, այսինքն՝ իր, տեղակալի. «Դմիտրի Անատոլևիչը միշտ է զբաղվել այս հարցերով՝ մեր անվտանգության ու պաշտպանունակության բարձրացման տեսակետից: Ես հնարավոր եմ համարում և խնդրեցի նրան, որ ապագայում զբաղվի այդ հարցերով: Առաջիկայում ես կստեղծեմ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը»՝ ասել է Պուտինը:


Կառավարության ներկա կազմը գործում էր 2018-ի մայիսից: Մեդվեդևը վարչապետ էր 2012-ից: Սովորաբար կառավարությունը հրաժարական է տալիս նախագահի պաշտոնակալության արարողությունից հետո: 2018-ի մայիսին Մեդվեդևն այդպես էլ արեց: Կառավարությունը իր կամքով լուծարել է և նախագահը: 5 անգամ՝ Բորիս Ելցինը պաշտոնանկել է Վիկտոր Չեռնոմիրդինի ու Սերգեյ Կիրիենկոյի կառավարությունները 1998-ին, Եվգենի Պրիմակովի ու Սերգեյ Ստեպաշինի կառավարությունները՝ 1999-ին, Վլադիմիր Պուտինը 2004-ին՝ Միխայիլ Կասյանովի կառավարությունը: 2007-ի սեպտեմբերի 12-ին սեփական կամքով հրաժարական է տվել Միխայիլ Ֆրադկովի կառավարությունը: Պատմական չորեքշաբթին Մոսկվայում սկսվեց Դաշնային ժողովին նախագահի ուղերձով: Պուտինը հայտարարեց, որ նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն փոփոխություններ, որոնք կդրվեն համընդհանուր քվեարկության: Սահմանադրությունը պետք է ունենա առաջնահերթություն Ռուսաստանի իրավական տարածքում միջազգային իրավունքի նկատմամբ: Բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները պետք է չունենան օտարերկրյա քաղաքացիություն և այլ պետության բնակության թույլտվություն, նախագահի թեկնածուն պետք է առնվազն 25 տարի ապրի Ռուսաստանում և երբեք օտարերկրյա քաղաքացիություն չունենա: Ամենասպասված նորությունը վերաբերում էր նախագահի պաշտոնին՝ Պուտինն առաջարկում է Սահմանադրությունից հանել այն կետը, որ նույն անձը չի կարող ընտրվել նախագահ երկու ժամկետից ավելի «անընդմեջ»: Սա այն կետն էր, որը թույլ էր տվել Պուտինին երրորդ անգամ նախագահ վերընտրվել 2012-ին։ Պուտինի առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանում այլևս չպետք է լինի երկու անգամից ավելի ընտրված նախագահ։ 2024-ին լրանում է Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, և Սահմանադրությունն արգելում է նրան վերընտրվել հինգերորդ անգամ: Փաստացի՝ Ռուսաստան-Բելառուս դաշնային պետության տարբերակը չաշխատեց՝ Լուկաշենկոն նույնիսկ առաջարկել էր, որ Ռուսաստանը մտնի Բելառուսի կազմի մեջ: Երեկ պարզվեց՝ Պուտինը հրաժարվում է նաև սահմանադրական փոփոխությունների տարբերակով նախագահ ընտրվելու հնարավորությունից: Փոխարենը նա առաջարկել է Սահմանադրության մեջ ամրապնդել Պետական խորհրդի կարգավիճակը, ընդլայնել խորհրդարանի լիազորությունները: Պետդուման պետք է հաստատի վարչապետի թեկնածությունը, այնուհետև, նրա առաջարկով, կառավարության անդամների: Նախագահից պահանջվելու է այդ անձանց նշանակել առաջարկված պաշտոնում: Իրավապահ մարմինների ղեկավարներին նշանակելու է նախագահը՝ Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո: Դաշնության խորհուրդը կստանա Սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներին աշխատանքից ազատելու իրավունք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կառավարությունը, ինչպես լինում է Ռուսաստանում, նախապես չգիտեր իր հրաժարականի մասին: Պուտինի հետ հանդիպման մասին նախարարներն իմացել են Դաշնային ժողովին ուղերձի ժամանակ և մտածել են, որ քննարկվելու են ուղերձի ժամանակ հնչած առաջարկների կատարման հարցերը: Երեկ Պետդումայի խմբակցությունների ղեկավարներ Սերգեյ Միրոնովն ու Վլադիմիր Ժիրինովսկին վարչապետի թեկնածուներ էին առաջադրում Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին, առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին, «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովին: Բայց Պուտինն ընտրեց 53-ամյա Միշուստինին: Նա հարկայինի պետն էր 2010-ից: Մինչ այդ եղել է UFG ընկերությունների նախագահ՝ ակտիվների ղեկավարման, ուղղակի ներդրումներով զբաղվող ամենամեծ ընկերություններից մեկի: Պետական ծառայության անցել է 1998-ին՝ իբրև ՌԴ պետական հարկային ծառայության պետի տեղակալ: 1999-2004-ին եղել է հարկերի ու տուրքերի գծով փոխնախարար: 2004-2006-ին ղեկավարել է կադաստրը, 2007-2008-ին՝ հատուկ տնտեսական գոտիների կառավարման դաշնային գործակալության տնօրենը: Եվ, ամենակարևորը, նա սիրում է հոկեյ, ինչպես Պուտինը:
Փաստացի՝ ՌԴ նախագահը, ինչպես ժամանակին Բորիս Ելցինը, սկսեց նախագահի թեկնածուների ստուգատեսը: Չի բացառվում, որ վարչապետերը ստեպ-ստեպ փոփոխվեն՝ մինչև Պուտինը գտնի իր իրավահաջորդին, իսկ ինքը կստանձնի պետության ղեկավարի դերը՝ այլ, նորաստեղծ կառույցում, նա ունի 4 տարի ժամանակ փորձարկումների ու որոնումների համար:

Դիտվել է՝ 4465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ