Իրեն կոշտ բրեկզիտի կողմնակից ներկայացնելու համար Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վիրավորում էր դեմոկրատական ինստիտուտներն ու գիտակցաբար գնում դեպի Տորիների տրոհում: Մարտավարությունն աշխատեց: Երկու տարի անց փոքրամասնության կառավարություն Տորիները նորից միանձնյա են կառավարելու: Այդ որոշումը լուրջ հետևանքներ կունենա՝ կուսակցությունների, Միացյալ թագավարության, Եվրոպայի համար՝ Der Spiegel-ում գրում է Քևին Հագենը: Մեծ Բրիտանիայի ընտրություններից բխում է 4 դաս:
Դաս առաջին՝ պոպուլիզմը հաղթում է
Հուլիսին Պահպանողական կուսակցության ղեկավար ու վարչապետ դառնալուց հետո Ջոնսոնը շեշտը դնում էր մարտավարության վրա, որ Լոնդոնում սովորական ժամանակներում հազիվ թե հնարավոր համարեին: Դա ռադիկալ պոպուլիզմի մարտավարություն էր: Ամենասկզբից վարչապետն ու նրա թիմը անթաքույց նախընտրական պայքար սկսեցին: Ջոնսոնը գիտակցաբար գնում էր իր կուսակցության տրոհման: Նա պաշտոնանկում էր վաստակավոր նախարարներին, խմբակցությունից հեռացրեց 20 տորիների, որ չէին ցանկանում իր քաղաքականությանն աջակցել: Ագրեսիվ գրոհում էր ստորին պալատի ու նույնիսկ դատարանների վրա, ընդունելով, որ վստահությունը դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ շարունակում է փլուզվել: Այս ընտրությունների արդյունքները ցույց են տալիս՝ մարտավարությունն աշխատեց:
Դաս երկրորդ՝ բրեկզիտը մոտենում է
Բրեկզիտի դեբատները այդքան տանջալից երկար շարունակվում էին, որովհետև Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում կողմերից ոչ մեկը մեծամասնություն չուներ՝ ոչ ԵՄ-ի արմատական թշնամիները, ոչ փափուկ բրեկզիտի կողմնակիցները, ոչ բրեկզիտից հրաժարվողները: Տորիները կարող էին կառավարել միայն հյուսիսիռլանդական DUP-ի օգնությամբ ու միասնական չէին: Ինչպես և լեյբորիստները: Անորոշության ժամանակներն անցան: Ապագայում Ջոնսոնի մեծամասնությունը, հավանաբար, այնքան համարավետ կլինի, որ նա կկարողանա իրեն թույլ տալ նահանջողների ցանկացած քանակ: Դա նաև նշանակում է՝ բրեկզիտի ճանապարհը բաց է: Լիովին հնարավոր է, որ վարչապետը մինչև Սուրբ ծնունդ խորհրդարանով անցկացնի բրեկզիտի համաձայնագիրը, որ համաձայնեցրել է Բրյուսելի հետ: ԵՄ-ից հեռանալու նոր ժամկետը հունվարի 31-ն է, մեծ է հավանականությունը, որ բրիտանացիներն այս անգամ իրոք այդ ժամկետում կհեռանան ԵՄ-ից:
Դաս երրրորդ՝ Կորբինի դարաշրջանի ավարտը
2017-ին նա դեռ մեծ հերոս էր, ձախ շարժման հույսը, հիմա Ջերեմի Կորբինի համար ավարտվում է իշխանության գագաթին գտնվելու ժամանակը: Լեյբորիստական կուսակցության նոր պատմության նշանակալից գլուխներից մեկը անցյալում մնաց: Կորբինն ապահովեց տնտեսական լիբերալիզմի քաղաքականությունից նահանջը Բլեերի ժամանակ: Նրա օրոք կուսակցություն էին մտնում հազարավոր ձախ ակտիվիստներ, որ փոխեց կուսակցական շարքերի պատկերը: Հիմա Լեյբորիստները պետք է պայքարեն իշխանության համար: Նորից բաց է հարցը, թե ի՞նչ ուղղությամբ կգնա կուսակցությունն ապագայում:
Դաս չորրորդ՝ Թագավորության միասնականությունը փլուզվում է
Տորիներից բացի այս ընտրություններում կա ևս մեկ մեծ հաղթող՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP)՝ անջատողականներ և բրեկզիտի բացահայտ հակառակորդներ: Անկախության նոր հանրաքվեի նրանց կոչերը շատ ավելի բարձր են հնչելու: Լոնդոնի հետ սուր կոնֆլիկտներն անխուսափելի են: Ժողովրդական հանրաքվե անցկացնելու համար Էդինբուրգին պետք էՎեստմինստրի համաձայնությունը, բայց Տորիները վճռականորեն դեմ են հանրաքվեին:
Քևին Հագեն, Der Spiegel
Հ.Գ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ դեկտեմբերի 13-ին հույս է հայտնել, որ պահպանողականների հաղթանակը Համայնքների պալատի ընտրություններում Բրիտանիային հնարավորություն է տալիս հնարավորինս արագ վավերացնել բրեկզիտի համաձայնագիրը: Էմանուել Մակրոնը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին վստահ հաղթանակի համար, նա նաև հույս է հայտնել, որ Լոնդոնը կպահպանի առանձնահատուկ կապերը ԵՄ-ի հետ:
Արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ Տորիները Համայնքների պալատում 650 մանդատներից ստացել են 364-ը: Լեյբորիստները՝ 203 մանդատ (60-ով պակաս նախորդ ընտրություններից): Տորիները այդքան համոզիչ մեծամասնություն խորհրդարանում չեն ունեցել Մարգարետ Թետչերի ժամանակներից: Բորիս Ջոնսոնը մտադիր է բրեկզիտի համաձայնագիրը վավերացնել ու երկիրը ԵՄ-ից դուրս բերել մինչև 2020-ի հունվարի 31-ը՝ չերկարացնելով անցումային շրջանը: Մեծ Բրիտանիան ԵՄ-ում համարվում էր ԱՄՆ-ի շահերի պաշտպանն ու ներկայացուցիչը, հետաքրքիր է՝ ո՞ր երկիրն է հիմա այդ դերը ստանձնելու: Բացահայտորեն Մեծ Բրիտանիայում սկսվում են ամերիկանացման ժամանակներ, իսկ ԵՄ-ն նոր ժամանակներում ձգտելու է անկախացման ու ինքնիշխանության:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ