Թեհրանի Ամիր Կաբիրի անվան տեխնոլոգիական համալսարանի առաջ մի քանի հարյուր ցուցարարներ պահանջել են հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեիի հրաժարականը: «Գերագույն հրամանատար, հեռացիր» բացականչում էին նրանք՝ զայրացած, որ զինվորականները պատահաբար խփել են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը: Շաբաթ օրը Իրանի իշխանությունները պաշտոնապես դա ընդունեցին: Ինքնաթիռի 176 ուղևորներից 83-ը իրանցի էին, բոլորը զոհվել են: Իրանի սոցիալական ցանցերում հայտնվել են ցույցի տեսագրությունները: Տեսագրություններից մեկում լսվում է, որ հավաքվածները բղավում են՝ «Հրաժարականը հերիք չէ, դատ է պետք»: Տեղեկություններ կան և Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանի մոտ հանրահավաքի մասին: Զոհվածներից տասն այդ համալսարանի շրջանավարտ էին: Ցույցերի մասին տեղեկություններ են հաղորդել և IRNA ու ISNA գործակալությունները: Թեհրանում ցույցերի ժամանակ մի քանի ժամով բերման է ենթարկվել Մեծ Բրիտանիայի դեսպանը: «Մեր դեսպանի ձերբակալությունը առանց հիմնավորումների կամ բացատրությունների՝՝ միջազգային իրավունքի աղաղակող խախտում է: Իրանի իշխանությունները հիմա ճամփաբաժանին են: Նրանք կարող են շարունակել իրենց քայլերթը դեպի իզգոյ երկիր՝ հաջորդող քաղաքական ու տնտեսական մեկուսացումով, կամ լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել ու դուրս գալ առաջ տանող դիվանագիտական ճանապարհ»՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը: Թվիթերի, որ արգելված է Իրանում, ու ինստագրամի օգտատերերը իրենց զայրույթն ու շոկն են արտահայտում Իրանի իշխանությունների հայտարարությունից հետո: Նրանցից մեկը գրել է. «Ձեր սխալը կանխամտածված չէր: Ձեր սուտն էր կանխամտածված: Չի կարելի մարդկանց խաբել նպատակահարմարության նկատառումով»: Իրանցի քաղաքագետ Զադեխ Զիբակալամը ասել է, որ դժվար է հասկանալ, թե հիմա ինչպե՞ս է իշխանությունն արդարանալու՝ վերջին 3 օրերին գործնականում բոլորը ստում էին:
Պետական IRNA գործակալությունը հաղորդել է, որ այաթոլա Համենեին հրամայել է հնարավոր անփութության հետաքննություն անցկացնել, որի հետևանքը դարձավ ինքնաթիռը խոցելը: Այաթոլա Համենեին հայտարարել է, որ կան կատարված սխալի ապացույցներ և կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որ չկրկնվի:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ կիրակի օրը կքննարկի ավիաաղետի հանգամանքները: Նախագահ Հասան Ռուհանին խորապես ափսոսել է կատարվածի համար և խոստացել պատժել մեղավորներին: Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանը ներողություն է խնդրել իր սխալ հայտարարությունների համար: Նա պնդել է, որ վստահ էր՝ Իրանը ինքնաթիռը հրթիռով չի խոցել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Թվիթերում ցուցարարներին աջակցություն հայտնեց անգլերեն ու պարսկերեն. «Ես ձեզ աջակցում եմ իմ նախագահության ամենասկզբից ու իմ վարչակազմը շարունակում է ձեզ աջակցել: Մենք հետևում ենք ձեր բողոքին շատ ուշադիր ու ոգևորված ենք ձեր խիզախությամբ»:
BBC-ի պարսկական ծառայության թղթակից Ռանա Ռահիմպուրը նշել է՝ զայրույթ, շոկ, անվստահություն՝ այս խոսքերն են օգտագործում իրանցիները՝ նկարագրելու իրենց վիճակը ինքնաթիռի կործանումից հետո: Հերքումի 3 օրերից հետո Իսլամական հեղափոխության պահնորդների հրամանատարը բացատրություններ տվեց, որ քչերին համոզեցին: Երեկոյան մարդիկ հավաքվել էին Թեհրանի կենտրոնում հարգելու զոհվածների հիշատակը, նրանք բղավում էին՝ «Մահ բռնապետին»: Նրանք պահանջում են բանակի գլխավոր հրամանատարի հրաժարականը, որ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին է: Շատերի կարծիքով՝ եթե այլ երկրների ճնշումը չլիներ կառավարության վրա, Իրանը երբեք իր սխալը չէր ընդունի: Անպատասխան է մնում կարևոր հարցը՝ ինչու՞ Իրանի օդային տարածքը փակ չէր հրթիռային գրոհի ժամանակ, որ Թեհրանը ձեռնարկել էր Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների վրա:
BBC
Հ.Գ. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանտար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն ամբողջությամբ ստանձնում է ուկրաինական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը: Նա ասել է, որ Իրանի ՀՕՊ համակարգն ուկրաինական ինքնաթիռը ճանաչել է թևավոր հրթիռ՝ ավելացնելով, որ ՀՕՊ համակարգի օպերատորի կապը հրամանատարության հետ կտրվել էր, և նա ինքնուրույն է կայացրել որոշումը: Օպերատորը, Հաջիզադեի խոսքով, 10 վայրկյան ուներ հրթիռ արձակելու կամ չարձակելու որոշման համար, և նա վատ ընտրություն է կատարել:
Տարբեր երկրների հետախուզություններ փորձում են պարզել, թե օդանավում եղե՞լ են Իրանի միջուկային ծրագրում ներգրավված մասնագետներ, եթե այո, փորձագետների գնահատմամբ, լինելու են լուրջ հետևանքներ:
Գեներալ Կասեմ Սոլեյմանիի սպանության 100 օրը համընկնում է Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձին ու Իրանում խորհրդարանական ընտրություններին: Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի հետ լարվածության այս փուլը կարող էր ուժեղացնել կոշտ գծի կողմնակիցներին: Ուկրաինական օդանավի միջադեպից հետո իրավիճակը կարող է փոխվել՝ իրադարձությունների ընթացքը ու հակասական պաշտոնական հայտարարությունները կարող են վկայել ներիրանական վերնախավային խուլ դիմակայության մասին:
Փորձագետները նշում են, որ բանակի ու ԻՀՊԿ հակասությունները կարող են ներքաղաքական պայքարում պայմանավորել կոշտ գծի ու բարեփոխիչների և ըստ այդմ՝ իշխանության մեջ ուժերի դասավորությունը: Կհաջողվի՞ կոշտ գծի կողմնակիցներին համախմբել իրանցիներին գեներալ Սուլեյմանիի սպանության ու ԱՄՆ հետ կոշտ դիմակայության պատճառով, թե՞ ուկրաինական օդանավի պատմությունն ու բողոքի ելույթները կարող են շրջել այս իրավիճակը՝ սա հարց է, որ դեռ պիտի պատասխանվի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ