Ընթացիկ օրակարգում ինչ հարց ասես չի պտտվում, բայց փաստացի՝ հայապահպանությունը Հայաստանում դառնում է, եթե չի դարձել, գլխավոր հարց: Խնդիրը միայն ժողովրդագրական պատկերը չէ, ոչ էլ փաստը, որ հեղափոխությունից հետո հայրենադարձություն չեղավ ու չի լինում՝ Հայաստանից գնում են, ինչպես գնացել են՝ կարոտը սրտում աշխատանք գտնելու ուրիշ երկրներում: ՈՒ դա տնտեսական հեղափոխության «հաղթանակի» դեպքում, ի՞նչ է լինելու պարտության դեպքում: Խնդիրը պետության վերաբերմունքն է կրթությանը: Իշխանության են եկել մարդիկ, որ հակված են գաղափարազուրկ կոսմոպոլիտիզմի, թեև առիթով ու չառիթով հայրենասիրության ճառեր են ֆեյսբուքում ու լայվում, բայց որոշումների մակարդակում այդ հայրենասիրությունը բովանդակազուրկ է:
Հերիք չէ հակակոռուպցիոն պայքարի դրոշով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մակարդակով պայքար սկսվեց դպրոցների, բուհերի դեմ հասկանալի ենթատեքստով պաշտոնազարկել բոլոր ՀՀԿ-ականներին, որ ղեկավար պաշտոններ էին ստացել կրթական համակարգում, սլացիկ անցում կատարվեց ծրագրերին: Հակառակ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հարազատ զավակ լինելու պնդումների՝ քայլեր են արվում դպրոցական ծրագրից հանելու «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, բուհական պարտադիր կրթական ծրագրերից հանելու «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները: Առաջարկվում է այդ առարկաները դարձնել ընտրովի դասընթացներ. կուզեն կսովորեն, չեն ուզի՝ չեն սովորի: Փոխարենը՝ դասաժամերը կտրվեն մասնագիտական առարկաներին: Ի՞նչ է պետք, որ Արայիկ Հարությունյանը հասկանա՝ լեզուն մտածողության հիմքն է: Միայն սեփական լեզվի ու մշակույթի հիմքի վրա է հնարավոր ինքնություն պահպանել: Թե՞ դա խնդիր չէ: Նոր Հայաստանում հայ լինելը կարևոր չէ, կարևոր է մասնագետ լինելը: Կասեք՝ աբսուրդ է: Հետո ի՞նչ: 21-րդ դարում կրթական համակարգը պետք է լինի տրանսազգային, անդեմ, անբովանդակ ու անհետևանք: Գաղափարական պակասը կլրացնեն մարդու ինքնորուրույն սեռաորոշման ազատության իրավունքի պաշտպանության ու մշակույթի անարխիայի պաշտոնական «դասընթացները» գրքերի, ֆիլմերի, համերգների, ֆուտուրիստական «ներկայացումների», լայվերի տեսքով: Լեզուն մտածողության ոչ միայն հիմքն է, այլև որոշարկում է ձևն ու բովանդակությունը: Չես տիրապետում սեփական լեզվիդ, չես դառնալու մասնագետ ոչ մի ոլորտում: Հանճարեղ գյուտերդ մնալու են անհայտ՝ անհոդաբաշխ մտքիդ ու խոսքիդ պատճառով:
Բուհերից հանել հայոց լեզվի ու գրականության դասաժամերը նշանակում է ուսանողին զրկել այլ առարկաները լիարժեք ուսանելու հնարավորությունից: Խաչ քաշել պատմության վրա՝ նույնն է: Իմա՝ հրաժարում ինքնությունից, եթե հրաժարվում ես քո ինքնությունից, հրաժարվում ես և այդ ինքնության տարածքից՝ հայրենիքից: Որ նույնպես դառնում է տրանսազգային, դու գերմարդ ես, որ հայրենիք չունի, աշխարհաքաղաքացի, ում խնդիրը կյանքում… մասնագետ դառնալն է: Ասենք՝ ֆիզիկոս: Ոչ, ի՞նչ ֆիզիկոս, միայն ու միայն բարձր տեխնոլոգիաներ, որոնց մասին պատկերացումը Հայաստանում աղավաղված է: Բարձր տեխնոլոգիաներին տրված է բարեկեցության դրախտի բանալու դեր, «ինչպե՞ս»-ի հարց չի ծագում: 21-րդ դարն է: ՈՒ՞մ է հետաքրքրում, որ բարձր տեխնոլոգիաներ զարգացնել կարող են տնտեսապես զարգացած պետությունները, որ կարող են ֆինանսական ներդրումներ անել կադրերի ուսուցման մեջ ու կարող են ապահովել աշխատատեղ իրենց ուսուցած կադրերին: Փոխարենը միջազգային ասպարեզում զրնգուն հայտարարություններ կարվեն, ներդրումներ կակնալվեն, իսկ ինչպե՞ս կծախսվեն:
Ցանկացած հասարակության զարգացման հիմքում նախ փիլիսոփայությունն է, բոլոր նախադրյալները նախ ստեղծվում են մտքի մեջ, հետո են տեղափոխվում իրականություն: Կամ մնում են անհայտության մեջ, եթե հասարակությունը ունակ չէ իմաստավորել իր ցանկությունները ու արժեհամակարգ դարձնել: Բնագիտության զարգացման հիմքում նույն փիլիսոփայությունն է: Պետության պարտքն է հայապահպանությունը, մինչդեռ մենք ինքնության ճանաչումը փոխարինում ենք… սեռի ճանաչումով: Սա հակաքաղաքականությունը քաղաքականություն ներկայացնելու փորձ է, որին շատ եռանդուն ձեռնամուխ է եղել սուպերնախարարը՝ իր սուպերաշխատավարձի հանգույն: Բարոյակա՞ն է նրա աշխատավարձի չափը, երբ համեմատում ենք ուսուցչի կամ դասախոսի աշխատավարձի հետ: Թե՞ աղքատությունը պետք է վերացնել միայն նախարարական մակարդակում: ՈՒ տնտեսական հեղափոխության շրջագծում միայն ՔՊ քայլածներն են:
Գաղափարազրկումը այն ախտն է, որ համաճարակ է դառնալու՝ ասպարեզ բերելով կակղամորթների ու մանկուրտների սերունդ, որ հայրենիք չունի: Դավանանք չունի ու չունի պատմություն՝ որտեղ հաց, էնտեղ կաց:
Դավանանքի մասին. ոմանց թվում է, թե եկեղեցին շինություն է, հավատը՝ մոմավառություն ու Աստծուն աղոթքների տեսքով պահանջներ ներկայացնելու ծես: Առավելագույնը՝ եկեղեցում կնունք-հարսանիք-հոգեհանգիստ: Հենց այդ «ոմանց» խավար միտքը լուսավորելու համար հանրակրթական դպրոցներում պիտի դասավանդվի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Որ հասկանան՝ ինչ է հավատը, ինչ է եկեղեցին, ո՞վ են իրենք: Փոխարենը առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ քննարկման՝ նախարարը հայտարարում է, որ այդ առարկան ավելորդ է, ծանրաբեռնում է աշակերտներին: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդվում է 15 տարի և ոչ մի հիմք չկա առարկայի անվանափոխության կամ բովանդակափոխության: Ընդամենը պետք է հասկանալ, որ կյանքում կան տաբուներ, որ հնարավոր չէ անպատիժ խախտել: Այդ տաբուները առաջին հերթին վերաբերում են պետությանը, ինքնիշխանությանը, ինքնությանը:
Ով էլ լինի իշխանություն, իրավունք չունի վտանգել պետությունը: Եթե չունեն բավարար խելամտություն՝ հասկանալու, որ դրանով նաև վտանգում են իրենց իշխանությունը, պետք է այդ կարգախոսը պաստառների տեսքով կախել իշխանական առանձնասենյակներում: Ավելի օգտակար է, քան հանրահայտ պաստառները՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»՝ Նիկոլ Փաշինյանի ձեռագրով, որոնց հանրայնացման համար կառավարությունը 48 մլն 900 000 դրամ է հատկացրել: Ո՞ր տրամաբանությամբ: Չգիտեմ: Գիտեմ, որ մաքուր գորգեր լվալու, երկիրը «պաստառապատելու», անդրօվկիանոսյան թռիչքների ունակ ինքնաթիռ գնելու, երբ տարին 1-2 անգամ էլ պետք չի գալու, ՔՊ-ի քայլելը թռչելով փոխարինելու փոխարեն այդ գումարների հանրագումարով հնարավոր էր քաղաքական որոշում կայացնել ու գործարան բացել՝ աշխատատեղ ստեղծել, պաշտպանության ծախսերն ավելացնել: Կամ՝ նույն այդ գումարները հատկացնել կրթությանը, որևէ բուհում ստեղծել մի այնպիսի լաբորատորիա, որտեղ Նոբելյան մրցանակի հավակնող ուսումնասիրություններ ու գյուտեր արվեն: Վարկառությանը վերջ տալ ու ներդրումներ մուրալու փոխարեն՝ ներդրումներ անել տնտեսական զարգացման համար: Այդպես ոչ օջախ են պահում, ոչ ընտանիք: Օջախում ու ընտանիքում մտածում են բոլորի ու վաղվա մասին: Եթե ստացել են ընտանեկան դաստիարակություն: Սա՝ համենայն դեպս: Դմփ-դմփ-հուից հետո: Հենց այնպես ասեմ նաև, որ Եվրահանձնաժողովի նախագահի աշխատավարձը 28000 եվրո է, տրվում է նաև 4185 եվրո բնակարան վարձելու համար: ԵՀ նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը ապրելու է Բրյուսելում ԵՀ-ին հատկացված շենքի 13-րդ հարկում 25 քմ մետրանոց սենյակում: Դա նաև կլուծի անվտանգության հարցը, տրանսպորտի խնդիր չի լինի, դուրս ես գալիս բնակարանից ու ոտքով կես րոպեում հասնում գրասենյակ, որ նույն շենքում է: Հավելեմ, որ Գերմանիայի պաշտպանության նախարար ՈՒրսուլա ֆոն դեր Լայենն ապրել է նախարարության 7,5 քմ սենյակում, որը խուց է Բրյուսելում 25 քմ-ի համեմատությամբ: Դե մենք կծծի Եվրոպա չենք: Ոչ էլ հիմար ասկետ ենք:
Համենայն դեպս՝ նաև Եվրոպայի մասին: Խայտառակ հակաքարոզչություն է սկսել ԵՄ-ի դեմ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, ձեռքի հետ էլ քրիստոնեության փոխարեն հեթանոսություն է քարոզվում: Աշխարհաքաղաքական մեկ կենտրոնից ստացված ֆինանսները ծախսվում են աշխարհաքաղաքական մեկ այլ կենտրոնի դեմ հիբրիդային պատերազմում՝ մեր ձեռքով: Ո՞վ է ասել, որ Եվրոպան սկսվում ու ավարտվում է տրանսգենդերներով, ո՞վ է հնարել «Գեյրոպան»: Ստամբուլյան կոնվենցիան ու Եվրոպան նույնացնողները իրականության հետ որևէ կապ չունեն: Պարզ տրամաբանությունը թելադրում է, որ կոնվենցիան այդքան վտանգավոր չէ, որքան վտանգավոր են կոնվենցիայի շուրջ զարգացումները: Ինչ-որ տեղից հայտնվում են մարդիկ ու սկսում բղավել՝ որերորդ անգամ բախվում ենք այս իրողությանը, որերորդ անգամ համոզվում ենք, որ ոչ անշահախնդիր: Միանշանակ է, որ կոնվենցիան չպիտի վավերացվի, եթե որևէ սպառնալիք է պարունակում, և դա Արմագեդոն չի լինելու՝ ԵԽ-ից Հայաստանը չեն վտարելու: Միանշանակ է, որ կոնվենցիան քաղաքական առևտրի առարկա է ու հերթական կեղծ օրակարգը, որ ասպարեզ է նետվում իրական օրակարգի չգոյությունը սքողելու նպատակով:
Իսկ իրական օրակարգում պիտի լիներ 2020-ի բյուջեի նախագիծը, ու առանցքային խնդիրը պիտի լիներ՝ ինչու՞ չի փոխվում բյուջեի կառուցվածքը: Ինչու՞ տնտեսության դիվերսիֆիկացումը միրաժ է, որ ցնդում է թվերի ու տոկոսների մեջ: Ինչպե՞ս է ստացվում, որ հեղափոխությունից հետո էլ Հայաստանում շարունակվում է «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը անցել է ռուսական ՎՏԲ բանկին՝ Թեղուտից հետո: Մի քանի ամսում «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ իր ենթակառույցներով, արտադրական ֆաբրիկայով ու Ալավերդու պղնձաձուլարանը պարտքի դիմաց դառնում են ռուսական բանկի սեփականություն: Պետությունը անելիք չունի՞: Մի օր ձյուն եկավ, Լարսը փակվեց, պետությունը Լարսին այլընտրանք գտնելու խնդիր չունի՞: Կա՞ պատասխան: Կա՝ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Էջմիածին՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովին ու հոգեցունց ելույթ էր ունեցել հոգևորի մասին՝ կյանքի, արժեքների, մթնոլորտի: Ախտորոշել էր՝ «ընդհանուր միտումը ապահոգևորականացումն է» էլիտայի և հանրության, երկու քաղաքացիների հարաբերություններում: ՈՒ դա է պատճառը քաղաքական դեգրադացիայի ու կոռուպցիայի: Կանխելով հնարավոր հարցը՝ ու՞մ մեղքով, հայտարարել էր. «Մեր կառավարության առաքելությունը և անձամբ իմ առաքելությունը ընդհանրապես ոչ միայն այս կարգավիճակում, այլև իմ ողջ կյանքի ընթացքում ես համարել եմ իրական փոփոխություններ բերելը, այնպիսի փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, որոնք կծառայեն երկրին, որոնք կծառայեն պետությանը, որոնք կծառայեն եկեղեցուն, որովհետև ինձ համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են և բազմիցս ասել եմ՝ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության և կյանքի անբաժանելի մասը»: ՈՒրեմն՝ ինչո՞վ բացատրել «հոգևորի» ու իրականության հակասությունը: Նիկոլ Փաշինյանը պիտի սահմանի՝ ի՞նչ է հասկանում «հոգևոր» ասելով՝ եկեղեցու դեմ պայքա՞րը, «ֆուտուրի՞զմը»՝ առանց հասկանալու, ինքնության աղավաղու՞մը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Պաշտոնական այցով Երևան է գալիս ՌԴ ԱԳ նախարարը: Նախագահից, պաշտպանության նախարարից հետո: Գալուց առաջ է ասել. «Հայտարարությունները, որոնցում ասված է, թե Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորել միայն ու միայն այս ճանապարհով, թերևս կարգավորմանը չեն նպաստում»: Ինչի՞ն է նպաստելու Լավրովը Երևանում: «Լավրովի պլանի՞ն», թե՞ լուծելու է, ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանն էր բողոքել, «արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ու ԶԼՄ-ների» խնդիրը, որ քննարկում են հայ-ռուսական հարաբերության, ռազմակայանի հարցը: ՌԴ՞-ն պիտի որոշի՝ ինչ գրի ու չգրի հայկական մամուլը, ի՞նչ քննարկեն ՀԿ-ները: Իսկ դուք ասում եք… տրանսգենդեր, կոնվենցիա, ինքնիշխանության հարցը լուծեք, հետո թռվռացեք դատարան-մատարան, դատավարություն-մատավարություն շրջագծում: Հատկապես, երբ ժողովուրդը հոգնել է զվարճանքից ու արդեն հացն է ուզում: Թերևս այդ պատճառով վարչապետը վերադարձավ լայվի ռեժիմին՝ բացատրելու թե ծախսերը, թե Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը՝ հերքելով դավադրությունների հնարավորությունը, այսինքն՝ ինքն իրեն: ՈՒ՝ ի՞նչ: Դարձ ի շրջա՞նս: