«Իրատեսի» նախորդ համարում գրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական ընկերությունը, որն անցել էր ՎՏԲ բանկին, նոր սեփականատեր ունի: Բանկն այն նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած ռուսաստանցի գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային, որը, ըստ երևույթին, պատրաստվում է շահագործելու ձուլարանը: Տեղացիներին ուրախացրել է լուրը, ալավերդցիները ոգևորվել են, թե վերջապես աշխատանք կունենան: Իշխանության ներկայացուցիչները, սակայն, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարությունը, դեռևս չեն արձագանքել, թե ձուլարանի հնարավոր վերաշահագործումը որ դեպքում հնարավոր կլինի, և ինչ չափանիշներ ու պահանջներ են ներկայացվելու: Ուղիղ մեկ տարի առաջ, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ձուլարանի շահագործումը խիստ մտահոգիչ էր:
«Ոչ ոքի չի՞ հետաքրքրում, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալները տասնյակ տարիներ շարունակ մի քանի անգամ գերազանցում են սահմանված չափը։ Բա քաղցկեղով հիվանդացության վիճակագրությու՞նը, առողջապահական վիճա՞կը, այսքան տարիների արտանետումնե՞րը։ Եղբայր, այո, արտադրությունը մեզ համար կարևոր է, բայց չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ խնդիր լուծել, տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 հոգու աշխատատեղի հարց լուծել։ Եկեք համագործակցենք և այդ խնդիրները լուծենք»,- քննադատությանը, թե Ալավերդու գործարանի փակումը աշխատատեղեր կորցնելու պատճառ է դարձել ու դառնալու, նախընտրական քարոզարշավի ժամանակ այսպես է պատասխանել Փաշինյանը:
Այժմ, փաստորեն, իշխանությունների բառապաշարով ասած, իրավիճակ է փոխվել, կամ էլ երկիրը կառավարողները հասկացել են, որ մարդկանց սոցիալական վիճակը գնալով ծանրանում է, դժգոհությունները՝ շատանում, ուստի Ալավերդիում աշխատատեղեր ստեղծելու հարցն օրակարգային է: Տասնյակ հազարավոր մարդիկ, ստացվում է, մոտ ապագայում կարող են թունավորվել՝ հանուն 600 (գուցե մի քիչ ավելի, գուցե՝ պակաս) աշխատատեղի:
Հուսալով, որ Ալավերդու պղնձաձուլարանի հնարավոր շահագործման հարցում իշխանություններն իրապես խելացի ու հնարավորինս չվնասող լուծում կգտնեն, պատկան մարմիններին հիշեցնենք, որ դեռևս 2018-ի հուլիսին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ, աշխատանքային խումբ էր ձևավորվել, որը պետք է օժանդակեր «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ին նոր պղնձաձուլարան կառուցելու հարցում: Մոտ 2000 աշխատատեղով ձուլարան կառուցելու պատրաստակամություն հայտնել էր չինական կողմն ու 500 մլն դոլարի ներդրում անելու մասին հայտարարել: Այդ նախագծի նույնիսկ նախահաշիվն է արված, բայց թե ի՞նչ ճակատագիր ունեցավ, և արդյո՞ք իշխանությունները հիշում են դրա մասին, հայտնի չէ ոչ ոքի:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ