Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան Իրանի միջուկային համաձայնագրի տարաձայնությունների պարզաբանման պաշտոնական մեխանիզմն են գործարկել, երբ Թեհրանը հայտարարեց, որ հրաժարվում է 2015-ի բոլոր պարտավորություններից: 3 երկրները հայտարարել են, որ Թեհրանի որոշումն այլ ընտրություն չի թողնում: «Իրանը շարունակում է խախտել հիմնական պայմանները, որ նախատեսված են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով (ՀԳՀԾ): Իրանի գործողությունները հիմա չեն համապատասխանում համաձայնագրի դրույթներին և ավելի լուրջ ու անդառնալի հետևանքներ ունեն: Մենք համաձայն չենք, որ Իրանն իրավունք ունի հրաժարվել ՀԳՀԾ-ի դրույթները կատարելուց»՝ նշված է համատեղ հայտարարության մեջ: Եվրաեռյակը ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի դուրս գալու համար և ընդգծել, որ ցանկանում է պահպանել համաձայնագիրը: Նրանք մտադիր չեն Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարց բարձրացնել: «Մեր մտադրությունն է չվերականգնել պատժամիջոցները, այլ հանել գոյություն ունեցող հակասությունները վեճերը լուծելու մեխանիզմի միջոցով, որ նախատեսված է համաձայնագրով»՝ ասել է Ռեյթերսի աղբյուրը դիվանագիտական շրջանակներից: BBC-ի մեկաբան Ջոնաթան Մարկուսը գտնում է, որ վեճերի լուծման մեխանիզմը համաձայնագրի հուղարկավորման պաշտոնական առաջին քայլն է: «Եվրաեռյակի երկրները պնդում են, որ մինչև վերջ պահպանելու են համաձայնագրի պայմանները և ցանկանում են գտնել լավագույն տարբերակ, որին կաջակցի նաև ԱՄՆ-ը: բայց շատ դժվար է պատկերացնել, որ Իրանը կընդունի ավելի կոշտ սահմանափակումներ, այդ թվում՝ հրթիռային ծրագրի ներառումով»՝ գտնում է Ջոնաթան Մարկուսը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ին ասել է, որ հասկանում է ԱՄՆ-ի մտահոգությունը 2015-ի համաձայնագրի անկատարության պատճառով, բայց, այնուհանդերձ, պետք է միջոց գտնել, որ Իրանը միջուկային զենք չստանա: «Եթե մենք պատրաստվում ենք հրաժարվել գործարքից, մեզ պետք է փոխարինողը: Եկեք փոխրինենք Թրամփի հետ գործարքով»՝ ասել է Բորիս Ջոնսոնը:
Իրանի հետ վեցնյակի կնքած համաձայնագիրը ներառում է գործընթաց, որով կողմերից յուրաքանչյուրը կարող է բողոքարկել պայմանները չկատարող կողմից կամ կողմերից: Խնդրի լուծման համար բողոքն ուղղվում է Համատեղ հանձնաժողով՝ կազմված եվրաեռյակի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի ներկայացուցիչներից, հատկացվում է 15 օր, ժամկետը փոխհամաձայնությամբ կարող է երկարացվել: Եթե խնդիրը չի լուծվում, բողոքը կարող է ուղարկվել կողմերի ԱԳ նախարարների քննարկմանը կամ Խորհրդատվական խորհուրդ, որ կազմկված է 3 անդամից, այս փուլին ևս հատկացվում է 15 օր: Եթե այս դեպքում էլ հարցը չլուծվի, համատեղ հանձնաժողովին մնում է հարցի լուծման 5 օր: Եթե բողոքը ներկայացրած կողմերը համարում են, որ հարցը լուծված չէ և համաձայնագրի պայմանների ակնհայտ չկատարում կա, այդ հիմքով կարող են հրաժարվել իրենց պարտավորությունների կատարումից՝ ամբողջությամբ կամ մասնակի: Նրանք կարող են տեղեկացնել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Իր պարտավորությունների չկատարման դեպքում Իրանի դեմ ԱԽ-ում կարող է միջազգային պատժամիջոցները վերականգնելու հարց դրվել քվեարկության: ԱԽ առանձին անդամներ չեն կարող այդ որոշման վրա վետո դնել:
BBC
Հ.Գ. ՀԳՀԾ-ն 2015-ին Իրանի հետ ստորագրեցին 6 երկրներ (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա)՝ նպատակ ունենալով սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը: Թեհրանը համաձայնեց իր միջուկային օբյեկտներ թույլ տալ միջազգային տեսուչների մուտքը և սահմանափակել միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց: 2018-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը դուրս եկան համաձայնագրից ու վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան Թեհրանը սկսեց կրճատել համաձայնագրով իր պարտավորությունների կատարումը: Հունվարի 5-ին Թեհրանը հայտարարեց, որ հրաժարվում է միջուկային ծրագրի վերջին սահմանափակումներից՝ Կասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, և պատրաստ է վերադառնալ պարտավորությունների կատարմանը՝ պատժամիջոցները հանելու դեպքում: Իրանը հայտարարեց, որ սահմանափակումներից հրաժարվելն առաջին հերթին կապված է ցենտրիֆուգների թվի հետ: Դոնալդ Թրամփը մտադիր է պատժամիջոցներով ստիպել Իրանին նոր համաձայնագիր կնքել, որը մեկընդմիշտ անհնար կդարձնի Իրանի միջուկային զենք ստանալն ու լրջորեն կսահմանափակի նրա հրթիռների ծրագիրը: Իրանը հրաժարվում է նման պայմանագրից՝ պնդելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: Վերջերս Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանն իր մտահոգությունը հայտնեց Իրանի ՀԳՀԾ-ից դուրս գալուց և կանխատեսեց, որ համաձայնագրի չեղարման դեպքում Իրանը 2-3 տարում միջուկային զենք կստանա: Դոնալդ Թրամփի ծրագրում կա նաև միջուկային ծրագրի երկրորդ տարբերակը՝ Չինաստանի ներառումով, բայց Պեկինը հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ իր միջուկային զինանոցը համեմատության եզր չունի ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ: Փաստացի՝ եվրաեռյակը փորձում է փրկել ՀԳՀԾ-ն՝ նորից հայտնվելով ԱՄՆ-ի հետ դիմակայության մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ