Այսօր Ելիզավետա Երկրորդը հանդիպելու է արքայազն Հարրիին՝ նրա հետ քննարկելու իր և տիկնոջ՝ Սասեքսի դքսուհու նոր դերը ու ապագա հարաբերություններն արքայական ընտանիքի հետ: Հանդիպմանը մասնակցելու են Հարրիի հայրը՝ Ուելսի դուքս Չառլզը ու ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը: Մեգանը կարող է խոսակցությանը մասնակցել հեռախոսով, եթե հնարավորություն տա Մեծ Բրիտանիայի ու Կանադայի ժամային տարբերությունը: Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարեցին, որ ծրագրում են հրաժարվել իրենց պարտականությունների կատարումից՝ իբրև արքայական ընտանիքի ավագ անդամներ: Հայտարարությունը թագուհու ու արքունիքի հետ համաձայնեցված չէր: Արքունիքում հույս ունեն, որ Նորֆոլկի դղյակում հանդիպումը թույլ կտա արքայական ընտանիքի հետ Սասեքսի դուքսի ու դքսուհու նոր հարաբերությունների պայմանները որոշարկել: Թագուհին, արքայազն Չառլզը, Ուիլյամն ու Հարրին կքննարկեն մի քանի տարբերակներ: Եթե երկուշաբթի նրանք համաձայնության գան, ենթադրվում է, որ որոշակի ժամանակ է պետք իրականացման համար: Պարզ չէ՝ ինչպես են Սասեքսի դուքսն ու դքսուհին գնահատում իրենց արքայական պարտականությունների ծավալը: Այդ պարտականությունների շրջանակից են կախված բազում հարցեր, այդ թվում՝ շփումների ու ֆինանսների: Մեգանը վերադարձել է Կանադա, որտեղ նրա որդին է՝ Արչին: Նա և Հարրին Սուրբ Ծնունդը նշել են Կանադայում, ապա վերադարձել Բրիտանիա՝ ամիսուկես բացակայությունից հետո:
2019-ի հոկտեմբերին Հարրին ու Մեգանը հրապարակավ իրենց դժգոհությունը արտահայտեցին՝ լրատվամիջոցներով իրենց կյանքի լուսաբանումից: Մեգանը՝ ԱՄՆ-ի քաղաքացի է, նա ապրել ու աշխատել է Տորոնտոյում 8 տարի, նկարահանվել ամերիկյան «Ֆորս մաժորներ» սերիալում:
Հարրին ու Մեգանը պատրաստվում էին ստեղծել իրենց սեփական բարեգործական կազմակերպությունը՝ 2019-ի հունիսին դուրս գալով կազմակերպությունից, որ ղեկավարում են արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը: Դեկտեմբերին Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց կազմակերպության ապրանքանիշի հայտ են ներկայացրել, որ պետք է լինի բարեգործական նպատակներով հրապարակվող գրքերի, օրացույցների ու արտադրվող հագուստի վրա:
BBC
Հ.Գ. Այս տարիքում տատիկին նման անակնկալ մատուցել կարող էր միայն Հարրին՝ Մեգանին հանդիպելուց հետո: Պատմությունը բոլորովին այլ կլիներ, եթե նա լիներ Չառլզի ու Դիանայի առաջնեկն ու թագաժառանգը, իսկ հիմա նրան գահը սպասում է զուտ տեսականորեն՝ Ելիզավետայից, Չառլզից, Ուիլյամից ու նրա որդուց հետո: Այսինքն՝ Հարրին ուզում է ապրել սովորական մարդու կյանքով, որ 24 ժամ ուշադրության կենտրոնում չէ: Բայց դա ևս նրան կհաջողվի զուտ տեսականորեն: Որովհետև արքայական ծագումը արքունիքի հետ համաձայնագրերով չի հաստատվում կամ բեկանվում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ