Պատմությունը թույն է լցնում երկրների երակներում, որ մեղադրում են իրեն բոլոր մահացու մեղքերում: Պատմությունը նրանց դատապարտում է տառապանքների, պատերազմների ու շատ ավելի վատ կյանքի, քան ոսկեդարում էր: Դառնություն է ներծծված այն երկրների օդում, որ իրենց նոր տիրույթները համարում են բանտ կամ նեղ հագուստ: Եվրոպացիները դաս են քաղել համաշխարհային երկու պատերազմներից, որ կործանել են հին մայրցամաքը: Նրանք վճռել են ապրել նոր տներում ու բարելավել կյանքի պայմանները: Այլևս տեղ չկա չվերահսկվող բանակներին, որ ներխուժում են ուրիշների հողերը, ավերելով ու նորից մաս-մաս հավաքելով: Այլընտրանքը մրցակցության հաջող մոդելներն են, տնտեսական առաջընթացն ու մշակութային ժառանգությունը:
Փոշին Եվրոպայի պատմական դերի վրա չի նշանակում, որ այդպես է ամենուր: Երբեմն բավական է մի քանի կարճ առաջարկ՝ մեծ վենդետայի ախորժակ բացելու համար:
Երբ լրագրողը հարցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ի՞նչը կցանանար փոխել երկրի պատմության մեջ, եթե հնարավորություն ունենար, նա պատասխանեց. «ԽՍՀՄ-ի փլուզումը»: Պուտինը քանիցս ընդգծել է, որ ԽՍՀՄ-ի անկումը 20-րդ դարի աշխարհաքաղաքական աղետն էր, ակնարկելով, որ հիշում է տարիները, երբ «Մոսկվային ոչ ոք չէր լսում»: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բոլորը կարծում էին, որ Ռուսաստանը տասնամյակներով բուժելու է ծանր վերքերը և վերականգնելու կործանված տնտեսությունը: Ռուսաստանի Դաշնությունը խոցելի վիճակում էր, իսկ Կարմիր բանակի սպաները ստիպված էին իրենց համազգաստները վաճառել Մոսկվայի փողոցներում մի քանի դոլարով, որ ծայրը ծայրին հասցնեն: ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը ընդունեց արտասահմանյան որոշ դեսպանների «օգնությունը»՝ հույս ունենալով երկիրը հանել անդունդից, ուր գահավիժել էր: Շատերն էին կարծում, որ Ռուսաստանը կհամակերպվի իր անցյալի հետ ու կսահմանափակի ամբիցիաները, որ ժամանակը նվիրի կայունության վերականգնմանը, ու սպասում էին, որ ուշադրության կառնի եվրոպական կանոնները տնտեսության ու քաղաքականության մեջ: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ պատմությունը գլխավոր սադրիչն է: Պուտինը՝ անվտանգության ծառայության զավակ, վկա էր ռուսական պետության անկայունության, ՆԱՏՕ-ի նկրտումների ու գունավոր հեղափոխությունների ծաղկման, այդ պատճառով էլ նա սկսեց մտածել վրեժի մասին: Սկզբում նա Կրեմլի հեղինակության վերականգնումը նախաձեռնեց «ռուսական մայրցամաքում» ու իրեն ենթարկեց հանրապետությունների չեզոք ղեկավարներին: Հետո վճռեց վերականգնել Ռուսաստանի վարկը աշխարհում: Պուտինը լավ աշխատեց ռուսական զինված ուժերի իմիջի վրա, որ հենվում են վիթխարի միջուկային զինանոցին, ու պարծեցավ, որ Ռուսաստանն ունի նոր ու «անհաղթ» զենք: Չափազանցություն չի լինի ասել, որ Պուտինը աշխարհին ստիպեց նորից լսել Ռուսաստանին: Նա սկսեց վարել կոշտ արտաքին քաղաքականություն և մի քանի անգամ վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին: Պուտինն ապակայունացրեց իրավիճակը Ուկրիաինայում, վերադարձրեց Ղրիմը և կործանիչ հարված հասցրեց Սիրիայում, երբ աշխարհը գիտակցեց, որ ռուսական ուժերը խլեցին Բաշար Ասադի վարչակարգը թշնամական ձեռքերից: Պուտինը կանգ չառավ: Նա միջամտեց ԱՄՆ-ի ու այլ երկրների նախագահական ընտրություններին: Սիրիայում Պուտինը շատ բարդ խաղ էր վարում, որ թույլ տվեց նրան առանցքային դեր ստանձնել կոնֆլիկտի կարգավորման ցանկացած որոշման մեջ: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Իսրայելը, Իրանը, Թուրքիան ու մյուս երկրները Ռուսաստանի կարիքն ունեն, որովհետև Ռուսաստանն է գծում ռազմական գործողությունների հստակ սահմանները և բաշխում ազդեցության գոտիները, առանց որոնց սիրիական դժոխքը կտարածվի ամբողջ աշխարհում: Սիրիական կրակի վրա Պուտինը նախապատրաստեց Թուրքիային նոր դերի: Էրդողանի բանակներին թույլ տրվեց պատժել քրդերին, բայց միայն այն ժամանակ, երբ Թուրքիան համաձայնեց պահպանել Ասադի վարչակարգը և ռուսական հրթիռները կործանեցին նրա ՆԱՏՕ-ական տունը: 2020-ի սկզբին Պուտինը կմեկնի Թուրքիա, այցը համաձայնեցվեց, երբ հաստատվեց, որ ռուսական գազը կհասնի Թուրքիա, այնտեղից էլ՝ Եվրոպա:
Էրդողանը տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում հայտնվեց 2003-ին, Պուտինից 3 տարի անց: Նա մեկն է նրանցից, ում պատմությունը արնահոսող վերք է հասցրել: Թերթելով Օսմանյան կայսրության էջերը, նա զգաց, որ թուրքական նոր տիրույթները նեղ հագուստ են ու դաժան պատիժ: Ենթադրվում էր, որ Էրդողանը կվարի չափավոր իսլամի քաղաքականություն ու երկիրը կօգտագործի իբրև կամուրջ Ասիայի ու Եվրոպայի միջև: Շատերը հավատացին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի «հարևանների հետ 0 խնդիրներ» հայեցակարգին, բայց Էրդողանի հաշվարկները շատ ավելի հեռագնա ու բարդ էին: Էրդողանը եզակի հնարավորություն տեսավ արաբական գարնան մեջ: Նա տարվեց Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներով», բայց դա երկար չտևեց: Էրդողանը բացեց երկրի սահմանները զինյալների առաջ, որ ջիհադ էին ցանկանում Սիրիայում, բայց ցարը նրա երազները կործանեց: Հետո Էրդողանին թույլ տվեցին ընդամենը «կտրել» քրդերի թևերը: Նա հույս ունի ստեղծել տարածաշրջանային մեծ պետություն:
Նա զորքեր ունի Իրաքում, Սիրիայում, Կատարում, Սոմալիում, Կիպրոսում, նաև երազում էր ամրապնդվել Սուդանի Սուակին նավահանգստում, բայց Սուդանի նախագահ Օմար Հասան ալ Բաշիրին գահընկեց անելը նրա երազները ջարդուփշուր արեց: Հիմա Էրդողանը պատրաստվում է զորքեր ուղարկել Լիբիա, ու նրա որոշումը սպառնում է նոր ուժով բորբոքել կոնֆլիկտը երկրում: Իսկ Ֆաիզ աս Սարաջի կառավարության հետ Էրդողանի համաձայնագիրը ծովային սահմանների մասին պատերազմի ճանապարհ է բացում Միջերկրական ծովի նավթի ու գազի համար: Նա պարծենում էր, որ վրեժ է լուծել պատմությունից Հյուսիսային համաձայնագրի համար, որ վերջին գամը մեխեց Օսմանյան կայսրության դագաղին: Երբեմն մի քանի արտահայտություն հերիք է, որ ախորժակ հարուցի: Նախկին ԽՍՀՄ-ի թյուրքալեզու պետությունների հետ Թուրքիայի կապի նախարարը գտնում է, որ Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջոդն է և պետք է ստեղծի նոր դաշնային միավորում Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի ու Թուրքմենստանի հետ: Նույնիսկ, եթե պահանջվի, Ռուսաստանի հետ կտրուկ առճակատման գնով: Մոսկվան նրա խոսքերից անհանգստացած է:
Իրանի վարչակարգը ևս մերժում է գաղափարը՝ ապրել մի երկրում, որի վրա տարածվում են միջազգային իրավունքի նորմերը: Իսլամական հեղափոխության արտահանման հայեցակարգը հաստատում է որ Իրանը իր ներկա տիրույթները դիտարկում է իբրև պատիժ: Հեղափոխական գվարդիայի գեներալները հպարտանում են «չորս արաբական մայրաքաղաքներով, որ պտտվում են իրանական արևի շուրջ»: Համենեիի հայտարարությունը սիրիական հեղափոխության սկզբում, որ «Սիրիան կլինի այնպիսին, ինչպես միշտ եղել է, կամ չի լինի ընդհանրապես», հաստատում է տարածաշրջանային մեծ պետության ստեղծման երազանքը, ինչպես Բաղդադի ձգտումը՝ երկիրը դրսից կառավարել: Պատմությունը թույն է ներարկում այն երկրների երակները որ չեն կարողացել սանձել իրենց դևերին: Դժվարանում է հոգ տանել վիրավորներին, ու մտքերը լի են վրեժխնդրության ու հաշիվները մաքրելու երազներով:
Հասան Շարբել. Asharq Al-Awsat (Սաուդյան Արաբիա)
Հ.Գ. Պատմությունը ոչ միայն թույն է ներարկում, այլև՝ ավյուն: Նայած՝ ինչ խնդիր ես ուզում լուծել: Անցյալը միշտ է վրեժխնդիր լինում, որովհետև կա բումերանգի վերադարձի օրենքը: Թուրքիայի նախագահը փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը՝ մոռանալով, որ ժամանակները փոխվել են, ու իր երկրի տարածքներն էլ իրենը չեն: Քաղաքական սխալները, որ իրար հետևից գործում է Էրդողանը, ի վերջո, հանգեցնելու են հերթական պետական հեղաշրջման կամ՝ նա իշխանությունը կորցնելու է ընտրություններում: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնելուց հետո՝ Էրդողանը բացահայտորեն առճակատման է գնում Ռուսաստանի հետ՝ թե Սիրիայում, թե Լիբիայում ու ընդհանրապես Միջերկրական ծովում՝ ԵՄ-ի հետ: Գուցե այս ամենը նրան ներվեր, եթե Թուրքիայի տնտեսությունը ուժեղ լիներ, բայց այսօր Էրդողանը հենվում է միայն ուժեղ բանակի վրա: Տարածաշրջանի հողերի վրա իր վերահսկողությունը տարածելու ու թյուրքալեզու պետությունների դաշնություն ստեղծելու նրա երազն էլ անկատար է մնալու: Չափազանց տարբեր են այդ պետությունների շահերը ու միջազգային կապերը՝ Արևմուտքի ու Ռուսաստանի հետ առճակատման գնացող Թուրքիայի հետ միավորվելու համար: Պատմության ճիշտ գնահատական Թուրքիան այդպես էլ չի կարողանում տալ՝ ոչ անցյալում, ոչ հիմա: Հերքումը, մերժումը, ժխտումը ընդամենը խորացնում են մեղքը: Իսկ մեղավորների տեղը դժոխքն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ