ՀՀ 103-րդ նախագահի գրասենյակից տեղեկացրել են, որ ինչպես վաղնջական ժամանակներում, երբ Հայաստանը դեռ խորհրդարանական հանրապետություն էր ու պայքարում էր այնպիսի մոռացված հասկացությունների դեմ, ինչպես կոռուպցիան, «օրենքով գողերն» ու օրինակարգության դաշտ էր բերել նույնքան մոռացված հասկացություններ, ինչպես ՏՏ տեխնոլոգիաներն ու տրանսգենդերները, կատարվել են նույն սխալները, ինչ կատարվում են 3061-ին: ՀՀ նախագահ Անուն Ազգանունյանը խոր ցավ է հայտնել, որ իրեն չհաջողվեց համախմբել հասարակությունը ու լուծել հասարակությանը փոթորկող ցավոտ հարց՝ կանխարգելե՞լ գրիպը, թե՞ բուժել, ուստի ինքը հրաժարական է տալիս ու հայտարարում է արտահերթ ընտրություններ՝ 3 օր տալով քարոզարշավի համար: ՀՀ 103-րդ նախագահը նաև տեղեկացրել է, որ չի դնելու իր թեկնածությունը, որովհետև գրիպ է, ու չի հասցնի առողջանալ, որ մասնակցի ընտրարշավին:
Փորձագետների կարծիքով՝ երկիրը մտնում է անկայունության ու ցնցումների նոր փուլ, որտեղից դուրս կգա կամ շահած, կամ տանուլ տված: Քաղտեխնոլոգները նոր ընտրություններում հաղթող թեկնածու են համարում Ազգանուն Անունյանին՝ նրան համարելով բացարձակ ֆավորիտ՝ երբեք գրիպ չի ընկել՝ ըստ առողջապահության նախարարության: Նա ժամանակին պատվաստվել է:
Արտասահմանյան լրատվամիջոցները ևս անդրադարձել են ՀՀ 103-րդ նախագահի հրաժարականին: Տեսակետները հակասական են. ոմանք նրան համարում են դավաճան, որ գրիպի պատրվակով հանձնում է իշխանությունը ընդդիմությանը, երկիրը մատնելով քաոսի ու բռնությունների: Ոմանք դրվատում են, որ 47 տարի կառավարումից հետո իր մեջ ուժ գտավ հրաժարվել իշխանությունից, երբ մնացել էր 3 ամիս, թեկուզ և երկրի համար ծանր՝ գրիպի համաճարակի պահին: Դա խիզախ արարք է ու դարերի պատմությունը նրան չի մոռանա: 4 օր անց ՀՀ-ի համար կսկսվի նոր դարաշրջան: Շատերն են հույս հայտնում, որ ՀՀ 104-րդ նախագահի առաջին գործը կլինի վերականգնել հայերենի իրավունքները ու հայերենը կստանա պետական լեզվի կարգավիճակ: Ոմանք նույնիսկ հույս ունեն, որ դպրոցներում ու անգամ բուհերում կվերականգնվի հայ ժողովրդի պատմության ուսուցումը: Շատ ավելի հանդուգն տեսակետներ էլ են արձանագրվել՝ առ այն, որ իրենց պատմության մեջ երկրորդ անգամ հայերը քրիստոնեություն կընդունեն: Թեպետ կան տեսակետներ, որ նրանք կշարունակեն դավանել իրենց 2018-ին ընդունած կրոնը, որ կոչվում է ազգային անարխիզմ:
Օրերս ինչ-որ մեկը «Անկախության փայտիկ» հարթակում գրել էր, որ երազում տեսել է նախկինում մի քանի տարի վարչապետ աշխատած Նիկոլ Փաշինյանին, ու սուրբն իրեն ասել է՝ «Ես սխալվեցի, դուք ճիշտ եք»: Տեսիլքն այնքան կարճ է եղել, որ ինքը չի հասցրել հարցնել՝ մենք՝ ո՞վ: Տարօրինակ է, որ թե ընդդիմադիր, թե իշխանական գործիչները «Անկախության փայտիկի» հրապարակումն անվանել են սադրանք: Նրանք միահամուռ վստահ են` Նիկոլ Փաշինյանը երբեք այդպիսի հիմարություն չէր ասի, նա իր սխալները ամբողջ կյանքում չի ընդունել: ՈՒ դա էլ նրա պարտության պատճառն էր: Կա նաև «Փայտիկի անկախության» գրառումը՝ ինչ-որ մեկը արև էր նկարել ու տակը խզբզել՝ հետգրությամբ հայտնելով, որ դա նոր նախագահի ստորագրությունն է:
Գրիպի համաճարակը իսկապես իր ավերածություններն է գործում՝ ընտրողները ջերմում են, իսկ բարձր ջերմության ժամանակ իրական են դառնում թե տեսիլքները, թե զառանցանքները: Բայց ամեն ինչ այդքան վատ չէ՝ բնության դեմ պայքարի նախարարությունը պարզել է, որ Սևանա լճի ձկնորսներից մեկի ուռկանն է ընկել լճի միակ իշխանը: Ձկնորսը տեսակապով պարզել է ձկան ինքնությունը ու հետ գցել լիճը: Կառավարության որոշումով նրան շնորհվել է «Իշխանի իշխան» շքանշան: Համանման դեպք է գրանցվել նաև անտառում. անտառապահը պատահաբար սայթաքել է, ընկել փոսը ու փոսում հանդիպել է անտառի միակ արջին: Նրանք միասին՝ իրար օգնելով, դուրս են եկել թակարդից, բացատում արջը ջերմորեն շնորհակալություն է հայտնել անտառապահին ու նրան իբրև երախտագիտության նշան՝ խոստացել մեղր: Շփոթված անտառապահը արջին է նվիրել իր կրծքանշանն ու համբուրել նրա բրդոտ ճակատը: Բնության դեմ պայքարի նախարարությունը քրեական գործ է հարուցել անտառապահի դեմ՝ կոռուպցիայի կասկածով: Առերևույթ հանցագործության մասին վկայություն է տվել ագռավը, որ ամբողջ ընթացքում մշտադիտարկում էր անում փոսի պոստում:
Թռչող ավտոների միության նախագահ Մերսեդես Վոլվոյանը նստացույց է սկսել կառավարության շենքի առաջ. նա իր միության անունից պահանջում է թույլտվություն՝ մեքենաները վարել նաև գետնի վրա: Մերսեդես Վոլվոյանը սպառնում է հացադուլ սկսել, չմասնակցել ընտրություններին ու իր ձայնը ոչ մեկին չտալ, եթե կառավարությունն արտահերթ նիստով չկայացնի պատմական որոշումը: Նստացույց է նաև ժողովատան դիմաց՝ Ազգային ժողովի պատգամավորների ժառանգների միությունը պահանջում է վերականգնել Ժողովատան շուրջ ցանկապատը և արգելել քաղաքացիների մուտքը Ժողովատան տարածք՝ հիշեցնելով անցյալի դառը փորձը, երբ ՀՀ հպարտ քաղաքացիները այգու տարածք էին բերում իրենց հավերին: Նրանց կարգախոսն է. «Մեր պատգամավորները հավ չեն»:
Ոստիկանները երեկ կանխել են նրանց և հակառակ կողմի ակտիվիստների բախումը, որ պահանջում էին վետո դնել ցանկապատի պահանջի վրա ու ազատություն տալ հավերին՝ նրանք ևս Հայաստանի հպարտ հավեր են՝ որտեղ ուզեն, այնտեղ կուտ կուտեն: Գիշերն անցել է խաղաղ: Միայն լուսադեմին վարար անձրև է եկել, կայծակներ են եղել և Ժողովատան այգու լուսարձակները կարճ միացումից անջատվել են: Անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել Ժողովատան ընդհանուր բաժնում, այրվել են միայն փաստաթղթեր, նյութական այլ վնասներ չեն եղել, ինքնահրդեհաշիջման համակարգը միացել է 7 վայրկյան ուշացումով, այլապես փաստաթղթերն էլ ողջ կմնային՝ նրանք եղել են անտեսանելի արկղիկում: Հետաքննությունը պարզել է, որ կնիքը կեղծված էր, ուստի հարուցվել է քրեական գործ՝ անհայտ հանցագործի դեմ, որի մատնահետքերը չեն պահպանվել:
Գլխավոր դատախազն այսօր հաղորդեց, որ կա կասկածյալի լուսապատճենը և նրան գտնելը մի քանի ժամի հարց է: Ոմանք ենթադրում են, որ հրդեհն էլ արհեստածին է: Գլխավոր դատախազին հարցրել են նաև ընթացող դատավարությունների մասին, նա ոչ մի հարցի չի պատասխանել, միայն ասել է, որ հավաստի տեղեկություններով՝ ընտրություններից մեկ ամիս անց բոլոր դատավարությունները ավարտվելու են՝ քաղաքական իրավիճակի փոփոխության հիմնավորումով և հարուցվելու են նոր քրեական գործեր՝ ինքնիրավչության, սնկի պահածո թռցնելու, գրիպի դեմ պայքարը ոչ պատշաճ մակարդակով կազմակերպելու, գրիպի վիրուսը օդակաթիլային ճանապարհով դիտավորությամբ տարածելու և այլ մեղադրանքներով: «Դուք ձեզ մեղավոր համարու՞մ եք» հարցին գլխավոր դատախազը պատասխանել է. «Ոչ, ես ինքս զոհ եմ, ես ինքս երկրորդ օրն է՝ գրիպ եմ»: Համոզիչ լինելու համար նա երեք անգամ փռշտացել է՝ առանց դեմքը ծածկելու: Լրագրողները մտադիր են նրա դեմ իր իսկ նշած մեղադրանքներով քրեական գործ հարուցել՝ գրիպի վարակն ակամա կամ չարամտությամբ տարածելու կասկածանքով: Հավաքվել է 167 ստորագրություն: Պակասում է ևս 3-ը՝ գործը հարուցելու համար:
Լրագրողների միությունը և լրագրողների արհմիությունը համատեղ հայտարարություն են տարածել, որով կառավարությունից պահանջում են իրենց աշխատանքային պայմանների բարելավում: Զարմանալի է, բայց նրանց պահանջների առաջին կետում տպագիր թերթերի ու ամսագրերի իրավունքի վերականգնումն է: Կառավարությունը միանշանակ չի ընդունի նրանց պահանջը. պետությունը որտեղի՞ց այդքան ֆինանսներ գտնի տպագրական մեքենաներ գնելու համար, առավել ևս որ դրանք վաղուց դուրս են եկել արտադրությունից: Նրանք առաջարկում են կոմպրոմիս՝ էլեկտրոնային թերթեր: Լրագրողներն ասում են, որ իրենք կարոտել են առավոտյան թերթերի տպարանային հոտին ու առանց այդ բաղադրիչի չեն կարող աշխատել: Նրանց երկրորդ պահանջը հարթակների վերացումն է, որտեղ ցանկացողը ինչ ասես կարող է գրել: Դա արժեզրկում է իրենց ազնիվ աշխատանքը: Լրագրողների արհմիությունը նույնիսկ հանդես է եկել նախաձեռնությամբ՝ իրենց պահանջը չընդունելու դեպքում՝ չլուսաբանել նախագահական ընտրությունները: «Միացյալ Հարթակների» տնօրեն Շիմ Սանյանը նրանց պատասխանել է, որ ժամանակակից ընտրողները վաղուց կորցրել են հետաքրքրությունը լրագրողների ու լրագրության բարբաջանքների նկատմամբ, և շնորհակալություն է հայտնել զանգվածային ինքնասպանության համար: «Դուք վերջապես հասկացաք՝ ովքեր են պետության պահակները: Ձեր ժամանակն ավարտվել է: Գնացեք այցի ձեր նախնիների շիրիմներին, եթե պահպանվել են: Այնտեղ անցյալի լացը լացեք: Մահ հիշողություններին: Վերջ՝ պատմությանը:
Դուք վերջապես տեսաք, որ ժամանակակից կյանքում ձեր կարիքը ատավիզմ է՝ տուրք անցյալի որոշ արատավոր սովորույթների: Պետությունը պետք է ինքնագիտակցություն ունենա: Եթե ձեր պատկերացրած ինքնագիտակցությունը թղթի վերականգնումն է, դուք արժանի չեք ձեր մասնագիտությանը: Պատիվ ունեցեք, ու խավարամտություն մի արտածեք մեր լուսավոր ժամանակներ», հարթակում արձանագրել է Շիմ Սանյանը: Լրագրողները նրան պատասխանել են 7 րոպե անց. «Մեզ գող պահակներ պետք չեն: Մեզ կույր պահակներ պետք չեն: Մեզ խուլ պահակներ պետք չեն: Պետության պահակը բարձրագույն պատիվ է, որ դուք չունեք ու չեք ունեցել երբեք: Իսկ մենք մեր պետության սահմանապահն ենք, որտեղ ուզում ենք՝ այնտեղ պահակում ենք: Բարի ճանապարհ՝ դեպի նախնիներիդ անհայտ շիրիմներ»: Տարօրինակ է, որ Շիմ Սանյանը դեռ չի պատասխանել: Ըստ օդում շրջանառվող լուրերի՝ նա կազմում է անհնազանդ լրագրողների ցուցակները՝ ընտրություններից հետո նրանց երկրից արտաքսելու համար: Դա գերագույն պատիժն է, որ այս պահին գործում է մեր երկրում:
3000-ին ընդունված Սահմանադրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը մեկընդմիշտ միացել է Հռոմի անկախ պետությունների կոնվենցիային, որով ընդհանրապես արգելվում են քաղաքական, տնտեսական, մասնագիտական, սեռային ու անձնական հալածանքները: Հիշեցնեմ՝ Հռոմի կոնվենցիան չեղյալ հայտարարեց Ստամբուլի կոնվենցիան ու օրենքի ուժով վերացրեց «գենդեր» հասկացությունը: Վենետիկի հանձնաժողովի որոշումով ու Հռոմի պապի կոնդակով ՄԱՐԴԸ հայտարարվեց Աստծո բարձրագույն ստեղծագործություն, որ կարիք չունի մարդկային միջամտությամբ տրված բնորոշումների ու հնարովի պաշտպանության: Դա վիրավորում է մարդկանց իրական արժանապատվությունը: Ճիշտ է՝ ՀՀ-ն միացել է Հռոմի կոնվենցիային, բայց 3000-ին ընդունված Սահմանադրությունից հետո 3010-ի հանրաքվեով փորձ արվեց վերականգնել ինչ-որ արտոնություններ: Հանրաքվեն մերժեց փոփոխություններն ու Հռոմը հայտարարեց Հավերժական քաղաք: Ճիշտ է՝ եղան ազգայնական դրսևորումներ՝ Գեն Վազյանը ազգայնական շարժում սկսեց՝ «Երևանը Հռոմից 25 տարով մեծ է» կարգախոսով: Գեն Վազյանն ու նրա կողմնակիցները պնդում էին, որ Հռոմի կոնվենցիան թերի է ու մեր՝ իբրև կովկասցիների պարտքն է աշխարհին ներկայացնել Երևանի կոնվենցիան՝ ավելի ընդգրկուն ու համապարփակ: Նրա շարժումը մարեց, երբ Մատենադարանի մագաղաթներով ապացուցվեց, որ մենք ոչ թե կովկասցի, այլ հնդեվրոպացի ենք: Գտնվեց նաև վկայություն, որ հայոց այբուբենը ոչ թե ինտերնետն է հնարել, այլ Մեսրոպ Մաշտոցը: Անձամբ: Միով բանիվ՝ երեք օրից հայտնի կդառնա ՀՀ 104-րդ նախագահը, և նա կշարունակի գրիպի դեմ պայքարը: Մյուս իրադարձությունների մասին՝ արդեն տպագիր թերթով: Հուսանք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ես չեմ խելագարվել: Պարզապես գրիպ եմ: ՈՒ ոչ թե մեկ շաբաթ, կամ 7 օր, այլ՝ կասկածելի երկար ու կասկածելի ելքով՝ գրիպին հրաժեշտի տեսակետից: Իսկ դա իրավունք ու հնարավորություն է տալիս՝ իրականությանը նայել ոչ միայն այսօրվա տագնապած, զայրացած կամ զարմացած հայացքով՝ ես վաղուց ոչ զայրանում, ոչ զարմանում եմ, ոչ տագնապում, այլ՝ հեռավոր ապագայի տեսակետից, որտեղ ամեն ինչ կարող է լինել հենց այսպես... եթե շարունակենք այս ընթացքով սպանել պատմությունը: Առողջություն ձեզ: