Ինչ խնդիր է լուծում մարգինալների հետ սիրախաղը
13.09.2019 | 00:39
Պե՞տք է լուրջ վերաբերվել Նիկոլ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպմանը։ Արդյոք չե՞ն գերագնահատվում այդ հանդիպման փաստը, նշանակությունն ու հնարավոր ազդեցությունը քաղաքական և հասարակական ապագա գործընթացների վրա։ Այդ հանդիպումը բովանդակային առումով արդյոք PR նշանակություն չունի՞։
Քաղաքական, վերլուծական շրջանակներում բանավիճային այս հարցերն են օրակարգային դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» ղեկավարների հանդիպումից հետո։ Այս իրադարձության շուրջ հետաքրքրությունը շատ բնական է։ Այն լրատվական ռումբի էֆեկտ ունեցավ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո առանձնապես դժվար է հիշել, թե վերջինս երբ է հանդիպել որևէ քաղաքական ուժի ղեկավարության հետ։ Թերևս բացառություն է իր հարազատ կուսակցությունը։ Սա առաջին դեպքն է, երբ ՀՀ վարչապետը հանդիպում է քաղաքական կուսակցության ներկայացուցիչների հետ, և ամենահետաքրքիրն այն է, որ այս հանդիպման մասին լուրն անմիջապես պաշտոնական լրահոսով տիրաժավորվում է։ Այս հետաքրքիր նրբերանգը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ ցանկություն ուներ, որ այդ հանդիպման մասին բոլորն իմանան, ու դրա շուրջ քննարկում ծավալվի։
Այն փաստը, որ վերոնշյալ հանդիպմանը կառավարությունը պաշտոնական բնույթ վերագրեց, ցույց է տալիս, որ պետք չէ թերագնահատել այն։
Ի վերջո, ի՞նչ նպատակ կարող է հետապնդել այս հանդիպումը, որը ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական տեսակետից կարևոր նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի օրակարգում։
Նախ՝ հասկանալի է, որ «Սասնա ծռերի» պարագայում սա առաջին հերթին քաղաքական PR-ի նշանակություն ունի, և պատահական չէ, որ հանդիպումից անմիջապես հետո և՛ Ժիրայր Սեֆիլյանը շտապեց տեղեկություններ փոխանցել կայացած խոսակցության մասին, և՛ «Սասնա ծռերի» մյուս առաջնորդը՝ Գարեգին Չուգասզյանը, մի շարք հարցազրույցներ տվեց թեմայի շուրջ։ Կայացած փաստը, պարզ է, որ փրկօղակի նման մի բան է 2018 թ. ԱԺ ընտրությունների արդյունքում 1,8 տոկոս քվե ստացած «Սասնա ծռերի» համար։ Թեև եթե վերջիններիս լսեինք, ապա իրենք հավակնում էին դառնալու ներկայացվածությամբ խորհրդարանական երկրորդ ուժը։ Սակայն վերջին համապետական ընտրություններից հետո սկսվեց «Սասնա ծռերի» մարգինալացումը։ Այս կազմակերպությունը հայտնվեց լուսանցքում, կազմակերպություն, որը Հայաստանում և Հայաստանից դուրս ասոցացնում են ահաբեկչական կազմակերպության և ոչ թե քաղաքական կուսակցության հետ, թեև «Սասնա ծռերը» ամեն կերպ փորձում է իրեն դիրքավորել քաղաքական դաշտում։ Առավելագույնը, ինչին հաջողվել է 1,5 տարվա ընթացքում այս խմբավորմանը հասնել, այն է, որ փորձում են ցույց տալ, թե զինված խմբավորման քաղաքական թև գոյություն ունի։
ՈՒշագրավ է, որ «Սասնա ծռերը», Հայաստանում ոչնչի չհասնելով, փորձեց ակտիվանալ Արցախում։ Վերջիններիս հաշվարկներով Արցախի իշխանությունն այնքան թույլ է, որ կարող էին հնարավորություն ունենալ ինքնահաստատվելու հայկական երկրորդ հանրապետությունում։ Սակայն այնուամենայնիվ, ինչպես կյանքը ցույց տվեց, Արցախում էլ «Սասնա ծռերը» չկարողացավ կայանալ, և Արցախի վերջին ՏԻՄ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ «Սասնա ծռերը» այնտեղ որևէ հեղինակություն չունի։ Արցախյան ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփումը վկայեց «Սասնա ծռերի» լիակատար տապալումը։
«Սասնա ծռերի» ակտիվությունը քարոզչական դաշտում հասկանալի է, քանի որ նրանց հաշվարկներում կա սեփական կշիռը քաղաքական դաշտում մեծացնելու հաշվարկ։
Ի՞նչ խաղադրույք է կատարել այս հանդիպման վրա Նիկոլ Փաշինյանը։ Տարբեր վարկածներ են շրջանառվում։ Դրանցից մեկի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմին ուղղակիորեն հասկացնում է, որ ինքն ունի այլընտրանք, ընդ որում, ոչ միայն ի դեմս «Սասնա ծռերի»։ Եվ եթե իր վրա շարունակվեն ճնշումները տարբեր հարցերի շուրջ՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, ու եթե ինքը տեսնի, որ իշխանական բևեռը բարդ հարցերի շուրջ իրեն այլևս հենարան չի հանդիսանում, ապա քաղաքական դաշտում մանևրելու և քաղաքական նոր կոնֆիգուրացիաներ ձևավորելու հնարավորություն ունի։
Պատահական չէ, որ Ժիրայր Սեֆիլյանը վարչապետի աշխատասենյակից դուրս գալուց անմիջապես հետո տված հարցազրույցում (ակնհայտ է, որ այդ հարցազրույցը համաձայնեցված է եղել վարչապետի հետ) ասաց, որ մեկ տարի անց գործող խորհրդարանը լուծարվելու է, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հենարանը չէ, և իրականում վարչապետը չունի քաղաքական հենարան։ Ըստ Սեֆիլյանի, գործընթացներն այնպես են զարգանալու, որ որոշ ժամանակ անց նա ստիպված է լինելու ցրել Ազգային ժողովը։ Այնուամենայնիվ, Սեֆիլյանի այս խոսքը նույնպես նախազգուշական բնույթ է կրում, որի թիրախը Փաշինյանի ներկա թիմակիցներն են։
Նիկոլ Փաշինյանի երկրորդ հիմնական նպատակը. ի դեմս ուլտրառադիկալ «Սասնա ծռերի»՝ ՀՀ վարչապետը քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում իր համար ձևավորում է հարմար մի բևեռ, որի հիմնական առաքելությունը պետք է լինի հասարակության մեջ անընդհատ գեներացնել հեղափոխականության գաղափարը։ Այս միավորումը բորբոքելու է ռևանշիստների, նախկինների, սևերի նկատմամբ ավելի կոշտ պահանջարկ։ Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանալու կամ կաշկանդված է լինելու ասել, հնչելու է հենց «Սասնա ծռերի» շուրթերից։
Եվ երրորդ կարևոր խնդիրը, որ պետք է լուծեն «Սասնա ծռերը». արտաքին քաղաքական դաշտում այս ուժը պետք է իր հակառուսական դիրքորոշմամբ հասկացնի Ռուսաստանին այն, ինչ Փաշինյանը ոչ միայն չի ցանկանում ասել Ռուսաստանին, այլև վախենում է։ Փաստորեն, հաշվի առնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Փաշինյանի մարդկային վախը՝ ՀՀ կառավարության ղեկավարը դա թողնում է ռուսատյացության դաշտում դիրքավորված «Սասնա ծռերին»։
Հանդիպումը լոկալ պահի մարտավարական մեկ այլ խնդիր է լուծում. ՀՀ վարչապետը, հստակ իմանալով, որ Ամուլսարի հարցում պետք է շահագործումը թույլատրի, ամենայն հավանականությամբ փորձել է պայմանավորվել «Սասնա ծռերի» հետ, որպեսզի վերջիններս, որ բնապահպանական այս խնդրի առաջամարտիկներից են, թուլացնեն դիմադրությունը։ Թե ինչ կտա այս պայմանավորվածությունը Փաշինյանին, դժվար է ասել։ Սակայն միայն բուն փաստը, որ 1,8 տոկոս քվե ստացած քաղաքական ուժի ներկայացուցիչները հանդիպում են ընտրություններում 70-տոկոսանոց վարկանիշ ցուցաբերած քաղաքական ուժի ղեկավարի՝ վարչապետի հետ, այդ ուժի համար արդեն իսկ մեծ հաղթանակ է։ Մյուս կողմից կան բազմաթիվ այլ խնդիրներ. մասնավորապես «Սասնա ծռերի»՝ անազատության մեջ գտնվող անդամները, ու չի բացառվում, որ այդ հարցը, հարակից այլ թեմաներ նույնպես արծարծվել են հանդիպման ընթացքում։ Ըստ էության, վարչապետի վերջին հայտարարությունից հետո, երբ նա կոչ արեց ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները, ակներև է, որ գոնե «Սասնա ծռերի» հետ այս հարցում փոխըմբռնում կա։ Դրա վկայությունն է այն, որ «Սասնա ծռերն» այս պահին ակտիվություն առանձնապես չի ցուցաբերում։
ՈՒշագրավ մեկ այլ հանգամանք. «Սասնա ծռերը» կարող է Փաշինյանին օգնել այսօրվա ուժայինների վրա ներազդման հարցում։ Ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» և վարչապետի հանդիպումը վատ է ընկալվել ուժային կառույցների ներկայացուցիչների, մասնավորապես ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից։ Այս երկու գերատեսչություններում 2016 թ. հուլիսին զբաղված էին «Սասնա ծռերի» վնասազերծմամբ, և ինչպես հայտնի է, ցավալի կորուստներ են ունեցել։ Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետն ուժայիններին հակակշիռ է ստեղծում։ Գուցե սա պայմանավորված է հասարակության շրջանում որոշ ուժային կառույցների ղեկավարների բավականին բարձր վարկանիշով, ինչը խիստ անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին։ Խոսքը մասնավորապես ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին է, ում վարկանիշն այսօր արդեն համադրելի է ՀՀ վարչապետի հետ, գուցե նաև ավելի բարձր է։ Այս համատեքստում չի բացառվում, որ ճշմարտանման է լրատվական այն արտահոսքը, թե իր հերթական հուզական պոռթկման ժամանակ վարչապետը ԱԱԾ տնօրենից պահանջել է ազատման դիմում գրել, սակայն գլուխը սառչելուց հետո, այնուհանդերձ, փափկել է։ Այնուամենայնիվ, անվստահության որդը վարչապետի ուղեղում կարծես թե կա։
Ինչևէ, թե գործողություններն ինչ ընթացք կունենան, ժամանակը ցույց կտա, ընդ որում, շատ կարճ ժամանակը։ Արդյոք «Սասնա ծռերի» հետ սիրախաղը արդյունավետ կլինի, շատ շուտով կհստակեցվի։ Այնուամենայնիվ պետք է համաձայնել նաև փորձագիտական այն կարծիքի հետ, որ այդ հանդիպումը պետք է ոչ շատ գերագնահատել, ոչ էլ շատ թերագնահատել։ Սա, այսպես ասենք, քաղաքական անցուդարձի հերթական տարրն է, որին պետք է ընդամենը շատ ուշադիր հետևել։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ